Ջեյմի Դեվիս
 

Ալիևն ու Փաշինյանը նուրբ խաղի մե՞ջ

Ալիևն ու Փաշինյանը նուրբ խաղի մե՞ջ
14.01.2019 | 13:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հունվարին հերթական հանդիպումն ունենալ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով` «հանդիպման մասին առավել մանրամասն կհաղորդվի համաձայնեցումից հետո»: 2018-ին Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են երեք անգամ, վերջին անգամ` դեկտեմբերի 5-ին, Միլանում, որից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «Միլանում իմ հայ գործընկերոջ հետո վերջին հանդիպմանը երկար ժամանակի մեջ առաջին անգամ մենք փոխըմբռնման հասանք»:

Կողմերը բանակցային սեղանի շուրջ ընդհանուր հաշվով 10 ժամ են անցկացրել: Արդյունքների մասին տեղեկություն չկա, բայց այդքան ինտենսիվ և փաստացի աննախադեպ բանակցային գործընթացը հիմք է տալիս ենթադրելու, որ կուլիսներում բանակցության մասնակիցների դիրքավորման փոփոխություններ են լինում: Հակառակ դեպքում` հռետորական հարց է ծագում բուն բանակցությունների առարկայի ու խնդրի մասին: Բանակցությունների դինամիկան պահպանվում է Բաքվի ջանքերով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանավոր պայմանավորվածության գնաց Հայաստանի վարչախետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ Դուշանբեում` շփման գծում լարվածության նվազեցման վերավերյալ ու պահեց այդ ոճը նաև այլ ձևաչափերով: Դա արվում էր այն ժամանակ, երբ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ելքը ակնհայտ չէր: Օբյեկտիվորեն դա ամրապնդեց Փաշինյանի դիրքերոը, թեպետ բազում վարկածներ ծնեց` ոտքի վրայի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս էին: Հիմա էլ, երբ Հայաստանի վարչապետը զբաղված է կոռուպցիայի դեմ պայքարով, Ալիևը` 2018-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված կառավարության նիստում համաշխարհային հանրությանը կոչ արեց հետաքննել հայկական այսպես կոչված` ՙկոնյակային դիվանագիտությունը», որ օգտագործում էին Փաշինյանի նախորդները: Ադրբեջանի նախագահը հղում էր անում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն նրա խոսքով` «իշխանությունը անօրինական գրաված մարդկանց խումբը չկարողացավ 5 տոկոս ձայն հավաքել»: Դա նույնպես ջուր է լցնում Փաշինյանի ջրաղացին` ուրվագծելով Հայաստանում ՙխորքային պետության» գոյության գործոնը, որ սկզբունքորեն նոր հնարք է Բաքվի զինանոցում Երևանի առնչությամբ: Բաքուն չի թաքցնում, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում իր համար որոշակի դրական ակնկալիքներ ունի, որ կարող են կամ պետք է իրականացնեն Երևանում` ՙհեղափոխական» նոր իշխանության հետ: Ինչ-որ քայլեր, ի դեպ, գործնականում իրականացվում են:


Չնայած Փաշինյանի մինչ այդ արված հայտարարություններին, որ Ստեփանակերտը պետք է համարվի կոնֆլիկտի կողմ, որ ղարաբաղյան խնդրի լուծման նոր մոտեցման սխեման ենթադրում է բանակցությունների սեղանի շուրջ 3 իրավահավասար բանակցողների ներկայություն` Բաքվի, Երևանի, Ստեփանակերտի, խոսակցությունը շարունակվում է նախկին ձևաչափով, որ ստեղծվել է ոչ առանց Հայաստանի իշխանության, որին Ալիևը որակեց «քրեական խունտայի վարչակարգ»: Միևնույն ժամանակ` լինելով փորձառու քաղաքական գործիչ` Ալիևը հասկանում է, որ առանց երկկողմ կոմպրոմիսի հազիվ թե հնարավոր լինի իրականում մոտենալ կոնֆլիկտի կարգավորմանը: Բաքուն խաղը վարում է երևանյան դաշտում` նպատակ ունենալով նվազեցնել Փաշինյանի մանևրի հնարավորությունները, Հայաստանի ներսում նրան կտրելով հնարավոր համագործակցությունից անցանկալի ՙպահպանողական» քաղաքական ուժերի հետ: Մյուս նպատակը` նրանց հնարավոր հարվածը չեզոքացնելն է, եթե Փաշինյանը ՙպահպանողականների» համար անցանկալի զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման մեջ: Բայց առայժմ արտաքուստ ոչ ոք չի հրաժարվում մադրիդյան սկզբունքներից, որ որոշակի փոփոխություններով` մնում են կարգավորման հիմքում: Թեպետ հիմնական խնդիրը, որի շուրջ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակն է: Իր խաղն է վարում և Փաշինյանը` ցանկանալով որոշակի փուլում բանակցությունները նոր ձևաչափի փոխադրել` առանց որի կոնֆլիկտի կարգավորման հետագա քայլերն անելը բարդ, եթե ոչ ընդհանրապես անհնար է: Բաքվեցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ուշադրություն է հրավիրում, որ Փաշինյանը սկսել է Ստեփանակերտ ուղարկել նոր նշանակած դեսպաններին, որ նրանք տեղում ծանոթանան իրավիճակին ու «արտասահմանում աշխատեն ինքնահռրակ ԼՂՀ-ի շահերի համար»: Եվս մեկ քայլ` Երևանը հայտարարեց, որ կողջունի Բաքվի հետ բանակցությունների սկիզբը պետական սահմանին ծառայության համատեղ կազմակերպման մասին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար Էլչին Գուլիևը մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանին զորքի մի մասին կփոխարինեն սահմանապահները (Ղազախի ու Աղստաֆայի շրջանում):

Ինտրիգն այն է, որ ադրբեջանահայկական սահմանին կարող են հայտնվել և ռուս սահմանապահները, որ նախատեսվում է Հայաստանում նրանց ներկայության կարգավիճակով: «Որտե՞ղ է Հայաստանը առաջարկում տեղակայել սահմանապահներին` նախապես Ադրբեջանի հետ պայմանավորվելով,-հարց է տալիս ադրբեջանցի մի փորձագետ:- Ադրբեջանի ու Հայաստանի պետական սահմանի չխախտված հատվածներու՞մ միայն: Թե՞ հայ սահմանապահները կհայտնվեն նաև Ղարաբաղում, և ամենագլխավորը, Ադրբեջանը պետք է դրան համաձայնի: Նման մի բան կա վրացական Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում»: Իրոք, Իրանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանի սահմանապահ ծառայության ամրապնդման հարցը բաց է մնում: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը գտնում է, որ դա կարող է կապված լինել այն իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի «անդրկուլիսային լուրջ բանակցությունների» հետ գոյություն ունի ՙԱՄՆ-ի արտաքին քաղաքականության անկանխատեսելիության գործոնը, մասնավորապես Իրանին առնչվող և ԱՄՆ-ի ուշադրությանը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ ավելի շատ Իրանի հարցով»:Նրա հետ համաձայն է և ամերիկացի փորձագետ Ուիլյամ Մակհենրին, որ Վաշինգտոնին կոչ է անում առավել ակտիվ մասնակցել Բաքվի ու Երևանի բանակցային գործընթացին, այլ ոչ թե հանձնել ՙմիայն Պուտինի ողորմածությանը»` սահմանափակելու Թեհրանի ազդեցությունը: Այնպես որ իրավիճակն Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում լրջորեն փոխվում է: Կոնֆլիկտի կարգավորման հեռանկարը նոր կարևոր, բայց առայժմ շատերին ոչ ակնհայտ մանրամասներով է հարստանում: Իսկ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են իրենց սցենարով ու նախապատրաստում են Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների արդյունքի միտված հանդիպումը: Թեպետ բրիտանացի հայտնի քաղաքագետ Թոմաս դե Վաալի գնահատականով` ԵԱՀԿ Մինսկի խումբը օրեցօր դառնում է «կոնֆլիկտի կարգավորման համար միջազգային չափազանց թույլ մեխանիզմ» և «մեծ փոփոխություններ սպասել Հայաստանի նոր կառավարության կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում համենայն դեպս առաջիկայում, չարժի»: Շատ բան կախված է Ալիևի ու Փաշինյանի քաղաքական կամքից ու որոշումների ընդունումից: Նուրբ խաղը նրանց միջև շարունակվում է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ոչ մի նուրբ խաղ էլ գոյություն չունի` կա շատ կոպիտ խաղ` ցույց տալ, որ Փաշինյանը պատրաստ է զիջումների և կանի այդ զիջումները` նույնիսկ ոչ թե տարածքներ կարգավիճակի դիմաց, այլ` տարածքներ խաղաղության դիմաց բանաձևով, եթե ներքին դիմադրություն չլինի` ՙնախորդ հանցավոր ռեժիմի» կողմից: Եվ այս մտայնությունը առաջին օրից ադրբեջանական քարոզչությունը փորձում է տարածել, այդ նպատակին էր ծառայում և Դուշանբեում ոտքի վրա պայմանավորվածությունը: «Պաշտոնական Երևանը պետք է անի ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար», - Թուրքիայի անգլալեզու TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացը կարող է մեկնարկել միայն հայկական կողմի զիջումներից հետո: «Նախևառաջ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, իսկ ադրեբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության և ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան: Ուրեմն` ոչինչ չի փոխվել Բաքվի ոչ տեսակետներում, ոչ գործելակերպում: Բաքուն փորձում է բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ու դարձնել եռակողմ` Ադրբեջան-Հայաստան` Ռուսաստանի հովանու տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan