ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ամեն նկարիչ չի կարող լինել քանդակագործ, բայց ամեն քանդակագործ նաև նկարիչ է»

«Ամեն նկարիչ չի կարող լինել  քանդակագործ, բայց ամեն քանդակագործ նաև նկարիչ է»
25.01.2019 | 12:23

«Molbert» նկարչական պարագաների և շրջանակների մասնագիտացված խանութ-սրահում կարելի է գտնել ամենատարբեր չափերի, գույների, ձևի շրջանակներ, հուշանվերներ ու սրբապատկերներ, ի վերջո լուսանկարներ, նկարներ, որոնք սպասում են իրենց շրջանակներին: «Շրջանակը կտավի հագուստն է, ճիշտ ընտրած հագուստը կարող է անգամ փրկել վատ աշխատանքը, և հակառակը, սխալ ընտրության դեպքում տուժում է կտավը»,- ասում է խանութ-սրահի տնօրեն ՀԱՅԿ ՔԱՐԱՓՈՒԼՅԱՆԸ:


Molbert-ը գործում է 2004-ից` Սարյան 36 հասցեում:
Հայկ Քարափուլյանը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակագործության բաժնում: Բայց հանգամանքների բերումով երկար տարիներ չի զբաղվել իր սիրած գործով: Շուրջ քսան տարի աշխատել է քաղաքացիական ավիացիայում` որպես ուղեկցորդ: Քսան տարի անց, թոշակի գնալուց հետո, որոշել է սկսել իր սեփական գործը, որն անմիջականորեն առնչվում է արվեստին: Այդպես ստեղծվել է Molbert-ը:
«Ինչպե՞ս ընտրել շրջանակը» հարցը շատ պարզ պատասխան ունի. հաճախորդներին հիմնականում ուղղորդում-օգնում է խանութի տնօրենը: Բայց ոմանք արդեն գիտեն` ինչ են ուզում, շրջանակի իրենց պատկերացումն ունեն, ոմանք էլ ուզում են շրջանակը համապատասխանեցնել իրենց բնակարանի հարդարանքին, վարագույրի գույնին: «Բացատրում եմ, որ շրջանակը վերաբերում է կոնկրետ նկարին, բայց, եթե իրենցն են պնդում, իհարկե, վերջին խոսքը հաճախորդինն է»,- ասում է մեր զրուցակիցը:


Շրջանակները հիմնականում պլաստիկ նյութից են: Փայտե շրջանակներ հազվադեպ են պատվիրում, հիմնականում` մեծ վարպետների գործերի համար. «Օրինակ, եթե Սարյան են բերում մեր հարգարժան քաղաքացիները, այդ դեպքում գումար չեն խնայում: Բայց բարձրարժեք նկարների համար էլ ավելի հաճախ գերադասում են պլաստիկը: Վերջին ժամանակներում տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ առաջին հայացքից անգամ դժվար է տարբերակել` պլաստի՞կ է, թե՞ փայտ»: Շրջանակներ պատվիրում են տարբեր մարդիկ` սկսած ատամնաբույժներից, վերջացրած նկարիչներով: Պատվիրում են դիպլոմների համար, հավատարմագրերի, լուսանկարների, իրենց երեխաների նկարչական աշխատանքների, ի վերջո, սիրողական ու պրոֆեսիոնալ կտավների: Պահանջարկը շատ մեծ է: Պարզվում է` շատերն էլ շրջանակը պատվիրում-տանում են ԱՄՆ, որովհետև դրսում դրանք շատ թանկ արժեն:


Այս սրահում վաճառվում են նաև Հայկ Քարափուլյանի աշխատանքները` կտավներ, հուշանվերներ ու սրբապատկերներ: Վերջիններս նկարիչ-քանդակագործը պատրաստում է կավից, պղնձից, կոռոզիայի է ենթարկում, հնացնում, մաշեցնում, թարմացնում, հատուկ էֆեկտներ ու գույներ տալիս, ի վերջո, պատում արծաթի կամ ոսկու շերտով: Եվ այս ամենը մարդիկ գերադասում են նորաոճ պլպլան աշխատանքներից: Հայկ Քարափուլյանի հուշանվերները պատկերում են Արարատը, նուռ, ձկներ, մեծ վարպետների գեղանկարներ: Կարելի է տեսնել նաև հին բանալիներով, խորհրդային շրջանի թղթադրամներով, շքանշաններով ու այլ իրերով պատրաստված կոլաժներ: «Ես սիրում եմ շրջանակել ամեն հին բան»,- կեսկատակ, կեսլուրջ ասում է մեր զրուցակիցը: Իր գեղանկարների մասին ասում է. «Ամեն նկարիչ չի կարող լինել քանդակագործ, բայց ամեն քանդակագործ նաև նկարիչ է»: Այս սրահում շրջանակվում են և՛ սիրողական, և՛ պրոֆեսիոնալ կտավներ: Սրահի տնօրենն ասում է, որ առաջին իսկ հայացքից տարբերում է սիրողական նկարը պրոֆեսիոնալից:

Մանրամասնում է. «Գուցե ասեն` լավ նկար է, սիրուն է, բայց բացակայում է գրագիտությունը: Ճանապարհ չեն անցել: Դա նույնն է, որ մի լավ բանաստեղծություն գրեք, բայց ամեն բառի մեջ երկու տառ բաց թողնեք: Պրոֆեսիոնալ աչքը անմիջապես տեսնում է «վրիպակները»»:
Վերադառնանք շրջանակներին: Նկարը շրջանակելու կարևոր ատրիբուտներից է ֆիլետը, որը եզրագծում է պասպարտուն (ստվարաթղթե շրջանակ կամ սոսնձվածք) ու առավել ամբողջական, խորհրդավոր տեսք տալիս շրջանակին: «Molbert»-ն առաջարկում է հեղափոխական գին, ու շատերն այսօր կտավներ շրջանակելիս պահանջում են ֆիլետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ