Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե պետությունը չի հարգում իր պաշտոնյային, չի հարգում ինքն իրեն

Եթե պետությունը չի հարգում իր պաշտոնյային, չի հարգում ինքն իրեն
25.01.2019 | 14:15

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում հերթական ցնցող հայտարարություն է արել առ այն, որ ուզում է տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իր և ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշման մասին. «Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»: Նա նաև իրազեկել է, որ «ԱԺ նախագահի՝ աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը»։ Ուշադրություն դարձրի՞ք` ԱԺ նախագահի՝ աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, իսկ վարչությունների բնականոն աշխատանքը ԱԺ նախագահին ու Աժ աշխատակազմի ղեկավարին չեն հետաքրքրում: Այս սուպերպոպուլիզմը, սակայն, նոր չի սկսվել` դեռ Աժ աշխատակազմի նախկին նախագահն էր աշխատակազմին պատերազմ հայտարարել մեքենաների, բենզինի, գրիչների ու սպիտակ թղթերի և անգամ ամրակների պատվերի մասով: Խնայողություն, խնայողություն` մինչև վերջ:
Առավելևս աշխատակազմի նոր ղեկավարը, որ բացարձակապես պատկերացում չունի խորհրդարանի աշխատանքի առանձնահատկություններից ու պահանջներից, բնական է, որ պոպուլիզմին տուրք էր տալու: Եվ դա կշարունակվի այնքան, քանի դեռ այդ ոչնչով չարդարացվող սահմանափակումների պատճառով կսկսվեն անխուսափելի ձախողումները: Այն տպավորությունն է, որ Հայաստանում ամեն իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները պատերազմ են հայտարարում առաջին հերթին ավտոմեքենաներին, մոռանալով, որ վաղուց արդեն ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլ` փոխադրամիջոց: Այդպես սկսեց ՀՀՇ-ն ու շարունակեցին հերթով բոլորը: Ճիշտ է` հետո ՀՀՇ-ականները նոր մեքենաներ գնեցին ու արդեն իբրև փոխադրամիջոց երթևեկեցին ավելի հարմարավետ պայմաններում: Նույնը նաև հիմա է տեղի ունենալու:


Խնդիը ավտոմեքենան չէ, այլ` աշխատանքային պայմանների ստեղծումը, որի պարտականությունը ԱԺ նախագահինն է: ԱԺ-ում կան վարչություններ, որոնց աշխատանքի կազմակերպումը կապված է խորհրդարանի շենքից դուրս գտնվող այլ հաստատությունների հետ և այդ վարչությունների պետերը կամ աշխատակիցները բնավ պարտավոր չեն իրենց գրպանից վճարել փոխադրամիջոցի վարձը, առավելևս` ժամանակը, որ ստիպված են դրսում անցկացնել, կարող էին իրենց բուն գործին ծառայեցնել: Փաստացի` փորձի պակասի, թե այլ պատճառներով` Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդակցելով նույնքան անփորձ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, բայց ոչ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերի հետ, կայացնում է ԱԺ բնականոն գործունեության ոչ թե կազմակերպման, այլ տապալման որոշումներ: Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ կծափահարեն նրա որոշումներին, բայց այդ մարդիկ պատասխանատու չեն խորհրդարանի բնականոն գործունեության համար: Նրանք կամ անտեղյակ են աշխատանքի բնույթից, կամ համարում են, որ ինչ իրենք չունեն, ոչ ոք չպիտի ունենա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շատ ավելի շոշափելի օգուտ կտար, եթե ինքն էլ հրաժարվեր ծառայողական մեքենայից ու նույնը պարտադրեր իր տեղակալներին ու հանձնաժողովների նախագահներին: Ինչու՞ ոչ: Եթե հեղափոխությունը պահանջում է, պետք է ենթարկվել: Իսկ եթե դա հեղափոխության պահանջը չէ, այլ ընդամենը ժամանակավոր ցուցամոլություն, ինչ-որ մեկը պիտի գտնվի ու Աժ նախագահի ականջին շատ բարձր ասի` խառնաշփոթ մի ստեղծիր շուրջբոլորդ, արդյունավետ կառավարումը պահանջում է հնարավորինս մտածված ու ճշգրիտ քայլեր: Ըստ նրա որոշման ստացվում է, որ պարզապես առանձին անձանց կցված մեքենաները մնալու են ԱԺ գարաժում իբրև հերթապահ մեքենաներ` սպասարկելու Աժ հանձնաժողովների փոխնախագահներին, իսկ աշխատակազմը ստիպված է լինելու օրը մի 10 գրություն ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին, որ նրա հրամանով «առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա իրականացնեն պահանջվող տեղափոխումը»։ Այսինքն` աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղարը օրն անցկացնելու է թույլտվություններ ստորագրելով, գարաժում էլ ազատ մեքենա գտնելով: Որ ի՞նչ: Ամբողջ հարցը հանգում է վարչության պետերի` տուն-Աժ, Աժ-տուն երթուղի՞ն փակելուն:


Քաղաքակիրթ երկրներում խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվում է որոշակի գումար` ապահովելու հենց այդ ծախսը: Արարատ Միրզոյանը պատրա՞ստ է ընդօրինակել այդ փորձը: Թե՞ կարևորը հասարակական արձագանքն է` Աժ նախագահը ավտոները հանեց, ուռռա: Կսկենք լավ ապրել: Իրականում մեղավորը ոչ թե Արարատ Միրզոյանն է, այլ հենց հասարակական այդ մտայնությունը, որ պետական պաշտոնյան ունի, բայց չպետք է ավելին ունենա: Եթե պետությունը չի հարգում իր պաշտոնյային, չի հարգում ինքն իրեն:

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ