Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

Մետաֆիզիկան փոխարինվում է պրագմատիզմով

Մետաֆիզիկան փոխարինվում է պրագմատիզմով
11.01.2019 | 01:54

Երբեք թող չասեն` հին է Զբիգնև Բժեզինսկու «Մարշալի պլանը»` Մեծ Մերձավոր Արևելք անվամբ: Այն մաս առ մաս («մեկ առ մեկ, հատիկ առ հատիկ»), ամերիկյան արտիստությանը հատուկ խորքով` հետ-առաջ տեխնոլոգիայով կյանքի է կոչվում` պատասխան տալով Հայաստանում ամիսներ առաջ տեղի ունեցած` ձևով թավշյա, իրականում լավ մշակված, հզոր մետաֆիզիկա ունեցող, խիստ քողարկված նպատակներ հետապնդող` պրագմատիզմի վերածվող գործընթացներին: Բայց ամեն բան հերթով, և այսուհետ` պրագմատիզմի մասին:
Օրերս Մերձավոր Արևելքում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Իսրայել-Թուրքիայում էր ԱՄՆ նախագահի արտաքին կապերով հզոր խորհրդական, մեզ քաջածանոթ Ջոն Բոլթոնը: Այո. ԱՄՆ-ը Նոր տարին չսկսած լուրջ էսկադրոն էր իջեցրել տարածաշրջան` Իրանի հարցով: Ընդ որում, ամերիկյան արտիստիզմն ու «բազարը» Բոլթոնի դեպքում հասան գագաթնակետին: էրդողանը չընդունեց Բոլթոնին. պատճառն ամերիկյան հայտարարությունն էր, որ առնչվում էր Սիրիայի քրդերի «խաթրին չկպնելուն», սեփական զորքերը միայն այդ դեպքում Սիրիայից հանելուն: Տեսանելի է, ԱՄՆ-ը քրդերի քարտը կխաղարկի մինչև վերջ` կախված Իրան-Սիրիա-Իսրայել-Ռուսաստան «բազար-զարգացումների» ամպլիտուդից:
Սպասենք այդ ուղղությամբ զարգացումներին, արձանագրմամբ` Հայաստանում սկսվում է պրագմատիզմի ժամանակաշրջան ոչ միայն միակուսակցական համակարգ ունեցող քաղաքականության հեռանալով, այլև, որպես ուրույն «պլացդարմ», ինչի համար էլ «տեղի ունեցավ» հեղափոխությունը. պետք էր «վերակազմավորել», «գծել» Հայաստանը` ի պատկեր ամերիկյան պլանների, որպեսզի ինչ-որ պահի չդառնա ռուսաստանյան, մասամբ էլ` իրանյան խաղի բաղկացուցիչ, ընկնի «ոտքի տակ»:


Եվս մեկ անգամ անկեղծորեն արձանագրենք` խիստ պլանային-դետալային ոսկերչական մշակում ուներ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը: Հիշենք, երբ ժամանակներ առաջ ասվում էր` «հաջորդը Հայաստանն է, այնտեղ է հեղափոխություն տեղի ունենալու», ժպտում էինք, չէինք հավատում, իրոնիկ շեշտադրմամբ էինք նայում բոլոր նրանց, որվքեր անվերջ անգիր արած կրկնում էին` չէ՛, բայց հաշվե՞լ եք որքան քաղաքացիական ու հասարակական կազմկերպություն ունի ԱՄՆ-ը Հայաստանում` 5 հազար. նկատե՞լ եք` որքան մեծ է ԱՄՆ դեսպանատունը` մի իրական ռազմաբազա: Այո. ժպտում ու ժպտում էինք` մեր հին մտածողությամբ, մտքում հաշվարկելով ռուսական ակտիվները Հայաստանում, ենթակառուցվածքների ու ռուսական ռազմաբազայի, սահմանապահ զորքերի ու մնացած ամեն ինչի «հմայնքները»:
Արձանագրենք և մեկընդմիշտ. այդ ամենը մղվեց լուսանցք. Հայաստանը շարժեց ՀԱՊԿ-ը, օգտվեց Ռուսաստանի նկատմամբ առկա ու սպասվող պատժամիջոցներից, Ռուսաստանի` Հայաստանը չկորցնելու, կտրուկ քայլերի չգնալու առայժմեական տագնապներից, և նույնքան սահուն Հայաստանը` «ты кто такой, давай до свидания!» արեց Ռուսաստանին: Բոլոր դեպքերում, գործընթացներն այդտեղ են տանում:


Մտածում եք` Ռուսաստանը չի հանդուժի այդ ամենը: Արդեն հանդուրժել է: Դատելով վերջին` Պուտին-Փաշինյան հանդիպուման ժամանակ Սերգեյ Լավրովի` որևէ դիվանագիտական ենթաշերտում չտեղավորվող հայացքից, նստելու ձևից, պետք է ասել, որ Ռուսաստանը հասկանում է` առաջ գնա` վնաս է, հետ քաշվի` վնաս է…
Բայց կա արջի զարթնելու ու կատաղած վրա տալու սինդրոմը ևս: Ամեն բան կախված է նրանից, թե ԱՄՆ-Ռուսաստան տանդեմը ի՞նչ կպայմանավորվի` Սիրիա-Թուրքիա-Իրան զարգացումների շուրջ: Եվ կպայմանավորվի՞ արդյոք: Հայաստանյան զարգացումները, այդ թվում և ներքին, իսկ որ ամենակարևորն է` Ղարաբաղյան, կպայմանավորվեն բացառապես դրանով:


Այնպես որ, նոր իշխանությունների ամբիցիաները (իրականում` լկտիությունը) կարող է բավարարել` դեռ մատը-մատին չտված մանդատ ստանալու արարողությունը Օպերայում կազմակերպելով` «թիթիզության» բոլոր նոմինացիաներով:

Իշխանությունն իր իսկ մեկնարկի սկզբին իրականում խախտեց սահմանադրությունը և ԱԺ առաջին նիստը հրավիրեց ոչ ճշգրիտ ժամկետում: Մեծացրեց պատգամավորների թիվը` արտաքին պարտքին զուգընթաց։ Իսկ թե ինչպե՞ս է դիմագրավելու գազի գնի սուբսիդավորումը, արտաքին մարտահրավերները… և այդպես շարունակ… առայժմ և դեռևս այս իշխանությունը «հաղթանակներ» ու խնջույքներ է տոնում… սպասվող ժանտախտին ընդառաջ:


Իսկ երբ արդեն գեոքաղաքական և օրհասական խնդիրները առարկայորեն կծեծեն խաղին ինքնամոռաց տրված` խնջույքասեր-ամբիցիաներից խեղդվողների դուռը, այդ ժամանակ արդեն պետության ճակատագիրը կդրվի «խաղի ու խնջույքի» սեղանին… որպես մատաղացու գա՞ռ, թե՞ շարունակականության պարտադրանք:
Ցույց կտա ժամանակը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan