Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Յոթ ամիս է, ինչ աշխատանք ասես անում են, այս շենքն ասում է՝ չեմ քանդվելու»

«Յոթ ամիս է, ինչ աշխատանք ասես անում են, այս շենքն ասում է՝ չեմ քանդվելու»
14.01.2019 | 18:37

Մինչ փորձ է արվում վերստեղծելու «Հին Երևան» նախագիծը, Երևանի հին կառույցները, հասկանալի ու անհասկանալի պատճառներով, ոչնչացվում են: Արամի 23-ը երևանյան «վերջին մոհիկաններից» է, վթարի է ենթարկվել վերոնշյալ նախագծի իրականացման արդյունքում: Այստեղ էին վերջին ավելի քան 20 տարիներին փորձեր ու տարատեսակ միջոցառումներ իրականացնում «Հայ փոքրիկ երգիչները»:


Եթե նախկինում ամենաթող քաղաքականությանն ու բիզնես ծրագրերին զոհ դարձած հուշարձանների համար պայքարում էին ակտիվիստները, ապա պատմամշակութային այս հուշարձանին տեր են կանգնում «փոքրիկ երգիչները»` ի դեմս «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանի: Շինարարներից պահանջվում էր վտանգված շենքը փրկել, պատերն ամրակայել, հողային ապարները ամրացնել: Բազմաթիվ դիմում-նամակներն ու ակցիաները արդյունք չտվեցին: Սայլը տեղից չէր շարժվում: Օրեր առաջ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվեց: Արամի 23-ի թնջուկը նոր իշխանություններին փոխանցվել է հներից, գուցե դա է պատճառը, որ պատմամշակութային այս հուշարձանը ոչ հիմնովին քանդվում է, ոչ էլ վերականգնվում:
ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԻ բնորոշմամբ՝ բիզնես-նախագիծն իրականացվում է պատմամշակութային հուշարձանի ոչնչացման, ազգային մշակութային արժեք ներկայացնող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային կազմակերպության և երգչախմբերի հաշվին. «Երեխեքը մնացել են դուրսը, իրենք հյուրանոց են սարքել: Սա ներկայիս իշխանությունների համար փորձաքար է, լակմուսի թուղթ»: Տիգրան Հեքեքյանը նշեց նաև, որ մշակույթի նախարարությունը միակն է, որ պայքարում է շենքի համար, բայց իրենց էլ փորձում են անտեսել:
Համաձայն օրենսդրության՝ մշակույթի նախարարությունը հուշարձանի պահպանության կազմակերպողն է, փաստացի պահպանությունն իրականացնողները դրանց սեփականատերերն ու օգտագործողներն են: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԸ: Նրա խոսքով` տվյալ դեպքում խնդիրը Արամի 23-ի սեփականատիրոջը չէ, այլ հարակից կառուցապատում իրականացնողինը. «Կառուցապատումն իրականացվել է քաղաքապետարանի թույլտվությամբ` առանց մշակույթի նախարարության համաձայնության: Քաղաքաշինական նորմերի խախտման արդյունքում վթարվել է հուշարձանի հատկապես հարակից պատը: Բազմաթիվ գրություններով տեղեկացրել ենք պատկան մարմիններին՝ քաղաքաշինության նախարարությանը, որ կառավարության որոշմամբ իրենք են պարտավոր նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմակերպել-կազմել, քաղաքապետարանին, որ անօրինական թույլտվություն են տվել տվյալ շինարարությունը կատարելու համար»: Քանի որ բանակցություններն արդյունք չեն տվել, ստիպված են եղել ամիսներ առաջ դիմել դատախազություն, քննությունն ընթացքի մեջ է:


Արմեն Աբրոյանն անդրադարձավ նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն հայտարարությանը, որ մշակույթի նախարարությունը չի համաձայնեցրել նախագծեր. «Պաշտոնապես ասում եմ՝ սուտ է, եղել է մեկ ամրացման նախագիծ, դեռ աշնանը, որը քաղաքաշինության կոմիտեում մեր մասնակցությամբ մերժվել է, վտանգ կար, որ տվյալ նախագծով ավելի շուտ կփլվի շենքը, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագիծ չի եղել»:
Նախարարության աշխատակցի կարծիքով` խմբային աշխատանք է տարվում, որ «հեղինակը» շարունակի ծրագիրը, ինչը ենթադրում է՝ հուշարձաններ քանդելով բիզնես ծրագիր իրականացնել: «Իրատեսը» հետաքրքրվեց՝ կա՞ մասնագիտական եզրակացության առ այն, որ շենքը հնարավոր է վերականգնել, հնարավո՞ր է շենքը քանդել- վերակառուցելու պահանջ դրվի: «Ես, լինելով մասնագետ, ասում եմ՝ հնարավոր է, և հենց Արթուր Մեսչյանն ասում էր՝ ճարտարապետության մեջ անհնար բանը միայն մահանալն է»,- ասաց նախարարության ներկայացուցիչը: «Ո՞րն է ելքը» հարցին կարճ պատասխանեց` պետք է փոխել հեղինակին:


Տիգրան Հեքեքյանն իր հերթին նշեց, որ պատի փլուզման ահազանգին օպերատիվ կերպով արձագանքած ԱԻՄ-ի աշխատակիցները վստահեցրել են` չլուծվող հարց չկա, գնի հարցն է՝ ո՞վ է վճարելու և կուզե՞ն վճարել, թե՞ ոչ. «Եթե պատմամշակութային հուշարձանը քանդում են, նորից հավաքում, այն դադարում է լինելուց պատմամշակութային հուշարձան,- ասաց Տիգրան Հեքեքյանը:- Եվ ինչի՞ համար քանդել, եթե ինքը կանգուն է: Յոթ ամիս է, ինչ տեխնիկա ասես այստեղով գնում-գալիս է, ինչ աշխատանք ասես անում են, այս շենքը ասում է՝ չեմ քանդվելու, բայց իրենք ասում են՝ պիտի քանդվի: Արամի 23-ը քանդելը Ճարտարապետ Լևոն Վարդանյանի երազանքն է, ում ձեռամբ քանդվեց նաև Աֆրիկյանների շենքը, որի տեղում հիմա տեսնում ենք 20-հարկանի հյուրանոց»:


Արմեն Աբրոյանից հետաքրքվեցի նաև` ի՞նչ լուծում կտրվի այս և այլ հարցերին, եթե իրականանա մշակույթի նախարարության օպտիմալացման ծրագիրը: «Դա անհեթեթություն է, մշակութային ժառանգության պահպանությունը չի նախատեսում քաղաքաշինական գործունեություն, չունի քաղաքաշինական գործունեության հետ որևէ աղերս, հուշարձանների պահպանությունը քաղաքաշինական գործունեությունից պաշտպանելու համար տվյալ բնագավառը օրենսդրորեն նախագծում է պահպանական գոտիներ»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan