Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայում պատերազմ է ընթանում

Թուրքիայում պատերազմ է ընթանում
11.01.2019 | 03:03

(Նախորդ մասը)

Չնայած թուրք-ամերիկյան հարաբերություններում եղած լարվածությանը, Անկարան շարունակում է մասնակցել ՆԱՏՕ-ի առաքելություններին և ռազմական ակտիվ գործընկեր է, ասվում է Պենտագոնի զեկույցում։ Փաստաթղթում նշվում են Թուրքիայում 2000-ից ավելի ամերիկացի զինվորականների առկայությունը, ինչպես նաև Թուրքիայի ռադիոտեղորոշիչ համակարգերի և ՌՕՈՒ-ի օգտագործումը ԱՄՆ-ի ԶՈՒ-ի տարբեր ստորաբաժանումների գործողություններում։ Պենտագոնը հայտնում է, որ Թուրքիայի գործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, ԱՄՆ-ի քաղաքացիների և Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների ձերբակալությունները Վաշինգտոնի անհանգստության հիմնական պատճառներն են։ Իրենց հերթին սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի հետ ԱՄՆ-ի գործակցությունը և ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի արտահանձնման ձգձգումն Անկարան ընկալում է որպես «Վաշինգտոնի հետ հարաբերությունների լարվածության երկու հիմնական գործոններ»։ Զեկույցում նաև ասվում է, որ Թուրքիան կարող է հեռացվել ԱՄՆ-ի ղեկավարությամբ F-35 կործանիչների արտադրության ծրագրից, եթե չհրաժարվի ռուսական ԶՀՀ-ների գնումից։ Հիշեցնենք, որ Թուրքիան մտադիր է նշված ծրագրով, որին միացել է 2002 թ., ձեռք բերելու 100-ից ոչ պակաս F-35։


7) Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է «ցուցադրել» իր դժգոհությունը Սիրիայից քրդական սպառնալիքի իր ընկալման առումով։ Ավելին, նոյեմբերին Անկարան կրկին հայտարարեց, որ չի հրաժարվի C-400 ԶՀՀ-ների ձեռքբերումից անգամ «պատժամիջոցների սպառնալիքի դեպքում»։ Իսկ նոյեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց իշխանությունները վրդովված են ամերիկացի զինվորների և ՔԺԻ-ի քրդական ջոկատների անդամների համատեղ լուսանկարներից. «Այդ լուսանկարներն անհանգստացրել են մեր ժողովրդին և արատավորել ԱՄՆ-ի ու նրա բանակի կերպարը թուրք հանրության աչքում։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը կդադարեցնի համագործակցությունը ՔԺԻ ահաբեկչական խմբի հետ, ինչպես խոստացել էր»։ Հետո Էրդողանը, Արգենտինայում G-20 համաժողովի շրջանակում Պուտինի հետ բանակցության ժամանակ, առաջարկեց Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով շահագրգիռ 4 երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Գերմանիա, Ֆրանսիա) մասնակցությամբ ևս մեկ գագաթնաժողով հրավիրել։ Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ «Պուտինը և Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբի ապառազմականացված գոտու վերաբերյալ հետագա քայլերը։ Նշվել է, որ ոչ բոլոր ծայրահեղականներն են ազատել 20-կիլոմետրանոց գոտին, ուստի ձեռք են առնվելու բոլոր միջոցները, որ ծայրահեղականները չփորձեն վիժեցնել այդ կարևորագույն պայմանավորվածությունը»։


Այսպիսով, ինչպես նկատում ենք, Սիրիայում և արդեն Թուրքիայի ներսում ստեղծվում է ինչ-որ «քառանկյուն»` Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ-քրդեր։ Հստակ երևում է, որ նրանում չկան Եվրոպան, Իրանը, պաշտոնական Դամասկոսը։ Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի և Գերմանիայի, անխոս դերակատար է, այն էլ միայն Իդլիբի հարցով։ Իրանը զբաղված է «իր հարցերով», բայց ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը ինչպես Իդլիբում, այնպես էլ Եփրատի արևելյան ափին, այսինքն` անմիջականորեն սիրիացի քրդերի միջավայրում։ Իսկ Դամասկոսը, ինչ-ինչ գերակայություններից ելնելով, առայժմ բանտից բաց է թողնում 2017-ին թուրքերի ձերբակալած քրդին։ Նորից ասենք, թե ինչու ենք համոզված, որ քրդերին առնչվող վերոնշյալ քառանկյունն ինչու է ընդգրկում ոչ միայն հյուսիսային Սիրիան, այլև Թուրքիան. այն պատճառով, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտական գործողությունները վերսկսելու մասին ՔԺԻ-ի պաշտոնական հայտարարությունը և թուրքական Հաքյարի նահանգում թուրքիացի քրդերի փեշմերգայի հաջող հարձակումը տեղի են ունեցել նույն օրը` 2018 թ. նոյեմբերի 11-ին։ Մենք չենք հավատում զուգադիպությանը, երբ ուսումնասիրվող նյութը վերաբերում է նույն երևույթին, տվյալ դեպքում` տարածաշրջանի այս կամ այն մարտական գործողություններին քրդերի մասնակցությանը։ Համաձայնենք, որ Թուրքիայի հարավարևելյան նահանգները նույնպես Մերձավոր Արևելք են։ Եվ այժմ այնտեղ, ընդհուպ մինչև Դիարբեքիր, պատերազմ է, ինչպես հյուսիսային Սիրիայում, Եփրատի արևելյան ափին, սիրիական հյուսիսային Ռաքքա նահանգում և այլն։ Ընդ որում, Թել Աբյադ քաղաքի շրջանում ՔԺԻ-ի սիրիացի քրդերը ոչ միայն անմիջական մարտական բախման մեջ են մտել թուրքերի հետ, այլև, դատելով Անկարայի լռությունից, կարողացել են կորուստներ պատճառել և հետ մղել թուրքական բանակի հարձակման փորձերը։


Այժմ բացատրենք, թե ինչու ենք Ռուսաստանի տեղը և դերը տեսնում Սիրիայում և Թուրքիայում «քրդական քառանկյան մեջ»։ Մոսկվան այդ «խայտաբղետ կաթսայի» մեջ «մտցնելու» փորձը նախաձեռնել են հենց քրդերը։ Նոյեմբերի 8-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, ճեպազրույցի ժամանակ, քուրդ հայտնի լրագրող Խոլշավի Մուհամեդը հարց է տվել թուրքերի կողմից հյուսիսային Սիրիայի քրդաբնակ շրջանների հրետակոծման մասին. «Ինչպես մեզ հայտնի է, թուրքական հրետանին գնդակոծում է Քոբանի քաղաքը և սպառնում հյուսիսային Քրդստանին։ Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի այդպիսի գործողություններին»։ Զախարովայի պատասխանը. «Մենք ելնում ենք նրանից, որ Սիրիան միասնական պետություն է, որտեղ գործում է օրինական կառավարություն, որն այժմ հակաահաբեկչական գործողություն, պայքար է իրականացնում, տարածքի մնացորդները մաքրում է ահաբեկչական կառույցներից և զինյալներից։ Մենք ելնում ենք նաև նրանից, որ միջազգային հարաբերությունների և պետական կառուցվածքի օրենքով օրինական կառավարությունը լիակատար իրավունք ունի ամբողջ երկրի տարածքում համապատասխան գործունեություն իրականացնելու։ Մենք բազմիցս կոչ ենք արել, որ ներքաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն սկսվի բոլոր քաղաքական խմբերի, խմբավորումների, կուսակցությունների և միավորումների հետ ի շահ Սիրիան ամբողջական պետություն պահպանելու, ահաբեկչական խմբավորումների վերջին հենարանները ոչնչացնելու։ Այդ աշխատանքը պետք է կատարվի համախմբված ձևով։ ՈՒզում ենք հուսալ, որ այն հիմք կդառնա հանրությանը համախմբելու, ոչ թե ավելի պառակտելու համար»։


Ահա Լավրովի հայտարարությունը Սիրիայում «քրդական բաղադրիչի» վերաբերյալ. «ԱՄՆ-ի գործողությունների մի մասը Եփրատի արևելյան ափին և Սիրիայի այլ շրջաններում, որտեղ նա ունի հատուկջոկատայիններ և խորհրդականներ, «քրդական խաղաթղթի» խաղարկումն է։ Դա շատ վտանգավոր խաղ է` հաշվի առնելով քրդական հարցի սրությունը տարածաշրջանի մի ամբողջ շարք երկրներում (ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում, Իրանում, Թուրքիայում)»։ Ըստ նրա, Եփրատի արևելյան ափին կատարվողը բացահայտորեն խախտում է բոլորի կողմից հայտարարված և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևում հաստատված հավատարմությունը Սիրիայի ամբողջականությանը։ Լավրովն ընդգծեց, որ Արևմուտքը Սիրիայի հարցով չունի հատուկ այլընտրանքային ռազմավարություն և մարտավարություն, ինչն ավելի ակնհայտ է դառնում։ «Ինչպես նաև ակնհայտ է դառնում, որ Եփրատի արևելյան ափին անընդունելի բաներ են կատարվում։ Այնտեղ ԱՄՆ-ը փորձում է ձևավորել կեղծպետական կառույցներ, հարյուրմիլիոնավոր դոլարներ է ներդնում այդ շրջանները կարգի բերելու համար, որպեսզի մարդիկ վերականգնեն բնականոն խաղաղ կյանքը, բայց հրաժարվում է վերականգնելուց ենթակառույցներն այն տարածքներում, որոնք վերահսկում է սիրիական կառավարությունը»,- հավելել է Լավրովը։ Զախարովայի և Լավրովի հայտարարություններից հետևում է, որ Մոսկվան քրդերին առաջարկում է միանալ այն ազգային և կրոնական խմբերին, որոնք համաձայնել են Սիրիայի վերականգնմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը մասնակցելուն։


Այժմ դարձյալ նշենք փաստերը.
1) քրդական ԺՄԿ և ՔԺԻ կառույցների մեջ մտնող մի շարք կազմակերպություններ Աֆրինի օկուպացիայից հետո վերադարձան Դամասկոսի հետ համագործակցության ուղի և ընդգրկվեցին Սիրիայի ԶՈՒ-ի կազմ,
2) ՍԺՈՒ-ի մամլո քարտուղար Կինո Գաբրիելի հայտարարությունը, որ Անկարայի հարձակումները (սիրիացի քրդերի վրա) Թուրքիայի ներքին խնդիրները երկրի սահմաններից դուրս հանելու նպատակ ունեն։ Չէ՞ որ թուրքական տարածքի խորքում ՔԲԿ-ի փեշմերգայի վերադարձը ռազմական գործողությունների նշանակում է, որ կամ «Բաղդադի քառյակը» (ՌԴ-Իրան-Իրաք-Սիրիա), կամ էլ նույն քառյակը ԱՄՆ-ի հետ ինչ-որ անհեթեթ համակեցությամբ կամա-ակամա նպաստում են թուրք-քրդական հարաբերությունների խնդրի վերադարձին Սիրիայից Թուրքիա։ Հասկանալի է, որ ԻՊ-ի և «Ալ Քաիդայի» ահաբեկչության դեմ պայքարում «Բաղդադի քառյակը» և ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը տարբեր վերջնական նպատակներ ունեն։ ԱՄՆ-ը քրդերին զանազան խոստումներ է հղում, ասենք` նրանց ևս մեկ «անկախ Կոսովո», այսինքն հենց այն, ինչի մասին ասում է Լավրովը, և քրդերը, ինչպես միշտ, «կտցում են» խայծը։ ՌԴ-ն, Իրանը և Սիրիան Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման իրենց ծրագրով պարզապես քրդական խնդիրը դուրս են մղում բացառապես Թուրքիա։ Հենց այդ ամենը հաշվի առնելով էլ առաջ է մղվում Իդլիբ նահանգի (հյուսիսային) ապառազմականացման հարցը, որից հետո արդեն պետք է տեղի ունենա այն, ինչը վաղուց ուզում են իրականացնել Դամասկոսն ու Թեհրանը` թուրքական բանակի և թրքամետ զինյալների լիովին վտարումը հյուսիսային Սիրիայի բոլոր շրջաններից։ Եվ հենց դրանից կսկսվի պայքարը` ստիպելու ԱՄՆ-ին, որ հանի իր բոլոր զինվորականներին, ընդ որում ոչ միայն Սիրիայից, այլև Իրաքից։


Հենց այդ սպառնալիքի հետ են կապված Իրաքի նոր կառավարության հասցեով Վաշինգտոնի վերջին վերջնագրային պահանջները. խելքի բերեք «Ալ Հաշդ ալ Շաաբի» շիական աշխարհազորը, ոչնչացրեք Իրաքի «Հզբոլահ» կուսակցությունը, «45 օր հետո հրաժարվեք Իրանի հետ առևտրից և հարաբերություններից» և այլն։ Ահա թե ինչու դեկտեմբերի 3-ին իրաքցի հայտնի շիա քաղգործիչ և երկրի նախկին վարչապետ Նուրի Մալիքին իրանական պետական IRIB հեռուստաալիքի հետ հարցազրույցում կոշտ կերպով հայտարարեց, որ Իրաքը երբեք չի միանա ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից պահանջվող և Իրանի դեմ ուղղված դաշինքներին. «Իրաքը չի լինի այն դաշինքի անդամը, որը գլխավորում է ԻՊ-ի կողմնակից Սաուդյան Արաբիան։ Ես և իմ կուսակցությունը որևէ երկրի թույլ չենք տա մեր երկիրն օգտագործել Իրանին վնաս հասցնելու համար», որից հետո Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիին «ԱՄՆ-ի ճակատից հեռանալու» կոչ արեց։ Ահա թե ինչու Թրամփը, որպես Վաշինգտոնից ակնհայտ իսրայելամետ քաղաքականություն վարող, չի կորցնում սիրիական հարցում սպառնալիքներով, շանտաժով, խոստումներով Ռուսաստանը ԱՄՆ-ին ենթարկելու հույսերը։ Պատահական չէ, որ Սիրիայի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կոմիտեին իր գրավոր ուղերձում բառացիորեն պահանջում էր. «Եթե Ռուսաստանը, ինչպես հայտարարում է, ուզում է ԱՄՆ-ի հետ աշխատել սիրիական հակամարտությանը վերջ դնելու համար, ապա պետք է միանա Սիրիայում Իրանի ապակայունացնող գործողություններին հակազդելու ջանքերին այդ երկրից Իրանի հրամանատարության տակ գտնվող բոլոր ուժերը հեռացնելու համար»։
Մեկ անգամ էլ հիշեցնենք. ոչ թե ԱՄՆ-ը, այլ Իսրայելն է թելադրում, որովհետև եթե Վաշինգտոնն օբյեկտիվորեն տրամադրված լիներ, ապա Պուտինին այդպիսի «պահանջներ» չէր ներկայացնի, այլ կգերադասեր հարաբերությունները նորմալացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Իրանի հետ` դուրս չգալով Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից։ Որովհետև, ինչպես բազմիցս հայտարարել են ՌԴ նախագահ Պուտինը և արտգործնախարար Լավրովը, իրանցի ռազմական խորհրդականները Սիրիայում են գտնվում ըստ սիրիա-իրանական երկկողմ համաձայնագրերի, որոնց հետ Մոսկվան որևէ կապ չունի։ Մենք էլ ավելացնենք. ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է հասկանան, որ Սիրիայում Իրանի ներկայացուցիչները հայտնվել են 2012-ին, այսինքն շատ ավելի վաղ, քան Ռուսաստանը որոշել է Դամասկոսին օգնության ուղարկել իր ՌՏՈՒ-ն։ Առավել ևս, որ Պուտինը բազմիցս նախազգուշացրել է. Սիրիայից պետք է հեռանան բոլոր օտարերկրացի զինվորականները, այդ թվում` ռուս և իրանցի, եթե դա ցանկանա սիրիական կառավարությունը։ Բայց նրանք, ովքեր այնտեղ են գտնվում ապօրինաբար, պետք է առաջինը հեռանան, ընդ որում, երաշխավորելով սիրիական գործերին հետագայում չմիջամտելը։ ՌԴ նախագահի այդ նախազգուշացումները, որոնց կողմ է և Իրանը, առաջին հերթին ուղղված են հենց ԱՄՆ-ին և Իսրայելին։ Բայց քանի որ ԱՄՆ-ի (նաև Իսրայելի) համար հակահաբեկչական պատերազմը դանդաղեցնելու միջոցով սիրիական ողբերգությունը ձգձգելու միակ հնարավորությունը սիրիացի քրդերի հետ «սիլի-բիլի» անելն է, դա էլ կատարվում է։ Եվ մնում է միայն զարմանալ, թե ինչքան անհեռատես են սիրիացի քրդերի որոշ առաջնորդներ, որոնք նույնիսկ Աֆրինից ու Մանբիջից հետո շարունակում են Վաշինգտոնին հնարավորություն տալ, որ «օգտագործի» իրենց ազգակից սիրիացի քրդերին։ Սինչդեռ Թուրքիայում քրդերի ձերբակալություններն ու դատավարությունները շարունակվում են, դատում են նույնիսկ թուրքական խորհրդարանի նախկին պատգամավորներ Օսման Բայդեմիրին և Լեյլա Բիլիկին։ Իսկ դեկտեմբերի 6-ին Ստամբուլի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է իրանցի քուրդ երգչուհի Յալդա Աբբասին, որը Թուրքիայից պետք է մեկներ ինչ-որ մշակութային միջոցառման` ելույթից հետո։ Նրա ձերբակալման մասին ընդհանրապես ոչինչ չի հայտնվում։


Նախկին տարիների փորձն ինձ հուշում է, որ Թուրքիայում քրդերի հետ նոր պատերազմի բոլոր մանրամասները, թե քանի մարդ է ձերբակալվել, ով և քանի տարվա բանտարկության է ենթարկվել և այլ տեղեկություններ, քիչ թե շատ հայտնի կդառնան բավական ուշ։ Իսկ առայժմ պատերազմ է ընթանում հակաքրդական ուժեղացող ճնշումների ֆոնին։ Իսկ ինձ մի բարդ հարց է հուզում. վտանգ կա, որ, քրդերի հետ պատերազմը որպես պատրվակ օգտագործելով, Թուրքիան հերթական անգամ պատերազմական դրություն կհայտարարի Հայաստանի և Իրանի սահմանակից տարածքներում և այդ սահմաններին կմոտեցնի իր առաջավոր զորքերը։ Իրանը պատրաստ է թուրքերի ցանկացած սադրանքի։ Իսկ ահա մենք... «Նոր Հայաստանը» կրկին ուզում է մեր վզին փաթաթել «սերը թուրքերի հանդեպ»...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ