Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իներցիոն Հայաստան

Իներցիոն Հայաստան
25.01.2019 | 11:10

Մի քիչ անցյալ. կար ժամանակ` քաղաքական մի ակտիվիստ, ապա վարչապետ արագաչափ էր սկոչում ու խոստանում էր վերացնել, հանել կարմիր գծերը, տեսանկարահանող սարքերը պակասեցնել, եղածը թույլատրել միայն վարորդին տեղյակ պահող նշանների առկայության պարագայում, ԵԱՏՄ-ից դուրս գալ, պարզել ՀԱՊԿ-ին անդամության իմաստը Հայաստանի անվտանգության տեսանկյունից, գազի ու էլէներգիայի գինն իջեցնել, վերացնել կուտակային կենսաթոշակայինը, ասպիրանտներին տարկետում տալ, զինվորներին որակյալ «մայկա-տրուսիկ», թոշակները և աշխատավարձերը բարձրացնել: Փոխարենը երբեք չի խոստացել տնտեսությունը զարգացնել, արդյունաբերական ներուժը մեծացնել, «Նաիրիտը» աշխատեցնել, չի խոսել տնտեսական առաջնահերթությունների մասին, բացի ՏՏ տեխնոլոգիաների զարգացումից: ՈՒ հիմա նույն ինքը` Նիկոլ Փաշինյանը, Դավոսում ասում է` հարստացեք և հարստացրեք Հայաստանը: Եվ գուցե սպասում է, որ մինչև իր վերադարձը արդեն Հայաստանը հարստացած է լինելու, ու իրեն մնալու է ժողովրդին շնորհավորել և 3000 դրամով խաշ ուտելու գնալ: Որովհետև ինքն ամեն ինչ արել է, օրինակ` կաշառք չի տալիս ու չի վերցնում: Կոռուպցիա չկա: Հարկային օրենսդրությունը սրբած սուր է` անօրինականության հետ կտրում-դեն է գցում ինչ իրեն պետք չէ: Բայց չգիտես ինչու` Հայաստանի հպարտ քաղաքացիները քաղաքներում ու գյուղերում շարունակում են իրար սպանել ու թալանել, ցած են նետվում կամուրջներից, անտառներում ծառեր են կտրում ու գողանում, բանկոմատներ ու բանկեր են թալանում, վթարվում են ու մեռնում: Ինչպես առաջ: Սպասում են` «նախկինների» թալանը միլիարդ առ միլիարդ բացահայտվի ու պետբյուջե լցվի` պետական պարտքը փակի, զենք գնվի, աշխատատեղ ստեղծվի, քիչումիչ իրենց բաժանվի: Փոխարենը բռնում ու բաց են թողնում, հետո էլի են բռնում ու ասում են` էնքան ճարպիկ են գողացել, որ թղթի վրա ամեն ինչ օրինական է, չեն բռնվում: Փոխարենը բարձրանում են գները ու հարկերն են ավելանում, կյանքը դժվարանում է, աշխատանք գտնելը դառնում անհնար։ Փոխարենը` «օրը 18 ժամ աշխատող մարզպետները» կես տարի աշխատած «քայլածներին» ու իրենք իրենց են պարգևատրում ու դժգոհում են` օրենք չենք խախտել, ի՞նչ եք մի կտոր հացը հարամում: ՈՒ ճիշտ են անում, որովհետև երեկվա ընտրություններում ժողովուրդն իրենց 80 % քվե է տվել ու ցանկացած քաղաքական անչափահաս կամ կուսակցափոխ իրավունք ունի ասել` մենք հաղթել ենք, դուք ո՞վ եք:


Իսկ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի անել` ինչ ուզում է: Օրինակ` գնալ Դավոս ու հանդիպել Իլհամ Ալիևին: Վաղուց չէր հանդիպել` կարոտած կլինեին իրար: Ծնողների օրհնությունը չստացած սիրահարների նման ծակուծուկեր են փնտրում` իրար տեսնելու: Ալիևին ի՞նչ: Նրան շատ ձեռնտու է ամբողջ աշխարհին ի ցույց դնել իր բարի կամքը` տեսեք-տեսեք` ինչքան եմ խաղաղություն ուզում, ինչ բարի ու համբերատար եմ: Իսկ դուք Վիեննայում ասում էիք շփման գծում վերահսկող սարքեր ու դիտորդներ են պետք: Ալիևին ձեռնտու են «Որտեղ տեսնենք` հանդիպենք» սկզբունքով զրույցները, նրան է պետք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերել` 20 տարի ջանք էր թափում: Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք: Պարզվում է` պետք է: Դե գոնե մի ժամուկես: Իսկ հետո մի 5 րոպե կարելի է մուննաթ գալ բոլորի վրա առ այն, որ դավադրություններ են հնարում` աբսուրդ է:


Աբսուրդ չէ, ի՞նչ է: Վարչապետն ամենայն պատասխանատվությամբ ասում է` «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ», ու նրան չեն հավատում: Ասում է` «Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա՝ քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միևնույն միջոցառմանը։ Օրինակ՝ լինում է, երբ դեմ-դիմաց դուրս ենք գալիս, ու քանի որ չենք քննարկել այդ հարցը, որոշակի իրավիճակներ են ստեղծվում», էլի չեն հավատում: Ասում են` բարևի` անցի, պարտադիր չէ քննարկման մեջ մտնես: Ասում է` «Ըստ էության, բոլոր 3 հանդիպումների ժամանակ քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, երբ ու որ փուլում ինչ տեղի ունեցավ և այլն», էլի չեն հավատում:

ՈՒ ճիշտ են անում, որովհետև համաշխարհային պատմության մեջ ոչ մի բանակցող հակառակ կողմից չի տեղեկանում «բանակցային գործընթացի պատմությանը»: Պարզ պատճառով` նրան ճիշտ տեղեկատվություն չի տրվելու, ասվելու է այն ու ներկայացվելու է այնպես, ինչ ու ինչպես իրեն է ձեռնտու: Դա արդեն տեսակետ ու դիրքորոշում է: Իսկ տեսակետի ու դիրքորոշման փոխանակումը բանակցություն է, որից հետո ասել` սա «բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ», ծիծաղելի է:
Ի՞նչ է` ռեժիսորի օգնական չի՞ եկել ու չի՞ ասել` «Դուբլ 1»: Կամ` «Դուբլ 11»: Բացատրություն չէ` «Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում, բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում։ Քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսում ենք նաև հրապարակային»: Իսկ նրանց, որ դեռ բացատրություններ են ակնկալում, ասված է. «Շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ լինում են մեկնաբաններ, ովքեր փորձում են հանրությանը ներշնչել, որ «ա՜յ, տեսե՛ք, ինչ-որ դավադրություններ կան»։ Սա, կարծում եմ, մեկընդմիշտ հստակեցված է մեզ համար՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել»։ Խոսքը ոչ թե դավադրության մասին է, այլ պետության ղեկավարի կարգավիճակից բխող գործողությունների և այդ գործողությունների տրամաբանության ու հետևանքների:


Համենայն դեպս հավելեմ` ոմանց համար պրագմատիկ ու կառուցողական, ոմանց համար կիրթ Իլհամ Ալիևը մանկության ընկեր չէ, միջազգային կազմակերպության ղեկավար չէ, բարեկամական հարաբերությունները հավաստած երկրի նախագահ կամ վարչապետ չէ, Ադրբեջանի նախագահն է, երկրի, որ Արցախի հետ չավարտված պատերազմի մեջ է, որ 2016-ի ապրիլին պատրաստվում էր Ստեփանակերտը գրավել, իսկ Դավոսում ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է. «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք: Ռուսաստանը ժամանակակից, հուսալի ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարներից է, մենք նրա լիարժեք հասանելիություն ունենք»: Նաև` առայժմ դրված չէ Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը. «Այդ հարցը դեռեւս բանավիճային փուլում է»:


Ադրբեջանի նախագահը չէ այն մարդը, որ բանակցության պատմություն պիտի ներկայացնի Հայաստանի վարչապետին, իսկ նա լայվով ազդարարի, որ ժամուկես պատմական էքսկուրսի մեջ է եղել: Մեղմ ասած` կամ հավաստի չէ, կամ վայել չէ: Առավել ևս, որ այդպես էլ չի հստակեցվում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պատկերացումը, նվազագույնը` բանակցության ձևաչափի մակարդակով` Ստեփանակերտի մասնակցության մասով: Եվ` ընդհանրապես բխու՞մ է բանակցային գործընթացի արագացումը հայկական շահերից, երբ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է և ոչ մի անգամ չի հրաժարվել իր հայտարարություններից, որ թույլ չի տա հայկական երկու պետության գոյություն, չի հրաժարվում իր սուբստանտիվ օրակարգից` տարածքներ ոչնչի դիմաց, առավելագույնը` խաղաղության, բայց ոչ կարգավիճակի: Դավադրությու՞ն է մտածել, որ կամ Ալիևը կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, և Հայաստանի վարչապետը ուզում է օր առաջ համաձայնագրի վերածել, կամ ֆանտաստիկ անբարենպաստ վիճակ է, որ վարչապետն ուզում է կանխել: Եթե կա երրորդ տարբերակ, պիտի ասվի: Առավել ևս, որ նույն Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով: Արվե՞լ է որևէ քայլ Ադրբեջանից: Հազիվ թե:


Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զիլֆուգարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսի հանդիպման մասին ասել է, որ ադրբեջանական կողմը հետապնդում է երկու նպատակ՝ հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի նոր ղեկավարից և ուղերձ հղել միջազգային հանրությանը: «Տեղեկատվությունն իսկապես շատ քիչ է, այդ իսկ պատճառով բավականին բարդ է որևէ եզրակացություն անելը: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը Փաշինյանին ընկալում է գործընկեր, որ դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության»` ասել է Զիլֆուգարովը: Հետո հավելել` «Փաշինյանը երբեք չի գնա հիմնախնդրի որևէ քաղաքական լուծման: Նրա խնդիրը ժամանակ շահելն է»: Այսինքն` Բաքվում էլ հակված չեն ստատուս քվոյի փոփոխության և հաջողության հույս չունեն: Բանակցելու իմիտացիոն պատրաստակամությունը սուտ է, որ ձեռնտու է Բաքվին, բայց ոչ Երևանին:


Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնել մասնակցելու համաշխարհային մակարդակի տնտեսական համաժողովի ու տասնյակ հանդիպումներ է ունեցել, մինչ Դավոսն էլ Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը, ու ներկայացրել է փաստացի իր կառավարության ծրագիրը, Հայաստանում նրանից սպասում են Դավոսի տնտեսական արդյունքի պատմություն, բայց նա Ալիևի հետ հանդիպումից հետո լայվի երկրորդ մասը նվիրում է ոչ թե հանդիպումներին ու ներդրումների, նոր աշխատատեղերի, նոր ձեռնարկությունների ստեղծման պայմանավորվածություններին, այլ… մարզպետների սկանդալին:


Փաստացի Հայաստանում 2 պրոբլեմ կա` Ղարաբաղը և 5 մարզպետների ու 1 քաղաքապետի պարգևատրումները: Կամ` վարչապետի ու կուսակցապետի արժեքային համակարգերը շահերի բախում ունեն իրար հետ: Եվ ի՞նչ է ասում` որ պարգևավճարը աշխատավարձի մաս է, նախկինում էլ է եղել, և հիմա էլ շարունակում է գործել այդ համակարգը։ Այսինքն` Լենա Նազարյանին ինչու՞ էիք քննադատում, Նիկոլ Փաշինյանն էլ հաստատում է, որ պարգևավճարները իներցիա են` նախկին համակարգի մտածողությունը շարունակում է գործել։ Այսինքն` «Մարդ ա վատացել», կամ` Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ինքը հեղափոխություն է արել, հին արժեհամակարգ է մերժել ու հիմա իրավունք չունի ասել` ավանդույթը վաղուց է եղել, ու ինքը վարչապետ դառնալուց հետո հրահանգել է ոչ մի «վատացնող քայլ չձեռնարկել մինչև աշխատավարձերի հետ կապված թնջուկը լուծվի»:

Մարզպետների սկանդալը ունի իրավական, քաղաքական, բարոյական ու համակարգային շերտեր և միայն իրավական առումով` կիսապաշտպանված լինելով` ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ նրա նշանակած մարզպետները, ոչ ՔՊ պատգամավորները իրավունք չունեն մոռանալ հարցի քաղաքական ու բարոյական կողմը, առավել ևս` համակարգը փոխելու անհրաժեշտությունը: Նյուտոնի առաջին օրենքը, կամ իներցիայի օրենքը ասում է. «Ամեն մի մարմին գտնվում է հանգստի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման մեջ այնքան ժամանակ, քանի դեռ նրա վրա գործող ուժերը չեն փոխել այդ վիճակը»: Իներցիան մարմնի հատկությունն է` մնալ անշարժ կամ հավասարաչափ, ուղղագիծ շարժման վիճակում` արտաքին ներգործությունների բացակայությամբ, նաև` խոչընդոտել իր արագության փոփոխությանը` արտաքին ուժերի առկայությամբ: Բայց կա Նյուտոնի երկրորդ օրենքը` նյութական կետի արագացումը ուղիղ համեմատական է շարժումը հարուցած ուժին և հակադարձ համեմատական է նյութական կետի զանգվածին: Ֆիզիկոսների ծիծաղը չհարուցելու և քաղաքականության մեջ խրվածներին իներցիայի հմայքները բացատրելու համար թարգմանեմ` իներցիան կամ իներտությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ բոլորին ձեռնտու է, եթե ձեռնտու չէ, պետք է ոչ թե «վատացնող քայլ չձեռնարկել», այլ մարզպետների ու մարզպետարանների գործունեության մեջ փոփոխություն մտցնել: Օրենքով: Ոչ թե լրագրողներին ու հասարակությանը մեղադրել, որ նոր Հայաստանում հին կառավարում չեն ուզում: Առավել ևս, որ կա Նյուտոնի երրորդ օրենքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հասարակության ռացիոնալ սպասումը սպանելն ինքնասպանություն է:

Դիտվել է՝ 2457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ