Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ներքաղաքական արդյունքներ

Ներքաղաքական արդյունքներ
15.01.2019 | 02:48

2019-ի հունվարը տարօրինակ ժամանակ կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Սկզբունքորեն ամեն տարվա հունվարը տարօրինակ ժամանակ է։ Մարդիկ նստում են, նշում Ամանորը, Սուրբ ծնունդը։ Մի խոսքով, զբաղվում են իրենց գործով։ Միևնույն ժամանակ բոլորի հոգում տարօրինակ զգացումներ են։ Տարին վերջացել է, հաջորդն է սկսվել, և կյանքի նախորդ պլանի հետ համադրելի պլան է հարկավոր` ավարտելու համար այն, ինչը չի հաջողվել անել անցած տարում։ Եվ պետք է փորձել տեսնել եկող տարվա հեռանկարը։ Այդ ամենի համար պետք է ամփոփել ապրած կյանքի արդյունքները։


2018 թիվը, իմ կարծիքով, արդեն իրավունք է ստացել մեր պատմության մեջ կոչվելու «Եվս մեկ խոշոր խաբեության տարի»։ Շատերն են իրենց խաբված զգում. ԿԸՀ-ի տվյալներով, հայ ընտրողների 52 %-ը չի մասնակցել ընտրությանը։ Իրենց խաբված կարող են զգալ գործնականում բոլորը, բացի Փաշինյանից և նրա կողմնակիցներից։ Խնդրում եմ «ժողովուրդ» բառը չօգտագործել. մարդկանց այդ նեղ խմբակը չի արտահայտում այն հանրույթի շահերը, որ մենք անվանում ենք «ողջ հայ ժողովուրդը»։ Նաև այն պատճառով, որ ողջ հայ ժողովրդի մեծամասնությունը կամ չի քվեարկել, կամ դեմ է քվեարկել Փաշինյանին ու «փաշինյանականությանը»։ Դա փաստ է, որը ոչ ոք չի կարող հերքել։ Հնչող արդարացումները, թե «դա ժողովրդավարություն է», «եղանակը վատն էր», չափազանց պարզունակ են։ Ներկայացումն ավարտվել է։ Ճիշտ է, գարնանային էյֆորիան մարդկանց ուղեղներից ու մտածելակերպից դեռևս լիովին դուրս չի եկել։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ազգային մտածելակերպի պատճառով մեզնից շատերի համար դժվար է կանգնել հայելու առաջ և ինքն իրեն բարձրաձայն խոստովանել. «Հերթական անգամ մեզ խաբեցին որպես միամիտների»։


Եթե Փաշինյանն ու նրա անդրկուլիսյան հովանավորները հույս ունեին, թե հանրապետական կուսակցությունից և հենց Սերժ Սարգսյանից հոգնածության ալիքի վրա նրանց կհաջողվի երկար ժամանակով ստանալ իսկապես ողջ ժողովրդի վստահության քվեն, ապա նրանք խորապես սխալվել են։ Նույնիսկ այն բանը հասկանալը, որ ժամանակն է վերջ տալու իշխանության մշտական վերարտադրությանը, որով զբաղվում էր ՀՀԿ-ն 2012-ից, չդարձավ մեր ազգի քաղքենի հատվածը և տրամաբանելու ընդունակությունը չկորցրած մասը միավորելու գործոն։ Երկրորդ մասը, որի մասին գրում եմ, արագորեն հասկացավ, որ ամենապարզունակ ձևով իրեն խաբում են։ Իսկ ահա հայոց պետականության պարտություններն այսօր շատ ավելի նկատելի են, քան ՀՀԿ-ի իշխանության օրոք։ ՈՒ՞մ կանչես, որ իր վկայություններով կամ գանգատներով ընթերցողներին համոզի, որ երկիրն 8 ամիս անդունդը գլորվելու զգացում է ապրել։ Երևի սփյուռքի հայերին։ Առանց այն էլ սփյուռքի նախարարությունը շատ էր պախարակվում, իսկ հիմա, հավանաբար որ չլինեն սփյուռքահայերի հանդիմանություններն ու դժգոհությունը, նախարարությունը «վերակազմում են»։ Ժամանակին սփյուռքը շուտ հասկացավ ամեն ինչ և միայն հանդուրժում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա հակաժողովրդական ՀՀՇ-ի բարոյական ծախվածությունը։ Մի շարք վկայություններ այսօր էլ համոզում են, որ սփյուռքահայերն արդեն շատ բան են հասկանում։ Եվ ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը-մյուս օրն այն սփյուռքահայերը, որոնք այս կամ այն կերպ «օգնել են հեղափոխությանը», չեն օգնի Հայաստանի «արաբական գարնան» գործիչներին ջնջելուն։ Մանավանդ որ «արաբական գարնան» հենց միջնաբերդում` Թունիսում, արդեն սկսվել է «նոր հեղափոխության» ալիքը։ Իսկ Սիրիայում «արաբահեղափոխականները» խուճապահար այս ու այն կողմ են նետվում` փնտրելով, թե ում ծախվեն հերթական անգամ։ Իսկ ինչպե՞ս կպահեն իրենց մեր հայ «արաբագարնանային հեղափոխականները»։ Այնպես, ինչպես իրենց պահում են հիմա Թունիսի «հեղափոխականնե՞րը»։ Կամ` Սիրիայի քրդե՞րը, որոնք Ամանորից 3-4 օր առաջ կարևոր որոշում ընդունեցին` գտնվելով Թուրքիայի ագրեսիայի ընդլայնման սպառնալիքի տակ։ Թե՞ մեր «գարունասեր հեղափոխականներն» էլ պետք է սպասեն թուրքական ագրեսիայի սպառնալիքին, որ խելքի գան ակնթարթաբար։ Գուցե դրանք բոլորովին էլ հայ չեն, հը՞։ Եվ նրանց համար «թուրքերի հետ» լինե՞լն է հեռանկարային խնդիրը։
Թվում էր, թե փորձում ենք ամփոփել 2018-ի ներքաղաքական արդյունքները։ Բայց որ կողմ էլ շրջվում ես, միշտ դուրս ես գալիս անցյալ տարվա մեր ներքաղաքական փոփոխությունների արտքաղաքական տեսանկյանը։ Եվ այն խմորը, որ անցյալ տարի «հունցեց» Փաշինյանն իր «Իմ քայլը» խմբով, դեռ շատ ջուր կքաշի։ Չեն դիմանում անգամ ոչ վաղ անցյալի ջերմեռանդ ՀՀՇ-ականների` Հրանտ Բագրատյանի և Դավիթ Շահնազարյանի, սկանդալային արևմտամետուհի Զարուհի Փոստանջյանի նյարդերը։ Բագրատյանը հարցնում է. «Լսեք, այս կառավարությունում գոնե մեկը գոնե ինչ-որ բան հասկանու՞մ է տնտեսությունից»։ Շահնազարյանը Փաշինյանին ու նրա խմբին հրապարակավ մեղադրում է ստելու մեջ։ Եվ որ Փաշինյանն իշխանության է բերվել Արցախը թուրքերին հանձնելու համար։ Ի պատասխան Փաշինյանը Շահնազարյանին «սերժական» է անվանում։ Մեջբերեմ այն, ինչ գրել են մեր ԶԼՄ-ները Վանաձորում Փաշինյանի ելույթի մասին. «Սերժական Շահնազարյանն ասաց, որ մենք իշխանության ենք եկել Ղարաբաղը հանձնելու համար։ Ես այժմ չէի ցանկանա էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև էմոցիաներով ղեկավարվում են ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը։ Բայց ես կցանկանամ փաստերի վրա հիմնված հայտարարություն անել։ Մեր կառավարությունը և ես դարձել ենք Հայաստանի առաջին ղեկավարությունը, որը հստակ արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որովհետև այդ հարցը կարող է վճռել միայն ժողովուրդը։ Եվ եթե առաջարկություն լինի, որը ես համարեմ ընդունելի ժողովրդի համար, ես այդ առաջարկությունը կներկայացնեմ ժողովրդին, որն էլ որոշում կկայացնի»։


Նիկոլ, դու շատ լավ գիտես, որ ես խոսքի տակ մնացող չեմ։ Ինչու՞ ես ստում։ Շահնազարյանը ՀԱԿ-ի գծով քո ոչ վաղուցվա զինակիցն է, հավատարիմ տերպետրոսյանական, ինչպես դու։ Ճիշտ է, այսօր Բագրատյանը, Շահնազարյանը և դու կարծես թե տարբեր «թիմերում» եք։ Բայց մտաբերիր. հենց Շահնազարյանն էր Արցախի գծով Հայաստանի նախագահի առաջին հատուկ դեսպանորդը, մի քանի տարի գլխավորել է Հայաստանի ԱԱԳՎ-ն (այժմ` ԱԱԾ)։ Եվ, ի տարբերություն 2018-ի հեղափոխականների, նա կարող էր և է հաշվետու լինել իր խոսքերի համար։ Իսկ Փոստանջյանը բարձրաձայնել է այն, ինչը դեռ 2017-ի խորհրդարանական ընտրությունից հետո հայտարարել էին «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և այն ժամանակվա ՕՐՕ նախընտրական դաշինքի գծով նրա զինակից Հովսեփ Խուրշուդյանը։ Որ Փաշինյանի և «Ելք» դաշինքի շուրջ կառուցվող ողջ «խաղը» Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի սցենարով է։ Փոստանջյանը հայտարարել է Ամանորից առաջ, որ բանտից Փաշինյանի վաղաժամ ազատումը Սերժ Սարգսյանի հետ նրա գործարքի արդյունքն է։
Իսկ այն հիստերիկա՞ն, որ սարքեց Փաշինյանը, երբ նրա զինակից Սասուն Միքայելյանի ցնդաբանությունից հետո չդիմացան հենց Արցախի զինվորականները։ Փաշինյան, ինչու՞ «չփակեցիր» գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի բերանը։ Չէ՞ որ նա էլ «ապտակեց» և Միքայելյանին, և նրա փաստաբաններին։ Կամ ի՞նչ ասացիր Վանաձորում իբր ի պատասխան Շահնազարյանի։ Այդ ի՞նչ ժողովուրդ պետք է որոշում կայացնի։ Արցախի հարցը վաղուց է որոշված։ Հայաստանի նախագահներից և քեզնից միայն մի բան է պահանջվում. անդուլ կերպով պայքարել, որ ապշերոնցի ֆաշիստների նկատմամբ մեր ռազմական հաղթանակի արդյունքն ամրագրվի քաղաքական փաստաթղթում։ Վերջ, նախագահներ և վարչապետներ, Արցախի հարցում դուք այլ առաքելություն չունեք։ Ի սկզբանե սխալ է մեր հանրության ներսում ուշադրություն կենտրոնացնել այն բանին, թե ով և ինչ է հայտարարել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին։ Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասի համար շատ ավելի կարևոր է հետևել, որ մեր հայկական իշխանությունները միշտ հիշեն, որ Արցախը վաղուց ունի հիմնական օրենք` Սահմանադրությունը։ Եվ դա կարևոր է այն տեսակետից, որ Արցախի հարցը ինչ-որ մի անձի, թեկուզ շատ բարձրաստիճան, «ուժերի փորձարկման» հարց չէ։ Ոչ էլ ինչ-որ կուսակցության կամ աղանդի հարց է, որոնք փորձում են ինքնահաստատվել արցախյան խնդրի հաշվին։ Ավելին. նույնիսկ Հայաստանի միայն գործունակ քաղաքացիներն իրավունք չունեն Արցախի հարցում միանձնյա ինչ-որ բան որոշելու։ Մենք վաղուց ընդունել և գիտակցել ենք, որ Արցախի հիմնախնդիրը մեր ժամանակի ամենակարևոր համազգային հարցն է, ոչ թե իշխանական ինչ-որ ձեռնածությունների գործոն` Արցախում, թե Հայաստանում։ Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն էլ 1988-ի հունվարին հրաժարական տվեց, որովհետև չէր ուզում հաշվի առնել Արցախի խնդրի համազգային բնույթը։ Եվ մեր հասարակության պարտքն է կրկին ու կրկին հիշեցնել ցանկացած իշխանության, որ կա Արցախի Սահմանադրությունը, և կանք մենք` հայ ազգը։ Ոչ ոք իրավունք չունի քողարկվելու «այդպես է ուզում ժողովուրդը» արտահայտությամբ. ոչ ոքի չի թույլատրված օգտագործելու այն որպես վերջին ապաստան։ Եթե Հայաստանի իշխանություններն սկսեն հարգել ԼՂՀ Սահմանադրությունը, աշխարհն էլ կսկսի հարգել։
Որովհետև ԼՂՀ Սահմանադրությունը հարգելը նշանակում է հարգել Արցախի ժողովրդի կամքը։ Իսկ էլ ու՞մ, ո՞ր ժողովրդի կամքն է պատրաստվում հարգելու անձամբ Փաշինյանն իր խմբով։ Հույս ունեմ, որ ոչ թուրքերի և ադրբեջանցիների։ Մեջբերում եմ անտեղյակների համար. «Հոդված 142. Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավասության ներքո»։ Այսպիսով, «անվտանգության գոտու» տարածքները Արցախի անբաժանելի տարածքն են։ Եվ ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի հետ բանակցություն վարելու ոչ իր հողի, առավել ևս հակամարտության երրորդ կողմի սահմանադրական տարածքի վերաբերյալ։ Հայաստանն իրավունք չունի խախտելու ԼՂՀ Սահմանադրությունը, և դա նույնպես «կարմիր գիծ» է, որը Երևանն իրավունք չունի անցնելու, մյուս «կարմիր գծի» հետ, որի մասին գրված է վերևը` Արցախի հարցը վաղուց է վճռված։ Որևէ մեկը չպետք է սահմանադրական փակուղի ստեղծի ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի համար։ Հետևանքներն անդարձելի կլինեն, առաջին հերթին նրանց համար, ովքեր պատրաստ են վաճառելու Արցախի սահմանադրական տարածքը։ Դա վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև կտուժի ողջ ազգը։ Ավաղ, 2019-ի սկզբում մենք ազգի ներսում ավելի մեծ պառակտում ունեցանք, քան համախմբում։ Սոցիալական ոլորտում և տնտեսության մեջ էլ իրավիճակն այնքան վարդագույն չէ, ինչքան պատկերում է Փաշինյանը։ Մեր հասարակության մեջ «ծակերն» այնքան են շատացել, որ դժվար է ասել, թե որտեղ և երբ կպայթեն այն «ականները», որոնք դրվել են արդեն Փաշինյանի և նրա կառավարության, ոչ թե ՀՀԿ-ի կամ այլ կուսակցության ձեռքով։ «Ծակերը» փակելու ժամանակ հեղափոխականները պարզապես չունեն։ Ակնհայտ է. Հայաստանում կտրուկ ավելացել է գործազուրկների թիվը։ Եվ ամենաանհավանականն այն է, որ նրանք կհամալրեն երկրից հեռացողների շարքերը։ Գներն աճում են, և ինչպես երևում է, շարունակելու են աճել։ Մեզ մոտ նորից սկսում է տիրել սեփական բնակչության նկատմամբ ՀՀՇ-ի այն սկզբունքը, թե` գոյատևեք, ինչպես կարող եք, մենք ձեզ օգնող չենք, մենք զբաղված ենք ինքնահիացմամբ և ինքնամեծարմամբ, նոր առասպելաբանության ստեղծմամբ։ Իսկ դուք, ժողովուրդ, «պարտք վերցրեք մեկդ մյուսից» (1990-ականներ) կամ «ոչխար պահեք» (2018 թ.)։ 1990-ականներին շարքային քաղաքացիները ոչ մեկից չէին կարող պարտք վերցնել. իշխանությունից բացի գրեթե բոլորը չքավոր էին։ Ճիշտ է, Փաշինյանը չի շտապում պատասխանատվության ենթարկել ՀՀՇ-ականներին և Տեր-Պետրոսյանին 90-ականների այն կործանարար թալանի համար։ Նա սիրում է նրանց. նա նրանցով էր շնչում 90-ականներին, երկրպագում էր Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին։ Երկրի ու ժողովրդի դեմ նրանց հանցագործությունները Փաշինյանի համար գոյություն չունեն։ Իսկ 2019-ին, լիահույս եմ, ժողովուրդն ուշքի կգա և կասի. «Իսկ ինչու՞ մենք պետք է չորքոտանի բրդատու ոչխարներ պահենք, եթե մենք` Հայաստանի ժողովուրդը, 1991 թ. աշնանից միայն այն ենք անում, որ մեր կյանքի և գրպանների հաշվին ոչխարների հոտեր ենք պահում` ի դեմս մեր իշխանությունների»։ Գուցե այդ ժամանակ Հայաստանում կհայտնվի ոչ թե ոչխարային, այլ արհեստավարժների և մասնագետների կառավարություն։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ