Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այգի» հասկացությունը երանելի ու ցանկալի միջավայր է երազանքի, կարոտի, մեռնելու և համբառնալու համար»

«Այգի» հասկացությունը երանելի ու ցանկալի միջավայր է երազանքի, կարոտի, մեռնելու և համբառնալու համար»
18.01.2019 | 02:33

Գրող, լրագրող ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա օրերս լույս տեսած՝ «Սադի տակի շենքը» գրքի մասին: Արձակագիրը պատմում է «Սադի տակի շենքի» մասին, որը երկրաշարժից հետո այլևս գոյություն չունի, գրող-ընթերցող ուղղակի ու անուղղակի կապի մասին, փախուստների, դատարկության ու սիրո մասին:

-Ինչպե՞ս ծնվեց գիրքը, ի՞նչ գործեր են տեղ գտել, ինչպե՞ս եք կատարել ընտրությունը:
-Գիրքը, ըստ երևույթին, ծնվել է ինձ հետ: Յուրաքանչյուրը, ով գրիչ բռնելու հանդգնություն է դրսևորում (չասեմ՝ ցանկություն), գոնե մեկ անգամ կամ պարբերաբար ունենում է ներքին ճնշում՝ անդրադառնալու իր կենսագրությանը։ Բայց... ինչպե՞ս անդրադառնալ՝ չդառնալով սոսկ կենսագիր։ Թերևս, գաղտնիքն այս էր, որ, երբ մի օր վերջնականապես հասկացա, որ գրելու եմ, հրճվանքից գժվում էի. ես գտել էի ապագա այդ գրքիս վերնագիրը՝ «Սադի տակի շենքը»։ Շենք, որը երկրաշարժից հետո այլևս գոյություն չունի: Միանգամից մի քանի ենթիմաստ բացահայտող գաղափարի հիմք էր ինձ համար, որ մեկ ամսում, առանց տարակուսումների, իրականացրի։ Իմ մանկության դեռահաս շրջանն անցել է Վանաձորի կիրովականյան ծաղկուն ժամանակի մի պարտեզում՝ Դիմաց թաղամասի Սադի փեշի տակ։ Այս իրողությունը մինչ օրս դրախտի զգացողություն է ինձ պարգևում։ Մարդկության նախաստեղծ օրվանից «այգի» հասկացությունը երանելի ու ցանկալի միջավայր է երազանքի, կարոտի, մեռնելու և համբառնալու համար։ Ինչպե՞ս կարող էի ես չօգտվել այդ քնքուշ օրորոցի անմոռաց մեղեդիներից. ի սկզբանե երաժշտության պես ինձ երազված հնչյունների վրա էլ սկսեցի «նվագել»: Մանկությունս, նրա ամենակարևոր դրվագները, ամբողջացումն ու բովանդակային կուլմինացիան, որ սիմֆոնիայի հնչողությամբ ամեն գիշեր աչք կպցնելու կարողությունից զրկում էր ինձ ու առավոտյան նետում համակարգչի մոտ։ Բառացիորեն յուրաքանչյուր հատված գրում ու տեղնուտեղը զետեղում էի ֆեյսբուքյան իմ էջում։ Արձագանքները սպասածիցս ավելին էին։ Ես ձեռք բերեցի հավատարիմ ընթերցողներ, որոնք մեկ անգամ չէ, այլ մի քանի անգամ էին կարդում ու պահանջում, որ նորից ու նորից մատուցեմ իմ պատմությունները: Ես միանգամից պահանջված հեղինակի վստահություն ձեռք բերեցի ինքս իմ աչքում։ ՈՒ իմ չափազանց ինքնախստապահանջությունը չկարողացավ հաղթել այդ վստահությանը։ Պատումների շարքում առաջինը գրվածը «Պադվալի Մարուսն» է, որը «Գրանիշ» գրական համայնքի և «Անտարես» հրատարակչության համատեղ կազմակերպած «Արձակ-2014» մրցույթում ընդգրկվեց հաղթողների ցանկում։ Գիրքն ամբողջությամբ բաղկացած է 21 պատմվածքից, որոնք բխում են մեկը մյուսից, սակայն տեղերը փոխելու դեպքում էլ չեն կորցնում իրենց շղթայականությունը։ Սա վեպի կառուցման իմ նորամուծությունն եմ համարում ու հրճվում եմ այդ փաստով, ինչպես իմ գրքի հերոսուհի-մանուկ պատմիչը։ Ես հաճախ եմ նրա հետ նույնանում, անգամ իմ այս ոչ երեխայական տարիքում։ Երջանիկ եմ, որ նույն «Գրանիշ» հրատարակչությամբ էլ, օրհնության պես, տպագրվեց գիրքը։ Խմբագիրը Հասմիկ Հակոբյանն է։ Նրա ճաշակավոր ընտրությամբ էլ ձևավորվել է այն ստեղծագործական թիմը, որի հոգատար ձեռքերում մանկությանս «Սադը» վերածնվել է։ Նկարիչը երիտասարդ ձևավորող Սոֆյա Թադևոսյանն է: Նա աշխատում է ջրաներկով, ու գուցե դա է պատճառը, որ այդքան հյութալի ու շնչուն է ստացվել շապիկի պատկերը։ Նրա գրաֆիկական աշխատանքներից ընթերցողը կգտնի նաև գրքի էջերում։ Ապշելու նմանություն ու հոգեվիճակ եմ գտել դրանցում։ Թերևս, ոչինչ պատահական չէ, քանի որ, երբ Հասմիկ Հակոբյանը նրան առաջարկել էր նկարել, չէր իմացել, որ Սոֆյան նույնպես վանաձորցի է։ ՈՒ երկուսիս համար էլ բացահայտում էր այդ փաստը՝ Սոֆյայի տաքուկ ոգևորությունը՝ թալիսմանի պես արթնացնելու փոքրիկ, քչացող քաղաքի սիրտը՝ նաև իր մատների հպումով… Շնորհակալություն պիտի հայտնեմ նաև Էդիկ Պողոսյանին, որը սիրով համաձայնեց շապիկի ձևավորումն անելուն, ու վերջապես, էջադրումն իրականացրած Նառա Վարդանյանին ու սրբագրիչ Լիլիթ Պողոսյանին։ Գրքի շնորհանդեսը նշանակված է հունվարի 19-ին, «Զանգակ» գրատանը: Սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին։
-Անուշ, ո՞վ է մեր օրերի ընթերցողը, բոլորն այնքան են քաղաքականացված, թվում է՝ տեղ ու ժամանակ չի մնում գրականության համար, բայց պարզվում է՝ մնու՞մ է…
-Երբ գրում ես, դու հեռու ես այն արժևորումից, թե գրականություն ես ստեղծում։ Անկեղծորեն՝ նախանձում եմ այն գրողներին, որոնք իրենց գնահատում են արդեն որպես դասականի կամ սկսնակ ու հասուն գրողների աստիճանավորման քանոն-սանդղակ ունեն։ Ես չգիտեմ՝ ի՞նչ է իմ գրածը։ Ինձ դուր է գալիս, որ ինձ կարդում են ու արձագանքում, ու որ ես ուշադրության եմ արժանանում։ Այո, այս չափազանց քաղաքականացվածության պայմաններում: Ինչը նշանակում է, որ դու ունես ժամանակի ամենից զորեղ մրցակցին՝ հեշտ ու դյուրամարս դատողությունների այլընտրանքը՝ ի դեմս քաղվերլուծությունների։ ՈՒ եթե մարդիկ թողնում են այդ հեշտը ու «վազում» են դեպի քեզ, ուրեմն արժանի ես։ Այսօրվա ընթերցողը… բոլորն են։ Մարդիկ կարդում են նույն չափով, ինչ խորհրդային ժամանակներում, պարզապես գիրքը հիմա դարձել է մատչելի, գրողը՝ մատչելի համացանցի շնորհիվ։ ՈՒ տպագրվելուն շատ ժամանակ հերթ չի հասնում, իսկ եթե հասնում է, իրացումն արդեն դժվարանում է։ Այս առումով մեծ խնդիր է առաջանում. գրողը միշտ կմնա չվաստակող խավը. գոնե Հայաստանում։ ՈՒ դա տխուր իրողություն է։ Գրողին միշտ «պահող-խնամող» է հարկավոր: Ես ունեմ՝ հանձինս ամուսնուս ու դստրիկներիս, որոնք ըմբռնումով են վերաբերվում իմ «ձախ» քայլերին։ Մշակույթի նախարարության աջակցությամբ է տպագրվել գիրքս, ու, ես, առիթից օգտվելով, նշեմ, որ առաջին երևանյան բուքֆեստի կազմակերպիչների, գրքիս խմբագրի շնորհիվ է, որ տպագիր վեպ-էսսես որպես իրողություն արդեն գոյություն ունի։
-Անուշ Սարգսյանին ճանաչողները կճանաչեն նրան նաև գրակա՞ն գործերում:
-Անշուշտ, կճանաչեն։ Ես ոչ միայն «Սադի տակի շենքը», այլև հետագա գրեթե բոլոր գործերս գրել եմ առաջին դեմքով։ Սա չի նշանակում, թե դրանք բոլորը ինքնակենսագրական են, բայց այդպես ավելի հոգեհարազատ կերպարներ եմ կարողանում ստանալ։ Ընթերցողը հուզվում է, ժպտում ու ծիծաղի միջից լալիս կամ լացի միջից ծիծաղում: Դրանք առաջին անկեղծ ու կողմնորոշիչ արձագանքներ են, որ ինձ ուղղորդում են գրելը շարունակելուն։ Ես սիրում եմ իմ մասին պատմել, ընթերցողն էլ սիրում է լսել. ուրեմն՝ ի՞նչ խնդիր։ Բացառությամբ մի պահի որ, երբ դու որևէ դրամատիկ դրվագ ես ներկայացնում, ընթերցողները ձեռքերդ շոյելու համար պարզած գալիս են քեզ ցավակցելու։ Երբեմն խղճահարություն ես որսում՝ ապրումիդ դիմաց։ Դա միշտ չէ, որ հանգիստ եմ տանում ու ֆեյսբուքում կարգավիճակ եմ գրում այդ մասին, որ պետք չէ ցավակցել հեղինակին։ Հեղինակն ընդամենը միջոց է՝ մարդու ցավը, միտքը փոխանցելու։ Երբեմն կոշտ եմ ասում ու շնորհակալ եմ, որ չեն նեղանում ինձնից։ Սա այն գինն է, որ գրողը ստանում և կորցնում է միաժամանակ… Գրելու դիմաց, զարմանալի չէ, որ թանկ ես վճարում:
-Ովքե՞ր են Ձեր հերոսները, ինչպե՞ս են ծնվում պատմությունները: Դուք, թվում է, գրում եք Ձեր մասին, բայց կարդում-տեսնում ենք մեր քաղաքը, մեր քաղաքում, մեր երկրում ապրող մարդկանց, տեսնում ենք ինքներս մեզ: Իրականում գրելիս` ինքներդ Ձեր մասի՞ն եք խոսում, ինքներդ Ձեզ հետ, սպիտակ թղթի (ինչպես ընդունված է ասել), թե՞ երկխոսում եք ընթերցողի հետ:
-Ես չունեմ կանխորոշած սահմաններ։ Իհարկե, թեմաներ կան, որ զարգացման փուլում են իմ մեջ, ու ես նրանց արթնանալու պոռթկումը դեռևս կափարիչի տակ եմ պահում։ Դրանք այն թեմաներն են՝ շատ նրբին, որոնց մասին ընթերցողը ամաչում, զգուշանում է բարձրաձայն ասել, բայց ցանկանում է կարդալ։ Կարդալ՝ ուրիշի տեսանկյունով, ուրիշի մաղով անցկացված։ Ընթերցողը հաճախ ուզում է այդկերպ հուշումներ, պատասխաններ գտնել։ Այս առումով, գրողը, ինչ-որ չափով, հոգեբանի դեր է ստանձնում, ու շարունակ զարգանալը փիլիսոփայության ու տարբեր գիտությունների ուղղությամբ գրողի համար պիտի անվերջ գործընթաց դառնա։ Երբ «Սադի տակի շենքի» պես մի օր այդ թեմաներն էլ կպայթեն իմ ներսում այնպես, որ բեկորները դուրս կթռչեն անկախ իմ կամքից, անշուշտ, դրանց կանդրադառնամ։ Իմ հաջորդ գիրքն արդեն պատրաստ է՝ թեմատիկ ամբողջականության առումով. նրանում կլինեն իմ մի վիպակը և պատմվածքներ, որոնցից բավական թվով հրապարակվել են գրական կայքերում և տպագիր պարբերականներում։ Ես երբեք իմ առջև նպատակ չեմ դնում ամեն գնով հասնելու ինչ-որ կետի. միշտ մտքումս զսպում եմ հնարավոր անհամեստին, որից կա յուրաքանչյուր մարդու ներսում։ Ասում եմ ինքս ինձ. «Եթե արժանի է, թող լինի»։ Այս սկզբունքը դեռևս ինձ չի դավաճանել։ Ես էլ իրե՛ն չեմ դավաճանի։
Եթե պահը գա, ու հաջորդ գիրքս նույնպես արժանանա գրական շրջանակների ուշադրությանը, սիրով կհանձնեմ տպագրության։ Ես չէի ուզենա, որ երբևէ, բազում տխուր ճակատագրերով գրքերի պես, իմ գիրքն էլ մնար դարակներին ու փոշոտվեր չպահանջվածությունից։ Նման «հավակնություններից», փա՜ռք Աստծո, ձերբազատված եմ։ Մասնագիտությամբ լրագրող եմ, ու ցանկացածս պահին գրելու պահանջը, ո՛չ գրականության հաշվին, կարող եմ բավարարել։
-Անուշ, երբեմն Ձեր անավարտ գործերը տեղադրում եք սոցցանցում, կարո՞ղ է պատումի ընթացքը փոխվել ըստ արձագանքի:
-Երբևէ նման փորձ չեմ ունեցել։ Երբ սկսում եմ գրել, արդեն որոշակի կառուցվածքով ու որոշակի հնչողական նոտագրությամբ ունենում եմ մտքումս։ Շեղումները կնշանակեն տվյալ մտահղացումը ձախողել։ Բայց կարելի է փորձել, ինչու՞ ոչ։ Դա նույնպես հետաքրքիր կլինի։
-«Մայրս» պատմվածքում ասում եք. «Էներգիան, շունչը, ոչինչ չի կորչում բնության մեջ, չի անհետանում, չի չքանում՝ փոխակերպվում է մի տեսակից մյուսի: Փախուստները նույնպես էներգիա են թողնում: Դատարկության ու խժռանքի ուտիճների նման, որ ծայրից ծայր կարող են ամայացնել»:
Անուշ, արտագաղթին ինչպե՞ս եք վերաբերվում: Գնում են ու շատ հաճախ շարունակում են «ապրել» Հայաստանու՞մ: Գնում են, ու աննկատելի ինչ-որ սահմա՞ն է գծվում գնացողների ու մնացողների միջև:
-Արմինե, Դուք զարկերակներից մեկին դրեցիք շեշտը. ես հիշեցրել եմ ֆիզիկայի գլխավոր օրենքներից մեկը։ Այո, սահման գծվում է, բայց նայած՝ երբ է այդ սահմանը անջատում, երբ՝ կամրջի դեր ստանձնում։ Մարդը իր գոյությամբ այնպիսի արարած է, որ ներքուստ ամենից ապշելու թրթիռներն է զգում. նա միշտ հասկանում է, թե իր որ քայլն է լավը, որը՝ վատը։ Երբ, հեռանալով, անասելի կարոտ է զգում, թերևս, արդեն զղջում է ենթագիտակցորեն, բայց չի ուզում խոստովանել։ ՈՒ ինքնակեղեքման լարով կարոտի ակոսներ է անվերջ բացում իր սրտին. դա ծանր է նստում թե իր, թե հարազատների, թե երկրի վրա։ Ժամանակն է վերջ տալու նվնվացող կարոտակեզին. ժամանակն է սթափվելու։ Մարդը միայն սպառողական նպատակներով չէ, որ ապրելու է կոչված։ Ինչպես կասեր Տարկովսկին. «Մենք ստեղծված չենք երջանկության համար. կան բաներ, որ ավելի կարևոր են»։
-Մնացողների մասին… «Ես եմ տերը իմ երկրի» լոզունգն իրատեսակա՞ն է:
-Կարևորը տիրոջ զգացում ունենալն է։ Հեռվում էլ կարելի է ունենալ այդ զգացումը, ինչպես և, լինելով ներսում, զուրկ լինել այդ զգացումից։ Ընկալման, մարդու մտակերտվածքի ու հոգեկերտվածքի մասշտաբից է կախված, ըստ իս։
-«Չմեռնես երբեք» պատմվածքում, և ոչ միայն, ինչպե՞ս է հաջողվում կյանքի առօրյա, թվում է` ոչնչով աչքի չընկնող անցուդարձի միջոցով վեր հանել կյանքի ողբերգական կողմերը: Հետո նորից կյանքի ընթացքը ընթանում է թեթև, առօրյա, անուշ հունով:
-Չգիտեմ, բայց հաճելի է լսել, որ ես, գուցե, ունեմ այդ շնորհը:
-Գիտե՞ք, որ պահն էր հետաքրքիր. դստեր կորուստը տեսած կինը գնում է հոգեբանի մոտ, բայց անծանոթ կնոջ հետ խոսելուց հետո նա հոգեբանի կարիք չի էլ զգում: Կենդանի շփման, կարեկից խոսքի կարիքը շա՞տ է մեր օրերում: Թեև գոնե սոցցանցերում թվում է շփման պակաս չկա:
-Շատ է։ Բայց Ֆեյսբուքը, որքան էլ որ գործոն է դարձել, ունի մի կարևոր թերություն. խաբուսիկ է շատ և մակերեսայնության տարածման մեծ պոտենցիալ ունի։ Ավաղ։
-«Մեծ կեսարյան պարտություն» գործում ասում եք. «Հիշու՞մ ես, ասել եմ. կնոջ կյանքը կրծքի պատմություն է որ կա: Այդտեղ է ապրում կինը… Նա իր կրծքով է Կեսարինը տալիս Կեսարին, իսկ Աստծունը՝ Աստծուն»: ՈՒ չե՞ն տուժում մեկը կամ մյուսը, գուցե լրացնու՞մ են:
-Նույն մարդու մեջ միաժամանակ կան երկուսն էլ։ Էլ չասեմ՝ կնոջ մեջ։ Լրացնում են։ Խնդիրը չափաբաժինների հարաբերակցությունն է։ Սա է հարցերի հարցը, թե՝ ինչպե՞ս դրանք բաշխել։
-Ես հաճախ եմ այս հարցը տալիս` անունը ճակատագիր ունի՞: Գովասանք չհնչի, բայց ձեր անունը կարծես բնորոշ է ձեր տեսակին, նաև Ձեր գրական գործերին: Կարդալիս ինձ թվում էր` տեսնում եմ ժպտացող հեղինակին:
-Շնորհակալ եմ, Դուք արդեն գովասանքի պես հնչեցրիք, Արմինե ջան։ Նայած՝ ում շուրթերից է հնչում։ Սակայն, պարբերաբար, իմ անունը դադարում է ինձ համար մակդիր լինելուց։ ՈՒ երբ անվանս կողքին, որպես հավելում, ավելացնում են այդ ածականը, ես ասում եմ՝ ավելի օրիգինալ չե՞ք կարող լինել (ժպիտ-հեղ.)։ Գոնե մի՜ քիչ…


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ