Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ովքեր կհայտնվեն «գրողի ծոցում»

Ովքեր կհայտնվեն «գրողի ծոցում»
25.01.2019 | 11:48

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Եթե հետադարձ հայացք նետենք նոր քաղաքապետի պաշտոնավարման այս ամիսներին, գրեթե բոլոր արմատական որոշումների հեղինակը եղել է Արթուր Մեսչյանը` անկախ հանգամանքից դրանք դրական, թե բացասական են ընկալվել հանրային շրջանակների կողմից: Մեկնարկը բավականին աղմկոտ էր, Մեսչյանի առաջին գործը կիսակառույց ապօրինի շինությունը հողին հավասարեցնելն էր: Դրանից հետո հանրությունը, համենայն դեպս, մեծ աղմուկով ապօրինի շինությունների տապալումներ չտեսավ, չնայած գլխավոր ճարտարապետը վստահեցրեց, որ 20-ից ավելի ապօրինի շինություն են քանդել: «Եթե մարդը ծանր սոցիալական իրավիճակում կարողանում է 20-25 քմ-անոց ինչ-որ մի բան կառուցել, որ իր ընտանիքն ապրի, բնականաբար, ես ոչ մի պրոբլեմ չունեմ, աջակցում եմ: Բայց գիտե՞ք ինչ, մեկ-մեկ բերում են 3-4-հարկանի ապօրինի կառուցված շենքեր, օրինակ, դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք, չե՞ք ասի, որ հավաքվի ու գնա գրողի ծոցը»,- հայտարարեց Մեսչյանը, հընթացս նկատելով, որ պարզ երևում է, թե այդ կառույցների սեփականատերերը ովքեր են: Այստեղ մեծ հարց է առաջանում` Մեսչյանը գրողի ծոց է ուղարկում բոլո՞ր ապօրինի հողազավթում իրականացրածներին, թե՞ ովքեր առավել «անհավասար են հավասարների մեջ»: Երևանյան իրականությունը փաստում է, որ ապօրինի հսկայական շինություններ կառուցել են ու ժամանցի գոտի դարձրել տարբեր «կալիբրի» մեծահարուստներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ապօրինի շինություններ են կառուցել նաև շարքային այն քաղաքացիները, ովքեր իրենց շենքերի բակերում, առանց համապատասխան թույլտվության, ոչ երեքհարկանի ավտոտնակ են կառուցել: Հիմա օրենքն ավելի խիստ ու՞մ է վերաբերվելու: Համենայն դեպս խոշոր ապօրինի շինության քանդման մասին հանրությանը դեռ ոչինչ հայտնի չէ:


Այս առումով չենք կարող չհիշատակել օպերայի շրջակայքի սրճարանների քանդման մասին որոշումը, որը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Եթե հաջողվի այս որոշումը մինչև վերջ կիրառել, և կրկին ընտրողաբար չիրականացվի քանդման գործընթացը, էլի մեծ բան է: Սակայն մամուլում արդեն տեղեկություն տարածվեց, թե սրճարանների քանդման գործընթացն այնպես է իրականացվելու, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող սրճարանը դուրս մնա: Գլխավոր ճարտարապետին անունները չեն հետաքրքրում, նա միայն փաստեց, որ օպերայի մի հատվածը նորից հնարավոր է կանաչապատ տարածք դարձնել: «Առանձնապես բիզնեսները չեն տուժել, ասում են՝ աշխատատեղեր կկորցնեն, այդ սրճարանները երկու զոնա ունեն, մի գոտին վերացնելուց իրենց բիզնեսը դրանից բան չի լինում, իրենք մնում են իրենց տարածքում, աշխատատեղերի վերաբերյալ էլ մեծ կորուստներ չեմ տեսնում»,- ասել է Մեսչյանը, սակայն նրա խոսքում կա որոշակի անորոշություն. ի՞նչ է նշանակում բիզնեսը չի տուժելու, մնալու է իր տարածքում: Հանրությունը դեռ առիթ կունենա հետևելու, թե ինչ չափով են քանդվելու սրճարանները, և կանաչապատ ինչպիսի տարածքի է վերածվելու օպերայի շրջակայքը:


Արթուր Մեսչյանը խոսել է նաև առաջիկա ծրագրերից. Աջափնյակում մետրոպոլիտենի երկու նոր կայարան կկառուցվի: Երկրորդ կարևոր ստրատեգիական ծրագիրը ճոպանուղին է, որը կկապի Նորքը մայրաքաղաքի կենտրոնի հետ: Հրաշալի ծրագրեր են, սակայն հետաքրքիր է` ի՞նչ միջոցների հաշվին են կյանքի կոչվելու որովհետև մետրոյի երկու կայարան կառուցելը բավականին թանկ հաճույք է: Եթե քաղաքապետարանի եղած միջոցներով, ուրեմն ինչու նախկինում հնարավոր չի եղել գոնե մեկ կայարան կառուցել: Սակայն իրականում և ճոպանուղու դեպքում, և՛, եթե չենք սխալվում, կայարաններից մեկի պարագայում զգալի աշխատանքներ կատարված են, ճոպանուղու աշխատանքն էլ պետք է վերականգնել, վերակառուցել:


Գլխավոր ճարտարապետն ասուլիսի վերջում նաև իրազեկել է, որ չի պատրաստվում երկար մնալու այդ պաշտոնում. «Պլանավորում եմ մոտավորապես 2-2,5 տարի: Ես մի բան գիտեմ՝ ինչ մտադիր եմ անելու, կանեմ այս 2,5 տարվա մեջ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ