Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վեհափառ. Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ սպասումներ ունի

Վեհափառ. Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ սպասումներ ունի
14.01.2019 | 13:51

Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:
Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ:


Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին: Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման և մեր շեն, հուսալի ապագայի կերտման:
Հարգարժան պատգամավորներ, ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Ձեր հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական մեր կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կզորացնեն մեր ընթացքը՝ ապրելու և գործելու փոխադարձ հարգանքի, սիրո և համերաշխության մեջ: Սիրո և համերաշխության ոգով, հավատում ենք, պիտի արդյունավորվեն նաև այս դահլիճում ընթացող քննարկումները և կայացվող որոշումները: Քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ՝ մեր հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում ձեզ՝ համախումբ ջանքերով ներդրում բերելու ազգային մեր իղձերի իրագործման նվիրական առաքելությանը: Պատվերն ունենք առաքյալի՝ ճշմարտությամբ, արդարությամբ, սրբությամբ, առաքինությամբ ու սիրով խորհելու (Փիլ. Դ 8), միաշունչ և միախորհուրդ լինելու և հակառակության ոգով չգործելու (Փիլ. Բ 2-3): Ճշմարիտ է ասված՝ միաբանությամբ փոքրերը մեծանում են, և անմիաբանությամբ մեծերը՝ փոքրանում: Արդ, ամուր պահենք Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականությունը, հավատարմությունը մեր հոգևոր և ազգային արժեքներին, մեր հայրերի նվիրական պատգամներին, որպեսզի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր հայրենիքի և ազգային կյանքի զարթոնքը:


Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրերին, արդարև, զորանում են հավատն ու վստահությունը, որ քրիստոնեական իր արժեհամակարգով մեր ժողովուրդը պիտի շարունակի լինել արարող ու զարգացող ազգ, հոգով ու մտքով լուսավորված ազգ՝ կարող բարեփոխելու իր կյանքը: Մեր Եկեղեցին, ինչպես բազմադարյա մեր պատմության ընթացքին, այսօր ևս շարունակելու է իր զորակցությունը բերել հայրենի իշխանությունների ազգաշեն նախաձեռնություններին։
Մեծարգո պատգամավորներ, Աստծո օրհնությունն ու շնորհներն ենք հայցում ձեզ և ձեր գործունեությանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերը թող ուղղորդի և ուժ ու կորով պարգևի ձեզ: Թող Տերը Իր Սուրբ Աջի և խնամքի ներքո պահպանի ու օրհնի մեր ժողովրդին և սրբազան մեր երկիրը՝ խաղաղության մեջ և բարգավաճման ճանապարհին՝ այսօր և միշտ. ամեն»:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ