Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանում Ալիևին հակակշռող ընդդիմություն լինի»

«Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանում Ալիևին հակակշռող ընդդիմություն լինի»
22.01.2019 | 03:04

Բաքվում վերջին օրերին ընթանում են ընդդիմության հանրահավաքներ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և լրագրողների։ Դրանց մասնակցում են հազարավոր մարդիկ։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել կոռուպցիայի դեմ պայքարող Մեհման Հուսեյնովին, որին դատապարտել են երկու տարվա ազատազրկման Ադրբեջանի նախագահ Ալիևի կնոջը փոխնախագահ նշանակելու կապակցությամբ մի տեսանյութ հրապարակելուց հետո։


Ցույցերը կազմակերպել են Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, «Մուսավաթ» կուսակցությունը, ինչպես նաև ընդդիմադիր այլ ուժեր։ Ընդդիմադիրները, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին զուգահեռ, բարձրացնում են բյուջեից օֆշորային հաշիվներին փոխանցված գումարների վերադարձի խնդիր։
Նշենք, որ բլոգեր, 26-ամյա լրագրող Մեհման Հուսեյնովը ազատազրկման է դատապարտվել ոստիկանությանը զրպարտելու համար։ Երեք շաբաթ առաջ նա հայտարարել է հացադուլ՝ ի նշան իրեն առաջադրված նոր մեղադրանքի, ըստ որի, լրագրողը իբր ծեծի է ենթարկել քրեակատարողական հիմնարկի աշխատողին։ Եթե չլիներ այս նոր մեղադրանքը, ապա 2019 թ. գարնանը Հուսեյնովը պետք է ազատ արձակվեր։ Այս նոր գործը բլոգերի ազատազրկումը կարող է երկարաձգել 5-7 տարով։


Ավելի վաղ ի պաշտպանություն Հուսեյնովի մի խումբ լրագրողներ և ակտիվիստներ հայտարարել էին հացադուլ։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ սրանք վերջին տարիներին Ադրբեջանում անցկացված ամենազանգվածային ցույցերն են։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 2800 մարդ, ընդդիմության տվյալներով, մասնակիցների թիվը հասնում էր 20 հազարի։


Հանրահավաքի մեկնարկից 15 րոպե անց ոստիկանությունը փակել էր մարզադաշտի մուտքը, որտեղ անցկացվում էր հանրահավաքը։ Արգելափակվել էր համացանցը՝ կանխելու համար ուղիղ հեռարձակումը։ Իրենց ելույթներում ցուցարարները քննադատում էին երկրի իշխանություններին, խոսում կոռուպցիայի, տնտեսական վատ վիճակի, մարդու իրավունքների խախտումների մասին։ Նրանք սուր քննադատության էին ենթարկում իշխանություններին՝ Արցախյան հարցի շուրջ Ադրբեջանի կառավարության չափազանց խաղաղասիրական դիրքորոշման համար։


Հաջորդ հանրահավաքը, ընդդիմադիրների հայտարարմամբ, հրավիրվելու է հունվարի 26-ին։
«Արևելք» վերլուծական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքով` այն, ինչ հայկական մամուլն է ներկայացնում Բաքվի ցույցերի առնչությամբ, ավելի շատ ցանկությունների, քան իրականության տիրույթից է։ «Հայկական մամուլը Բաքվի դեպքերը շատ ուռճացված է ներկայացնում: Կանխատեսում են Ալիևի իշխանության վերջը։ Իրականում այդպես չէ։ Ավելի շատ այդ հանրահավաքներում սոցիալական խնդիրներ են բարձրացվում։ Տեղի ունեցողը ոչ թե քաղաքական, այլ սոցիալական շերտ ունի։ Մյուս կողմից, պետք է ասել, որ Ադրբեջանում արևմտյան ուժերը հստակ ուժեղացել են և ըստ էության ավելի բացահայտ են գործում։ Բլոգերի հարցը փորձել են դարձնել քաղաքական խնդիր։ Տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Արևմուտքը Բաքվում շատ հզոր ընդդիմություն է ցանկանում ունենալ։ Որքանով կհաջողվի, դժվարանում եմ ասել։ Բայց այն, որ ներկա պահին ընդդիմությունը քաղաքական առումով շատ թույլ է և առայժմ որևէ լուրջ սպառնալիք չի կարող լինել Բաքվի իշխանությունների համար, հստակ է»,- ասում է Գևորգ Մելքոնյանը և մատնանշում, որ Ադրբեջանում ընդդիմության հզորացումը Հայաստանի համար շատ լուրջ խնդիր է։ «Շատ կարևոր է Հայաստանի համար, որպեսզի Ադրբեջանում Ալիևին հակակշռող ընդդիմություն լինի, կապ չունի՝ ռուսամետ, թե արևմտամետ։ Եվ եթե Ալիևն ունենա մեծ ընդդիմություն, ապա նա դժվար թե գնա լուրջ ռազմական գործողությունների, քանի որ հասկանալու է, որ իր յուրաքանչյուր ոչ ճիշտ քայլ, յուրաքանչյուր վրիպում ու պարտություն հանգեցնելու է իշխանափոխության։ Այնպես որ քաղաքական առումով մեզ ձեռնտու է, որպեսզի այս երկրում լինի հակակշիռ իշխանություններին»։


Շատ է խոսվում այն մասին, որ ներքաղաքական անկայունությունը ճնշելու համար Ալիևը կգնա սահմանին ռազմական գործողությունների հրահրման։ Ըստ պատմաբանի՝ նման հեռանկարը քիչ հավանական է։ Ի դեպ, նույն թեման միշտ արդիական է դառնում նաև Հայաստանում քաղաքական անկայունության ժամանակ։ «Բաքվի հետ կապված ռազմական գործողություններն առանց արտաքին համաձայնության բացառվում են։ Միայն ներքաղաքական իրավիճակով թելադրված՝ ոչ մի պետություն չի կարող ռազմական գործողություններ սկսել, դրա համար անհրաժեշտ է ստանալ արտաքին համաձայնություն։ Այլ հարց է, որ ներքաղաքական իրավիճակի լարումը և արտաքին քաղաքականության դաշտում Արցախի հարցում ռազմական գործողությունների շուրջ համաձայնության գալը համընկնեն, և մի կրակոցով երկու նապաստակ հաջողվի որսալ՝ շեղելով ներքաղաքական տրամադրությունները, ինչպես նաև Արցախի հարցում ունենալ հաջողություններ։ Սա մեզ համար վատագույն սցենարն է»,- նշեց Գևորգ Մելքոնյանը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ