Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նորընտիր ԱԺ պատգամավորները ստացան մանդատները

Նորընտիր ԱԺ պատգամավորները ստացան մանդատները
10.01.2019 | 22:39

Մանդատները պատգամավորներին հանձնված են, նորընտիր՝ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին: Այս անգամ ոչ թե ԿԸՀ նախագահը հանձնեց մանդատները, այլ ընտրողները: Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել էին երկուսը, նրանց թվում՝ 103-ամյա Բավական Փիլոյանն ու 99-ամյա Խաչիկ Գաբրիելյանը, առաջին անգամ ընտրություններին մասնակցած երկու երիտասարդներ։ Մանդատը ստանալու չէր եկել նախորդ տարիներին ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած ԲՀԿ նախագահ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


Նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հավաստմամբ՝ ավելի վաղ ծրագրված միջոցառումն էր պատճառը: 132 պատգամավորների մեջ շատ են երիտասարդները, նաև՝ կանայք: 88 տեղերը՝ կայուն մեծամասնությունը «Իմ քայլը» դաշինքինն է: Մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն կունենա 26 մանդատ, երրորդը՝ 18, «Լուսավոր Հայաստանը»:
«Իմ քայլը» խմբակցության ապագա ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց հնչող քննադատություն-հայտարարություններին, թե իրենց շարքերում շատ են անփորձ երիտասարդները՝ ասելով. «Չափանիշները տարբեր են: Եթե նկատի ունենք, որ շատերը, մեծ մասը խորհրդարանում են հայտնվել առաջին անգամ օրենսդիրի պաշտոնում, ապա, այո, այդ առումով առաջինն են, և կարծում եմ, ՀՀ քաղաքացիները իրենց քվեով լիազորել են և պատվիրակել են այդ՝ դեռևս խորհրդարանում փորձառություն չունեցած անձանց՝ էնտեղ գործունեություն ծավալելու: Իսկ մասնագիտական առումով և մնացած փորձառությունների առումով, նման պակաս չկա»:


Խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգային հարցերից կլինի նաև օրենսդիրի ղեկավարության ընտրությունը: «Իմ քայլը» հայտարարել է, որ Աժ նախագահի իրենց թեկնածուն Արարատ Միրզոյանն է, երկու փոխնախագահներինը՝ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:
Հիմնական ինտրիգը պահպանվում է ընդդիմադիր փոխնախագահի ընտրության շուրջ։ Թե ԲՀԿ-ը, թե ԼՀԿ-ն մտադիր են թեկնածու առաջադրել, իսկ նրանց ձայներն իրենց թեկնածուի ընտրության համար առանց «Իմ քայլի» աջակցության բավարար չեն: Արարատ Միրզոյանը այսօր հայտարարեց, որ քվեարկելու են ամենամեծ խմբակցության թեկնածուի օգտին։ Իշխանության որոշումը չի փոխի ԼՀԿ-ի ծրագրերը: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կառաջադրեն Մանե Թանդիլյանին․ «Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի: Հետևաբար պետք է խորհրդարանում ընտրվի, և ոչ թե ՀՀԿ-ի ժամանակ պահպանված տրադիցիաները մենք շարունակենք պահպանել»: ԲՀԿ-ն չի հայտարարել փոխխոսնակի թեկնածուի անունը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, որոշում կա, որն առաջիկայում կհրապարակվի: ԲՀԿ-ից չեն հստակեցնում նաև խմբակցության ղեկավարի, քարտուղարի անունները:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ