Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դոնալդ ու Մելանյա Թրամփները …Իրաքում

Դոնալդ ու Մելանյա Թրամփները …Իրաքում
28.12.2018 | 10:21

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփն առաջին տիկնոջ հետ չհայտարարված այցով եկել է Իրաքի Այն ալ Ասադ ամերիկյան ավիաբազա: Թրամփը, որ վերջերս էր հայտարարել ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերելու և Պենտագոնի ղեկավարին փոխելու մասին, ասել է, որ Իրաքից հեռանալ ամերիկացիները չեն ծրագրում: ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ այցը նախապատրաստվել է գաղտնի: Նրանց ուղեկցող լրագրողներին անվտանգության նկատառումներով արգելել են հաղորդել, որ նախագահը ժամանել է Բաղդադից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան ռազմաբազան ժամանումից հետ դեռ երկու ժամ:
Իրաքում կան ԱՄՆ 5000 զինվորականներ, որ օգնում են Իրաքի կառավարությանը պայքարել ԻՊ-ի ջիհադական խմբավորումների մնացորդների հետ: Հինգշաբթի Թրամփը կվերադառնա ԱՄՆ` հետադարձ ճանապարհին այցելելով Գերմանիայում գտնվող Ռամշտեյնի ամերիկյան ռազմաբազա: Որ Թրամփը մեկնել է Իրաք, չորեքշաբթի երեկոյան հաղորդեց նրա մամլո քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփն ու Առաջին տիկինը մեկնել են Իրաք Սուրբծննդյան գիշերը` մեր զորքերին ու բարձրագույն հրամանատարությանը շնորհակալություն հայտնելու ծառայության, հաջողության ու անձնազոհության համար, երջանիկ Սուրբծնունդ մաղթելու»` գրել է նա Թվիթերում: Նախագահն ու նրա տիկինը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի ուղեկցությամբ զինվորականներին հանդիպել են բանակային ճաշարանում: Նրանք 3 ժամ են անցկացրել բազայում: Զինվորները նախագահին ու տիկնոջը ընդունել են երկար ծափահարություններով: Թրամփը շրջել է սրահում, սեղմել զինվորականների ձեռքերը, սելֆի արել ու ինքնագրեր բաժանել: Ելույթ ունենալով ավիաբազայում` նա ասել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում Իրաքից դուրս բերել ռազմական ստորաբաժանումը: «Իրականում մենք կարող ենք ավիաբազան օգտագործել իբրև պալացդարմ, եթե մեզ պետք լինի Սիրիայում ինչ-որ գործողության դիմել: Եթե մենք տեսնենք, որ ԻՊ-ն ինչ-որ քայլերի է դիմում, որ մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք այնքան արագ ու այնքան ուժեղ հարվածել, որ նրանք չեն հասկանա, թե ինչ կատարվեց»` խոստացել է նախագահը: Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը ջախջախել է ԻՊ-ի ահաբեկիչներին:


Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարեց ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին` այնտեղ տեղակայված էր 2000 զինվորականներից կազմված ստորաբաժանում: Դրանից հետո մամլո ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկած հայտնեց, որ ԱՄՆ-ը իրոք հեռանում է ու հիշեցրեց, որ 17 տարի ամերիկացիները խոստանում են հեռանալ Աֆղանստանից: Հետո հայտնի դարձան Սպիտակ տան Աֆղանստանում էլ ԱՄՆ զինուժի կրճատման ծրագրերը` 14000 զինվորականից կմնա 7000-ը: Ուրբաթ օրը հրաժարական տվեց Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը` նա համաձայն չէր զորքերը Սիրիայից ու Աֆղանստանից դուրս բերելու Թրամփի մտադրության հետ: Կիրակի օրը նախագահը հայտարարեց, որ Մետիսին կփոխարինի ՊՆ փոխնախարար Պատրիկ Շանահանը: «Ժամանակն է գլխով մտածել,-բացատրեց Թրամփը լրագրողներին Իրաքում իր որոշումը:-Մենք չենք ցանկանում որևէ այլ երկրի թույլ տալ մեզ օգտագործել»: Թրամփը պատմեց, որ գեներալները խնդրում էին զորքերը Սիրիայից չհանել դեռ տարիուկես: «Նրանք հարցնում էին` հնարավո՞ր է էլի ժամանակ տալ: Ես ասացի` ոչ: Չի կարելի: Մենք բավականաչափ ժամանակ ունեցել ենք»:


Նախագահը նաև հաստատեց, որ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը չընդունված բյուջեի պատճառով, չի ավարտվի, քանի դեռ Կոնգրեսը գումար չի հատկացրել Մեքսիկայի հետ պատի կառուցմանը: Կառավարությունն ամբողջությամբ չի գործում արդեն 6-րդ օրը: Թրամփը պահանջում է հատկացնել 5,7 միլիարդ դոլար սահմանին պատ կառուցելու համար, որ կպաշտպանի ԱՄՆ-ը Կենտրոնական ու Հարավային Աֆրիկայի անօրինական միգրանտների ներթափանցումից: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, բայց Սենատը չի քվեարկել հօգուտ օրինագծի: Իր նախագահության երկու տարիների ընթացքում Թրամփն առաջին անգամ է այցելել մարտական գործողությունների գոտի: Նրանից առաջ արտասահմանում տեղակայված ԱՄՆ զինվորներին այցելելու ավանդույթը պահպանել են և այլ նախագահներ` Ջորջ Բուշ կրտսերը Իրաք է մեկնել Գոհաբանության օրը 2003-ին` Իրաքյան պատերազմի սկզբում, 2009-ին Իրաք է մեկնել Բարաք Օբաման` պաշտոնակալությունից 4 ամիս անց, նա 4 անգամ եղել է և Աֆղանստանում: 2017-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնեց Սիրիա` դեկտեմբերի 11-ին նա ելույթ ունեցավ Հմեյմիմի ավիաբազայում ու ռուսական զորքերի դուրս բերման հրաման տվեց: Ռուսները ամբողջությամբ այդպես էլ չհեռացան Սիրիայից: Լրագրողները բազմիցս հետաքրքրվել են Թրամփից, թե երբ է մեկնելու մարտական գործողությունների գոտի, նա ասում էր, որ խիտ ժամանակացույց ունի և չի կարծում, որ այդքան անհրաժեշտ է իր մեկնումը:
BBC


Հ.Գ. Տարեսկզբից Թրամփը զարմացնում էր և բնական էր, որ տարեվերջին էլ անակնկալ կունենա բոլորի համար: Նրա հայտնվելը Իրաքում` ԱՄՆ ռազմաբազայում, պատահական ընտրություն չէ: Փաստացի` ԱՄՆ նախագահը հայտարարում էր, որ զորքերը հանում է Սիրիայից, բայց ընդամենը Սիրիայից տարավ Իրաք ու հիմա Իրաքն է դառնում ԻՊ-ի թիրախ: Որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել, բայց ակնհայտ է, որ Թրամփը կամ նրա պաշտոնյաները բանակցություններ են վարել Իրաքի իշխանությունների հետ` ստանալու նրանց համաձայնությունը զորախմբի մեծացման ու հետագա գործողությունների համար:
Խնդիրն այն է, որ Թրամփը թերևս փորձում է քրդական հարցը ևս Իրաք տեղափոխել, իսկ Էրդողանը երեկ արդեն տանկեր ու զորք էր կուտակում Սիրիայի սահմանին` սկսելու իր խոստացած արշավը ԻՊ-ի դեմ, ավելի ստույգ` քրդերի դեմ: Սիրիայում իրավիճակը նորից սրվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ