«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արտախորհրդարանական ուժերը պնդում են` իրական ընդդիմությունն իրենք են

Արտախորհրդարանական ուժերը պնդում են` իրական ընդդիմությունն իրենք են
25.01.2019 | 11:47

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից և խորհրդարանում չհայտնվելուց հետո քաղաքական ուժերի մեծամասնությունը լուռ է: «Իրատեսը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ, հասկանալու համար, թե այժմ ինչով են զբաղված, ինչ նախագծեր ունեն և ինչպես են պատկերացնում իրենց ապագա գործունեությունը:


«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց ուշադրությունը կենտրոնացած է նոր-նոր գումարված Ազգային ժողովի աշխատանքների վրա: Շեշտում է` նորընտիր պատգամավորներից սպասելիքները շատ են. «Իշխող կուսակցությունից ակնկալում ենք, որ արմատական ու էական փոփոխություններ կկատարի հատկապես սոցիալ-տնտեսական ու արդարադատության ոլորտներում, դա է ենթադրում հետհեղափոխական տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն, այս պահին մեր ջանքերը կենտրոնացնում ենք Սահմանադրության փոփոխման նախագծի վրա, ինչը կարծես դուրս է մնացել «Իմ քայլը» դաշինքի օրակարգից։ Արտախորհրդարանական մեր գործունեության հիմնական ուղղությունը հենց դա կլինի։ Նշեմ, որ նոր սահմանադրություն մշակելու համար համաժողովրդական պլատֆորմ ձևավորելու մեր հրապարակային կոչին արդեն իսկ մի շարք արտախորհրդարանական ուժեր են արձագանքել։ Պատրաստակամ ենք համագործակցելու նաև խորհրդարանական ուժերի հետ՝ մեր կողմից մշակված օրինագծերը կամ մեզ հուզող խնդիրները ներկայացնելով խորհրդարանական բոլոր ուժերին: Ժամանակը ցույց կտա, թե դրանցից որ մեկն առավել հակված կլինի աշխատելու մեզ հետ»։


Նա թեև հուսադրող չի համարում թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության, մասնավորապես արդարադատության նախարարության գործունեությունը, այնուամենայնիվ, հույս ունի, որ հասարակության սպասումները կարդարացվեն: Անդրադառնալով իրենց կուսակցության հետագա գործունեությանը՝ ավելացնում է, որ մարտից սկսելու են մարզեր այցելել:
Ռազմավարական պլանավորման աշխատանքներով են զբաղված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում: ՔՈ-ի գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ասում է, որ այժմ հստակեցնում են առաջիկա երեք տարիների անելիքները, կանխատեսում ռիսկերն ու հնարավորությունները, կարողություններն ու թերությունները:


«Մեզ շուտով կտեսնեք,- վստահեցնում է վերջինս։- Խորհրդարանից դուրս լինելով` զբաղվելու ենք այն քաղաքականությամբ, որը դուրս է մնացել խորհրդարանից: Ազգային ժողովում գաղափարական բևեռացում չկա, այն լիբերալ է, իսկ մենք որոշել ենք դառնալ խորհրդարանի երկրորդ բևեռը: Անելիքները շատ են` կուսակցության ներքին ենթակառուցվածքների զարգացումից մինչև կարևոր օրակարգերի համար պայքար»:


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ընդգծում է, որ նոր խորհրդարանի նկատմամբ չափազանց մեծ լրատվական ուշադրության պայմաններում արտախորհրդարանական ուժերի գործունեությունը փոքր-ինչ ստվերվել է: Ըստ նրա, քաղաքական-կուսակցական գործունեությունը, մասնավորապես ներկուսակցական կառուցվածքային և ծրագրային գործընթացներն ամենօրյա աշխատանք են պահանջում, ինչը միշտ չէ, որ հրապարակայնացվում է:


«Պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք համագումարին, շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Եվ ասել, թե խորհրդարան չանցած ուժերը պասիվացել են, «Ազատ դեմոկրատների» մասով չափազանցված է,- ասում է Անժելա Խաչատրյանը, վստահաբար հայտարարելով, որ այժմ արտախորհրդարանական ընդդիմության ձևավորման կարիք չկա։- Նման խոսակցություններն իմիտացիոն եմ համարում, որովհետև արտախորհրդարանական ընդդիմություն են այն ուժերը, որոնք չեն ձևավորվել ընտրությունից ընտրություն իրենց մասին հիշեցնելու նպատակով և ունեն ոչ թե թշնամական, այլ գաղափարական, ծրագրային սկզբունքային տարբերություններ իշխանության հետ: Մենք, օրինակ, հստակորեն հայտարարել ենք, որ այս իշխանությունների միակ գաղափարական, բովանդակային ընդդիմությունն ենք, և այդ ընկալումը, հավատացեք, կա նաև հասարակության մեջ: Մեր առաջ քաշած քաղաքական օրակարգը հստակ է, այն գործուն քայլեր է առաջարկում ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերների լուծման համար: Այժմ ունենք միաբևեռ Ազգային ժողով, և դրանով պայմանավորված` այս խորհրդարանից պետք չէ ակնկալել ծրագրային, գաղափարական բազմակարծություն: Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն տարանջատմանը, այն հստակ է միայն ներկայացվածության և պատգամավորների թվաքանակի առումով, բայց բովանդակային իմաստով ամեն բան այդքան էլ պարզ չէ: ԱԺ-ում ներկայացված ուժերն այդպես էլ չեն հստակեցնում, թե ինչո՞վ են, ի վերջո, իրենք ընդդիմություն, ո՞րն է իրենց տարբերությունը իշխանություններից, ի՞նչ օրակարգ, խնդիրների լուծման ի՞նչ ճանապարհ են իրենք առաջարկում, ինչը չի առաջարկում իշխանությունը: Հավատացեք, ընդդիմություն համարվելու համար սրանք կարևոր պայմաններ են»:


Խորհրդարանական ուժերի հետ համագործակցության մասով էլ կուսակցության փոխնախագահն ասում է, որ պատրաստակամ են համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք իրապես գործ անելու, խնդիրները լուծված տեսնելու ցանկություն ունեն, ցանկանում են բարելավել ՀՀ քաղաքացու կյանքը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նույնպես չի պասիվացել և այժմ զբաղված է կուսակցաշինական ակտիվ աշխատանքներով: Կուսակցության քարտուղարության անդամ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԸ վստահեցնում է, որ շարունակում են իրենց գաղափարների և ծրագրերի տարածմամբ զբաղվել, խորհրդակցություններ անցկացնել տարբեր ոլորտների մասնագետների հետ, լսել վերջիններիս մտահոգություններն ու առաջարկությունները պետությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, ուշի ուշով հետևել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին ու անհրաժեշտության դեպքում արձագանքել դրանց: Մեր զրուցակցի հավաստմամբ` «Սասնա ծռերը» դուրս է արտախորհրդարանական ընդդիմության կամ իշխանության համակրի դասական պատկերացումներից, այնուամենայնիվ, իրենք պատրաստ են աջակցելու իշխանությունների բոլոր այն նախաձեռնություններին, որոնք բխում են երկրի շահերից: Անդրադառնալով խորհրդարանականների աշխատանքին` նա ընդգծում է. «Ազգային Ժողովում ընդդիմադիր քաղաքական ուժեր չկան: Առկա երկու ուժերն ընդամենը սպասարկում են օլիգարխիայի շահերը և չեն կարող համարվել խորհրդարանական ընդդիմություն: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության աշխատանքին, նոր ձևավորված օրենսդիր մարմնի աշխատանքը դժվար է գնահատել այս կարճ ժամանակահատվածում: Խորհրդարանը մինչ օրս զբաղված է ներքին կառուցվածքի ստեղծմամբ և դեռևս չի անցել իր բուն գործունեությանը. միայն շաբաթներ անց հնարավոր կլինի որոշակի գնահատական տալ իշխող ուժի պատգամավորների աշխատանքին»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ