Նիկոլն այսօր կարծես ավելի շատ տականքի հույսն է, քան հայ ժողովրդի

Նիկոլն այսօր կարծես ավելի շատ տականքի հույսն է, քան հայ ժողովրդի
11.01.2019 | 04:43

Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» վեպում, երբ գահաժառանգը հարցնում է մեծ քրմապետին (վերջինիս մեր օրերի հասկացությամբ կարելի է բնութագրել որպես դատախազ), թե ջրի համար կռիվ տված այս գյուղացիները, որ 10 օրից ավելի է, ինչ ձերբակալել եք, մեղավո՞ր են, թե՞ անմեղ, քրմապետը պատասխանում է.
-Անմեղ են։
-Այդ դեպքում ինչու՞ չեք ազատում նրանց:
-Գահաժառանգ,- ասում է քրմապետը,- այդ տասն օրում նրանց մեղավորությունը հիմնավորելու կամ ժխտելու կապակցությամբ պապիրուս է փչացել, պետական միջոց է ծախսվել: Եթե անգամ անմեղ են, գոնե մի քանի մտրակի հարված պիտի ստանան, որպեսզի հասկական, որ պապիրուս է փչացել, պետական միջոց է ծախսվել:
Հիմա հասնենք մեր օրեր և փորձենք հստակեցնել օրինախախտների, գողերի, պետական գանձարանը թալանողների մեղավորությունը կամ անմեղությունը հիմնավորելու կամ չհիմնավորելու համար պետական միջոցներից թղթի, կամ որ նույնն է պապիրուսի համար ծախսված միջոցների (ես կասեի վատնված միջոցների համար) և այդ միջոցների ծախսման համար հսկողություն իրականացնող քննիչ, քննչականի պետ, վերահսկող դատախազ և այլոց անիմաստ ծախսված դրամական միջոցների համար, ո՞վ է պատասխան տալիս: Կոնկրետ` ոչ-ոք:


Հիմա խոսենք ավելի առարկայական: 2016 թվականի աշնանը Այգեստան համայնքի ՏԻՄ ընտրություններում տողերիս հեղինակը նորից վերընտրվեց համայնքապետ: Պարտվող կողմը կարողացավ հավաքել
. իր նման հոդաբաշխ բառերով խոսող մի քանի ցեղակիցների,
. տարիներ շարունակ ապօրինի հող զավթած, բայց հարկերից խուսափող ինչ-որ մեկին, որի զավթումը գյուղապետը պարզապես փորձում էր օրինականացնել և բերել հարկային դաշտ,
. տարիներ շարունակ հարյուր հազարից ավելի հողի հարկեր չվճարելու պատճառով ԴԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար գյուղապետից դժգոհ մի քանի հարկատուների,
. իր անունն անգամ գրել չիմացող, բայց գյուղում իրեն ինքնակոչ լավ տղա հռչակած ոմն մեկի,
. ողջ կյանքը անիմաստ, մի քանի անգամ «խիար» գողանալու համար բանտերում անցկացրած ինչ-որ «կռիսի»,
. Ղարաբաղի կռվին մասնակցած և ամբողջ կյանքում այն դրոշակ դարձրած ոմն մեկի, որը հող է մշակում, բայց չի ցանկանում հարկվել և ամեն անգամ, երբ հիշեցնում են հարկ վճարելու մասին, խուսափում է հարկ վճարելուց, ասելով, թե ես կռված տղա եմ (նշեմ` ոչ վիրավոր է, ոչ էլ հաշմանդամ), ու նաև
. դամբուլ գողացող Կատու մականունով ոմն մեկի։
Մի խոսքով էլի ինչ-որ մարդիկ, որոնց թիվը չէր գերազանցում մի երկու տասնյակը, բայց որոնց ագրեսիվությունը կարելի է բացատրել վերնատան ոչ բավարար պարունակությամբ: Ի՞նչ անուն տաս նրանց (փա՜ռք Աստծո, նրանց թիվը շատ չէ), որոնք ունեն բարձրագույն կրթության դիպլոմ, բայց այնուամենայնիվ չեն կարողացել վեր կանգնել իրենց անձնական ամբիցիաներից: Երբ գյուղապետն ասել է ոմն դատախազի, թե` հողի հարկերիդ պարտքը հասնում է հինգ հարյուր հազարի, պիտի վճարես, հավանաբար այդ ոմն-ի մոտ խոսել է` ես թավա՜դ, թավադի որդի՜... (բառակապակցությունը` ոմն մեկը, օգտագործվում է իրավաբանությունում, երբ հանցագործի էությունը տվյալ պահին բացահայտված չի լինում), և ինչ-որ գյուղապետ փորձում է ինձնից հա՞րկ վերցնել:
Իսկ մի ուրիշ գրագետ, որին չարժե նույնիսկ ոմն կոչել, այնքան է գլորվել իր մտավորականի բարձունքից, որ վեր է ածվել գյուղապետից դժգոհողների համար պակսվիլներ հորինողի և տարիքից շուտ ծերացած հիշողությամբ ինքն էլ սկսեց բանսարկել, բայց երբ տեսավ, որ ոչինչ չի ստացվում, եկավ գյուղապետի մոտ և` ես ի՞նչ եմ արել, քննիչն ինչու՞ է ինձ կանչում, ասա թող ինձ չկանչի:


Գյուղապետը, նայելով հոգով և մարմնով ծերացածին, հարցրեց` քննիչը քո տեղը գիտե՞ր: Դու՛ ես, չէ՞, գնացել նրա մոտ, բողոք գրել, հիմա ինձնից ի՞նչ ես ուզում: Նա ուղիղ տրված հարցի պատասխանից խուսափելով արդարացավ` գիտե՞ս ինչն է ինձ կապում այս գյուղի հետ... Եթե չլիներ զառամյալ մայրս, մեկ օր այս գյուղում չէի մնա:
-Լսի՛ր,- ասացի,- այդ ու՞ր ես ուզում գնալ, ախր քեզ նման մտավորականը գյուղում ոմանց շատ է պետք:
Նա ժպտաց, ոգևորվեց «գովեստի» խոսքերից, այդպես էլ չհասկանալով ասված բառերի տակ թաքնված բուն միտքը: Իրոք, դժբախտություն է ժամանակից շուտ հիշողություն կորցնելը:
Եվ այդ մարդկային կույտը կարողացավ գտնել ինչ-որ ֆոտոլրագրողի և կազմակերպված ավանտյուրան հեռուստաէկրան բարձրացնել: Ես լուռ սեղմում էի ատամներս ու կրկնում հանճարեղ ռուս բանաստեղծի խոսքերը. «Եվ կլսես դատաստանը հիմարի»:
Ես չէի բողոքում, որովհետև իմ նկատմամբ առանց նյութեր նախապատրաստելու (հայտնի Վովայի ցուցմունքով) մեկեն հարուցվել էր քրեական գործ: Վովան էլ ինձ հետ նախկին հաշիվներ ուներ: Երբ ժամանակին Գերագույն խորհրդի ընտրություններում նա հաղթել էր գիտնական, դասախոս Լյուդմիլա Հարությունյանին, ես, ընդամենը վիրավորված ընտրությունների արդյունքներից (ասեմ` ո՛չ Վովան էր ինձ թշնամի և ո՛չ էլ Լյուդմիլան ինձ բարեկամ), պարզապես հարցադրել էի` ինչպե՞ս հասկանալ, որ ժողովուրդը «մոռացել» էր գիտնականին, հասարակական ակտիվ գործչին և նախապատվությունը տվել էր եֆրեյտորին:
Գործը քննվեց ավելի քան տասն ամիս, արդյունքում ստեղծվեց 11 հազար թերթ նյութ և կարճվեց 2017 թվականի հուլիսին` հանցադեպի բացակայության պատճառով: Չեմ ցանկանում ծավալվել հարուցված քրեական գործի առնչությամբ, միայն նշեմ գլխավոր դատախազի ինձ ուղղված խոսքերը նրա մոտ ընդունելության ժամանակ.
-Հարուցված քրեական գործի ողջ ընթացքին հետևել եմ։ Տեսել եմ, թե ինչ ծավալի գործեր ես արել գյուղում։ Չեմ հասկանում, թե ինչու են քեզանից բողոքում:
Ես էլ չեմ հասկանում: Չեմ հասկանում, թե հանիրավի ինչպես կարելի է վատաբանել մարդուն: Մի «պլանքաշ» նույնիսկ անամոթաբար ստում էր` գյուղապետն ասում է, որ իր կողերը երկաթից են (ասել կուզեր, թե իրավապահ մարմիններն ինձ պաշտպանում են, որպես դատախազության նախկին աշխատողի)։ Իսկ ես ընդամենն ասում էի` ա՛յ ողորմելի, իմ կողերն ավելի ամուր են, քան ցանկացած մետաղ, դա մարդկային ազնվությունն է, մարդասիրությունն է, անսահման սերն է առ հայրենիք, ժողովուրդ: Իմ կողերն ամուր են, որովհետև ազնվության ամուր թելերից են հյուսված:


Քրեական գործը կարճվեց, բայց դա չխանգարեց «Արմենիա» հեռուստաընկերությանը 2017 թվականի դեկտեմբերի 17-ին, այսինքն քրեական գործը կարճվելուց վեց ամիս հետո, «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ եթեր հեռարձակել ավելի քան մեկ տարուց ավելի իրենց գզրոցում պահվող կեղծ նյութը: 2017-ի դեկտեմբերի 21-ին հայց ներկայացրի դատարան «Արմենիա» ՓԲԸ-ի դեմ` մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Անցել է մեկ տարի, բայց դատաքննության վերջը չի երևում: Շփվելով դատարանների հետ, ԲԴԽ-ի պետին գրել եմ, որ ՀՀ դատարաններում իսկական . . . . . . . է: Դատարանների թեմային ծավալուն հոդվածով կանդրադառնամ այլ առիթով, մի ուրիշ անգամ։
2017-ին ՀՀ-ում մե՜ծ իրարանցում եղավ։ Շրջադարձեր...
Ցանկացած հեղափոխության ժամանակ տականքը ջրի երես է բարձրանում։ Մենք էլ բացառություն չէինք։ ՈՒ՞... շատ տեղերում տականքը սկսեց պահանջել գյուղապետերի, դպրոցի տնօրենների հրաժարականներ: Այդ գործընթացից հեռու չմնաց նաև մեր գյուղը:
Եվ ես ասացի` Նիկոլը հավերժ չէ և ոչ էլ կատարյալ: Նա այսօր կարծես ավելի շատ տականքի հույսն է, քան հայ ժողովրդի:


Անցած տարվա օգոստոսի 2-ին մի խումբ անձինք լցվեցին գյուղապետարանի բակ, անգամ «Ազատություն» ռադիոկայանից թղթակից եկավ ու... այդ «ազնիվ» ըմբոստներին արտահայտվելու հնարավորություն տրվեց ուղիղ եթերում: Կենսունակ տականքը նույն լոզունգն էր օդում պտտում, թե Հովսեփյանն ասում է` «իմ կողերը ժեշտ են, ինձ ոչ ոք ոչինչ չի կարող անել»: Հավաքից հասկացա, որ այգեստանյան վատ կազմակերպված ներկայացումն ուղղորդված է: Կբարձրաձայնեմ ուղղորդողի անունը, բայց մինչ այդ փաստեմ զարմանքս. այդ մարդիկ, որ իրենց փողոցի տան հասցեն անգամ չգիտեին և որոնց հույսը միշտ եղել է իրենց մակարդակից փոքր-ինչ ավելի մի ֆոտոլրագրող, այդ ինչպե՞ս են հանկարծ գյուղ բերում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին: Բազմիցս փորձել եմ զանգահարել հիշյալ ռադիոկայան և ասել` հիմա էլ եկեք գյուղ, իմ նկատմամբ անցած օգոստոսին հարուցված երկու քրեական գործերը կարճվել են: Ոչ մի արձագանք, հեռախոսը չի պատասխանում:
Այժմ մեջբերեմ հանճարեղ Պուշկինի տողերը.
«Недавно я стихами как-то свистнул

И выдал их без подписи моей;
Журнальный шут о них статейку тиснул,
Без подписи ж пустив ее, злодей.
Но что ж? Ни мне, ни площадному шуту
Не удалось прикрыть своих проказ:
Он по когтям узнал меня в минуту,
Я по ушам узнал его как раз».


Պուշկինի «по ушам узнал» արտահայտության սուբյեկտն իմ պարագայում «Իմ քայլը» դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր դարձած, երբեմնի լեռնական, երբեմնի ՀՀ պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն է: Ո՞վ է այդ մարդը: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել նրան, խորհուրդ կտամ կարդալ այն ժամանակվա մամուլը, երբ նա Գյումրիի քաղաքապետ էր: Թերթերը գրում էին, որ նա աղետի գոտու համար նախատեսված քար, ցեմենտ, արմատուրա և այլ շինանյութ էր բերում Երևան և իր համար առանձնատուն կառուցում:


Այդ մեկը թերթերից, իսկ այս մեկն էլ կոնկրետ իմ կյանքից: 1992 թվականին դատախազությունից ես և Հրաչիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 28-ին գործուղվել էինք Մեղրի կոնկրետ ահազանգի հետքերով: Թալանվել էր գնացքի մի ամբողջ շարժակազմ (րՏրՑՈՉ): Առաջին օրվա ստուգումից հետո հանգստանում էինք Ագարակում մի ծանոթ ընտանիքի տանը: Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսին էին այդ տարիները: Հիշողություն ունեցողները առայսօր էլ հիշում են, թե Երևանի շենքերի պատերին ժողովուրդն ինչպես էր նշավակում ընդամենը մի երկու տարի առաջ իր ուսերին իշխանության բերած Լևոնին:
ՈՒշ գիշեր էր, սրտաբաց զրույցը շարունակվում էր: Մեկ էլ հնչեց հեռախոսազանգը: Տանտիրուհին վերցրեց լսափողն ու.
-Հովսեփյան, քեզ հեռախոսի մոտ են կանչում:
Զարմացա։ Ո՞վ գիտեր, թե ում տանն եմ գիշերում: Երբ վերցրի հեռախոսը, մյուս ծայրում տղամարդը կոպիտ տոնով ճշտեց, թե ում հետ է խոսում:
-Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության դատախազ Սոկրատ Հովսեփյանի,- եղավ պատասխանը։
-Էլ ո՞վ կա հետդ,- հարցրեց նա:
-Քաղաքացիական գործերով դատախազ Հրաչիկ Հովհաննիսյանը:
-Քեզ հետ խոսում է պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը,- և ինձ հնարավորություն չտալով խոսելու` շարունակեց,- մինչև առավոտ ժամը տասը երկուսդ էլ սիկտիր կլինեք Մեղրիից, թե չէ հասա Մեղրի երկուսիդ մաման էլ...
Չկորցնելով ինձ` շատ հանգիստ ասացի.
-Ես չեմ կարող քեզ պես լկտի լինել, կգամ Երևան և էն ժամանակ կերևա թե ով ում...
Չլսելով խոսքերս մինչև վերջ` նա դրեց լսափողը: Մի քանի ժամ հետո զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Միքայել Գրիգորյանը։ Կարգադրեց չշարունակել ստուգումները և շտապ վերադառնալ Երևան: Հասկացա, թե ովքեր էին Ագարակից անհանգստացել ստուգումներով: Դա առաջին հերթին հայտնի ագարակցի Ղևոնդն էր, որը տարիներ հետո մահացավ սրտի կանգից: Չար լեզուներն ասում էին` դոզան շատ էր եղել: Իսկ թե ինչու էր մեր ստուգումներից անհանգստացել պաշտպանության փոխնախարարը, դատողություններն ու եզրահանգումները թողնում եմ ընթերցողին: Միայն ասեմ, երբ վերադարձանք Երևան, «Երկիր» թերթում հաջորդ օրը հոդված տպագրվեց` «Պաշտպանության փոխնախարարը սպառնում է»: Հոդվածից հետո Կիմ Բալայանը փորձեց հասնել քրեական գործ հարուցելուն և Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել Գերագույն խորհրդի նստաշրջանում: Բայց ավա՜ղ, ոչ միայն այդ հարցը, այլև հետագայում ստուգումները չշարունակվեցին: Ի՞նչ եղավ մի ամբողջ շարժակազմի թալանի պատմությունը և ո՞վ պատասխան տվեց դրա համար... Անհայտ է։ Ավելի ստույգ` ոչ ոք։
Հիմա հաստատ ասում եմ` Անդրանիկ Քոչարյան, դու և քեզ նմաններն են երկիրը հասցրել այս ողբալի վիճակին: Այսօր դու պատգամավոր ես... ո՞ր լավ արարքիդ համար:
Հուսանք, որ միակը կլինես և երեսուն տարի երկիր թալանածները քիչ-քիչ չեն սողոսկի հեղափոխության շարքերը:


Անդրանիկ Քոչարյան, հիմա էլ «Ամերիկայի ձայն»-ից թղթակից հրավիրիր և տեղական չինովնիկի հետ գործիր ինչպես մինչ այդ ես գործել, ևս մեկ անգամ ոտքի հանիր գյուղի թերմացքին, գուցե ինչ-որ բանի հասնես, կամ էլ, եթե պատիվդ ու արժանապատվությունդ հերիքում են, դիմիր դատարան:
Երբ Նիկոլը եկավ իշխանության և ասաց, թե վենդետա չի լինելու, ես մի ամբողջ հոդվածաշար տպագրեցի «Վենդետա չի լինելու, բայց արժե ժողովուրդը ևս մեկ անգամ ճանաչի երկիրը թալանողներին» վերնագրով: Ճանաչվողների թվում էր նաև Անդրանիկ Քոչարյանը: Ինչևէ: Բարի նպատակներով իշխանափոխության ելած ժողովուրդը հեղափոխություն արեց: Ազնիվ հեղափոխությունից փորձեց օգտվել նաև հեղափոխության նպատակների հետ ընդհանուր եզրեր չունեցող թերմացքը: Իմ նկատմամբ մեկեն հարուցվեցին երկու քրեական գործեր: Վեց ամիս հետո երկուսն էլ կարճվեցին հանցադեպի բացակայության պատճառով: Երկու տարում իմ նկատմամբ հարուցված և քննված քրեական գործերի ծավալը կազմում է 13 հատոր: Թե որքան պապիրուս է փչացել, որքան միջոց է ծախսվել, թողնենք ընթերցողի հաշվարկին: Ընդհանուր առմամբ իմ նկատմամբ հարուցվել են հինգ քրեական գործեր: Եվ բոլորն էլ...Դե մի եկ ասա այդ թերմացքին, որ իմ կողերը ոչ թե «ժեշտից», այլ ազնվության թերթերից հյուսված վահան են...


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Մինչև ե՞րբ պետք է շարունակվի բանսարկությունը հեղափոխական ալիքի վրա: Անհարկի ծախսված պապիրուսի համար որևէ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ: Կարծում եմ` Նիկոլն էլ համամիտ կլինի ինձ հետ, որ ինքը չպետք է դառնա թերմացքի հույսը: Ինչևէ։ Կապրենք, կտեսնենք:

Դիտվել է՝ 2764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao