Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Բնակչությունը չի թիրախավորում կառավարությանը»

«Բնակչությունը չի թիրախավորում կառավարությանը»
18.01.2019 | 01:43

Երկրի սոցիալ-տնտեսական այս իրավիճակում, երբ գործազրկության մակարդակը խիստ բարձր է, դրան էլ գումարվում են օպտիմալացումների շղթան, մի շարք գործարանների փակման տխուր հեռանկարը, խոսել տնտեսական հեղափոխության մասին, մեղմ ասած, անլուրջ է թվում։ Լոռու մարզի բնակչությունը հայտնվել է խիստ ծանր վիճակում, քանի որ մարզի երկու հսկա գործարանները չեն աշխատում, հազարավոր մարդիկ մնացել են անգործ. խոսքը Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարաններիի մասին է։ Նախընտրական շրջանում նոր կառավարիչները վստահեցրին, որ մեկ ամսվա ընթացքում վերագործարկվելու է Թեղուտը, սակայն այսօր դեռ ոչ մի շոշափելի արդյունք չկա։ Իրավիճակի շուրջ զրուցում ենք այդ օրերին լոռեցիների հետ բանակցած վարչապետի խորհրդական, այսօր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։

-Նախընտրական շրջանում խոստացաք, որ մեկ ամսվա ընթացքում վերագործարկվելու է Թեղուտը։ Ի՞նչ եղավ։
-Ես նախընտրական խոստումներ ընդհանրապես չեմ տվել։ Մեր գլխավոր սկզբունքն է եղել՝ զրո խոստում։ Կառավարությունում ռուսաստանաբնակ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի, իմ, փոխվարչապետի, ՎՏԲ բանկի գլխամասի ղեկավար կազմի հետ հանդիպում է եղել, Թեղուտի հանքավայրը վերագործարկելու առնչությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այդ հանքն արդեն սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե «Վալլեքս» ընկերությանը, այլ ՎՏԲ բանկին, որին հիշյալ ընկերությունը պարտք է 380 մլն դոլար։ Կառավարությունն այս գործարքին իր համաձայնությունը տվեց, եղանք Ալավերդի քաղաքում, Նորիկ Պետրոսյանը քաղաքացիներին տեղեկացրեց, որ առաջիկայում նրանց ծանուցագրեր կփոխանցվեն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ։ Իմ խնդիրն էր ապահովել պարոն Պետրոսյանի կապը տեղի շահառու համայնքի բնակիչների հետ։ Այսօր խնդիրն այն է, որ «Վալլեքս» ընկերությունը դատական երկու հայցով դիմել է Ալավերդու դատարան, Լոնդոնի արբիտրաժային դատարան և Կիպրոսի դատարան առ այն, որ Թեղուտ ՓԲԸ-ում սկսվի սնանկացման գործընթաց։ Հայցադիմումի մեջ նշված է, որ սնանկացումից զատ ցանկացած այլ գործընթաց կհամարվի ապօրինի։ Դատարանը գործը վարույթ է ընդունել։ Երկրորդ հայցով էլ իբր Թեղուտ ՓԲԸ-ն «Վալլեքս» ընկերություններին պարտք է բեռնափոխադրման ծառայությունների դիմաց 2 մլն 100 հազար դրամ, այս իսկ պատճառով կալանք է դրվել Թեղուտ ՓԲԸ-ի հաշիվների վրա։ Այսօր ներդրողը Հայաստանում է, բանկը պայմանագիր է կնքել նրա հետ, սակայն դատարանը կալանք է դրել հաշիվների վրա, ուստի ներդրողը չի կարող նշանակել իր տնօրենին, աշխատողներին հետ կանչել աշխատանքի։
-Խոսքը հազարավոր մարդկանց աշխատանքի մասին է, այս իրավիճակում կառավարությունի չի՞ կարող միջամտել, որ գործընթացը շուտ հանգուցալուծվի, և մարդիկ վերադառնան աշխատանքի։
-Գործը դատարանում է, և կառավարությունը որևէ կերպ չի կարող միջամտել։ Սա մեր սկզբունքային, արմատական քաղաքականությունն է՝ չմիջամտել դատական իշխանության աշխատանքներին։ Տեխնիկական մասով հնարավոր ամեն ինչ անում ենք։
-Այսօր ալավերդցիները դժգոհում են հենց կառավարությունից, թիրախում կառավարությունն է, և ձեզանից են պահանջում խնդրի շուտափույթ լուծումը, իրենք իրենց խաբված են զգում։ Ի վերջո, այս ամենն իշխանություններին չի՞ անհանգստացնում։
-Տեղի բնակչությունը չի թիրախավորում կառավարությանը, հարցադրումը սխալ է։ Ես ծնվել, մեծացել եմ Ալավերդի քաղաքում, այնտեղ են իմ հարազատները և ընտանիքը, տեղի ակտիվ խմբի հետ հանդիպում եմ ունեցել, մարդիկ քաջ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում, գիտեն նաև դատական գործընթացի մասին։ Օրերս ցույց է եղել նաև դատարանի շենքի մոտ, քաղաքացիները հստակ ձևակերպել են իրենց պահանջները, որպեսզի վերացվի դատարանի սահմանած կալանքը։ Կա Թեղուտի վերաբացման նախաձեռնող խումբ, որի անդամների հետ մշտական կապի մեջ եմ, յուրաքանչյուր հանդիպումից հետո զանգում, զեկուցում են, թե ինչ է տեղի ունեցել։ Ինքս պարոն Պետրոսյանին հարցրել եմ, թե ինչ է պետք Թեղուտի վերաբացման համար, վերջինս ասաց, որ դատարանի կալանքը վերացնելուց հետո 40 րոպե ժամանակ է պետք, որ 1200 մարդու ընդունի աշխատանքի։ «Վալլեքս» ընկերությունը, փաստորեն, հնարավոր ու անհնար միջոցներով փորձում է խոչընդոտել Թեղուտի վերաբացմանը։ Հասկանում եմ, որ նրանք կորցրել են հանքը, բայց պիտի նաև գիտակցեն, որ իրենք 380 մլն դոլար վարկ բանկին չեն վերադարձրել, այս պահին պետք է թողնել, որ բանկը նոր ներդրող բերի, որպեսզի հանքը շահագործվի։ Սա 1200 մարդու աշխատանքի հարց է, ոչ թե արկածախնդրություն։
-Չկա՞ մի մեխանիզմ, որով կառավարությունը վիճող կողմերին հաշտեցնի, անգործ մնացած 1200 մարդիկ արդեն արտագաղթելու մասին են խոսում։
-Կա՞ մի օրինական մեխանիզմ, որով կառավարությունը կարող է ազդել դատական գործընթացի վրա։ Ո՛չ։
-Օրինական` ոչ, բայց մարդիկ չեն մոռացել նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Հայաստանում կա՞ մի դատավոր, որ կարող է իմ ասածը չանել։
-Դուք կոնտեքստից կտրում եք Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Նա ասում էր, թե մենք չենք շարժվի այն տրամաբանությամբ, ինչպես նախորդներն են արել։ Մենք մեզ թույլ չենք տա որևէ դատավորի զանգել։ Չենք միջամտելու դատավորների գործողություններին։
-Մարզում այլ խնդիր էլ կա, խոսքը Ալավերդու պղնձաձուլարանի մասին է, որը ևս չի աշխատում։ Ի՞նչ անեն մարդիկ, ինչպե՞ս ապրեն։
-Նախ` կրկին ընդգծեմ, որ Թեղուտի հարցով ամենօրյա աշխատանքներ ենք անում։ Դա մեր օրակարգային հարցն է։ Մեր, որ ներդրողի և բանկի մասով ամեն ինչ արված է, «Վալլեքս» ընկերությունը պետք է փորձի չխանգարել։ Հույս ունեմ շուտով կլինի դատական վճիռ, ու կտեսնենք` ինչ ընթացք կլինի։ Ներդրողները եղել են Թեղուտում, մասնագիտական ուսումնասիրություններ են կատարել, հստակ պատկեր ունեն, որ շատ տվյալներ, որոնք ներկայացվել են, իրականությանը չեն համապատասխանում, օրինակ, պոչամբարի սեյսմակայունության վերաբերյալ թվերը. նոր ներդրողը պատրաստ է ներդրումներ անելու, պոչամբարը բերելու պատշաճ տեսքի, այլապես երկրաշարժի դեպքում հնարավոր է բնապահպանական աղետ։ Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի խնդրին, հիշյալ 380 մլն դոլարի շրջանակներում այս պղնձաձուլարանը ևս գրավի տակ է։ Այսօր տնտեսավարողը դադարեցրել է արտադրական պրոցեսը։ Դեկտեմբերի 24-ին պետք է ծանուցագիր ուղարկվեր 630 աշխատակցի, որ աշխատանքային պայմանագիրը խզվում է, բայց երկարատև բանակցություն ունեցանք «Վալլեքս» ընկերության հետ, եկանք համաձայնության, որ ծանուցագիրը 2 ամսով հետաձգվի։ Ժամանակ ենք շահել, որ մարդիկ շարունակեն աշխատավարձ ստանալ, մինչև հարցը վերջնական լուծում ստանա։ Մեզ համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումը և հարկերի պատշաճ վճարումը։ Այլ շահ այս կառավարությունը չունի։ Ամեն ինչ անելու ենք, որ և՛ Թեղուտը, և՛ պղնձաձուլարանը վերագործարկվեն։
-Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենան ոչ միայն Լոռու մարզի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք զրկվել են աշխատանքից կամ աշխատանք չունեն, ե՞րբ կլինեն տնտեսական շոշափելի տեղաշարժեր։
-Նոր կառավարությունը խոստանում է, որ կոռուպցիոն որևէ մեխանիզմների մեջ ներգրավված չի լինի, պետական պաշտոնը հարստացման միջոց չի դիտարկի, իսկ քաղաքացու վճարած հարկերը ծառայելու են նպատակին։ Ինչ վերաբերում է գործարանների խնդրին, նախընտրական շրջանում «Վալլեքսի» գործողությունները որակել եմ նոր իշխանության հանդեպ քաղաքական շանտաժ։ Հույս ունեմ, որ այդ ընկերությունը կգա կառուցողական դաշտ։ Ընդհանրապես ներդրումների ներգրավման համար երեք բաղադրիչ է կարևոր՝ կոռուպցիայի դեմ ոչ իմիտացիոն պայքար, ազատ շուկայական հարաբերություններ, մենաշնորհի վերացում։
-Իսկ այդ պայքարն ընտրողաբար չի՞ իրականացվում։
-Ոչ, որովհետև կոռուպցիոն բացահայտումներում հայտնվում են մարդիկ, որոնք նախկինում ներգրավված են եղել այդ ամենում։ Եթե ներկայիս պաշտոնյաներից մեկին կմատնանշեք, սիրով կզբաղվեմ Ձեր նշած տեղեկությամբ։ Ներդրումների ներգրավման համար նաև էական է անկախ դատական համակարգը։
-...որն այսօր կայացած չէ։
-Դատական համակարգն անկախ է, բայց մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ նոր Հայաստանում ապրում ենք նախկին բարքուվարքերով։ Այս մասով մեծ փոփոխությունների ակնկալիքներ ունենք։
-8-9 ամիս հայտարարում եք, որ կոռուպցիա, մենաշնորհ չկա, փայ չեք մտնելու ոչ մեկի հետ, բայց ներդրումներ այդպես էլ չեն լինում։
-Համաձայն չեմ, թե ներդրումներ չկան։
-Ավելին, ներդրումների ծավալի կրճատման մասին ևս հայտարարվում է։
-Չեն կրճատվել։ Նկատի ունեք վրձնով նկարած թվե՞րը, ինչի մասին ՀՀԿ-ն խոսում է։ 2017-ին Հայաստանի պետական պարտքն աճել է 883 մլն դոլարով։ Եթե այդքան գումար վերցնես ու կամայական բաժանես քաղաքացիներին, այդ գումարը շրջանառվելու է տնտեսության մեջ, ու դա առնվազն 9-տոկոսանոց աճ կապահովի։
-Դուք երաշխավորում եք, որ այսուհետ պետական պարտք չե՞ք վերցնելու։
-Չեմ երաշխավորում, ուղղակի փաստում եմ, որ 2018-ին Հայաստանի պետական պարտքը աճել է 0 դոլարով, այսինքն, մենք պետական պարտք չենք վերցրել, ավելին, 60 մլն դոլարով պակասեցրել ենք։ Մենք չենք պատրաստվում 1 մլրդ դոլար տարեկան ավելացնելով թվեր նկարել։


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ