Parker quartet
 

Երեք տարբեր սցենարներ Սիրիայի համար` ըստ Անկարայի

Երեք տարբեր սցենարներ Սիրիայի համար` ըստ Անկարայի
08.01.2019 | 10:09

Սիրիայի հյուսիսում ամերիկացիների հեռանալուց հետո իրադարձությունները կարող են զարգանալ 3 տարբեր սցենարներով:
Առաջինը` համակարգումը կարող է իրականացվել ԱՄՆ-ի և Թուրքիայի ու ՌԴ-ի միջև: Դա առավել նախընտրելի տարբերակ է Թուրքիայի համար: ԱՄՆ-ը կհեռանա ու ԱՄՆ-ի թողած բազաներ ու տարածքներ կմտնեն թուրքական զորքերը: Այդպես և բախումների ռիսկը կնվազի, և կոնֆլիկտի տարածման հավանականությունը` պատահական միջադեպի պատճառով: Բայց այդ համակարգմանը պետք է համոզել մյուս երկրներին: Հատկապես ՌԴ-ի համար դա այնքան էլ ցանկալի իրավիճակ չէ: Ավելին` նույնիսկ ԱՄՆ-ի հետ նման կոնսենսուս ստանալը հեշտ չէ: Լուրջ կասկածներ կան, որ Թրամփը հետևողական կլինի իր քաղաքականության մեջ: Նույնիսկ եթե Թրամփը ցանկանա, կարող է հարկադրված լինել մշտապես պայքարել այդ տարբերակի հակառակորդների հետ իր իստեբլիշմենտում: Այդ պայմաններում լուրջ դժվարություններ կստեղծվեն նույնիսկ երկկողմ համակարգման մեջ, երրորդ կողմին չհասած: Բայց սխալ է պնդել, որ դա անիրականանալի է: Նույն տրամաբանությամբ` կոնսենսուսը Իդլիբի հարցում ու Սիրիայից հեռանալու Թրամփի որոշումը նույնպես հեշտ գործ չէր: Բայց Թուրքիան կարողացավ համոզել ընդդիմախոսներին երկու դեպքում էլ: Դա կարող է շարունակվել: Եթե Թրամփը հավատա, որ կստանա իր հաջողության պատմությունը, իսկ Պուտինը տեսնի, որ դուրս չի մղվում ու օգուտ է ստանալու կոնսենսուսից, կարող է ստացվել:


Երկրորդ սցենարով` չնայած ԱՄՆ-Թուրքիա համակարգմանը, Ռուսաստանը կարող է չմիանալ այդ փոխգործակցությանը: Դա նվազ նախընտրելի սցենար է Թուրքիայի համար, բայց իրականացման բարձր շանսեր ունի: Պուտինը անհանգստացած է: Առաջին հերթին պետք է նրա կասկածները փարատել: Բայց այդ կասկածները ամեն քայլով կարող են վերականգնվել: Ցավոտ գործընթաց է սկսվելու: Այդ իրավիճակում Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև մրցակցության հավանականություն կա: Լավ կլինի, եթե Թուրքիան պատրաստ է իրադարձությունների այդօրինակ զարգացմանը: Համակարգման շրջանակներում, որ կառուցված է ԱՄՆ-ի հետ, նրա ազատած տարածքներում պետք է վերահսկողության տակ վերցնել հյուսիսային շրջանները: Այդ ընթացքում Ռուսաստանը կարող է հարավից բերել Ասադի ուժերը: Բայց դա էլ անկառավարելի գործընթաց չէ: Թուրքիայի ռազմավարական գերակայությունը իր սահմանների մոտ «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության գոյությունը կասեցնելն է: Քանի դեռ Թուրքիան զբաղվելու է այդ գործով, Ռուսաստանի հետ որևէ թեժ կոնֆլիկտի մեջ չի մտնի: Ռուսաստանը կարող է ցանկանալ այնպիսի իրավիճակ ստեղծել, ինչպիսին Թել Ռիֆատում էր: Դա տագնապահարույց է, բայց լուրջ վտանգ չէ ռազմավարական տեսակետից:


Երրորդ սցենարը ԱՄՆ-ի հեռանալն է Սիրիայից առանց համակարգման ձևավորման: Դա ամենատհաճ սցենարն է: Թեպետ սակավ հավանական է, բայց իրադարձությունների ընթացքը կարող է դրան հանգեցնել: Եվ ԱՄՆ-ը, և ՌԴ-ն կարող են այդ գործընթացը շահագործել, որ վտանգավոր է ցանկացած փուլում, ներառյալ Թուրքիայի գործողությունը: Բայց ոչ մի իրավիճակ ավելի վատ չի լինի PYD –ի ներկայությունից` ԱՄՆ-ի պաշտպանության տակ: Այս սցենարն էլ անհույս չէ: Որոշ օրինակներով տեսել ենք, որ Թուրքիան ի վիճակի է համոզել Ռուսաստանին նաև այդ գոտում: Հատկապես գործողությունները, որ նախապես կսկսվեն ու կանցկացվեն կոալիցիայի հովանու տակ, թույլ կտան ժամանակ շահել ու զսպել Ռուսաստանին: Եթե իրադարձությունները զարգանան երրորդ սցենարով, ամեն քայլը նորից պետք է ծրագրել: Սիրիական պատերազմը նորից կսկսվի, մարտի դաշտում կորոշվեն գոտիները:
Լավ կլինի, եթե առաջին սցենարը իրականանա, բայց Թուրքիան պետք է պատրաստ լինի հատկապես երկրորդին:
Հասան Բասրի Յալչին, Sabah, Թուրքիա


Հ.Գ. Ի՞նչ է պատրաստվում անել Անկարան: Փաստացի` մասնատել Սիրիան, թեպետ Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Նախ` ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ ոչնչացնել PYD-ը, ապա PYD-ի վերացման անվան տակ` իր զորքերը տեղակայել Սիրիայի հյուսիսային սահմանների երկայնքով ու թուրքական ռազմաբազաներ ստեղծել, այսինքն` տարածքներում, որոնց մակերեսը կորոշվի պատերազմով, հաստատել թուրքական վերահսկողություն ու բացառել սիրիական իշխանության ներկայությունը: Ի՞նչ է առաջարկելու Մոսկվային համաձայնության դիմաց Էրդողանը: Նույնը անել Լաթաքիայի ու Հմեյմիմ ռազմաբազայի շրջակայքում` հաստատել իր վերահսկողությունը և մշտական ելք ունենալ Միջերկրական ծով: Ի տարբերություն Էրդողանի, որ հաջորդ քայլով այդ տարածքներում վերաբնակեցնելու է թուրքերին, Պուտինը սիրիական տարածքները ռուսներով վերաբնակեցնելու ծրագիր չունի, նա Ասադի հետ պայմանագրով հանգիստ կարող է նույն իրավիճակը ստանալ, և Էրդողանը դա գիտի: Ուստի բացի ռազմական ծրագրերից` նա ամեն ինչ անելու է, որ Ասադը ընտրություններում կորցնի իշխանությունը և իշխանության գան ընդդիմադիր ուժերը, որ Թուրքիայի վերահսկողության տակ են: Դա գիտի նաև Պուտինը:

Փաստացի` Դոնալդ Թրամփը ԱՄՆ զորքերը դուրս է բերում Սիրիայից` նպատակակետ ունենալով ռուս-թուրքական առճակատումը: Նա լավ գիտի Էրդողանի արկածախնդիր բնավորությունը և գիտի, որ Պուտինը ներել չգիտի: Հատկապես դավաճանությունը: Եթե Թրամփը իր բոլոր ծրագրերը կառուցում է Թեհրանին Սիրիայից դուրս մղելու հաշվարկով, տարօրինակ է, որ Իրանի հետ հակաահաբեկչական Թուրքիա-Ռուսաստան-Իրան ալյանսում գտնվող Էրդողանը ևս հաշվից դուրս է գրել Թեհրանին: Կհամաձայնի՞ Հասան Ռուհանին այդ դասավորությանը: Հազիվ թե: Իսկ ամենատարօրինակը, որ թուրքական 3 սցենարներն էլ այնպես են կառուցված, ասես Սիրիայում չկա իշխանություն և ալլահի կամքով` Էրդողանը պիտի որոշի` ի՞նչ, որտե՞ղ ու ե՞րբ անեն սիրիացիները: Սա 3 սցենարների ամենախոցելի կողմն է, որ երեքն էլ դարձնում է անգործունակ: Բայց բոլոր դեպքերում հանգեցնում է պատերազմի վերսկսման: Իսկ ամենահետաքրքիրը` Fox News հեռուստաալիքի եթերում Փրամփն ասել է. «Մենք դուրս ենք գալիս Սիրիայից, մենք այնտեղից դուրս կբերենք մեր զորքերը, սակայն ես երբեք չեմ ասել, որ դա կարվի հնարավորինս արագ: Մենք դուրս կգանք Սիրիայից, սակայն այնպես կանենք, որ դա վերջնական չլինի, քանի դեռ «Իսլամական պետությունը» չի վախճախվել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao