Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Կուզեի հարց տալ մեր հասարակությանը՝ գո՞հ է ստեղծված վիճակից»

«Կուզեի հարց տալ մեր հասարակությանը՝ գո՞հ է ստեղծված վիճակից»
11.01.2019 | 03:52

ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻՆ արած ամանորյա բարեմաղթանքս մեկն էր՝ ազատություն։ Մի տեսակ վարանելով ասացի, «ազատություն» բառը միշտ անտեղի էր թվում, երբ խոսում էի իր հետ: Ազատության ու անազատության սահմանի մասին արդեն խոսել էինք, արդեն ասել էր՝ ազատությունը, ի վերջո, ֆիզիկական տեղաշարժը չէ, իր ազատությունը ոչինչ չի կաշկանդում...
Արմենակ Մնջոյանի հետ ծանոթություն-զրույցը «Աղոթագրքի» (գրքում ամփոփված են հեղինակի՝ բանտում գրած աղոթքներն ու մանրանկարները) շնորհանդեսից հետո էր: Զրույցը երկար էր, որոշ հատվածներ դուրս էին մնացել տպագիր հարցազրույցից: Խոստացա, որ անպայման որևէ առիթի դեպքում կհրատարակեմ…


Ստորև ներկայացնում ենք դրվագները, որոնց մասին խնդրեցի պատմել Մնջոյանին, մեկը վերաբերում էր նրա «թռիչքին», մյուսը՝ ուղղակիորեն առնչվում էր արցախյան շարժմանը: Զրուցել էինք նաև նրա միակ դստեր՝ Լաուրա Մնջոյանի ընտրած մասնագիտության մասին: Հեղափոխության անխուսափելիության, սպասումների ու հիասթափությունների մասին առավել մանրամասն ներկայացրել ենք («Իրատես» 16.10.2018 թ.): Մեկ հարց ու պատասխան, այնուամենայնիվ, դուրս էր մնացել նախորդ զրույցից:

10000 ՄԵՏՐԻՑ ԱՌԱՋԻՆ ՑԱՏԿ ԿԱՏԱՐԱԾ ՈՒ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄԻԱԿ ՄԱՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Արմենակ Մնջոյանը 1984-86-ին ծառայել է խորհրդային բանակի օդադեսանտային զորքերում: Ռազմական բարձր պատրաստվածություն է անցել հատուկ տակտիկական ուղղվածության ստորաբաժանումներում: Ստացել է աշխարհագրական և էքստրեմալ տարբեր պայմաններում հետախուզադիվերսիոն խմբի ղեկավարի կարգավիճակ: Սովետական բանակի ամենաառաջադեմ դեսանտային հատուկջոկատայինները սովորում են օդապարիկով 4000 մետրից ցած թռչել: Արմենակ Մնջոյանը 10000 մետրից առաջին ցատկ կատարած ու ողջ մնացած միակ մարդն է ողջ աշխարհում:


Խնդրեցի, որ մանրամասնի՝ ինչպե՞ս և ինչո՞ւ է հաղթահարել այդ բարձրությունը: Նախ հստակեցրեց, որ 2000 մետրից բարձր կատարած մարտական մեկ ցատկը գրանցվում է որպես երկու ցատկ: Երկու տարում նա կատարել է 687 ցատկ: Իսկ մինչ անհաղթահարելի բարձրությունը հաղթահարելը՝ վնասվածքների պատճառով տեղափոխվել է Կրասնոդարի կենտրոնական հոսպիտալ, հետո՝ Մոսկվա: Երկարատև բուժման պատճառով հետ է մնացել մարզումներից: Հոսպիտալից դուրս գրվելուց հետո առաջ է քաշվել նրան տեղափոխելու հարցը: Սակայն հրամանատարությանը ներկայացվել է զեկուցագիր, որ նա կարող է ցատկ իրականացնել նույնիսկ 4000-6000 մետր բարձրությունից:
«Չգիտեմ՝ ինչպես ու ինչ էին պայմանավորվել, բայց ինձ առաջարկեցին 6000 մետրից ցատկ կատարել: Ես ասացի՝ պատրաստ եմ 8000 մետրից ցատկելու: Թռիչքը, որ իրականացրի, տեղայնական չափումով կազմում է 8000 մետր, իսկ ծովի մակերևույթի չափումով՝ 10000: Այստեղ ողջ մնալու և չմնալու խնդիր կար: Ես կատարեցի թռիչքը, դրանով փաստարկվեց նաև առողջական վիճակս, մինչև անգամ՝ երեքօրյա հանգիստը, որ նախատեսված էր ինձ համար, չեղարկվեց»,- ասաց Արմեն Մնջոյանը: Նրա լուսանկարը տեղ է գտնում Կրասնոդարի ավիացիոն ուսումնարանի թանգարանում: Այդ ուսումնարանում ուսանել է Նելսոն Ստեփանյանը, այնտեղ փակցված է նաև անվանի օդաչուի լուսանկարը:

ՄԵԶ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՋՈՂՎԵՑ ԽԼԵԼ 12-13 ԻՆՔՆԱՁԻԳ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ


Հաջորդ դիպվածը առնչվում է 88-ի ձմռանը տեղի ունեցած հիշարժան դեպքին, երբ Իգոր Մուրադյանը Գերագույն խորհրդի նիստում ծոցից հանել է Ադրբեջանի դրոշն ու ոտնակոխ արել: Այդ դրոշը ազերի օմոնականների ջոկատից խլել է Արմենակ Մնջոյանը: Հետո ծիծաղելով պատմել է, որ իրենց ձեռքի զենքերից միայն երկուսն է գործող եղել: Իմ խնդրանքով Մնջոյանը մանրամասնեց.
«Լուրեր էին Արցախից գալիս-հասնում, և ահ ու սարսափ էր տարածվում այստեղ: Իգորն ասաց, որ հարկավոր է այդ վախը մեր ժողովրդի մեջ կոտրել, ի՞նչ կառաջարկեք, ի՞նչ կարելի է անել: Տղաներից մեկը՝ երջանկահիշատակ Բերդաձորի Անդոն, առաջարկեց օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ: Իսկ այդ ժամանակ Ադրբեջան ասելով հասկանում էինք ժողովրդական ճակատը, որին աջակցում էին ադրբեջանական Օմոնն ու խորհրդային բանակը: Որոշեցինք իրականացնել այնպիսի գործողություն, որ թնդա ամբողջ Կովկասում: Հետախուզականի տղաները մեզ տեղեկացրին, որ Բերդաձորի կիրճով անցնելու են Ադրբեջանի ժողովրդական ճակատի տղաներն ու Օմոնի ջոկատը: Որոշեցինք հենց կիրճում նրանց շրջափակել: Գործողությունն իրականացրինք 17 հոգով՝ ծանր տեխնիկայով զինված 200-հոգանոց ադրբեջական ու խորհրդային զինվորական խմբի դեմ: Այնպես կազմակերպեցինք, որ հենց առաջին կրակոցներից մեքենաներից դուրս եկան ու թաքնվեցին մեքենաների տակ: Հակառակ մեր պնդումների՝ գործողություններին մասնակցում էր նաև Իգոր Մուրադյանը, որը դպրոցական մարզասրահի բարձրախոսով հայտարարեց, որ շրջափակված եք, զենքերը վայր դրեք և հանձվեք: Ռուս հրամանատարը, որը ոտքից վիրավորվել էր, առաջարկեց բանակցել, հարցրեց` ի՞նչ է ձեր ուզածը: Պահանջեցինք, որ զենքերը դնեն ճանապարհին, իրենք պառկեին 10 մետր հեռավորության վրա: Չնայած ռուսական կողմի պնդումներին, թե զենքերը հաշվառված են, քրեական գործ կբացվի և այլն, մեզ այնուամենայնիվ հաջողվեց խլել 12-13 ինքնաձիգ և ադրբեջանական դրոշը, որից հետո թույլատրեցինք հետ անցնել, այլ ոչ թե շարունակել ճանապարհը: Հաջորդ, թե մյուս օրը Իգոր Մուրադյանն այդ դրոշով մտնում է Գերագույն խորհուրդ: Պատգամավորները ելույթ էին ունենում, վախեցած՝ թե թուրքերն այս են անում, այն են անում, Իգորն էլ բաճկոնի տակից հանեց մեջքին կապած դրոշը, մոտեցավ ամբիոնին ու նետեց գետնին, թե` մատաղ, վախիլ միք, վախիլ միք, ահա ձեզ народный фронт-ը, ահա Ադրբեջանը»:

«ԵՍ ԲԱՄԲԱԿՆԵՐԻ ՏՈՒՓԵՐԻ ՎՐԱ ԷԻ ՔՆՈՒՄ-ՄԵԾԱՆՈՒՄ»


Արմենակ Մնջոյանի դուստրը՝ Լաուրա Մնջոյանը, հարցազրույցներից մեկում ասել էր, որ ուզում է բժիշկ դառնալ, և հայրը կողմ է իր որոշմանը: Հետաքրքրվեցի՝ կողմ է եղել, որովհետև դա նրա՞ որոշումն է, թե՞ որովհետև մարդասիրական մասնագիտություն է: «Չեմ մտածել, բայց ինչ աչքս բացել եմ՝ իմ ընտանիքում, հարազատներիս շրջանում բոլորը սպիտակ խալաթով էին՝ բժիշկներ, դեղագործներ: Ես բամբակների տուփերի վրա էի քնում-մեծանում, դեղատներում խմում էի քաղցր-քաղցր վիտամինները, ու շատ հարազատ է սպիտակ խալաթը: Ինքս էլ փոքր ժամանակ մտածում էի, որ բժիշկ պիտի դառնամ, մինչև անգամ դպրոց գնալու շրջանում ասում էի՝ սպիտակ վերնաշապիկիս կարմիր խաչ փակցրեք»:

«ՀԵՏՈՆ ՀԱՅՏՆԻ ՉԷ»


«Կա՞ հարց, որ չտվեցի, բայց կուզեիք խոսել դրա մասին» հարցին ի պատասխան ասաց, որ կուզեր հարց տալ մեր հասարակությանը՝ գո՞հ է ստեղծված վիճակից. «Սերժին ձերբակալենք, Մանվելին, Սաշիկին ձերբակալենք, ես չեմ ասում չձերբակալենք, հանցանքը կատարել են, պիտի պատասխանատվության ենթարկվեն, բայց հետո՞ ինչ, հետոն հայտնի չէ...»:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ


Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը հեռացավ կյանքից օրեր առաջ, 54 տարեկանում:
«Աղոթագրքի» մասին «Իրատեսի» անդրադարձը վերնագրված էր նարեկագետ Աշոտ Պետրոսյանի խոսքերով՝ «Ազատության պայմաններում նրանց ամեն մի օրը կլինի ի բարեկեցություն հայոց աշխարհի»: Այսօր արդեն շատ բաներ խորհրդանշական են թվում, զղջումի պես: Ազատությունը բախվում է փակ պատերին, փակ սրտերին, քաղաքական խաղերին, պատմության փակ էջերին...
«Մնջոյանի ողջ գործունեության և Արցախյան ազատագրական պայքարի ամբողջ ժամանակահատվածում կատարած հերոսական աննախադեպ գործողությունների մի զգալի մասը պահվում է խիստ գաղտնի և առայժմ հրապարակման ենթական չէ»,- ասվում է նրա մասին կենսագրականում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan