Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ու՞ր է տանում «քաղաքական» խաշը

Ու՞ր է տանում «քաղաքական» խաշը
15.01.2019 | 15:49

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ hraparak.am կայքում հրապարակված լուրին Նիկոլ Փաշինյանի արձագանքի վերաբերյալ. «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ պետության համար կենսական նշանակություն ունեցող առանձին վերցրած մի տեղեկության։


Չմանրամասնելով լրատվամիջոցի տեղեկությունն ու վարչապետի արձագանքի ձևակերպումները, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դրանով՝ կամա թե ակամա ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշների հետ։
Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ:


Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ» թերթին ու նրա աշխատակիցներին։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն, հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։ Հակառակ դեպքում՝ ազատ մամուլի գործունեության որևէ սահմանափակման պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ժողովրդավարական ավտոկրատիայի ճիրաններում, ինչի բազմաթիվ վկայությունները, ցավոք, դրսևորվել են անցած ինն ամիսներին»:


Ինչի՞ շուրջ է աղմուկը: Խաշի: ՔՊ-ն գնացել է խաշ ուտելու, «Հրապարակը»` բարի ախորժակ մաղթելու փոխարեն` գրել է, որ ՔՊ-ն գնում է ՀՀԿ-ի ավանդույթների ճանապարհով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ՀՀ ամեն մի քաղաքացի իրավունք ունի 3000 դրամով խաշ ուտել, իսկ իրենք ի տարբերություն ՀՀԿ-ի` լրատվամիջոցներին «կոնտրոլի տակ չեն առնում»: Մոտավորապես այսքանը: Ընդհանրապես հայտնի է, որ խաշը օգտակար, բայց դժվարամարս է: Քաղաքական խաշը` առավելևս: Իրականում խնդիրը խաշը չէ: Եվ խաշը չէ Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության պատճառը: Ոչ էլ «Հրապարակին» աջակցություն հայտնելը միայն: Խնդիրն այն է, որ «նոր» անվանվող Հայաստանում ոչինչ նոր չէ և ինչպես միշտ` պաշտոնյաները իրենց սրբազան իրավունքն են համարում միջամտել իրենց չվերաբերող գործերին ու նույնիսկ «կարգավորել»: Այդ թվում` մամուլի: Թվում է` վաղուց պիտի ընտելացած լինեինք, որ Նիկոլ Փաշինյանը դասական քաղաքական գործիչ չէ, որ քաղաքական ակտիվիստն ու նախկին լրագրող-խմբագիրը նրա կենսագրության անցյալի էջը չեն, որ ամեն առիթով-չառիթով նա լայվ է մտնում ու իր լայվերը համարում է հասարակության հետ անմիջական շփման միջոց և մտադիր չէ այդ միջոցից հրաժարվել` համարելով թե օպերատիվ, թե արդյունավետ: Դա իր ընտրությունն է: Համաձայն չեք, մի նայեք ու մի մեկնաբանեք: Լրատվամիջոցներն էլ նույնքան ազատ են գրել իրենց գնահատականով կարևոր իրադարձությունների մասին ու ընդհանրացումներ էլ անել` իրենց կարծիքով հիմնավոր: Փոխադարձ հարգանքը դա է նշանակում: Բայց չկա ոչ հարգանք, ոչ ըմբռնում, ոչ էլ …հարգանքի ու ըմբռնման ցանկություն: Փոխադարձաբար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հազիվ թե Նիկոլ Փաշինյանի գրառումը ստիպի «Հրապարակին» «կոնտրոլի տակ առնել» սեփական հրապարակումները, կամ որևէ այլ լրատվամիջոցի: Ցանկացած իշխանափոխություն անդրադառնում է լրատվական դաշտի վրա, որ Հայաստանում երբեք ինքնաբավ չի եղել և ինքնածախսածածկմամբ չի աշխատել: Պատճառը լավ հայտնի է` ֆինանսների բացակայությունը: Ուստի քաղաքական ցանկացած փոփոխություն իրավիճակ է փոխում և լրատվական դաշտում` լրատվամիջոցներ են փակվում ու բացվում, հեռուստաընկերությունները տերեր են փոխում: Տեղեկատվական դաշտի արտադրանքի սպառողի մասին ոչ ոք չի մտածում` սա է հիմնական ու միշտ չլուծված մնացող խնդիրը: Ընթերցողին ու հեռուստադիտողին թերթերը, կայքերը, եթերը մատուցում են իրենց նպատակահարմարը և չկա պետության որևէ կարգավորիչ կառույց, որ մամուլն ու եթերը անորակ ու անմակարդակ արտադրանքից զտի: Դա գրաքննություն չէ, դա պետական քաղաքականություն է, որ պիտի փակի էժանագին սիթքոմների ու անհեթեթ սերիալների ճանապարհը` ընթացք տալով մշակութային ու կրթական ծրագրերի: Չկա որևէ կարգավորիչ կառույց, որ դաշտը ուսումնասիրի ու ռեալ թվեր ունենա, թե սպառողն ինչ է ուզում: Ու Նիկոլ Փաշինյանը պետք է այդ խնդրով զբաղվի, ոչ թե Ֆեյսբուքը ինքնապաշտպանության ու հարձակման զենք դարձնի: Երբ տասնամյակների «տքնաջան» աշխատանքից հետո հասարակությունն ընտելացել է անհեթեթությունները որակյալ հրապարակում ու հաղորդում համարելուն ու արդեն բնազդաբար մերժում է մտածելու պահանջը, պետությունը լուրջ խնդիր ունի:
Անիմաստ է պայքարել մամուլի կամ լրագրողների ազատության դեմ։ Անիմաստ է մամուլը կամ հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների: Որակի ու մակարդակի խնդիր է դրված, որին փոխադարձաբար չեն համապատասխանում թե իշխանությունը, թե հասարակությունը, թե իշխանության ու հասարակության հայելի դարձող լրատվամիջոցները:

Դիտվել է՝ 3465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ