Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում Ղուկ. 23;34

Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում Ղուկ. 23;34
18.01.2019 | 00:22

Կուսական արգանդում մարմնացած Աստված պետք է ծնվեր Սուրբ Կույս Մարիամից, պետք է դառնար մարդկության զարմանքը և օրինակը առաքինության ու սրբության, պետք է չարչարվեր ու խաչվեր մարդկանց ապերախտության ու անօրենությունների համար և թաղվեր ու երրորդ օրը հարություն առներ:


Մեր Փրկիչը որպես օրինակ եղավ մեզ համար Իր իսկ ապրած կյանքով: Բժշկեց մեզ մեր հիվանդություններից, ներեց մեր մեղքերը՝ սրանով ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի Քրիստոսին ճշմարտապես հավատացողը: Այն ամբոխը, որ Տիրոջ հետևից էր գնում, զարմանում Նրա կատարած հրաշքներով, գոռում էր՝ «Օվսա՜ննա, փառք Աստծուն բարձունքներում», որոշ ժամանակ հետո մի քանի գրոշի դիմաց պիտի գոռար. «Խա՛չը հանի՛ր դրան, խաչը հանի՛ր»: Մարդու ապերախտությունը սահման չունի, մենք կարող ենք մարդկանց օգնել, աջակցել, նրանց երեսին ժպիտներ հայտնվելու աստիճան, բայց երբ մի փոքր մարդկայնորեն սխալվես, երբեք չես արժանանա ներման, իսկույն մատնացույց կանեն, կչարախոսեն, կփորձեն տապալել քեզ, այսինքն` կխաչեն: Սա իհարկե առաջնահերթ վերաբերում է քահանաներին, հետո բոլոր քրիստոնյաներին: Մենք չպետք է ուրախանանք, երբ մարդիկ մեզ գովում են, այլ Աստծուց խոնարհություն և իմաստություն պետք է խնդրել, որպեսզի չհպարտանանք ու չընկնենք անկյալ հրեշտակների պես, քանզի հրեշտակից հրեշի վերածվելը մի քայլ է: Սուրբ հայրերից մեկն ասել է. «ՈՒզում ես թշնամիդ կործանվի, գովի՛ր նրան», սա պարզ ճշմարտություն է:


Երբ մենք մարդկանցից գովեստ ենք ստանում, մեծարվում ենք, պետք է այն գիտակցումը ունենանք, որ երբ պահը գա, կամ երբ մենք սայթաքենք, այս նույն մարդիկ, մոռանալով այն բարիքները, որ մենք արել ենք, մեզ համար էլ կգոռան. «Խա՛չը հանիր»: Այս գիտակցումով, քահանա, թե աշխարհական քրիստոնյա, ապրելով պիտի ապրեցնի՝ պատրաստ լինելով ցանկացած փորձության, ինչպես Պետրոս առաքյալն է ասում. «Չարը մռնչում է առյուծի նման ու փնտրում է, թե ում կուլ տա», իսկ հանրահայտ ֆիզիկոս Նիկոլա Տեսլան ասել է. «Եթե մարդիկ տեսնեն, թե ինչ է շրջապատում իրենց, ահից կմեռնեն»: Սակայն, այս ամենից զատ, մեզ խաչողների՝ բամբասողների, չարախոսողների, վատաբանողների, չարիք պատճառողների համար պարտ է, որ աղոթենք՝ ունենալով այն գիտակցումը, որ այս տեսակ մարդիկ խաբված են չարից ու նրա կամքն են կատարում: Այսպես վարվեց նաև Քրիստոս խաչի վրա՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:
Անշուշտ, բարձր առաքինություն է մարդու համար, երբ նա աղոթում է իրեն չարիք պատճառողների համար՝ ի սրտե ներելով նրանց, բայց Հիսուս ասում է. «Եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների»,- և Տիրոջ կողմից մեզ սովորեցրած Տերունական աղոթքի մեջ ասում ենք. «Եվ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»:


Քրիստոսի հանդեպ ունեցած ճշմարիտ հավատը արտահայտվում է ներողամտությամբ, սիրով ու բարի գործերով: Մեր փրկագործության համար, խորհե՛նք, մաքրե՛նք մեր սրտերը ամեն տեսակ մեռելոտի մեղքերից, ոխակալությունից, հաշտվե՛նք՝ ում հետ թշնամացել ենք, ներե՛նք նրանց, ովքեր մեր հանդեպ անազնիվ են եղել, չհատուցենք ըստ իրենց արածների, հաշտվենք ինքներս մեր և Աստծո հետ, խոստովանենք մեր մեղքերը, երկյուղով մոտենանք Սուրբ Հաղորդությանը և, Քրիստոսին մեր մեջ առնելով, այս անօրեն աշխարհում ապրենք որպես բարեպաշտ քրիստոնյաներ: Սա այն փոքրիկ մասնիկն է, որով մենք հնարավորինս պետք է նմանվենք Քրիստոսին:


Շատ դժվար է անօրենություններով լեցուն աշխարհում լինել արդար, որովհետև արդարությունը շատ ցավ ու զրկանք է պահանջում, սակայն պտուղը հավիտենական կյանքն է, սա «նեղ դուռն է, որ դեպի կյանք է տանում»: Հիսուս, որպեսզի ցույց տա մեզ հավիտենական կյանքի ուղին, ասում է. «Երբ կինը պիտի ծննդաբերի, տրտմություն է նրա համար, բայց երբ ծծնդաբերեց, այլևս չի հիշում իր ցավերը»,- այսպես է այս աշխարհը Քրիստոսի հետևից գնացողների համար, բայց ելքը հավիտենական բերկրալից կյանքն է, որտեղ չեն հիշվելու այս աշխարհի ցավերը, սրան էին ունկնդիր նահատակ սուրբ հայրերը, ճգնավորները և սուրբ վարդապետները, և սրան պետք է ունկնդիր լինի այսօրվա քրիստոնյան։


Տեր Ահարոն քահանա
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ