Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե տարածք վերադարձնեն, Արցախի պաշտպանական ողջ համակարգը կքանդեն»

«Եթե տարածք վերադարձնեն, Արցախի պաշտպանական ողջ համակարգը կքանդեն»
25.01.2019 | 11:29

Ղարաբաղյան բանակցությունները շատ արագ ընթացք են վերցնում։ Երկու երկրների արտգործնախարարների չորս ժամ տևած բանակցություններից մեկ շաբաթ անց Դավոսում անակնկալ, ոչ պաշտոնական, մեկուկես ժամ տևողությամբ հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Դրանից հետո երկու անգամ «լայվ» մտավ Փաշինյանը, երկու դեպքում էլ կցկտուր, բանակցությունների բովանդակությանն առնչվող ոչ մի նախադասություն չասաց։ Դավոսից նա մեկնեց Մոսկվա, իսկ այդ ընթացքում հասցրեց զրուցել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ալիևի ու Փաշինյանի հանդիպման արարողակարգային մասից ավելի շատ խոսվեց, թե ինչու՞ էր «վիզը ծուռ» նստած Փաշինյանը, ինչու՞ էր դեմքն այլայլված, քան հարցի էությունից։ Ի դեպ, քանի որ խոսք եղավ «արտաքին» ատրիբուտներից, ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ մինչ Ալիևի հետ կողք կողքի նստելը, կադրերից երևում է, թե ինչպես է Փաշինյանը մինչև վերջին րոպեն հեռախոսով զրուցում, հետո անջատում ու բանակցությունների սենյակ մտնում։
Ի վերջո, այս պահին գլխավոր հարցն այն է, թե ինչի շուրջ են քննարկումներն ընթանում: ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որ 96-ից գլխավորել է «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը (որի մասին հանգամանորեն կպատմենք մեր հաջորդ համարում, կներկայացնենք, թե ինչ հետաքրքիր փաստաթղթեր են ծնվել, ու ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այս ընթացքում), այդ զարգացումներում կարևորում է թափանցիկությունը, որպեսզի հանրությունը եթե ոչ նրբություններին, գոնե բանակցվող նյութին տեղյակ լինի։

-Պարոն Սարգսյան, ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձություններն արագ են զարգանում, ի՞նչ է հուշում այս ընթացքը։
-Այսօրվա իշխանությունները բոլոր իրավունքներն ունեն հրաժարվելու նախորդների վարած քաղաքական գծից, բանակցային տրամաբանությունից, որովհետև նրանք հիմք էին համարում մադրիդյան սկզբունքները, կազանյան փաստաթուղթը, որոնք որևէ կերպ ընդունելի չեն հայկական կողմի համար (հայկական կողմ ասելով նկատի ունեմ և Հայաստանը, և Արցախը, և սփյուռքը)։
-Ինչու՞ ընդունելի չեն այդ փաստաթղթերը։
-Այդ սկզբունքների հիման վրա, մենք պետք է ինքնակամ զիջենք տարածքները, որպեսզի Ադրբեջանի ախորժակն ինչ-որ ձևով հագեցնենք, բայց դրանից հետո նրա ախորժակն ավելի է մեծանալու։ Կարծում եմ, բոլորս ենք հասկանում, թե այդ տարածքները տալուց հետո ինչ է լինելու։ Հետո ո՞վ է ասել, թե այդ տարածքներն ընդհանրապես կարելի է վերադարձնել։ Իրավական փաստարկներով մենք հիմնավորում ենք, որ դրանք եղել են հայկական, բայց ցեղասպան քաղաքականության պատճառով դրանք հայաթափվել են։ Խոսքը միայն Լեռնային Արցախի մասին չէ, այլև Հովտային Արցախի, Գարդման աշխարհի, այսինքն ողջ ՈՒտիքի։ Հարց` եթե հաղթողը ոչ թե մենք, այլ Ադրբեջանը լիներ, ինչ-որ բան կզիջե՞ր մեզ։ Ամենևին։ Ես խոսել եմ ադրբեջանցիների հետ, հարցրել եմ, թե ձեր հաղթելու պարագայում դուք զիջումների կգնայի՞ք, միանշանակ պնդել են՝ ոչ։ Մենք հումանիստական և այլ հանգամանքերից ելնելով, շարունակում ենք նրանց հետ բանակցել, որպեսզի ժողովուրդները խաղաղ ապրեն։ Բայց եկեք հասկանանք. եթե այս ամենի արդյունքում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ավելի է մեծանում, այս դեպքում մենք ո՞ր ճանապարհով ենք գնում։ Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում ոտքի վրա, վերելակում պայմանավորվել են, որ սահմանում հանդարտ լինի։ Շատ լավ, հիանալի է։ Բայց այս դեպքում ի՞նչ ես խոստացել Ալիևին։ Սա այն պահն է, երբ ազգովին պիտի պահանջենք, որ ներկայացվի, թե ինչի մասին է խոսվում, որն է հարցի էությունը։ Դա մեր իրավունքն է։
-Ի դեպ, ոչ վաղ անցյալում Փաշինյանը վստահեցնում էր, թե թափանցիկություն պետք է ապահովել այս բանակցություններում, բանակցությունների նրբություններին տեղյակ մարդկանց շրջանակը պետք է մեծացնել, բայց իրականում դրանց շրջանակն ավելի է նեղանում։
-Չպետք է հասնել ինչ-որ կետի, երբ արդեն պայմանավորվածություն է տեղի ունենում, հետո հանրությանն ասել այդ մասին։ Այդպես չի լինում։ Ոչ թե կանխավ մեղադրում եմ այս իշխանությանը, թե ինչ-որ բաներ է ցանկանում անել, այլ ցանկանում եմ իմանալ` Փաշինյանը ճի՞շտ ճանապարհով է գնում։
-Փաշինյանը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Արցախի հարցը արցախցիների որոշելիքն է։ Հիմա ի՞նչ է ստացվում, նա հակառա՞կն է անում, ստանձնել է հարցը լուծողի պատասխանատվությունը, բայց Արցախի իշխանությունների՝ դրան մասնակից դառնալու մասին այլևս չի խոսում։
-Այդ հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանն ասաց, որ ինքը Հայաստանի հետ է բանակցելու։ Ի դեպ, սրանով հետաքրքիր «պաս» փոխանցեց մեզ։ Հայաստանին, ըստ էության, ասաց, որ իր հետ է խոսում, քանի որ դա Հայաստանի տարածքն է, վիճելի տարածք է։ Սա նշանակում է, որ ինքը չի համարում, որ Արցախն իրենն է, Արցախը հայկական է, ու Հայաստանն է դրա պատասխանատուն։ Եթե Հայաստանն է, ուրեմն դա դառնում է վիճելի տարածք, ինչպես դիտարկվել է Ազգերի լիգայի քննարկումների ժամանակ։ Այստեղ էլ երկրորդ հարցն է առաջանում՝ ինչու՞ եք խուսափում դրանից։ Մերն է, չէ՞, Արցախը, հայկական է, չէ՞։ Այո, այսօր ձևավորվել է որպես Արցախի հանրապետություն, բայց մենք ենք նրա անվտանգության երաշխավորը։ Եթե այս պահին բանակցություններին Ղարաբաղը չի մասնակցում, նշանակում է ամեն քայլ նրա հետ կամ համաձայնեցված պետք է անել, կամ պետք է Ադրբեջանին ասել, որ նրա հետ խոսում է միմիայն Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին, որոնք կապված են ինչ-ինչ կնճռոտ հարցերի հետ։ Հիմա հանրությունը շատ բնական հարց է տալիս՝ Փաշինյանի իշխանության գալով Ալիևը միանգամից դարձավ քաղաքակի՞րթ, խաղաղության հրեշտա՞կ, հրաժարվե՞ց նկրտումներից, որ չի ուզում Երևանը գրավել, Հայաստանը չի ցանկանում վերցնել որպես իր պատմական հող, իսկ Արցախն այլևս իրենից անկախ է լինելու։ Հիմա այս փունջի վերաբերյալ վերելակում պայմանավորվածությու՞ն է եղել։ ՈՒզում եմ հասկանալ, եթե Ալիևն իսկապես փոխվել է, արի ասա. «Ես կարողացա Ալիևին այնպիսի փաստարկներ ներկայացնել, որ ստիպված ասաց. «Նիկոլ ջան, դու ճիշտ ես, ես՝ սխալ»։ Այս փուլում գաղտնիքներ պահելը ճիշտ չէ։ Ես և պաշտոնական, և ոչ պաշտոնական բանակցությունների ներկա եմ եղել, հասկանում եմ, որ կան բաներ, որոնք պետք չէ միանգամից հանրայնացնել, բայց գործընթացի էությունը պետք է ներկայացնել։ Պետք է ասել՝ ժողովուրդ, մենք այսօր բանակցում ենք, թե ինչպես խաղաղ գործընթացն իրականացնել, որի պայմանները հետևյալն են... Սա անպայման պետք է ասվի։ Մենք քննարկման չենք դնում հող հանձնել-չհանձնելու հարցը, որովհետև եթե տարածքների հարց է դրվում, հայկական կողմը պետք է Շահումյանից սկսած Գետաշենի, Մարտունաշենի, Մարտակերտի և Նախիջևանի հարցը դնի։ Եթե նրանք սկսում են խոսել այն տարածքների մասին, որոնք Արցախի սահմանադրությամբ ամրագրված են, ապա ո՞վ է մեղավոր, որ ժամանակին այդ հողերը նվիրվել էին նրանց։ Ժամանակին Ադրբեջան անունով պետություն չկար, 1918-1920 թթ. է ստեղծվել, այդ տարածքները նրան նվիրվել էին, որոնք հետո մենք ազատագրել ենք։ Եթե տարածքների հարցը դրվում է, հաջորդ հարցն է առաջանում՝ ո՞վ սանձազերծեց պատերազմն ու ինչի՞ հետևանք էր այդ հողերի ազատագրումը... Ադրբեջանի հրահրած պատերազմի, որն ավարտվեց խաղաղության մասին պայմանագրով։ Հիմա պատրա՞ստ եք խաղաղության մասին պայմանագիր կնքելու Հայաստանի և Արցախի հետ։ Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին Փաշինյանը պետք է խոսի։ ՈՒզում եմ իմանալ` նա կխոսի՞ այս մասին, թե՞ ոչ։
-Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցը կորոշեն հրապարակում, հետո հայտարարվեց, թե հանրաքվեով։ Ի վերջո, հիմա Արցա՞խն է հարցի «շահառուն», թե՞ ոչ։ Ընդհանրապես ժողովուրդը այս որոշման մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնելու, ո՞ր փուլում պետք է «ժողովրդի իշխանությունը» ժողովրդից կարծիք հարցնի։
-Սա համահայկական հարց է, հայության ճակատագրին վերաբերող հարց։ Արցախը լոկալ խնդիր չէ, առավել ևս այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացներում։ Այսօր ես ցանկանում եմ իմանալ` Փաշինյանն արդյո՞ք Բոլթոնի ասածով է առաջ շարժվելու, թե՞ ոչ։ Մի պահ պատկերացնենք, Փաշինյանը եկավ ու ասաց, թե Արցախը տալիս ենք, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասում, որ խաղաղ ապրենք, սակայն այսպիսի բան չի լինելու։ ՈՒզում եք անգամ այդ որոշումը սուտ հանրաքվեով անցկացրեք, որովհետև գուցե այսօրվա պայմաններում ոմանք ասեն, եթե Նիկոլը որոշել է, ուրեմն ճիշտ է, բայց այդ մարդիկ հակամարտության նրբերանգներին ծանոթ չեն։ Ի միջի այլոց, Փաշինյանն էլ փայլուն իմացություն չունի այս հարցում, որովհետև երբևէ չի զբաղվել տվյալ հարցով։ ՈՒ պետք է ամեն ինչ արվեր, որ նա լիարժեք իմանար, թե ինչ է եղել իրականում, ամբողջական պատկերացում ունենար հակամարտության մասին։ Այս օրերին անընդհատ խոսում են տարածքները տալ-չտալու մասին, բայց ոչինչ չի ասվում հիմնահարցը լուծելու մասին։ Եթե փորձեմ բացատրել, թե ինչ է նշանակում ընդհանրապես կոնֆլիկտը վերացնելը, երկար կստացվի, բայց պետք է հստակ հասկանալ. մի բան է խնդիրը լուծել, այլ բան` կոնֆլիկտը խաղաղացնել։ Ինչու՞ են Մինսկի խմբի համանախագահները խոսում միմիայն կոնֆլիկտի մասին, որովհետև նրանց միայն այդ մանդատն է տրված։ Ինչու՞ չեն անդրադառնում պատմական, իրավական գործողություններին, ասում են՝ մենք դրա մանդատը չունենք, ասում են՝ ինչ ձևով համաձայնության կգաք, ձեր գործն է, բայց հարցը խաղաղ պետք է լուծել։ Ինչ վերաբերում է ժողովրդի մասնակցությանը որոշումների կայացմանը, որպեսզի հարցը հասնի ժողովրդի որոշելիքին, նախ մասնագիտական մի քանի շերտերով պետք է քննարկվի, բոլոր հարցադրումները պետք է ուսումնասիրվեն ազգային անվտանգության տեսանկյունից։ Եթե տարածք վերադարձնեն, Արցախի պաշտպանական ողջ համակարգը կքանդեն։ Եթե պաշտպանական ամբողջ գիծը, որն այսօր ձևավորված է, որի համար ծախսվել է 130-140 մլն դոլար, քարուքանդ անեն, նշանակում է Արցախն ուղղակի հանձնում են։
-Մշտապես նշվում է հինգ շրջանների վերադարձի մասին, եթե սա իրականություն դառնա, նշանակում է Ադրբեջանը կանգ չի՞ առնելու, խաղաղության մասին խոսելն անիմա՞ստ է։
-Դա նշանակում է, որ Արցախն ամբողջապես անպաշտպան է դառնում։ Ցանկացած շրջան հանձնելու դեպքում Արցախն անպաշտպան է դառնում։ Եվ երկրորդ հանգամանքը. փախստականներին իրավունք ես տալու վերադառնալու այդ շրջաններ, բայց հարց է առաջանում՝ Ադրբեջանն իրավունք տալի՞ս է մեր 500 հազար փախստականներին վերադառնալու Բաքու, ինչպես է լուծվելու Գարդմանի ժողովրդի վերադարձի խնդիրը։ Երբ հաշվում ենք, նրանց թիվը մոտենում է 1 միլիոնի։ Սրա մասին խոսու՞մ են, թե՞ միայն նրանց «փախստականների» հարցն է քննարկվում։ Այս մասին պիտի հանրությունն իմանա։ Եվ ի վերջո, պետք է հասկանալ, թե որն է լինելու հայկական շահը։ Մտածում եք` Ադրբեջանը խոստացել է, որ տնտեսական շրջափակումից կազատի, տնտեսական ծրագրերի մասնակից կդարձնի, բայց ինքը ո՞վ է, որ այդ տնտեսական հարցերը լուծի։ Թե՞ Թուրքիան շրջափակումը կվերացնի, ու մենք կծաղկենք... հակառակը կարող է լինել, տեսեք, թե հիմա ինչ է կատարվում հնդիկների հետ, տեսեք, թե որքան պակիստանցիներ են գալիս։ Ընդհանրապես այս հարցերը քննարկվու՞մ են։ Ադրբեջանը Ռուսաստանի հայ քաղաքացիներին չի թույլատրում իր երկիր մտնել, որովհետև իրենց համար թշնամի են, բայց մենք այսօր շարունակում ենք նրա հետ բանակցություններ վարել։ Նա հայի կերպարը համարում է թշնամի։ Այս պայմաններում ինչի՞ն հավատալ, ի՞նչ է արել, որ մենք հավատանք, որ Ալիևն ասել է, թե Արցախի հարցում նկրտումներ չունի։ Արցախի կարգավիճակի հարցը ողջ հակամարտության հիմնահարցն է։ Որպես երաշխավոր, դու պիտի պահանջես, որ նա ընդունի Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմից դուրս կամ այլ հարց չպետք է քննարկել։
-Մեկ անգամ ևս արձանագրենք. նախորդ իշխանությունները բանակցում էին մի քանի փաստաթղթերի շուրջ՝ մադրիդյան, կազանյան։ Այսօր նախկինները անվերապահորեն պնդում են,` Փաշինյանը մոռացել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածությունները։ Փաշինյանը հիմնովին պետք է հրաժարվի՞ այդ ամենից, ո՞ր կետից պետք է սկսել բանակցությունները։
-Այո, Փաշինյանը բոլոր հնարավորություններն ունի հրաժարվելու նախկին պայմանավորվածություններից, քաղաքական գծից։ Հնարավորություն ունի նոր օրակարգ առաջարկելու։ Մադրիդյան ու կազանյան փաստաթղթերը մի կողմ շպրտեք և նոր առաջարկ արեք օրակարգի վերաբերյալ։
-Այսօր ինչպե՞ս է տրամադրված միջազգային հանրությունը հակամարտության առնչությամբ։ Եվ ԱՄՆ-ը, և Ռուսաստանը բավականին ակտիվ են այս փուլում։ Ի՞նչ եք կարծում, գերտերությունները շտապու՞մ են լուծել հարցը, ու կա՞ ճնշում կողմերի վրա։
-Եվ ԱՄՆ-ը, և Ռուսաստանը, և Եվրոպան շատ կցանկանան, որ այստեղ խաղաղություն լինի, ու նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ պայմաններով դա կլինի։ Իսկ ճնշումն ակնհայտ է։ ԱՄՆ-ն իր շահերն ունի, քանի որ փորձում է Իրանին ճնշել, դրա համար ցանկանում են համապատասխան մթնոլորտ ստեղծել, որ ինչ-որ բան բռնկվի։ Ռուսաստանը խնդիր ունի, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համապատասխան տրասնպորտային գիծն ապահովվի։ Եվրոպան էլ ասում է` Սիրիայի գլխացավանքն իրեն հերիք է։ Այս ամենից զատ կա մի բան ևս, որին պետք է վերջ տանք։ Հստակեցնեմ միտքս. անվերջ մտածում ենք` ինչու՞ այս կամ այն երկիրը մեզ հետ արդար չէ։ Հայերի այս միամտությունն ու «մուննաթ գալը» անտեղի են։ Նրանք չեն հասկանում ու չեն էլ ուզում հասկանալ։ Հիմա սփյուռքի նախարարությունն են վերացնում, չեն փորձում ազգային միասնական դիրքորոշում ձևավորել այս հարցում, բա ո՞վ պետք է ձեզ հետ հաշվի նստի։ Ադրբեջանցիներն ամենից շատ վախենում էին մեր սփյուռքից, անգամ իրենց համար արհեստական սփյուռք ստեղծեցին։ Հայերի սփյուռքը մեծ գործոն է, դրանից ուզում եք հրաժարվե՞լ։
-Իշխանությունները բարդույթ ունեն, այդ պատճառո՞վ են խուսափում ղարաբաղյան հակամարտության տեղյակ շրջանակների, փորձագիտական խմբերի հետ հարցը քննարկելուց, լսելուց տեսակետներ, համադրելուց դրանք։ Իրողություն, ինչը գուցե ինչ-որ բանով օգնի նոր ու անփորձ իշխանություններին։
-Չեմ կարծում, թե բարդույթ ունեն։ Պարզապես իրենց համապատասխան հուշողին ունեն, որը փորձում է իրականացնել այն, ինչը ժամանակին իրեն չհաջողվեց։ Այդ հուշարարին էլ մեկ ուրիշն է պարտադրված հուշում։ Չեմ ցանկանում մտնել դավադրությունների դաշտ, բայց եթե այս ամենը մնա գաղտնիության շղարշի տակ, ապա բոլոր իրավունքներն ունենք կասկածի տակ դնելու նրանց բոլոր գործողությունները։ Այսօր մեծ հնարավորություն է ստեղծված հիմնահարցի շուրջ հասարակական քննարկում ծավալելու, ներկայացնելով միասնական, հայեցակարգային մոտեցում։ Եթե սա չի արվում, նշանակում է Նիկոլ Փաշինյանը նույնն է, ինչ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը։ Էլի իր վրա է վերցրել «բեռը» և որոշումն ինքնուրույն է կայացնելու, հետո կգա հրապարակում կհայտարարի, մի քանիսն էլ կասեն՝ այո՜։ Բա եղա՞վ։ Սա հին Հունաստանի ագորան չէ։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է այսօր հանրությանը տեղյակ պահել, թե ինչի շուրջ են բանակցությունները ընթանում։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ