Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընտանեկան բժշկի դիտարկումներ

Ընտանեկան բժշկի դիտարկումներ
25.01.2019 | 12:31

Օրեր առաջ գյուղի ԱԱՊԿ էր դիմել մի հիվանդ` խորհուրդ, եթե հնարավոր է որևէ դեղամիջոց ստանալու ակնկալիքով։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ նա երկար տարիներ տառապում է ստորին վերջույթների երակների լայնացմամբ (երակների վարիկոզ հիվանդություն)։ Զննելիս աչքի էին ընկնում սրունքի մակերեսային երակները` արյունալցված, անհարթ մակերեսով, ցիանոտիկ գույնի, տեղ-տեղ` ողկույզի տեսքով, իսկ սրունքն ավելի մեծ տրամագիծ ուներ։ Երբ ես առաջարկեցի, որ այս դեպքում կօգնի միայն ստացիոնար բուժումը, նա իսկույն առաջարկեց. «Ինչո՞վ»։ Պարզվեց` ամիսներ առաջ դիմել է մասնագետի, վերջինս առաջարկել է վիրահատություն, որի արժեքն է 400 հազար դրամ։ Որտեղի՞ց այդքան գումար մի կերպ ծայրը ծայրին հասցնող մարդուն։


Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով նույն գյուղում որպես ընտանեկան բժիշկ` բազմաթիվ նման դեպքերի եմ հանդիպել. բազմապիսի ճողվածքներ, թոքերի, սրտի հիվանդություններ, դժվարամիզություն, արյան բարձր ճնշում, շաքարախտի բարդություններ և այլն, որոնք ժամանակին չբուժվելու պատճառով ստանում են քրոնիկական ընթացք, և բուժումն ավելի դժվարացնում։ Ահավոր են նաև բժշկական սարքավորումներով հետազոտությունների գները. գուցե դրանք նորմալ են շատ այլ երկրների համար, բայց ոչ մեր երկրի, որտեղ դրամ չունեցողները մեծ բանակ են կազմում, և հենց նրանք են բանկերից մշտական կախման մեջ։


«Բժիշկ, մի բան նշանակի յոլա գնանք, մինչև Աստված մի դուռ կբացի»,- ահա շատերի պահանջը։ Սակայն ո՛չ Աստված է դուռ բացում, ո՛չ երկրի տերերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որի նշանաբանն է` «Առողջություն բոլորին», 21-րդ դարում նշում է այն գործոնները, որոնք հանգեցնում են հիվանդությունների հաճախացման, խորացման, քրոնիկական ընթացքի ձևավորման, մահացությունների։ Դրանք են` երկրների տնտեսական, գիտական, սոցիալական զարգացման մակարդակները, շրջակա միջավայրի վիճակը, մարդկանց վարքագիծը, ապրելակերպը, ծխելը, ժառանգությունը և այլն։
Աղքատներն ավելի վատառողջ են, և նրանց շարքում ավելի շատ են մահվան դեպքերը։

Առողջության վրա բացասաբար է ազդում նաև սոցիալական ծայրահեղ բևեռացումը, ինչը հանգեցնում է ատելության, նախանձի, չարության դրսևորման, որոնք էլ պատճառ են դառնում որոշակի նևրոտիկ վիճակների։ Ելնելով այս բոլորից` կարելի է փաստել, որ մեզ մոտ առողջության մակարդակը բավական ցածր է, բնականաբար, հիվանդությունները հաճախ են ընդունում քրոնիկական բնույթ։ Ասում են, չէ՞, առողջությունը շատ թանկ արժե, դրա համար էլ այն գնում են հարուստները, իսկ բնակչության հիմնական զանգվածն այդ թանկ հաճույքից օգտվել չի կարող։ Ճիշտ է, անապահով խավի մի մասն օգտվում է պետպատվերից, սակայն հատկացվող գումարը շատ քիչ է։ Ինչպես պատմում էր իմ ընկերը` արդեն հանգուցյալ, 2-րդ խմբի հաշմանդամ, ստացիոնարում բուժել են մոտ տասն օր և ասել. «Փողը պրծավ», եթե ուզում ես շարունակել բուժումը, վճարիր օրական տասնհինգ հազար դրամ, եթե չես կարող, գնա տանը բուժվիր»։ Բուժման բարձր գներն են պատճառը, որ շատանում է աղքատների թիվը, քանզի հաճախ գյուղացին զրկվում է իր ապրուստի միակ միջոցից։ Հիվանդությունների քրոնիկացման վրա ազդում են նաև սուբյեկտիվ պատճառներ։ Այսօր հիվանդ բուժելը նույնացնում են բիզնեսի հետ, ինչպես վարունգ ծախելը, մանավանդ վերջերս մեզ մոտ ձևավորված «պաս տալը», երբ հիվանդին ենթարկում են ավելորդ հետազոտությունների` աղքատացնելով ընտանիքը։ Հիշում եմ, մի օր մի երիտասարդ ինձ ներկայացրեց «հիվանդ» մոր հետազոտման արդյունքները` մոտ 10 էջի վրա, որտեղ, բացի տարիքային փոփոխություններից, այլ պաթոլոգիա չէին գտել, բայց «ընկել» էր մոտ 300 հազար դրամ։ Հիվանդությունների քրոնիկ ընթացքին նպաստում է նաև բուժման կարճատև ընթացքը. ավելի լավ է մի փոքր երկար բուժել, քան թողնել, որ հիվանդությունը դառնա քրոնիկ։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ընտանեկան բժիշկ
Լճաշեն

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ