Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թերեզա Մեյը մերժում է, իսկ բրիտանացինե՞րը

Թերեզա Մեյը մերժում է, իսկ բրիտանացինե՞րը
22.01.2019 | 15:30

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյտ, փորձելով համոզել Համայնքների պալատի պատգամավորներին իրավիճակը փակուղուց հանել և քվեարկել հօգուտ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի, մերժեց երկրորդ հանրաքվե անելու կոչերը և ոչինչ չասաց իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների հնարավորության մասին: Երեքշաբթի օրը Համայնքների պալատում Թերեզա Մեյը երկու անգամ կրկնեց, որ երկրորդ հանրաքվեի առաջարկն իր կարծիքով մեծամասնություն չի հավաքի և ԵՄ-ից հախուռն դուրս չգալու ամենառեալիստական հնարավորությունը մարտի վերջին` հավանություն տալն է ԵՄ-ի հետ իր բանակցած համաձայնագրին: Երկուշաբթի վարչապետը պաշտոնապես նորից ներկայացրեց համաձայնագիրը Համայնքների պալատի քվեարկությանը` անցած շաբաթ ռեկորդային ձայներով մերժելուց հետո: Խորհրդարանը Մեյին պարտավորեցրեց պայմանագրի նոր տարբերակ առաջարկել, բայց փաստացի դա անհնար է, որովհետև ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ չի վերանայելու փաստաթուղթը: Նոր քվեարկությունը նշանակված է հունվարի 29-ին: Թերեզա Մեյը խոստացել է, որ մինչ այդ կբանակցի բոլոր կուսակցությունների, հետո` Բրյուսելի հետ: Թերեզա Մեյի եույթում, որ նկարագրում էր իրադարձությունների զարգացման տարբերակները, խոսուն բացակայում էր մեկ կետ` նրա հրաժարականի ու արտահերթ ընտրությունների հնարավորությունը պայմանագրի երկրորդ (գուցե նաև` երրորդ) ձախողումից հետո Համայնքների պալատում: Մինչդեռ այդ տարբերակը` ԵՄ-ից դուրս գալու ժամկետի պաշտոնական հետաձգումով, ակտիվ քննարկում են քաղաքական գործիչներն ու քաղաքագետները: Մեյի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների կոչ է անում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Կորբինը:


Այդ քվեարկությունից առաջ պատգամավորները մտադիր են քննարկել մի քանի նախագծեր, որոնց նպատակը ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական հետաձգումն է ու բրեկզիտի վերահսկողությունը Համայնքների պալատին հանձնելը:
Նախագծերից մեկն առաջարկում է ԵՄ-ից դուրս գալը մարտի 29-ից հետաձգել տարեվերջ և Համայնքների պալատին իրավունք տալ` կառավարությանը թելադրել, թե ինչ անի ԵՄ-ի հետ բանակցություններում: Երկու տարբերակներում առաջարկվում է նոր հանրաքվե անցկացնել: Եվս մեկ նախագիծ առաջարկում է ինդիկատիվ քվեարկությունների շարք անցկացնել 7 տարբերակների վերաբերյալ` առանց համաձայնագրի դուրս գալուց սկսած մինչև երկրորդ հանրաքվե` պարզելու` ո՞ր տարբերակն է հավաքում թեկուզ համեմատական մեծամասնություն: «Հաջորդ 2-3 շաբաթներին այս կամ այն կերպ կուսումնասիրվեն մյուս տարբերակները և եթե վարչապետը հրաժարվի առաջ մղել իր «կարմիր գծերը», խորհրդարանը կփորձի գործընթացի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել»` ասաց բրեկզիտի ստվերային նախարար, լեյբորիստ Կիր Ստարմերը:


Ստարմերը կողմ է երկրորդ հանրաքվեին և Բրիտանիայի` ԵՄ-ում մնալուն, բայց Լեյբորիստները առայժն միայն պահանջում են ոչ թե նոր հանրաքբե, այլ առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց հրաժարում: «Մինչև մարտի 29-ը մնում է 68 օր,- ասել է Ստարմերը կիրակի օրը, -իսկ մենք բոլորովին պատրաստ չենք: Դա աղետ կլինի»: Անցած շաբաթ Թերեզա Մեյն ու նրա նախարարները բանակցում էին ընդդիմադիր կուսակցությունների հետ` փորձելով փոխզիջումների հասնել և ստանալ մեծամասնություն Համայնքների պալատում: Սակայն ցանկալի արդյունք Թերեզա Մեյը չստացավ: Լեյբորիստների նախագահ Ջերեմի Կորբինը Դաունինգ սթրիթ ընդհանրապես չգնաց: Նա պահանջեց, որ մինչև իր հետ բանակցելը վարչապետը պաշտոնապես խոստանա, որ թույլ չի տա ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալ: Վարչապետը հրաժարվում է:
ВВС


Հ.Գ. Daily Telegraph-ին հայտնի է դարձել, որ երկուշաբթի օրը Լեյբորիստների նախագահ Ջերեմի Կորբինը համաձայնել է երկրորդ հանրաքվեին: Նրա կուսակիցները համոզում էին, թեպետ Կորբինը, ասում են, բրեկզիտի կողմնակից է: Կորբինը հիմա ուզում է, որ կառավարությունը Համայնքների պալատի պատգամավորներին թույլ տա հաջորդ շաբաթ քվեարկել երկրորդ հանրաքվեի հարցով: Խորհրդարանն իրավունք ունի Թերեզա Մեյին պարտադրել ևս մեկ հանրաքվե անցկացնել, որը կարող է հանգեցնել բրեկզիտից հրաժարվելուն: Տարբեր կուսակցություններից երկրորդ հանրաքվեի կողմնակիցների կարծիքով` Լեյբորիստների աջակցությունը հանրաքվեն առավել հավանական է դարձնում: Daily Telegraph-ը գրում է, որ երկուշաբթի օրը Լեյբորիստները ներկայացրել են երկրորդ հանրաքվեի իրենց առաջարկը, որ հաջորդ շաբաթ կարող է քվեարկության ներկայացվել, եթե այդպիսի որոշում ընդունի Համայնքների պալատի նախագահը: Նախագիծը կառավարությանը կոչ է անում թույլ տալ պատգամավորներին քվեարկության դնել այն տարբերակները, որ հնարավորություն կտան խուսափել առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց: Տարբերակներից մեկը, որ Լեյբորիստների ծրագրով կարող է ստանալ Համայնքների պալատի մեծամասնությունը, երկրորդ հանրաքվեն է: Լեյբորիստներն առայժմ չեն ասում` պարտադրելու՞ են պատգամավորներին քվեարկել կուսակցական սկզբունքով, այսինքն` աջակցել նոր հանրաքվեի գաղափարին: Հանրաքվեին կատեգորիկ դեմ է Թերեզա Մեյը, նա գտնում է, որ երկրորդ հանարքվեի գաղափարը խորհրդարանում մեծամասնություն չի ստանա: Պահպանողական կուսակցության նախկին ղեկավար Ուիլյամ Հեյգը, որ մի քանի ամիս առաջ դեմ էր երկրորդ հանրաքվեին, Daily Telegraph-ում հոդվածում գրում է, որ նախկինի պես գաղափարը համարում է աղետալի, բայց ստիպված է ընդունել, որ «շարժվում ենք դեպի հանրաքվե»:


Իսկ բրիտանացինե՞րը:
Guardian-ը գրում է, որ քաղաքականացումը երիտասարդներին միանգամայն անսպասելի արդյունքի է հանգեցրել` պոեզիա են որոնում: Բրիտանիայում 2018-ին բանաստեղծությունների ժողովածուների վաճառքն ավելացել է12%-ով, վաճառվել է 1 300 000 օրինակ` 12 միլիոն ֆունտ ստեռլինգի: Գնորդների 2\3-ը 34 տարեկանից փոքր են, 41%-ը` 13- 22 տարեկան են: Բանաստեղծները դառնում են սոցցանցերի աստղեր: Հանգավոր տողերը` գրված այսօր, թե շատ տարիներ առաջ, պահանջարկված են իբրև արձագանք ընթացիկ իրադարձություններին: Պոեզիայի պահանջարկը ապշեցուցիչ է` Հոմերոսից Լեոնարդ Կոեն: Քաղաքական անորոշության և անվստահության ժամանակներում մարդիկ կյանքի իմաստը որոնում են բանաստեղծությունների մեջ:
Հետաքրքիր է` եթե ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի համաձայնագիրը վերածվեր չափածոյի, Համայնանքերի պալատը կընդունե՞ր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ