Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ժողովուրդներին պատրաստել խաղաղության»

«Ժողովուրդներին պատրաստել խաղաղության»
25.01.2019 | 11:55

Ինչպիսի՜ դասական ապուշություն: Թող թույլ տրվի հարցնել, մարդկային պատմության ընթացքում կգտնվի՞ մի օրինակ, որ ժողովուրդները կողմ են եղել պատերազմին: Այդ ո՞ր ազգի կինը, որքան էլ հրեշավոր էություն ունենա, իր որդուն կուղարկի մահվան: Կարող եմ հաստատ ասել` ո՛չ մի ժողովուրդ պատերազմ չի ցանկանում, ո՛չ մի ժողովուրդ չի ցանկանում կռվի դաշտում թողնել իր անթաղ որդուն, ամուսնուն:


Առանց բացատրության էլ կարելի է ասել, թե ովքեր են պատերազմի կազմակերպիչները, և ինչպես են սկսվում դրանք: Նպատակս ամենևին էլ նրանց ներկայացնելը չէ և ոչ էլ նրանց էության բացատրությունը: Միայն ասեմ` հանենք մարդկային պատմությունից պատերազմների պատմությունը, և տեղը ոչինչ չի մնա: Այսօրվա սպասվելիք պատերազմի բովանդակությունը (նկատի ունեմ պատերազմը հսկա տերությունների միջև) ոչ թե փոքր-ինչ այլ է, այլ բոլորովին այլ է: Չնայած դա գիտակցում և ըմբռնում են գերտերությունների ղեկավարները, բայց միևնույն է, նրանք օր օրի շարունակում են ցուցադրել իրենց ռազմական մկանները:


Ոչ ոք չի ասի, թե Պուտինը անհավասարակշիռ ֆյուրեր է, արյան ծարավ, բայց նա հստակ ասում է և այդ տեսաձայնագրությունը ցույց են տալիս համարյա ամեն օր.
-ՈՒմ է պետք այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը տեղ չունի:
Իսկ որքա՞ն ատոմային զենք կա Ռուսաստանում: Ճիշտ է, այլ հսկա երկրների առաջնորդները չեն արտահայտվում նման ձևով, բայց իրենց վարքագիծը փորձում են բացատրել Ռուսաստանի զինվելով ու զինվելով:
Տեղին է հիշել` Ռուսաստանի ռազմական բյուջեն կազմում է ընդամենը 46 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ինը` շուրջ քսան անգամ ավելի: Զորեղները լավ են հասկանում, որ իրենք չպիտի երկու այծերի նման նեղ կամրջի վրա գլուխ գլխի խփեն (դա ծայրահեղ տարբերակն է), այլ իրենց ուժերը պիտի չափեն ավելի թույլ պետություններում: Զորօրինակ, Լիբիայում, Սիրիայում:
Անշուշտ հայերիս ամենամեծ հոգսը մեր երկիրն է, որը պետք է աշխատի խուսափել պատերազմից, դրա համար ամեն օր պատերազմի պատրաստվելն է: Ղարաբաղի հարցն արդեն քսան տարուց ավելի սառեցվել է, թեպետ ամենօրյա տաք դեպքերը քիչ չեն: Պարզապես հարցադրեմ` Ղարաբաղում պատերազմն անխուսափելի՞ է, թե՞ ի վերջո կհաղթի բանականությունը:


Ես ռեալպոլիտիկ չեմ և դժբախտություն չունեմ նման ձևով մտածելու, որովհետև պատմության իմացությունն ինձ հուշում է, և դա է ապացուցում մեր ագրեսիվ հարևանի ողջ էությունը` հայ ես, ուրեմն մեր թշնամին ես: Անկախ այն բանից, թե որ երկրի քաղաքացի ես, եթե ազգանունդ վերջանում է «յան»-ով, ուրեմն դու իրավունք չունես մտնելու մեր երկիր: Նրանք կարող են թքել ցանկացած միջազգային օրենքի վրա, միջազգային հանրության վրա և թքում են իրենց էությունը չթաքցնելով, միջազգային հանրությանը, եվրոպական կառավարման պետական բարձր ատյանների ղեկավարներին կաշառելով: Նրանք լավ են հասկացել, որ ամերիկյան կանաչի ուժը զորեղ է, և այդ կանաչի ուժով գնեցին Հունգարիայի վարչապետին, թքելով հունգարական արդարադատության վրա, ավելին, մարդասպանին բերելով իրենց երկիր, նրան հերոսացրին, զինվորական կոչում շնորհեցին, արտահերթ բնակարան տվեցին և նման «հերոսական» ոգու դրսևորումով դաստիարակում են Ադրբեջանի երիտասարդ քաղաքացուն: Նրանք միջազգային հանրության առաջ թքում են իրենց համար ոչ ցանկալի երկրների վրա, խախտում են գերիների հետ վարվելու միջազգային բոլոր օրենքները, զոհված հայ զինվորի գլուխը կտրում են և տշում ֆուտբոլի գնդակի նման, հետո տեսագրում և ցույց տալիս աշխարհով մեկ:


Երբ Ռուսաստանի նման հզոր պետության քաղաքացուն սուտ մեղադրանքով բանտ են նստեցնում, Ռուսաստանը, նաև Իսրայելը լռում են: Երբ Ռուսաստանի հայ քաղաքացուն, այն էլ ոչ մեկ անգամ, Բաքվի օդանավակայանում ծաղրի են ենթարկում, և երբ ամոթից կամ քաղաքական ինչ-ինչ հարցերից ելնելով Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքում է, և այդ բողոքի վրա Ադրբեջանում մեծ վայնասուն է բարձրանում, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հանդես է գալիս հայտարարությամբ` քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը, այդպես է լինելու:
Այդ երկրի ղեկավարը հայտարարել է, թե Երևանը պետք է ազատենք որպես վաղեմի ադրբեջանական հող, դրան միջազգային հանրությունն ինչպե՞ս է վերաբերվում: Ասենք նրանք սովորել են միջազգային հանրությունից: Օրը ցերեկով Սաուդյան Արաբիայի քաղաքացի, հայտնի լրագրող Ջամալ Խաշոգիի մարմինը Թուրքիայում` Սաուդիայի դեսպանատանը, համապատասխան գործիքով մասնատեցին, ԱՄՆ-ի նախագահն ի՞նչ արեց... Ոչի՛նչ։ Պարզապես ասաց` Սաուդյան Արաբիան մեր երկրում 100 միլիարդ դոլարի ներդրում է արել, մենք չենք կարող փչացնել մեր հարաբերությունները: Թող թույլ տրվի ինձ այստեղ ասել, հա՛յ պաշտոնյաներ, խելքի եկեք, մարդու իրավունքնե՜ր... միջազգային հանրությու՜ն... այդ բոլորը գործիք են զորեղների ձեռքին, ըստ նպատակահարմարության օգտագործելու համար:
Իսկ այժմ ռեալպոլիտիկի հետ խոսենք ռեալ փաստերով: Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է ռեալպոլիտիկին (անունով չեմ ուզում հիշել, քանզի տհաճ է նրան անունով հիշել), թե այդ հինգ շրջանները ինչի՞ դիմաց ենք հանձնում Ադրբեջանին, հնչում է ռեալպոլիտիկի ստոր, դեմագոգ պատասխանը.
-Այդ տարածքները մենք հանձնում ենք ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը:
Իսկական տափակաբանություն: Միջազգային հանրությունը միայն մեզնից է պահանջում պահպանել և հարգել նրա կարծիքը: Այդ ու՞ր էր միջազգային հանրությունը, երբ ավերեցին Իրաքը, Սիրիան, հիմնահատակ արեցին և օրինական ընտրված նախագահին էլ կկախեին կամ այլանդակ ձևով կսպանեին` Քադաֆիի նման, եթե ռուս-իրանական ուժերը չպաշտպանեին Ասադին: ՈՒ՞ր էր միջազգային հանրությունը, երբ ավերում էին Սերբիան և բնիկ սերբական հողը անջատեցին նրանից: ՈՒ՞ր էր այդ հանրությունը, երբ Ռուսաստանը, այլևս չդիմանալով Սաակաշվիլու ապուշություններին, Վրաստանից անջատեց Աբխազիան և Հարավային Օսիան: ՈՒ՞ր էր միջազգային հանրությունը, երբ Ռուսաստանը, օրը ցերեկով, այն էլ հաշված օրերի ընթացքում կատարված հանրաքվեի արդյունքում իրեն միացրեց Ղրիմը:
Հավանաբար շուտով համաշխարհային հանրությունը կապշի, երբ իմանա, որ Տայվան կղզին արդեն Չինաստան է: Այդ ուր էր նայում համաշխարհային հանրությունը, երբ սուվերեն, ՄԱԿ-ի անդամ պետությունը` ԳԴՀ-ն, մեկ օրում վերացավ աշխարհի քարտեզից: ՈՒ՞ր է նայում համաշխարհային հանրությունը, երբ ԱՄՆ-ի նախագահը պատ է անցկացնում իր երկրի և Մեքսիկայի միջև:


Իսկ ու՞ր մնաց Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթներից մեկը` մարդու ազատ տեղաշարժվելու և բնակություն ընտրելու իրավունքը: ՈՒ՞ր է նայում համաշխարհային հանրությունը, երբ Իսրայելը ԱՄՆ-ի նախագահի օգնությամբ, հակառակ համաշխարհային կարծիքի, իր երկրի համար Երուսաղեմը մայրաքաղաք է ընտրում: Երբ նույն Իսրայելը ընդամենը 14 հազար քառակուսի կիլոմետրի վրա ստեղծված պետության սահմանները մի քանի պատերազմում դարձրեց 70 հազար քառակուսի կիլոմետր:
ԱՄՆ-ը մեծ է, Չինաստանը մեծ է, Ռուսաստանը մեծ է, կասեն ոմանք։ Իսկ Իսրայե՞լը` կհարցնեմ ես:


Ռուսաստանը հարբեցող նախագահի կառավարման պատճառով կանգնել էր փլուզման եզրին: Իսկ մեր երկրի ղեկավարությունը անկախության առաջին իսկ օրվանից սկսած ռեալպոլիտիկից առայսօր քանդել է երկիրը: Հայտնի խոսք է` եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Անկեղծ ասած, այսօր պատերազմի մասին խոսք էլ չէր լինի, եթե ռեալպոլիտիկից սկսած ազատագրված տարածքները բնակեցվեին հենց Ադրբեջանից բռնագաղթված Ադրբեջանի քաղաքացիներով: Նույնիսկ հարցի նման լուծման դեպքում միջազգային հանրությունը կմոռանար ամեն ինչ: Կուզենայի ռեալպոլիտիկին հարցնել` այդ երբվանի՞ց հասկացար, որ միջազգային հանրությունը չի ընդունում սահմանների փոփոխություն: Ի սկզբանե՞: Այդ դեպքում ինչու՞ ժողովրդին հանեցիք ոտքի և թշնամացրիք երկու ժողովուրդներին: Գուցե ասեք` մենք հարցի լուծումը տեսնում էինք ԽՍՀՄ-ի կազմու՞մ:
Հիշեցնեմ ռեալպոլիտիկին էն ժամանակ ասված խոսքերը` մենք մեր երկիրն ազատեցինք ազերիներից, ինչն արժանացավ Սոբչակի սուր քննադատությանը: Այդ դեպքում ինչու՞ անցկացվեց անկախության հանրաքվեն:


Եթե ԽՍՀՄ-ի կործանումը նախօրոք ծրագրված չէր Արևմուտքի ձեռամբ, որ հիանալի իրականացնում էին նրա գործակալները, ինչի՞ց ելնելով էր ռեալպոլիտիկը 1990 թվականին ձեռք զարկում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ամբիոնին և ասում` ես ձեզ հավաստիացնում եմ (այսինքն պատգամավորներին), որ ռուսները վաղ թե ուշ պիտի հեռանան Անդրկովկասից:
Ասել է`ռեալպոլիտիկն այն գլխից գիտեր, որ հանուն Ղարաբաղի իզուր էր արյուն թափվում... Այդ պատճառո՞վ էր հայտարարում` բա մենք կարո՞ղ ենք հաղթել ութմիլիոնանոց Ադրբեջանին:
Բայց մենք հաղթեցինք, որովհետև ոչ մի ուժ չէր կարող կասեցնել ժողովրդի արդար պայքարը:
Ռեալպոլիտիկը ոչ միայն գաղթականներին չէր ուղղում ազատագրված տարածքներ, այլև ամեն ինչ անում էր երկրի բուն բնակչության արտագաղթին զարկ տալու համար:
Հիշենք ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Արայիկ Սահակյանի բանավոր խոսքերը` մեզ հարյուրհազարանոց Հայաստանն էլ ձեռք է տալիս: Եվ ռեալպոլիտիկից հետո եկողները նույն թալանչիական քաղաքականությունն էին իրականացնում, հավանաբար նրանք էլ էին համոզված, որ չի կարելի դեմ գնալ միջազգային հանրության կարծիքին: Տեղին է հարցնել` միջազգային հանրությունը միայն կարեկցա՞նք է արտահայտում, երբ անմեղ արյուն է հեղվում...


Հայտնի խոսք է, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Խաղաղություն չեն մուրում, խաղաղության պարտադրում են: Պետք չէ մեզ` ժողովրդին, վախեցնել պատերազմի ուրվականով: Մենք պատերազմում հաղթել ենք, և այդ հուրը պետք է վառ պահել: Ի՞նչ է նշանակում ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն էլ պարտավոր է ապահովել իր ժողովրդի արդար խաղաղությունը, հակառակ դեպքում ժողովուրդը կասի իր խոսքը: Թող ոչ ոք չփորձի վախեցնել ժողովրդին պատերազմով: Մեր ժողովրդի 20-րդ դարի 50-ականների սերունդը 1965-ի ապրիլի 24-ին դրեց ազգային պայքարի սկիզբը, որը նյութականի վերածվեց դարավերջին: Մենք կռվեցինք մեր պապերի կորցրածի համար արյուն թափելով: Այսօր մենք իրավունք չունենք այդ արյունը ջուր դարձնելու և ապագա սերունդներին թողնելու մի նոր անորոշություն: Դրա համար հարկավոր են համառ կամք, հաստատակամություն և ամենակարևորը` ազգային միասնություն, և մեկ էլ` չփորձեք խաբել սեփական ժողովրդին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 7045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ