Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էս ի՜նչ խառն ենք

Էս ի՜նչ խառն ենք
25.01.2019 | 11:18

Մոդելավորման առումով, թերևս, ամեն ինչ «ճիշտ» է առաջ գնում, ինչը Հայաստանի ու հայոց համար նման տեմպերով կարող է ճակատագիր արժենալ:
Լինենք անկեղծ. այնտեղ, ուր մտնում են հեղափոխության «մեքենան» և սորոսյան փողերը, որևէ երկիր դեռ դրա արհավիրքների տակից դուրս չի եկել, չի կարողացել դիմակայել:
Խնդրի նրբությունն այսօր այն է, որ «հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար այս զարգացումները (իրականում` անկումը) ևս շատ անսպասելի էին, ինչն էլ կրկնակի վտանգավոր է դարձնում խաղը թե՛ արտքաղաքական, թե ներքաղաքական առումներով:


Նկատենք` երկու զուգահեռ զարգացում համաժամանակյա տեղի ունեցան. պարգևավճարների «սինդրոմ» և Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպում: Երկուսն էլ լուրջ «պատային» վիճակ պարտադրեցին խաղը ցայս «գրագետ» առաջ տանող, բուն նպատակները հմտությամբ քողարկող Փաշինյանի համար, որին, ըստ ամենայնի, թվում էր` կհասցնի «ադապտացվել» նոր իրողություններին, հնարավորինս մեղմ ու սահուն անցնել «հեղափոխության հայրերի» ու մոդերատորների` իր վրա դրված «բարձր պատասխանատվությանը»: Դավոսյան հանդիպմամբ Փաշինյանը հասկացավ` ոչ մեկին այս հեղափոխությունը խնայելու ցանկություն չունի, առաջին հերթին` հենց իրեն, քանզի արևմտյան խաղացողների գերնպատակն է թույլ չտալ Ռուսաստանին վերադասավորվել` նոր իրողությունների պայմաններում խաղը վերցնելով իր ձեռքը:


Այո, օրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանը ռուսական «ֆորպոստից» արևմտյան (իրականում` ամերիկյան) «պլացդարմի» վերածելն է, որտեղից Իրանը «դիտելն» ամենահարմարն է:
Դաժան է, բայց փաստ: Իրանն ամենից լավ «դիտվում» է նաև Ղարաբաղից, ու հենց դա էր պատճառը, որ գրեթե անելիք չունեցող (Արևմուտքն անգամ չէր հոգացել, որ հսկա թիմով Դավոս հասած Փաշինյանը գոնե մի քանի «սոլիդ» հանդիպում ունենա` երեքհոգանոց մի անհետաքրքիր հավաքի մասնակից-զեկուցող էր «դարձրել» նրան) Փաշինյանը Դավոսում էր` Ալիևի հետ «պատահական» հանդիպման համար, որին հաջորդեց Ջ. Բոլթոնի զանգը: Հասկանալի է` ԱՄՆ-ը շտապում է: ԱՄՆ-ը տագնապում է: Թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ևս շտապի` ոչ միայն Փաշինյանի մասով, գարնանը սպասվող ցույցերի միջոցով գահընկեց անի նրան (այստեղ որոնեք նաև Քոչարյանին անհարկի, իրավական խախտումներով կալանավորված պահելու «նուրբ» հանգամանքը), այլև անկանխատեսելի գործողություններ «հրահրի»:


Մեկ կարևոր արձանագրում ևս, ու անցնենք առաջ: Նիկոլն ամեն ինչ անում էր, որ «ճշմարտության պահը» հնարավորինս ուշ բախի իր դուռը: Ընդ որում, նաև այն կարծիքին ենք, որ խորհրդարանական ընտրությունները նրան որքան պետք էին իր միահեծան իշխանությունը հաստատելու, գուցե ու էլ ավելի` ժամանակ շահելու համար: Իսկ հիմա ԱՄՆ-ը, ի դեմս Բոլթոնի հայաստանյան այցի ու նախորդ օրվա զանգի, նրան ժամանակային շանս այլևս չի տալիս:


Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը; Լինենք անկեղծ` Ռուսաստանը չի կարող կորցնել Հայաստանը. չի կարող հանդուրժել այն ամենը, ինչ կատարվում է ժամանակակից Հայաստանում: Լավագույն ելքը, թերևս, պայմանավորվելն է ԱՄՆ-ի հետ` ողջ տարածաշրջանի կտրվածքով` Սիրիա-Թուրքիա-Իրան: Կստացվի՞: Վերջնական` ոչ: Միջանկյալ` մինչ այս որոշակի հետ-առաջի կիրառմամբ ստացվել է:
Կստացվի՞ այս անգամ, դժվար է ասել։ Ակնհայտ է` ԱՄՆ-ը չի պատրաստվում Հայաստանում սկսած խաղը զիջելու: Դա են վկայում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումների շարքը, Ալիև-Փաշինյան պատահական ու երկարատև հանդիպումները: Եվ ոչ միայն:


Ինչ վերաբերում է ներհայաստանյան բաղկացուցչին, ապա թիրախն անվրեպ էր` պարգևավճարների մասով. դա այն «օվերտոնն» էր, որի պատուհանի բացվածքից երևացածը ահավոր խոցելու է «հեղափոխություն» կատարած շարքային հայի ինքնազգացողությունը, որը ելել էր պայքարի` «կաշառակեր, թալանչի, հաբռգած» ՀՀԿ-ի ու նրա լիդերների դեմ, ու հիմա պարզվում է` բոլորը հավասար են, իսկ նորերը` ավելի հավասար:
«Օվերտոնի պատուհանից» այսօր դեպ հեղափոխության հրապարակ այնպիսի անբեկանելի փաստարկ է նետված, որն աշխատելու է անվրեպ` հաջորդական պայքարի պատրաստվող իրական և կեղծ թիմերի, քաղաքական ուժերի համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ