Այս իշխանության կոռուպցիայի դեմ պայքարը հիշեցնում է նախորդներին

Այս իշխանության կոռուպցիայի դեմ պայքարը հիշեցնում է նախորդներին
11.01.2019 | 03:07

Մի քանի օր է քննարկման թիրախում է կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը։ Այս նախագիծը քննադատել են հասարակական կազմակերպություններ, քաղաքական, հասարակական գործիչներ։ Հայտարարություն է տարածվել, որտեղ ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ու մատնանշել առկա թերությունները։


Մինչ խնդրին անդրադառնալը փոքր-ինչ հետ գնանք ու հիշենք, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ինչ ճանապարհ է անցել։ Ամեն նոր եկող կառավարություն իր հակակոռուպցիոն հանձնաժողովն էր ստեղծել, որի անդամները կոռուպցիայի «հայրերն» էին, այսինքն՝ կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ։ Բայց նրանք պայքարում էին այդ ամենի դեմ, իսկ արդյունքը բնականաբար ոչ շոշափելի էր, ոչ էլ տեսանելի։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարիչները մշտապես հայտարարում էին, թե նախորդ կառավարություններին դրսից միլիոններ էին տալիս, որ կոռուպցիան վերացնեն, իսկ դա իրենց հաջողվում է առանց մեկ դրամ իսկ ծախսելու։ Սակայն այս նախագծի ներկայացումը ցույց տվեց, որ ոչ միայն կոռուցիայի դեմ պայքարը չի հաջողվել, այլև այն կարիք ունի համակարգված աշխատանքի։ Անլուրջ է, երբ ընտրողաբար են մոտենում կոռուպցիոներներին, ասել է՝ ԱԱԾ-ն ում, որտեղ, որ պահի բռնացրեց կամ ում բախտն էլ բերեց, հայտնվեց արտոնյալների ցուցակում։ Ի դեպ, այս կառավարությունն էլ պահում է նախորդների ավանդույթը. համենայն դեպս, չի հրաժարվել նախորդ կառավությունների որոշումից, ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որտեղ կրկին ընդգրկված են նախարարներն ու վարչապետը։ Ինչպես հազվադեպ էին այդ խորհրդի նիստերը նախորդների օրոք, այնպես էլ այս կառավորությունն իր գործունեության կես տարուց ավելի ժամանակահատվածում մեկ նիստ անգամ չի արել։ Մնում է հասկանալ, թե ինչու են պահում այս անպտուղ ու անգործունյա խորհուրդը։ Վերջին նիստը, ըստ կառավարության կայքի, եղել է 2017-ի հոկտեմբերին, երբ վարչապետ էր Կարեն Կարապետյանը։ Տպավորություն է, թե այս խորհրդի կողքով «հեղափոխությունը» չի անցել կամ էլ այն մնացել է «հին» Հայաստանում, բայց շարունակում է «նոր» Հայաստանի կառավարիչների հետ «քայլել»։


Վերադառնալով այսօր շրջանառության մեջ դրված հակակոռուպցիոն ռազմավարությանը, փաստենք, որ բոլոր քննադատներն այս ծրագիրը համարում են նախորդ իշխող ուժի տրամաբանության շարունակությունը։ Դեռ ավելին, ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ «նախագծի մշակման գործընթացը եղել է ոչ թափանցիկ և անբավարար մասնակցային՝ համեմատած նախորդ երկու հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերի (2009-2012 թթ. և 2015-2018 թթ.) մշակման գործընթացների հետ, որոնցում շահագրգիռ բոլոր կազմակերպությունները ներգրավվել են նախքան նշված փաստաթղթերի պաշտոնական շրջանառումը, ուստի և ավելի մեծ հնարավորություն են ունեցել ազդելու դրանց բովանդակության վրա»։ Վերջիններս արձանագրում են, որ իրենց առաջարկներն անգամ չեն էլ քննարկվել, իսկ ներկայացված նախագիծը նախապատրաստվել է «ի միջի այլոց, անփույթ և հապճեպ»։ Նախագծի կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց է համարվել։


Այս հայտարարությանը միացել է նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։ Ըստ մեր զրուցակցի, մինչ ռազմավարության բովանդակային խնդիրներին անդրադառնալը, այս նախագծի ամենամեծ թերությունն այն է, որ քաղհասարակության հետ քննարկումների փուլ չի անցել։ «Իշխանությունը ջանք չներդրեց, որ այդ փաստաթուղթը քաղհասարակության հետ քննարկի։ Տեղի ունեցած մեծ փոփոխություններից հետո իշխանությունը հավես չի ունեցել նման փաստաթուղթը մինչ www.e-draft.am կայքը դնելը, այն էլ Նոր տարվա գլուխ, քննարկել։ Այսինքն, եթե Արտակ Զեյնալյանը որոշել է, որ փոխնախարարը գնում է հասարակական կազմակերպություններից մի քանիսի հետ քննարկելու, դա բավարար է, էլ ինչ կարիք կա հանրային քննարկման դնելու՝ նախագիծը խելքի բերելու համար։ Այս տեսակ փակություն, իներտություն չէինք սպասում»,- ասաց պարոն Բարսեղյանը՝ հընթացս հավելելով, որ այդ փաստաթուղթից ընթերցողը չի կռահի, որ երկրում ժողովուրդն ընդվզել է համակարգային կոռուպցիայի դեմ։ Ավելին, Բարսեղյանը արդարադատության փոխնախարարի խոսքից տպավորություն է ստացել, որ նախարությունում դեռ գլխի չեն ընկել, թե նրանց քննադատությունն ինչին է ուղղված։ Այնինչ, ըստ «Ասպարեզ» ակումբի ղեկավարի, քաղհասարակությունն իշխանություններից ակնկալում էր ինտենսիվ համագործակցություն։ «Մենք մեր ասածը Սերժ Սարգսյանի ժամանակ ենք ասել, հիմա ինչու՞ պիտի չասենք։ Իմ կարծիքով, Արտակ Զեյնալյանը հենց սկզբից պետք է արդարադատության չորս փոխնախարարներին էլ աշխատանքից ազատեր։ Նրանց վարքում ոչ մի փոփոխություն նկատելի չէ, անձերի մասին չէ խոսքը, այլ պրոֆեսիոնալ պարտականությունների բարեխիղճ կատարման։ Տպավորություն է, որ իրենք իրենց կոմֆորտի մեջ են զգում, նոմինալ պարտականություններ են կատարում, բայց այն փոսից, որում ենք, ով պետք է հանի, եթե ոչ դուք»,- ընդգծեց Բարսեղյանը։


Դիտարկմանը, թե նոր իշխանությունները որոշ ժամանակ առաջ հայտարարում էին, որ իրենք քաղաքական կամք ունեն կոռուցիայի դեմ պայքարելու, և դա անում են առանց մեկ դրամ ծախսելու, մինչդեռ նախորդները դրսից միլիոններ էին ստանում կոռուպցայի դեմ պայքարի համար, եթե հաջողվում է պայքարը, էլ ինչու՞ են ռազմավարություն մշակել։ «Դա հռետորական գնահատական է։ Մեզանում կոռուպցիան տասնյակ տարիներ եղել է համակարգային, երբեմն պետության զավթման չափ։ Երբ լսում ենք, թե այսինչին կաշառքի համար բռնեցին, դա դեռ կոռուպցիայի դեմ պայքար չէ։ «Քեշի» ակնհայտ վերացումը դեռ կոռուպցիայի հաղթահարվածության ապացույց չէ»,- փաստեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ իրենք մի շարք ՀԿ-ների հետ դեկտեմբերի վերջին հրապարակել են Հայաստանի վերականգման հայեցակարգ, որում անդրադարձ կա նաև կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս ճանապարհային քարտեզն ուղարկել են ԱԺ, և ՀԿ-ների ներկայացուցիչները սպասում են, որ պատգամավորները հարմար պահի կքննարկեն։


Ի վերջո, այսօր իշխանությունը հայտարարում է, թե Հայաստանում մենաշնորհ չկա, կոռուպցիա չկա, հավատա՞լ դրան։ Հարցին ի պատասխան Լևոն Բարսեղյանն ասաց, թե ստանդարտ կաշառքները վերացել են, սակայն հիշեց մի օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը մայիս-հունիսին հայտարարեց, թե սահմանին այլևս կաշառք չի լինելու, գործարարներից մեկը ապրանք ներկրելիս գումար չի տվել, սակայն նույն գործարարից արդեն հոկտեմբերին սահմանին փորձել են գումար ուզել։ «Այս տեսակ կեղտոտ «ռեստավրացիայի» ռիսկը միշտ կա։ Մինչդեռ այս ռազմավարության մեջ ինչ-որ ստանդարտ մտքեր են գրված։ Գրված է նաև, թե անցած տարիներին հետևողական պայքար է մղվել կոռուպցիայի դեմ։ Իսկապե՞ս։ Այդ երբ է եղել այդ հետևողական պայքարը, որ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողը դարձել է միլիոնատեր»,- եզրափակեց Լևոն Բարսեղյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao