Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոսկվա, Մոսկվա, Մոսկվա

Մոսկվա, Մոսկվա, Մոսկվա
28.12.2018 | 13:45

Երեկ ուշ գիշերը Մոսկվայից վերադարձած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ` հանրությանը տեղեկացնելու ՌԴ նախագահի հետ բանակցությունների մասին: Երկար-բարակ բառակույտի միջից պարզվեց` ՌԴ նախագահի հետ հանդիպումը վերաբերել է երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացմանը, այսինքն` ՌԴ նախագահը թելադրել է իր օրակարգը, իսկ ՀՀ վարչապետը հնարավորություն չի ունեցել իր օրակարգը ներկայացնել ու իր հարցերը քննարկել, առավելևս` լուծել:

«Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները և կարող եմ արձանագրել, որ այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը, բայց ընդհանուր հաշվով այս քննարկումը մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, ըստ էության՝ ամփոփեցինք այդ ութ ամիսները և քննարկեցինք, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա երկու երկրների իշխանության մարմինների համագործակցությունը։ Պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը դրական էր»,-ասաց Փաշինյանը։ Նա գտնում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումները բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է իրենց հարաբերությունների առանձնահատկությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերը քննարկել, «ինչպես միշտ լինում է»։ Հանդիպմանն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել. «Այդ հարցի մասին որևէ քննարկում չի եղել, ՀԱՊԿ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում և մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում։ Հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որոնք չկանոնադրվածության պատճառով տեղի չունենան։ Ես նախկինում ասել եմ՝ խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության վերաբերյալ։ Գազի թեմայի հետ կապված որոշում չկա և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է երկու երկրի համար։ Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։


Ինչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը: Նրա խորհրդական Արտակ Մանուկյանը, օրինակ, գտնում է.՝ «Առավել հավանական է, որ գազի գնի բարձրացում մենք չենք տեսնի՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով: Դրանցից առաջինն այն է, որ բանակցություններում առաջին անգամ, ըստ էության, մենք ունենք լեգիտիմ իշխանություն, երկրորդը՝ բանակցություններում չկան այլ հավելյալ շահեր, որոնք կոնկրետ ստեղծում էին որոշակի խումբ մարդկանց սպասարկելու համար, ինչը ևս էականորեն բարձրացնում է բանակցային ուժը: Էս հանգամանքները հաշվի առնելով՝ երրորդն էլ ես կուզենայի ասել, որ աշխարհում եթե հիմա մենք ուսումնասիրենք, էս առումով անուղղակիորեն նվազման միտումներ են դրսևորվում»: Չորրորդ՝ ամենակարևոր գործոնը, ըստ նրա` «որը թերևս պարբերաբար ԵԱՏՄ գործընկերների կողմից կիրառվում է այս բանակցությունների գործընթացում, մասնավորապես՝ Բելառուսի, ԵԱՏՄ համաձայնագրերով նախատեսվում է, որ գազի գինը պետք է համահարթ լինի, այսինքն՝ բոլոր անդամ երկրների համար նույն մոտեցումները պետք է [լինեն], ինչը ներկայումս չի գործում, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող սուբյեկտները, ըստ էության, գազի գնի տեսանկյունից ունեն համեմատական առավելություններ բոլոր ԵԱՏՄ անդամ գործընկերների նկատմամբ»:
Եթե սրանք էին Նիկոլ Փաշինյանի փաստարկները, Պուտինը խորապես անտարբեր է լեգիտի՞մ իշխանություն ունեցողի հետ է բանակցում, թե՞ ոչ, հավելյալ շահերն էլ խիստ պայմանական են` հայկական կողմից չկան, ռուսականից կան: Աշխարհում գազի գնի նվազման միտումներն էլ, փորձը ցույց է տվել, որ Մոսկվայի համար բացարձակապես կարևոր չեն: Բելառուսի խաղաքարտն էլ` ԵԱՏՄ համաձայնագրերով նախատեսվում է, որ գազի գինը պետք է համահարթ լինի, այսինքն՝ բոլոր անդամ երկրների համար նույն մոտեցումները պետք է լինեն, նույնպես խփված է` գազի գինը Պուտինի համար քաղաքական ճնշման գործոն է ու Բելառուսի հետ չավարտված բանակցություններն էլ դա են վկայում: Հետևանքը` մնում է Նիկոլ Փաշինյանի հույսը, որ բնավ էլ արդարացված չէ, որովհետև «Գազային պայմանագիրը» ստորագրվել է 2013-ի դեկտեմբերի 2-ին և «Գազպրոմ»-ին է փոխանցվել «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, սահմանվել է, որ մինչև 2043-ը հայկական կողմը գազը գնելու է միայն «Գազպրոմ»-ից: Զուգահեռ ստորագրվել է գազի գնի վերաբերյալ համաձայնագիր, որի ժամկետը սահմանվել է մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը։

Այսինքն` հունվարի 1-ից ռուսական կողմը Հայաստանի նկատմամբ որևէ պարտավորություն չունի, իսկ հայկական կողմի` «Գազպրոմ»-ին տված պայմանավորվածությունները ուժի մեջ են 25 տարի։ Ի՞նչ պիտի հայկական կողմն առաջարկի, եթե արդեն բոլոր մենաշնորհները տվել է։ Կամ պիտի հերթական մենաշնորհներ տա, որ արդեն չկան, կամ` քաղաքական զիջումների գնա այլ հարցերում: 30 տարով մենաշնորհը տրված է «Գազպրոմ»-ին և հայկական կողմը չի կարող գազի գնի բանակցություններ վարել Իրանի հետ` ռուսական կողմն ունի ամբողջական մենաշնորհ ու կամ բարձր գին է առաջարկելու, կամ բարձր գին չտալու դիմաց այլ դիվիդենտներ է ստանալու: Վերջ: Հայկական կողմն ունի միայն մեկ ճանապարհ` քաղաքական իրավիչակի փոփոխության հիմնավորմամբ` պայմանագրի վերանայում, բայց այդ պարագայում էլ ռուսական կողմը կարող է դատի տալ և լուրջ խնդիրների առաջ դնել Հայաստանին: Գործող համաձայնագրով 1000 խորանարդ մետրի դիմաց Հայաստանը սահմանին սկզբում վճարում էր 190 դոլար, հետո` 165, հիմա` 150 դոլար սակագինը։ Սպառողին գազը հասնում է գրեթե կրկնակի գնով: Հիմա Նիկոլ Փաշինյանը ստիպված է գործել ՀՀԿ-ի իշխանության օրոք` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ` խիստ կասկածելի` ձեռքով քվեարկությամբ վավերացված համաձայնագրի շրջանակներում: Եվ Հայաստանում «Գազպրոմին» տրված մենաշնորհը վերացնելու միակ ելքը մնում է այլընտրանքային էներգետիկան, որի զարգացման համար ԱՄՆ-ը 8 միլիարդ դոլար է հատկացրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բոլոր առումներով` այս անգամ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի միջև «քիմիան» չի գործել: Սոսկ քաղաքավարական հայտարարություններ էին Պուտինի խոսքերը, որ «Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում»: Մենք մեզ մխիթարում ենք, որ Ռուսաստանի համար անփոխարինելի դաշնակից ենք, իրականում խիստ կառավարելի ենք: Եվ իր «Ռուսաստանն ամեն ինչ կանի»-ն Պուտինը օգտագործելու միայն ու միայն Ռուսաստանի շահերից ելնելով ու բնավ հաշվի չառնելով Հայաստանի շահը: Այլապես` չէր ստորագրի Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հրամանագիրը, ընդհանրապես նրան չէր ընդունի: Այլապես` երեկ ժամանակ կգտներ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադառնալու: Իսկ եթե գտել է, բայց այդ մասին չի խոսվում բանակցային գաղտնիությունը և «կոռեկտությունը» պահպանելու պատճառով, ուրեմն այնքան էլ մեծ չէ հայ դիվանագիտության հաջողությունը:


Եվ փակագծում են մնում բազում հարցեր` ինչու՞ Մոսկվան չի հանձնում մարտի 1-ի գործով հետաքննվողների եռյակին, ինչու՞ են շարունակվում Գյումրիի ռազմաբազայի զինծառայողների ձեռամբ` Հայաստանի տարածքում սպանությունները ու զինծառայողի անձեռնմխելիությունը հայկական կողմի համար: Դեռ ինչքա՞ն են «Ռուսական երկաթուղիները», որ 2008-ին 30 տարով ստանձնել են Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարումը, շարունակելու Հայաստանի երկաթուղային կապի ձախողումը` պետբյուջեից տարիներ շարունակ վնասների փոխհատուցում ստանալով հարյուրավոր միլիոններ ու ոչինչ չանելով:


Դեռ ինչքա՞ն է Մոսկվան իր պաշտպանության տակ առնելու Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Չունենալով այս հարցերի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին մնում է ասել. «Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի տղաներն ինձ հուշեցին, որ ես ՌԴ ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ հաճելի կլինի»:
Իսկապես մնում է միայն հաճույք ստանալը: մանավանդ` Պուտինը չի հաստատել, որ 2019-ին Հայաստան կգա, Նիկոլ Փաշինյանի հաճախակի այցերն էլ միայն աշխատանքային են և ոչ պաշտոնական ու հավարտ որևէ համաձայնագիր չի ստորագրվել` ի տարբերություն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների: Համենայն դեպս հավելեմ` այսօր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` ջերմորեն շնորհավորել է պաշտոնաթող նախագահին ու մաղթել քաջառողջություն, ոգու ամրություն ու տոկունություն: Թարգմանաբար` Նիկոլ Փաշինյանը կանի այն ամենը, ինչ Պուտինն ակնկալում է և միայն դրանից հետո կքննարկվեն գազի սակագինն ու գուցե նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Հարց Հայաստանի հպարտ քաղաքացիներին` ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ իշխանության և Սերժ Սարգսյանի ոչլեգիտիմ իշխանության միջև:

Դիտվել է՝ 5825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ