Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իտալական և արգենտինյան երաժշտության երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի մատուցմամբ

Իտալական և արգենտինյան երաժշտության երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի մատուցմամբ
26.12.2018 | 15:31

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը։ Նվագախմբի հետ հանդես եկավ իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգային ծրագիրը ներառում էր իտալացի կոմպոզիտորներ Էննիո Մորիկոնեի, Մարտին Պալմերիի, Ռոբերտո դի Մարինոյի, ինչպես նաև արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։

Երեկոյին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և հայաստանյան երաժշտասերների հանդիպումը, ինչպես միշտ, ջերմ ու զգացմունքային էր։ Պիետրոդարկիի երևանյան համերգները միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում. այս անգամ նույնպես տոմսերը սպառվել էին համերգից օրեր առաջ։
«Ինձ համար անասելի հաճույք է Հայաստանում ելույթ ունենալը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նվագելը։ Ֆանտաստիկ նվագախումբ է, յուրահատուկ հնչողությամբ։ Նվագախմբի երաժիշտները երիտասարդ են ու շատ հասուն, լի էմոցիայով, աշխատելու ձգտմամբ»,- ասաց բանդոնեոնահարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով իր բարեկամ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին համագործակցության համար։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ նվագախմբի համար ավանդույթ է դարձել տարին ամփոփել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համերգով, տոնական տրամադրությամբ ու սիրված երաժշտությամբ։ Դիրիժորն ընդգծեց, որ ամեն անգամ Երևանում Պիետրոդարկին ներկայացնում է նոր ծրագիր՝ յուրաքանչյուր բեմելի ընթացքում անակնկալներ մատուցելով իր երաժշտության սիրահարներին։ Դիրիժորը նաև նշեց, որ Ամանորի արձակուրդներին մի փոքր հանգստանալուց հետո նվագախումբը պատրաստվելու է 2019թ. ելույթներին։ «Տարին հագեցած է լինելու։ 60-ից ավելի համերգներ են նախատեսված Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նպատակ ենք դրել նոր ունկնդիրներ ներգրավել։ Փայլուն արտիստներ են ժամանելու Հայաստան»,- առաջիկա ծրագրերը մի փոքր մանրամասնեց մաեստրո Սմբատյանը։


Երեկոյի ընթացքում երաժշտասեր հանդիսատեսին սպասվում էին անակնկալներ. շատ ստեղծագործություններ Հայաստանում հնչում էին առաջին անգամ։ Էննիո Մորիկոնեի կինոերաժշտությունը, փոխադրված լարային նվագախմբի և բանդոնեոնի համար, հնչում էր առաջին անգամ։ Երևանում առաջին անգամ կատարվեց նաև Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները», որը հեղինակը գրել է հատուկ Պիետրոդարկիի համար։ Պիացոլայի Tangazo ստեղծագործությունը հնչեց երիտասարդ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի փոխադրմամբ։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին բազմաթիվ բիսերից հետո մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ ևս մի քանի կատարում նվիրելով ներկաներին։ Իսկ «Ավե Մարիայից» մի հատված երաժիշտը նվիրեց վերջերս կյանքից հեռացած իր սիրելի պապիկի հիշատակին, ով մեծացրել, դաստիարակել էր իրեն:

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ