Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գարո Փայլանը հարցեր է հղել արդարադատության նախարարին

Գարո Փայլանը հարցեր է հղել արդարադատության նախարարին
17.01.2019 | 22:36

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցադրումներ է հղել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր դեմ սկսված հետաքննության շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ մեջլիս ներկայացված երկու միջնորդությունների առնչությամբ: Փայլանն ընդգծել է, որ տխրահռչակ 301-րդ հոդվածն, այն է՝ «Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն նվաստացնելը», առարկությունների պատճառ էր դարձել Սահմանադրությամբ ամրագրված խոսքի և մտքի ազատությունը խոչընդոտող, ժողովրդավարացմանն ու մարդու իրավունքներին հակասող բնույթ ունենալու պատճառով: Նշելով, որ 301-րդ հոդվածն ու նախկինում կիրառված նմանօրինակ օրենքները ճանապարհ են հարթել երկրում ատելության խոսքի ու հանցագործությունների համար` Փայլանը հիշատակել է Հրանտ Դինքին:

Նա շեշտել է՝ հայկական ինքնության համար ատելության թիրախում հայտնված Հրանտ Դինքի սպանության վրա էական ազդեցություն է ունեցել հենց 301-րդ հոդվածը, որով մեղադրվել ու դատապարտվել էր Դինքը: Հրանտ Դինքի սպանությունից հետո այդ հոդվածը որոշակիորեն փոփոխվեց, կիրառումը հնարավոր դարձավ միայն արդարադատության նախարարության թույլտվությամբ:

«Այն ժամանակվա պաշտոնյաները հայտարարեցին, թե այս փոփոխությունը կօգնի խուսափել հոդվածի կիրառման ժամանակ առաջացող խնդիրներից և թույլ չտալ խոսքի ազատության սահմանափակումներ: Այդ փոփոխություններից հետո երկար ժամանակ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու դատախազների պահանջները մեծամասամբ մերժվում էին արդարադատության նախարարության կողմից: Սակայն, վերջին շրջանում բազմաթիվ գործեր հարուցելու թույլտվություն է տրվել, այդ թվում՝ իմ նկատմամբ», - նշել է Փայլանը: Նա նախարարին հետևյալ հարցերն է ուղղել. «2008-ից մինչ օրս, ըստ տարիների, արդարադատության նախարարի կողմից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քանի՞ հետաքննություն սկսելու թույլտվություն է տրվել, քանի՞ դիմում՝ մերժվել: 2008-ից մինչ օրս, ըստ տարիների, քանի՞ մարդու նկատմամբ է 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել, քանի՞ դատավարություն է սկսվել, քանի՞սն է ընթացքի մեջ, քանի՞ հոգի է դատապարտվել, արդարադատության նախարարությունում դեռ պատասխանի սպասող քանի՞ դիմում կա:

2002-ից մինչ օրս, ըստ տարիների, «թրքությունը վիրավորելու» հոդվածով քանի՞ հոգու նկատմամբ է գործ հարուցվել: Դատավարությունների արդյունքում քանի՞սն են արդարացվել, քանի՞սն են դատապարտվել, քանիսի՞ վճիռն ուժի մեջ մտել:

Որպես արդարադատության նախարար, 301-րդ հոդվածով հետաքննություններ սկսելու թույլտվություն տալիս ի՞նչ չափանիշներով եք որոշել, թե քննադատություն հնչեցնելիս որտե՞ղ են վերջանում դրա սահմանները: 301-րդ հոդվածով, ըստ տարիների, քանի՞ պատգամավորի նկատմամբ հետաքննություն սկսելու թույլտվություն եք տվել: Ինչպիսի՞ն է բաշխվածությունն, ըստ քաղաքական կուսակցությունների: Որպես արդարադատության նախարար, ի՞նչ հիմքով եք բավարարել ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազության կողմից իմ նկատմամբ հետաքննություն սկսելու միջնորդությունները:

2002-ից մինչ օրս, ըստ տարիների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «թրքությունը վիրավորելու» հոդվածի պատճառով խոսքի ազատությունը ոտնահարելու համար Թուրքիայի դեմ քանի՞ հայցադիմում կա: Քանի՞ գործի արդյունքում ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ հոդվածը: Ըստ տարիների պետությունը ինչքա՞ն փոխհատուցում է վճարել պատված գործերի համար»: Գարո Փայլանն իր հարցադիմումը ներկայացրել է խորհրդարանի նախագահությանը՝ պատասխան ակնկալելով արդարադատության նախարարից:

Դիտվել է՝ 108

Մեկնաբանություններ