Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

2018-ը ավտոկրատների տարի էր

2018-ը ավտոկրատների տարի էր
27.12.2018 | 11:01

Guardian-ում Սայմոն Տիսդալը գրում է, որ 2018-ը ավտոկրատների տարի էր` հզոր տղամարդկանց, որ հաճախ ռիսկի էին ենթարկում միլիոնավոր մարդկանց կյանքն ու մոլորակի ապագան: Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում, Սի Ձինպինը Չինաստանում ու երկրորդական մի խումբ ավտոկրատներ ամբողջ աշխարհում դիմում էին իրենց ազգային ու անձնական շահերի պաշտպանության քայլերի` խախտելով ժողովրդավարական ու իրավական իրավունքները, նաև` մարդու իրավունքը: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը վերընտրվեց նախագահական ընտրություններում, որոնց արդյունքը կանխավ հայտնի էր: Պուտինը ամբողջությամբ գերակայում է քաղաքական ասպարեզում` հետապնդելով իր ընդդիմախոսներին, օրինակ` Ալեքսեյ Նավալնիին: Նա ցուցադրում է Ռուսաստանի հզորությունը արտասահմանում` անցկացնելով համատեղ մեծ զորավարժություններ Չինաստանի հետ` փորձելով ճեղք գտնել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերում Բալթյան երկրներում ու Հյուսիսային Ատլանտիկայում, ապատեղեկատական արշավներ է ձեռնարկում` փորձելով ազդել Եվրոպայի ու Բալկանների ընտրությունների վրա: Դոլանդ Թրամփի հաճոյակատար վերաբերմունքը Պուտինին, որ հատկապես նկատելի էր Ֆինլանդիայում հանդիպման ժամանակ, վերածնեց խոսակցությունները, որ Կրեմլը կոմպրոմատ ունի ԱՄՆ նախագահի վերաբերյալ: Նույնիսկ երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել Անգլիայում, որից հետո լրացուցիչ պատժանիջոցներ սահմանվեցին, Թրամփը ձեռնպահ մնաց Մոսկվայի գործողությունները քննադատելուց:
Դոնալդ Թրամփը 2018-ի նորությունների գլխավոր թեման էր և հաճախ` վատ նորությունների: Նա տանել չի կարողանում իր հասցեին որևէ քաննադատություն, ընդունում է կամայական որոշումներ և հեշտությամբ խեղաթյուրում է ճշմարտությունը: Այդ վարքագիծը օրինակ է դարձել ամբողջ աշխարհում մնացած ավտոկրատների համար: Թրամփի խնդիրն է, որ մեծանում են օրենսդրության հնարավոր խախտումները, նրա նախկին փաստաբան Մայքլ Կոհենը սկսել է համագործակցել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հետ, որը պարզում է` օգնե՞լ է Ռուսաստանը 2016-ին Թրամփի ընտրությանը:


Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ամրապնդեց իր իշխանությունը 2018-ին, երբ մարտին համագումարը որոշեց վերացնել նախագահի պաշտոնում ժամկետի սահմանափակումը` գործնականում նրան ամբողջ կյանքում նախագահելու հնարավորություն տալով: Ինչպես Վլադիմիր Պուտինը` Սի Ձինպինը ցուցադրում է Չինաստանի հզորությունը գլոբալ ասպարեզում` ռազմական բազաներ կառուցելով Հարավ-Չինական ծովի կղզիներում ու ուժեղացնելով Թայվանի դիվանագիտական մեկուսացումը:


Ավտոկրատների ցանկում են և Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը:


Times-ը գրում է, որ Չինաստանի տնտեսությունը աշխարհում ամենախոշորը կդառնա 2032-ին: Դոնալդ Թրամփի սկսած առևտրային պատերազմը Չինաստանի հետ, որի հետևանքով Չինաստանի տնտեսական աճը դանդաղեց, ընդամենը 2 տարով հետաձգեց այդ ժամկետը: «Տնտեսական ու բիզնես հետազոտությունների կենտրոն» (CEBR) անկախ կոնսալտինգային ընկերության վերլուծաբանները գտնում են, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը համաշխարհային վարկանիշներում դիրքերը կզիջի բրեկզիտից հետո: Սպիտակ տունը Պեկինի հետ առևտրային պատերազմ սկսեց 2018-ին` Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր սահմանեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար 250 միլիարդ դոլարի չափով: Ի պատասխան Պեկինը բարձրացրեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքը:
CEBR-ը նշում է, որ թեպետ այս պահին ԱՄՆ տնտեսությունը չի տուժել առևտրային պատերազմից հարկահանության նոր բարեփոխումներով, դրանք ապագայում բյուջետային լուրջ դեֆիցիտի են հանգեցնելու և բյուջեի պակասորդը միայն մեծանալու է, մինչդեռ Չինաստանը հաջողությամբ փակելու է պարտքերը:


Daily Telegraph-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանտի հոդվածը: Նա գրում է, որ քրիստոնեությունը սպառնալիքի տակ է հայտնվել այն տարածաշրջանում, որտեղ ձևավորվել է: Նախարարը գրում է, որ 100 տարի առաջ Մերձավոր Արևելքի բնակչության 20%-ը քրիստոնյաներ էին, հիմա` 5%-ից էլ քիչ: Քայլ առ քայլ քրիստոնեությունը անհետանում է տարածաշրջանից: Քրիստոնյաների առաջ խնդիրներ են ծագում և աշխարհի այլ մասերում: Ջերեմի Հանտը մեջբերում է ոչ կառավարական Open Doors կազմալերպության տվյալները, որոնց համաձայն` 215 միլիոն քրիստոնյաներ ամբողջ աշխարհում հետապնդումների զոհ են դարձել: «Միջազգային հանրությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը գտնում է, որ քրիստոնյաները կրոնական հողի վրա հետապնդումներում 80% են կազմում: Բրիտանիան վաղուց է հանդես գալիս հավատի ազատության պաշտպանությամբ: Քրիստոնյաների հալածանքները սկիզբ են դառնում մնացած փոքրամասնությունների հետապնդումների: Հիմա, երբ քրիստոնեությունը հայտնվել է անհետացման եզրին այն տարածաշրջանում, որտեղ սկիզբ է առել, կոնկրետ քայլերի ժամանակն է: «Ես հպարտ եմ, որ Բրիտանիան գլխավորել է Բիրմայում մուսուլմանական ռոհինջա փոքրամասնության հալածանքների միջազգային դատապարտումը, որ մեր կառավարությունը պայքարում է իսլամաֆոբիայի ու հակասեմիտիզմի դեմ մեր հասարակության մեջ»` գրում է Ջերեմի Հանտը: Մենք չենք կարող անտեսել ուրիշների տառապանքները: Կրոնական բոլոր փոքրամասնությունները պետք է պաշտպանված լինեն` գտնում է նախարարը և շարունակում, որ դատելով իրողություններից` ամենից շատ հալածվում են հենց քրիստոնյաները: «Մենք պետք է բարձրաձայն հայտարարենք դա ու նրանց պաշտպանության հետևողական քաղաքականություն վարենք»` գրում է Ջերեմի Հանտը Daily Telegraph-ում:
ВВС


Հ.Գ. Քաղաքական, տնտեսական ու կրոնական 3 անդրադարձ 2018-ին, երեքն էլ վկայում են, որ 2018-ը լավագույն տարին չէր մարդկության համար` խնդիրների լուծման ու առաջընթացի առումով: Իհարկե, բրիտանական թերթերը ամբողջական պատկեր չեն նշել ու այդ խնդիրը չեն էլ ունեցել, բայց անգամ մասնակի անդրադարձը վկայում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը չի գործում ու նոր, համընդհանուր ընդունելի միջազգային նորմեր հաստատելու անհրաժեշտությունը ոչ գերտերությունները, ոչ մյուս պետությունները չեն ընդունում` փորձելով հնարավորինս ամրապնդել իրենց գերակայությունը: Փաստացի` աշխարհում անցումային ժամանակներ են, որի բարդությունը պայմանավորված է շահերի հակասականությամբ և բևեռացումով, միմյանց լսելու ցանկության բացակայությամբ: Բոլոր նախադրյալները կան, որ 2019-ն էլ կանցնի այդ շրջագծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ