Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CFI ամսագրին

Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CFI ամսագրին
24.01.2019 | 13:01

Բրիտանական Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել թավշե հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։
Հայաստանի մասին հոդվածը սկսելով 2018-ի ապրիլյան դեպքերից ու երկրի ներքաղաքական կյանքը ցնցած հեղափոխական շարժումից՝ CFI-ն նշում է, որ «քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթ երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, որ այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսել ժողովրդի բողոքի ձայները»:


«Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»,- ամսագրին պատմել է Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով հեղափոխության պատճառներին՝ նա խոսել է ապագայի կառուցման իր տեսլականի մասին. «Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օրենքն է ու կարգուկանոնը, ինչպես նաև հնարավորինս քիչ կաշառակերություն: Մենք կայունության կարիք ունենք: Մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման ճիշտ ընկալում և ծրագիր՝ հասնելու մեր նպատակներին՝ սկսած հարկային օրենքներից մինչև մյուս ոլորտներ: Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ: Երկրում ամեն մեկը պետք է իմանա, որ երկիրը կայուն է ոչ միայն այսօր, այլև վաղը ու դրան հաջորդող օրերին, որ չկա կաշառակերություն, որ ամեն բան գործում ու կառավարվում է ճիշտ: Մարդիկ, գործարար հատվածը պետք է վստահ լինեն, որ 5 կամ 10 տարվա ժամանակահատվածում երկիրը կշարունակի լինել կանխատեսելի, և որ բոլորը կիմանան, թե ուր է շարժվում Հայաստանը, ինչ տեսակ իրավական համակարգով և հարկային օրենքներով: Միայն սա կստեղծի այնպիսի միջավայր, որը կխրախուսի մարդկանց ներդրում անելու իրենց ապագայի վրա: Ահա սա է, որ կառավարությունը պետք է իրականացնի: Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»:


ՀՀ նախագահը նշել է, որ երկրի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են: «Պետք է տքնաջան աշխատենք՝ խուսափելու հիասթափություններից: Ակնկալիքները բարձր են ինչպես երկրում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր մոտիկից հետևում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, մի բան պարզ է. հետ գնալու ճանապարհ չկա: Այլևս չպետք է կրկնենք սխալները, որոնք արվել են նախկինում»:
CFI ամսագիրն Արմեն Սարգսյանին անվանում է աշխարհի ամենահետաքրքիր երկրի ղեկավարներից մեկը։ «Հարգանք վայելող տեսական ֆիզիկոս և Tetris-ի երկվորյակը համարվող Wordtris խաղի համահեղինակ Սարգսյանը, թերևս, չէր կարող ինտելեկտուալ և քաղաքական առումներով ավելի հեռու լինել ԱՄՆ իր գործընկերոջից: Սակայն նա շատերից ավելի լավ է հասկանում այն անձնական գծերը, որոնք Դոնալդ Թրամփին դարձնում են ոչ միայն յուրահատուկ, այլև առաջամարտիկը նոր սերնդի քաղաքականության, որը Հայաստանի նախագահը նախընտրում է անվանել «քվանտային քաղաքականություն»: Սարգսյանն այն գործիչներից չէ, ովքեր միանալով համաշխարհային միտմանը, ծիծաղում են Թրամփի քաղաքականության վրա: «Շատ համաշխարհային առաջնորդներ, գիտակցաբար կամ հակառակը, հասկացել և կիրառել են քվանտային քաղաքականության էությունը»,- ասում է նա: Շնորհիվ ակնթարթային հաղորդակցման և սոցիալական մեդիայի առաջացման, որոնք գործի են դնում իրենց լծակները, քաղաքականությունը փոխվել է և այսուհետ այլևս գծային զարգացում չունի: «Քվանտային դարաշրջանի» նոր առաջնորդները հասկանում են սա»,- գրում է ամսագիրը:


«Ճիշտ այնպես, ինչպես դասական, հետ-նյուտոնյան աշխարհն էր կանխատեսելի, մինչև վերջերս այդպիսինն էր նաև քաղաքականությունը: Այս ամենին հակադրվում են մեր գիտելիքները քվանտային աշխարհի մասին, որն անորոշ է, սակայն փոխկապակցված, որտեղ փոփոխությունները կախված են դրանք ուսումնասիրողի դիտակետից։ Լրատվական հոսքերը Facebook-ում, Google-ում և մյուս հարթակներում դարձել են խիստ անհատականացված, և այդպիսով տրամադրում են տարբեր տեսակետներ ցանկացած իրադարձության վերաբերյալ: Որոշ առաջնորդներ ինտուիտիվ կերպով հասկանում են այս կոնցեպտը և շրջանցում են գործող մեդիան՝ մարդկանց ներկայացնելու իրականության ընկալման սեփական տարբերակն ու գեներացնելով միլիոնավոր հետևորդների Twitter–ում, Facebook-ում, Instagram-ում և այլուր»,- նշում է Արմեն Սարգսյանը:


Որպես օրինակ՝ նա հիշեցնում է հայաստանյան հեղափոխությունը, որտեղ սոցիալական մեդիայի միջոցով ձևավորվեց շարժում, որը միանգամից լայն տարածում ստացավ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում։ «Իշխանությունները չէին կարող նշել այն ալիքների էպիկենտրոնը, որը ցնցում էր հիմքերը, նրանք անկարող էին հսկել իրադարձությունները: Ճիշտ ինչպես քվանտային աշխարհում՝ փոխկապակցված ու միևնույն ժամանակ անկանխատեսելի իրադարձություններ ի հայտ են գալիս տարբեր վայրերում: Ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատների ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Ամեն բան փոխվում է և փոխվում է լույսի արագությամբ: Հինգ տարի անց սա լինելու է տեխնոլոգիապես այլ, ավելի ինտեգրացված և փոխկապակցված աշխարհ: Ոմանք կարող են ասել, որ գլոբալիզացիայի գործընթացը դանդաղել է: Գուցե այն դանդաղել է, սակայն այն փոխակերպվել է միկրոգլոբալիզացիայի և այդ գործընթացն անկասելի է»,- նշում է ՀՀ նախագահը։


Նա ընդգծում է, որ որպես նախկին ֆիզիկոս՝ իրավունք ունի դիտարկել այս երևույթները քվանտային տեսանկյունից՝ ոչ թե մարդկային հասարակության վրա քվանտային մեխանիկայի տեսությունը կիրառելու տեսանկյունից, այլ որպես մտածելու ու տրամաբանելու տարբերակ, իբրև մաթեմատիկական մեթոդ՝ կանխատեսելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկային հասարակության ներսում: «Մի բան հստակ է. քաղաքական ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները դառնում են ավելի քիչ ռելևանտ, քանի որ սոցիալական ցանցերը, անհատների կարծիքները և հզոր գաղափարները ստեղծում են ազդեցություն, որը շարունակում է մեծանալ: Օրինակ, Հայաստանում հեղափոխության ժամանակ անհրաժեշտ չէր որևէ կազմակերպություն, որը կմոբիլիզացներ ցուցարարներին, կփակեր փողոցներն ու պողոտաները: Միակ բանը, որը պետք էր, սմարթֆոնն էր, որում կար Facebook-ը: Այդտեղ գրված մեկ բառ և տվյալ փողոցն անմիջապես կփակվեր մարդկանց կողմից, ում նախկինում երբևէ չես հանդիպել: Չկար որևէ կազմակերպություն, որը կուղղորդեր իրադարձությունները: Չկար հիերարխիա, որը հրահանգներ կտար: Նախաձեռնությունը սկսվեց անհատներից, ապա սպոնտան կերպով ձևավորվեցին խմբեր»,- հիշում է Արմեն Սարգսյանը:


Նա նշում է, որ կառավարությունները պետք է կարողանան հարմարվել տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին։ «Որպես Խորհրդային Միությունում բնակվող գիտնական և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր՝ արդյոք կարող էի պատկերացնել, որ այդ ամենակարող գերտերությունը կփլուզվի: Դա անհնարին էր թվում: Կոմունիստական կուսակցության ուժը, ԿԳԲ-ն և ամենը… դրա համար 100 կամ ավելի տարիներ պետք է պահանջվեին: Սակայն ամեն բան ավարտվեց, հենց այդպես: Այն ժամանակ կարո՞ղ էի պատկերացնել, որ իմ երկիրը կանկախանա: Կարո՞ղ էի պատկերացնել, որ պատիվ կունենամ ծառայելու երկրիս սկզբում որպես դիվանագետ ու վարչապետ, ապա նախագահ: Ոչ, թերևս չէի կարող: Այսօր մենք կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում: Սա մի խաչմերուկ է, որտեղ հին պարադիգմաները, մարդկային հասարակությունը դիտարկելու հին ձևերը կամ համաշխարհային ռիսկերը կառավարելու դասական ձևերն այլևս բավարար արդյունավետ չեն: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- նշել է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ