«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ընդդիմադիր դաշտում «կապիտալ վերանորոգում» է ընթանում

Ընդդիմադիր դաշտում «կապիտալ  վերանորոգում» է ընթանում
25.01.2019 | 11:36

Նորակազմ Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը հաստատեցին այն մտավախությունները, որ ձևավորված խորհրդարանում լուրջ ընդդիմության մասին խոսելը թերևս բավականին լավատեսական մոտեցում է։ Փորձագետների, վերլուծաբանների, քաղաքական շրջանակների և լրագրողների այն մտահոգությունները, թե խորհրդարանական հարթակում աշխատանքները գոնե սկզբնական փուլում ընթանալու են առանց ընդդիմության հակակշռի, ամենայն հավանականությամբ տեղին էին։


Իշխանությունների անցած 8 ամիսների գործունեությունը և խորհրդարանի առաջին նիստերը ցույց տվեցին, որ Հայաստանի գործող ղեկավարության պարագայում, հաշվի առնելով վերջիններիս կադրային որակը, ծրագրերի փաստացի բացակայությունն ու մշուշոտ հեռանկարները, չափազանց արդիական ու կարևոր է լուրջ ընդդիմություն ունենալու հարցը։ Այս պարագայում չգտնելով լուրջ ընդդիմադիր ռեսուրսներ` խորհրդարանում՝ շատերի հայացքը, բնականաբար, խորհրդարանից դուրս է ձգվում՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում։


Մինչ արտախորհրդարանական դաշտի՝ այս պահի դրությամբ գլխավոր համարվող դերակատարներին անդրադառնալը թերևս անհրաժեշտ է արձանագրել ներկա քաղաքական պահի համար բնորոշ հետաքրքիր մի փաստ. դեկտեմբերյան ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվեց իշխանություն, սակայն նաև արձանագրվեց, որ ընդդիմադիր դաշտը փաստացի կազմալուծված է, և կա լուրջ վակուում։ Այսինքն՝ ընտրությունների միջոցով ձևավորվեց իշխանություն, սակայն ամայացվեց ընդդիմադիր դաշտը։ ՈՒստի առաջիկա ամիսներին ներքաղաքական ամենագլխավոր գործընթացներից մեկը ընդդիմադիր բևեռի գրեթե զրոյից ձևավորումն է։


Որքան էլ պարադոքսալ հնչի, այնուամենայնիվ, իրական քաղաքական գաղափարախոսություններ ունեցող ուժերը, մանավանդ ընդդիմադիր հավակնություններ ունեցող, հայտնվել են խորհրդարանից դուրս։ Խոսքը վերաբերում է և՛ Հայ հեղափոխական դաշնակցությանը, և՛ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, և՛ այն քաղաքական ուժերին, որոնք կա՛մ սկսել էին ձևավորվել վերջին մեկ տարվա ընթացքում, կա՛մ ընտրություններից հետո էին սկսել կազմավորման պրոցեսը։ Թերևս, որպես պոտենցիալ ընդդիմադիր ուժ ընկալվում էին նաև արևմտամետ ուղղվածություն ունեցող «Մենք» դաշինքը ձևավորած քաղաքական միավորները, սակայն կառավարության երկու երրորդը ձևավորվելուց հետո պարզ դարձավ, որ դաշինքի մաս կազմած «Հանրապետություն» կուսակցությունն ըստ էության դարձավ իշխանության մաս՝ կառավարություն գործուղելով իր առաջնորդներից մեկին՝ Արտակ Զեյնալյանին, և աջակցության հայտարարությամբ հանդես գալով։


Ինչևէ, ընդդիմադիր դաշտի երկու խաղացողներն այսօր ունեն բավականին լուրջ խնդիր. փորձում են վերադասավորվել ստեղծված իրավիճակում, մաքրել իրենց շարքերը, փոխել վերնախավը։ Այս առումով առաջին ծիծեռնակը, թերևս, դաշնակցությունն է, որը վերջին օրերին իր ընդհանուր ժողովն էր անցկացնում։ Այս հավաքը բավականին հետաքրքիր մթնոլորտում էր անցնում։ Նախ՝ այն աչքի էր ընկնում ուշագրավ սիմվոլիզմով։ Առանձնակի շեշտվում է այն հանգամանքը, որ դաշնակցությունը վերագործարկում է ինքն իրեն և այդ քայլը սկսում է Արցախից։ Այս ամենը խորհրդանշական է, քանի որ ՀՅԴ-ն 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին ծպտված, այնուհետև բացահայտ իր գործունեությունը սկսեց Արցախից, ակտիվորեն մասնակցեց ազատամարտին, այնուհետև լրջորեն ամրապնդվեց այնտեղի քաղաքական և հանրային դաշտում։ Նույնիսկ այնպիսի հեղինակություն ուներ, որ մի կարճ ժամանակաշրջանում փաստացի ստանձնել էր Արցախի ղեկավարումը։ Եվ միայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կոշտ գործողությունների, ուղղակի ճնշումների ու պահանջների միջոցով դաշնակցությունը զիջեց իր դիրքերը։ Խորհրդանշական է, որ դաշնակցությունը լիակատար տապալումից, ինչպես շատերն են ասում, սեփական լեգենդը վերջնականապես մաշեցնելուց հետո իր ռեստարտը սկսում է հենց Արցախից։ Այս տեսակետից կարևոր էր կուսակցությունում նոմենկլատուրային փոփոխություն կատարելու որոշումը։ Դրա մասին ազդարարեց անձամբ ՀՅԴ Բյուրոյի անփոխարինելի թվացող ներկայացուցիչ, նորից ընդդիմության կոշտ դիրքերից հանդես եկող Հրանտ Մարգարյանը, որի անվան հետ են կապվում կուսակցության վերջին տարիների ձախողումները։ Թեև վերլուծաբաններից շատերը կարծում են, թե փոփոխությունները զուտ ֆասադային են լինելու, այնուամենայնիվ, այստեղ լուրջ շրջադարձեր կարող են տեղի ունենալ։ Հատկանշական է նաև, որ եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը հատուկ ուղերձով ողջունեց Արցախում ՀՅԴ ընդհանուր ժողովի անցկացումը դրա մեկնարկի առաջին օրը, ապա անսպասելի էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Նա ժողովի աշխատանքների միայն 5-րդ օրը հանկարծ հիշեց դաշնակցության մասին և ողջունեց այն։ Սա շատերի համար տարակուսելի էր։ ՈՒշացումով արձագանքը, ըստ վերլուծաբանների, երկու հիմնավորում կարող է ունենալ. նախ՝ ՀՅԴ ընդհանուր ժողովն ընթանում է այն հունով, որ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ «Քաղպայմանագրում» կամ իշխանությունում չէին էլ թաքցնում, որ բավականին լուրջ հույսեր ունեն, որ իրենց համար դաշնակցության հետ հետագա համագործակցությունը շատ ավելի հարմարավետ կլինի, եթե Հրանտ Մարգարյանը հրաժարվի ներկա դիրքից, քանի որ համարում են, որ վերջինս չի կարող լինել իրենց գործընկերը, քանի որ նա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գործընկերն է։ Եվ չի բացառվում, որ վարչապետի թիմը ինֆորմացիա ունի, ըստ որի՝ Հրանտ Մարգարյանի հեռացումից հետո գալու են ուժեր, այդ թվում՝ սփյուռքից, որոնց հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում Փաշինյանը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Լիբանանում ունեցել է որոշակի, այդ թվում և սեպարատ, շփումներ։ Եվ երկրորդ՝ դաշնակցության ընդհանուր ժողովը ավանդույթի համաձայն անցնում է փակ ռեժիմով, տեղեկություններ այնտեղից շատ դժվարությամբ են ստացվում, ու չի բացառվում, որ այնտեղ շատ սուր պայքար է ընթանում հին ու նրանց ընդդիմադիր ուժերի միջև։ Նոր ուժերը գուցե ավելի մեղմ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ուստի այս պահին անհրաժեշտ էր ՀՀ վարչապետի ուղերձը, ինչը կդիտարկվի աջակցություն այն ուժերին, որոնք պայքարում են Հրանտ Մարգարյանի թևի դեմ։ Իհարկե, շատ ավելի հետաքրքիր կլինեն ՀՅԴ նոր ղեկավարության մոտեցումները և ոչ թե Հրանտ Մարգարյանի, որը խոսք էր տալիս, որ հաջորդ ընտրություններին տուն են ուղարկելու գործող իշխանություններին, սակայն հետաքրքիր է, որ չի նշում, թե երբ են լինելու այդ ընտրությունները՝ 5 տարի ա՞նց, թե՞ ավելի շուտ։ Հետաքրքիր է, ՀՅԴ նոր ղեկավարությունը նու՞յնպես նույն կարծիքին է լինելու, թե՞ ոչ։
Իրավիճակը շատ ավելի բարդ է հեղափոխականներին իշխանությունը փաստացի «թավշյա» կերպով հանձնած հանրապետական կուսակցությունում։

Ըստ էության, Սերժ Սարգսյանի հրաժարականի և ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու թեման կարծես թե մոռացության է մատնվել, նույնիսկ ՀՀԿ կարկառուն դեմքերը շեշտում են, թե Սերժ Սարգսյանը դեռ անելիք ու ասելիք ունի քաղաքական դաշտում։ Սակայն ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած հավաստի շրջանակների, խնդիրն այն է, որ հանրապետական կուսակցությունում չեն կարողանում իրական փոխարինողի գտնել։ Քաղաքական էլիտան ՀՀԿ-ում ոչ միանշանակ է ընդունում Վիգեն Սարգսյանի հավակնությունները և առաջնորդությունը։ Դա նշանակում է, որ ՀՀԿ-ական վերնախավը չի ընդունում այն, ինչ առաջարկում է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում, ժամանակին հենց Վիգեն Սարգսյանի համար, թերևս, Սերժ Սարգսյանը զոհաբերեց Կարեն Կարապետյանին։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում, որտեղ ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանին համարում էին իրենց անփոխարինելի ղեկավարը, այժմ արդեն չեն ընդունում նրա առաջադրյալ Վիգեն Սարգսյանին։ Ընտրություններում էլ զգացվեց, որ առաջնորդի դերը նա չկարողացավ տանել։ Այնպես որ՝ ՀՀԿ-ում լուրջ խմորումները կարծես թե առջևում են։ Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ այլևս չկան նախկին լուրջ վստահությունն ու խոնարհումը։


Այս է հավանաբար պատճառը, որ Սերժ Սարգսյանը ստիպված է առայժմ մնալ ֆորմալ առաջնորդի պաշտոնում։ Որպես բավականին լավ տակտիկ՝ ՀՀԿ նախագահը շատ լավ հասկանում է՝ քանի դեռ իր անունը կապվում է Հանրապետականի հետ, կուսակցության ռեբրենդինգի մասին որևէ բան խոսելն անիմաստ է։


Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժերին, ապա այստեղ ավելի ակտիվ են դառնում աջ գաղափարախոսություն ունեցողները։ Իրոք նման ուղղվածության վակուում կա, և խորհրդարանում էլ դրա պակասը այսօր առավել քան զգացվում է։ Որոշակի տեղաշարժ այս առումով կա. ստեղծվել է աջ ուղղվածության «Ազգային օրակարգ» կուսակցությունը, նոր ուժեր են հայտ ներկայացնում։ Բավականին հետաքրքրական է նաև, որ աննկատ չանցավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին շրջանի որոշակի ակտիվությունը։ Նա, ըստ էության, հայտնի է որպես ստվերային գործիչ, սակայն հարցազրույցով հանդես եկավ, ինչը շատերը ներկայացրին որպես քաղաքական դաշտ մուտք գործելու հայտ։ Թե դա ինչ ձևաչափով կլինի՝ հայտնի մեդիաքառյակի միջոցով, թե այլ կերպ, այլ խոսակցության թեմա է։ Եվ ինչպես կլասիկ պատգամավորներից մեկը կասեր՝ այդ մասին՝ հաջորդ դասին։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ