Ջեյմի Դեվիս
 

Ի՞նչ ասաց Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին և ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը հայերին ամանորի գիշերը

Ի՞նչ ասաց Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին և ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը հայերին ամանորի գիշերը
08.01.2019 | 10:05

Դեկտեմբերի 31-ի գիշերը Էմանուել Մակրոնը ավանդական ամանորյա ուղերձով դիմեց ֆրանսիացիներին: Նախագահի տարեմուտի խոսքը, որպես կանոն, ձևական շնորհավորանք չէ, այլ լիարժեք ծրագրային ելույթ` անցնող տարվա արդյունքների գնահատականով ու ապագայի ծրագրերով: Ֆրանսիայի թերթերը մեկնաբանել են նախագահի` սոցիալական բողոքների ու իշխանության վարկանիշի անկման գագաթնակետին համընկած ելույթը: Իբրև նախագահ Էմանուել Մակրոնը երկրորդ անգամ էր դիմում ֆրանսիացիներին: Ֆրանսիայի բոլոր թերթերը արձանագրել են, որ երկար տարիների մեջ առաջին անգամ նախագահը ազգին դիմում էր կանգնած: Նրա բոլոր նախորդները տարեմուտի ուղերձը տեսագրել են սեղանի առաջ նստած: Մակրոնը ոչ մի անգամ չհիշատակեց դեղին ժիլետների բողոքները, որ նույնիսկ տարեմուտի գիշերը Ելիսեյան դաշտեր դուրս գալու կոչ էին անում, սակայն հենց սոցիալական դժգոհության վրա էր կառուցված նախագահի 15 րոպեանոց խոսքը:

«2018-ը մեզ չձերբազատեց ուժեղ հույզերից»` ընդունեց նախագահը: «Մենք լուրջ խզում ապրեցինք»` ճշտեց նա` մի քանի անգամ արտաբերելով «զայրույթ» բառը: Նախագահն ընդունեց, որ ֆրանսիացիները կարող են զայրանալ «անարդարության դեմ, երբեմն անհասկանալի գլոբալացման դեմ, երբեմն չափազանց բարդ ու ոչ բարեկիրթ վարչական համակարգի, խոր փոփոխությունների, որ առնչվում են հասարակության նույնականությանը»: Սակայն, նախագահի կարծիքով, ֆրանսիացիների զայրույթը երեկ չի ծնվել: Le Monde-ը Մակրոնի այդ միտքը համարում է պատասխանատվության մի մասը նախորդների վրա դնելու նրբագեղ հնարք: Մակրոնը խոստանում է վճռական դիմակայել նրանց, որ իրենց հայտարարում են «ժողովրդի ձայն», իրականում միայն «չարացած ամբոխի ձայնն են», որ հարձակվում են «ժողովրդի ընտրյալների, իրավապահների, լրագրողների, հրեաների, արտասահմանցիների վրա»: «Ազատ երկրում ապրելու համար մենք նախորդ սերունդներին ենք պարտական, որ պայքարել են դեսպոտիզմի ու ցանկացած բռնապետության դեմ: Այդ ազատությունը պահանջում է պահպանել հանրապետական կարգը, հարգել յուրաքանչյուր մարդու ու ուրիշի կարծիքը»: Մյուս կողմից` նախագահը փորձում է «յուրային» ներկայանալ ընդվզող դեղին ժիլետներին` հիշեցնելով, որ մեծացել է պրովինցիայում ու գիտի այնտեղի խնդիրները: Մակրոնը քննադատում է ուլտրալիբերալ կապիտալիզմը, որ «չափազանց հաճախ ղեկավարվում է կարճաժամկետ շահերով ու առանձին անհատների ագահությամբ»: Նախագահը վստահեցրեց, որ կշարունակի ընտրարշավի ժամանակ խոստացած բարեփոխումները, մասնավորապես` գործազրկության նպաստների վճարման համակարգի, որ «լավագույնս մղի մարդկանց վերադառնալ աշխատանքի», առավել արդյունավետ դարձնելու պետական մարմինների գործունեությունը, առավել արդարացի դարձնելու կենսաթոշակային համակարգը:

Հավարտ նա խոստացավ հունվարից կեսից նախաձեռնել «ազգային մեծ քննարկում», որ կարող է լուծել ծագած ճգնաժամը: Liberation-ը նախագահի ամանորյա ուղերձը համարում է հակահարձակում դեղին ժիլետների վրա: «Նա ջանաց ձայնի մեջ այնքան էներգիա դնել, որքան հնարավոր էր»` գրում է թերթը` ուշադրություն դարձնելով, որ Մակրոնը խոսում էր կանգնած, բաց պատուհանի առաջ և նրա խոսքը նույնիսկ սովորականից արագ էր: Ափսոսանքից ու ներողամտությունից հետք էլ չէր մնացել, որով լի էր դեկտեմբերի 10-ի նրա խոսքը` նվիրված դեղին ժիլետների ճգնաժամին: Եթե ոմանք նրանից համակերպում ու զիջումներ էին ակնկալում, Մակրոնը ակնհայտորեն մտադիր չէ այդպիսին լինել: Նա բոլորին, նախևառաջ ինքն իրեն, աշխատելու կոչ է անում` պատմում է Ֆրանսիայի համար իր հպարտության մասին ու վստահեցնում, որ վճռական պայքարի է տրամադիր: Իր պայքարի վերջնանպատակները վերանայել նա չի պատրաստվում: «Իմ կարծիքով` 2018-ը լինելու է ազգային միասնության տարի»` մեջբերում է Le Figaro-ն նախագահի անցյալ տարվա ելույթից, սակայն ոչ միշտ է ամեն ինչ այնպես դասավորվում, ինչպես ծրագրում ենք` հեգնում է թերթը` հիշեցնելով` ինչ էր ասում Մակրոնը 2017-ի դեկտեմբերի 31-ին: Մեկ տարի առաջ նա խոստանում էր «սոցիալական մեծ նախագիծ», ակնկալում «մեծ համաձայնություն»: 2018-ի հունվարին դա անհասանելի էր, իսկ վերջին ամիսներին նրա վարկանիշը հակահանրաճանաչության ռեկորդներ է սահմանում:

«Մակրոնը ցանկանում է շրջել իր համար սարսափելի տարվա էջը»` ամփոփում է Le Figaro-ն: Մնում է սպասել, եզրակացնում է Le Monde-ը, կօգնի՞ Էմանուել Մակրոնին տարեմուտի` վճռականությամբ ու եռանդով լի ելույթը վերադարձնել ֆրանսիացիների վստահությունը: Harris interactive գործակալության դեկտեմբերի 31-ին հրապարակած տվյալներով` նախագահին վստահում է հարցվածների 31%-ը:
RFI


Հ.Գ. Ի՞նչ էր ասում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարեմուտի գիշերը: Հայկական միջավայրում ընդունված չէ պետության առաջին դեմքի խոսքը մեկնաբանել, սովորաբար միայն մեջբերումներ են անում: Նիկոլ Փաշինյանը տարեմուտի խոսքում փորձեց խտացնել ապրիլից հաստատված նոր բառապաշարը և, որ ավելի կարևոր է, մտածողությունը. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, ահա և անցավ 2018-ը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի: 2018-ը մի տարի էր, երբ հայաստանաբնակ թե սփյուռքահայ, մեծ ու մանուկ, կին թե տղամարդ, գյուղաբնակ թե քաղաքաբնակ՝ միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ և կերտեցին մեկ ընդհանուր հաղթանակ, որն ի վերջո դարձավ ազգային միասնության մի բացառիկ նվաճում»` այսքանը անցյալի մասին էր: Ապագայի մասին` «2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձևակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019-ը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան և հաղթառատ, որքան եղավ 2018-ը: Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը: 2019-ին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: 2019-ի մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը:

Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր: Սրանում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության առանցքային իմաստը: Երբ ժողովուրդը հավատում է իր միասնության ուժին, իր անցյալի և ապագայի ուժին: Մենք հավատում ենք մեր ամեն քաղաքացու ստեղծարար տաղանդին և 2019 -ը պիտի դառնա հենց ստեղծարար տաղանդի հաղթանակի տարի, երբ ամեն անհատ, ՀՀ ամեն քաղաքացի, Հայաստան ներգաղթած ամեն մի հայ իրեն տեսնում է ոչ թե սպառողի, այլ արարողի դերում, ոչ թե հետևորդի, այլ առաջնորդի դերում, ոչ թե հարկ թաքցնողի, այլ հարկ վճարողի դերում, ոչ թե գործազուրկի, այլ աշխատողի դերում, ոչ թե աղքատի, այլ աղքատությանը հաղթողի, աղքատության հետ չհաշտվողի, աղքատությունը ստեղծարար մտքով, արդար աշխատանքով հաղթահարողի դերում: 2019-ը պետք է դառնա անհատական ջանքի հաղթանակի տարի, մտքի ու աշխատանքի համադրման տարի: Եվ ուրեմն, ամանորյա այս օրերին մեր տրամադրությունը պետք է նոր ուժով ու եռանդով լիցքավորի բոլորիս, նոր լավատեսությամբ և սիրով համակի մեր հայրենիքն ու ժողովրդին»: Այսինքն` կենաց կամ բառակույտ, ծրագրային ոչինչ, սոսկ պոպուլիզմ` սոցիալական թեքումով, երբ պետության առաջին դեմքը նշում է բոլորի, բայց ոչ իր կամ կառավարության կոնկրետ անելիքները: Սա երկու բացատրություն ունի` կամ ամանորը տոն է, որ պետք չէ «փչացնել» աշխատանքային մանրամասներով, կամ` իր և կառավարության անելիքները պարզ չեն ու ծրագրային փաստաթղթի ձև չեն ստացել: Դե իսկ վերջնամասը հանրահավաքային կլասիկա է, որից վաղուց պետք էր հրաժարվել. «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ժպտացեք իրար, սիրելի հայրենակիցներ, որովհետև Նոր տարին, ահա, եկավ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:


Հայաստանի հպարտ ու շարքային քաղաքացիներին պետք են ոչ թե ապրիորի սեր ու խոնարհում, բովանդակազուրկ կարգախոսներ, այլ` գործ: Ցավոք, Հայաստանում նաև չեն արվում կամ չեն հրապարակվում առաջին դեմքի վարկանիշին վերաբերող հարցումներ, մնում է հիշել ու համեմատել Էմանուել Մակրոնի 31%-ի հետ Նիկոլ Փաշինյանի 2018-ի դեկտեմբերի 31-ի անհայտ տոկոսը` 2019-ի հունվարի 1-ից սկսված թանկացումներից առաջ ու հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan