Ջեյմի Դեվիս
 

«Ահա այս փոփոխությունն էր, որ հանգեցրեց հեղափոխության, ոչ թե հեղափոխությունը հանգեցրեց, որ մարդիկ ավելի շատ կարդան»

«Ահա այս փոփոխությունն էր, որ հանգեցրեց հեղափոխության, ոչ թե հեղափոխությունը հանգեցրեց, որ մարդիկ ավելի շատ կարդան»
11.01.2019 | 04:57

«Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Սա է Նոր Հայաստանը»,- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը առանձնապես չի ոգևորել «Նոր» Հայաստանի քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր ուղղակի կապ ունեն գրահրատարակչական ոլորտի հետ: Մի դեպքում` «Նոր» Հայաստանի բազմաթիվ բացերն են մատնանշում, մյուս դեպքում` հրատարակչական ոլորտում երկար տարիներ կատարած աշխատանքը:


Հետանկախության շրջանում խոպանի վերածված գրական դաշտը ծաղկեցնելու, գրող-ընթերցող-հրատարակիչ խզված կապը ամրացնելու համար ինչքա՜ն ջանք ու եռանդ է պահանջվել: Ասում էին` գրականություն չկա, պարզվեց` կար, պարզապես կարդացող չկար, գրողի խոսքն ու գրական արտադրանքը արժևորող չկար: 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստը սվիններով ընդունեցին, հատկապես մատնանշվում էին 500 տպաքանակով լույս ընծայվող գրքերը, որոնք մեռնում էին գրապահոցներում: Սակայն, արդեն հետադարձ հայացքով, նայում ես ու հասկանում, որ քիչ առ քիչ պրոպագանդվում էր գիրքը: Փակվող ու կոշիկի խանութի վերածվող գրախանութներին փոխարինելու եկան նոր բացվող, ժամանակակից գրախանութները: Այսօր արդեն ունենք «գրատների փողոց»` հանձինս Աբովյան փողոցի ավելացող գրախանութների: 2008-ին Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օր հռչակվեց ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Ասում էին` երբեք այն համընդհանուր տոնի չի վերածվի: Այսօր և գրքի տոն ունենք, և գրքի երևանյան փառատոն: Գրքեր նվիրելու տարատեսակ ֆլեշմոբերն ու միջոցառումներն էլ թիվ ու հաշիվ չունեն: Բոլոր խոսակցությունները թարգմանական բումի մասին են, գրքի գովազդի, գրական միջոցառումների: Գրահրատարակչության ոլորտի ձեռքբերումները երկնքից չեն իջել: Բայց այս ամենով հանդերձ էլի շատ են բացերը, ընթերցողները` քիչ, գրողները` չգնահատված կամ քիչ գնահատված:
Թեմայի շուրջ զրուցեցինք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

-Վարչապետի պաշտոնակատարի` գրքի ռեկորդային վաճառքի մասին հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: Գրքի վաճառքի աճը «Նոր» Հայաստանի՞ ձեռքբերումն է, թե՞ երկարատև աշխատանքի:
-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց ընդհանրապես, ոչ միայն գրահրատարակչական առումով, որովհետև իր այդ գրառման տակ եղան նաև սոցիալական, քաղաքական տարբեր բնույթի մեկնաբանություններ: Ես ինքս արձագանքել եմ ֆեյսբուքում, այն մտայնությամբ, որ չի կարելի ամեն ինչ վերագրել հեղափոխությանը. հեղափոխությունը երկու աշխարհի սահմանագիծն էր, եկավ, կտրեց ամեն ինչ, ինչքան վատ բան կար` դարձրեց լավ: Ես գնահատում եմ դրականը, լավը, որ տվել է հեղափոխությունը մեր երկրին, բայց չի կարելի մի հայտարարությամբ` թեկուզ գիտակցված, թեկուզ չգիտակցված, նախորդ արածների վրա խաչ քաշել, ասել` գիտե՞ս ինչ, Նոր Հայաստանում սկսեցին գիրք գնել: Իմ դիրքորոշումը հետևյալն է. տարբեր կազմակերպություններ, անհատներ` մեկն իր հրատարակչական հնարավորություններով, մեկը` խմբագրական, լրագրողները, այդ թվում` դու` գրականություն քարոզելու քո գործունեությամբ, կայքեր, թերթեր, հանդեսներ, խմբեր, խմբավորումներ, վերջին տարիներին` նաև ֆեյսբուքյան խմբեր, գրախանութներ, գրախանութների տնօրեններ մեծ աշխատանք են արել, որ գիրքը, գրականությունը, ինտելեկտը լինեն մեր հասարակության մեջ հարգանք վայելող երևույթ: Ես իմ գրառման մեջ էլ եմ նշել այս մասին, հեղափոխություններից առաջ, ընթացքում, հեղափոխությունից հետո էլ բազմիցս ասել եմ` այս տարիներին գրքին նվիրված մարդիկ կարողացան ապահովել միջավայր, զարգացնել ընթերցանությունը, գիտելիքը, ինտելեկտը մեր երկրում, իսկ ինտելեկտն իր հերթին նշանակում է քաղաքացիական ավելի բարձր գիտակցություն, ինչը իր պտուղները տվեց հեղափոխության տեսքով: Վստահ եմ ասում սա. ահա այս փոփոխությունն էր, որ հանգեցրեց հեղափոխության, ոչ թե հեղափոխությունը հանգեցրեց, որ մարդիկ ավելի շատ կարդան:
-Դուք ընդհանրական խոսեցիք, բայց անցյալ տարի է վաճառքի մեծ ցուցանիշ գրանցվել: Սա ինչո՞վ է բացատրվում:
-2017-ին, երբ ամփոփում էինք արդյունքները, կրկին արձանագրեցինք, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաշատ գիրքն է վաճառվել: Որովհետև տարեցտարի այդ դրական դինամիկան կար: Պարզապես դրա մասին ոչ ոք չբարձրաձայնեց: Սերժ Սարգսյանը ե՞րբ էր խոսում գրքի մասին…Պետք է այս ամենի մեջ լավն էլ տեսնենք, մարդ, որը խոսում է գրքի մասին, մարդ, որը նաև գրքի վաճառքի պայմանավորողներից մեկն է իր գրքով, իր գրքի վաճառքով, մարդ, որը հաճույքով է արձանագրում իր ղեկավարած պետության մեջ գրքի առաջընթացը: Ավելի շատ այդ խոսքերից իր թիմակիցներն են օգտվում, դրոշակի պես թափահարում են, թե ինչ եղավ, հեղափոխությունից հետո եղավ: Հիմա, իմ ասածն էլ դա է` երբ մենք հեղափոխություն էինք անում, դուք ու՞ր էիք:
-Կա կարծիք, որ այսօր ավելի շատ կարդում են այն գրքերը, որոնց հեղինակները գրողներ չեն: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը, և ի՞նչ միտում կա սրանում:
-Մեր ժամանակների համար նորմալ է, որովհետև գրականության գործառույթները ժամանակակից աշխարհում մի շարք փոփոխությունների են ենթարկվել: Այսօր աշխարհում գնում են ավելի շատ հայտնի մարդկանց հետևից, ու գրականության մեջ էլ, եթե նայեք, ինչքան գրողը հայտնի է, ինչքան պրոպագանդված է, ինչքան սկանդալներ կան իր շուրջը, այնքան նրա հետևից գնում են: Եվ այն, որ հայտնի մարդկանց գրքեր են գնում-կարդում, պատահական չէ, այս փուլի համար նաև նորմալ է: Տարիներ առաջ մենք այդ տեսակ խնդիր էինք դնում, կարևորում էինք նման գործոնները, որ գրքերի վաճառքն ավելանա: Այո, թող հայտնի մարդկանց գրքերը վաճառվեն, թող մարդիկ կարդան այդ գրքերը: Ես պնդում եմ այդ տեսակետը, որ կարևորը մարդիկ սկսեն կարդալ, ինչ գրքից ուզում են, թող սկսեն: Գրքի հետ կապվածությունն այնպիսի բան է, որ ունենում է շղթայական ռեակցիա, իրենք կսկսեն մյուս գրքերն էլ կարդալ: Եվ, փառք Աստծո, դրա արդյունքը մենք տեսնում ենք: Այո, առաջատար են Մակրոնի գիրքը, Փաշինյանի, «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, բայց դրան զուգահեռ մենք ընթացքում տեսել ենք նաև այլ` հենց բուն գեղարվեստական գրքի վաճառքի և ընթերցանության աճ: Եթե իրենք ծառայելու են որպես խթանիչ, ոչինչ, թող իրենք լինեն առաջատարները, բայց միևնույն ժամանակ խթանեն գրքերի վաճառքն ու ընթերցանությունը:
-Բայց մեծ հաշվով` գիրքը քիչ է վաճառվում: Երբ մի առիթով խոսում էի Փաշինյանի գրքի աննախադեպ վաճառքի մասին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նրա նկարով գլխարկները, շապիկները անհամեմատ շատ են վաճառվում: Այսինքն` մեկ է, մենք հետ ենք, մեկ է, շատ են խնդիրները գրահրատարակչական դաշտում:
-Գլոբալ առումով` այո, բայց ես, ի տարբերություն Արմեն Մարտիրոսյանի, մի քիչ ուրիշ տեսակետ ունեմ: Ես գնահատում եմ թեկուզ դանդաղ, բայց առաջ տանող դինամիկան: Գիտեմ, որ, այո, այն, ինչ ունենք, իդեալական չէ, ինչ որ ունենք, նորմալ չէ, քիչ է: «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է` աննախադեպ վաճառք` հինգ հազար գիրք մեկ տարում, բայց մենք չմոռանանք, որ նախկինում 50 հազար օրինակները սպառվել են երկու-երեք օրում: Այսինքն` մենք դեռ այդ ցուցանիշներին հասնելու, ընթերցանության մակարդակն ավելի բարձրացնելու խնդիր ունենք: Բայց եթե կա դրական դինամիկա, աճ, տրամադրությունների փոփոխություն, ինչու՞ դրա մասին չխոսենք:
-Իսկ սոցիալական գործոնը դեր չունի՞ այստեղ: Շատ լավ գրքեր են հրատարակվում, բայց քանի՞սը կարող են իրենց թույլ տալ ուզած գրքով-գրքերով պարբերաբար համալրել սեփական գրադարանը:
-Դրա մասին էլ եմ միշտ խոսել: Մեր երկրում գրքերի վաճառքի պակասը կապել եմ ոչ միայն մարդկանց ընթերցանության պակասի հետ, այլև սոցիալական վիճակի: Որովհետև մարդիկ անըդնհատ աշխատում են, ժամանակ չունեն կարդալու, մարդիկ կան օրական 14-20 ժամ աշխատում են` սոցիալական վիճակից ելնելով: Եվ մյուս կողմից էլ` մարդկանց ֆինանսներն ուղղակի չեն հերիքում գիրք գնելու ու կարդալու համար: Եվ եթե Փաշինանը խոսում է գրքի վաճառքի ավելացումներից, հաջորդ խնդիրը, որպես պետության ղեկավարի, պետք է լինի մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը: Մյուս տարի, եթե այդ ցուցանիշները շատանան` ոչ այս, այլ ավելի մեծ պրոգրեսով` կապված սոցիալական գործոնի, բարոյահոգեբանական մթնոլորտի հետ, շատ ավելի ուրախ կլինենք և նոր միայն այդ ամենը կկապենք հեղափոխության հետ: Բայց հիմա չի կարելի նախընթաց աշխատանքները, չասեմ` ոտքի տակ տալ, անտեսել ուղղակի:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan