Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպան մնում է երկրորդ հայրենիք աշխարհի բոլոր ազատ մարդկանց համար

Եվրոպան մնում է երկրորդ հայրենիք աշխարհի բոլոր ազատ մարդկանց համար
27.01.2019 | 12:48

Տարբեր երկրներից 30 հայտնի գրողներ «Liberation»-ում մանիֆեստ են հրապարակել` «Եվրոպական տունը կրակի մեջ» վերնագրով: Նրանք բոլորին կոչ են արել միավորվել միասնական ժողովրդավարական Եվրոպայի գաղափարով` մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ: Գրողները, նրանց թվում` Լյուդմիլա Ուլիցկայան, Սվետլանա Ալեքսիևիչը, Մարիո Վարգաս Լիոսան, Միլան Կունդերան, Իեն Մակյուենը, Օրհան Փամուկը, Սալման Ռուշդին, դեմ են պոպուլիզմին և դատապարտում են ազգայնական տրամադրությունները Եվրոպայում: Մանիֆեստում ասվում է, որ «Եվրոպան իբրև գաղափար, իբրև կամք և պատկերացում քանդվում է մեր աչքի առաջ», «լքված երկու մեծ դաշնակիցներից Լա Մանշի ու Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին» և ավելի հաճախ «թիրախ դարձած Կրեմլի տիրոջ մեքենայությունների համար»: Մանիֆեստը ստորագրած մշակույթի գործիչների տեսակետից Եվրոպան «մնում է երկրորդ հայրենիք աշխարհի բոլոր ազատ մարդկանց համար»: Միայն համաեվրոպական հիշողությունը կարող է «արտահայտել տոտալիտարիզմի նոր հորձանքը»:

Գրողներն ընդգծել են, որ իրենց համարում են Եվրոպայի ջատագովներ ու կոչ են արել չտրվել ազգայնական տրամադրություններին, դեմ գնալ «լիբերալ դեմոկրատիայի ու նրա արժեքների սպառնալիքներին», թույլ չտալ «բանականության ու մշակույթի ոտնահարում» և «քսենոֆոբիայի ու հակասեմիտականության բռնկումներ»: Գրողների մանիֆեստը պատասխանն է ֆրանսիացի գրող, փիլիսոփա ու լրագրող Բեռնար Անրի Լևիի: Մարտի 5-ից մայիսի 20-ը նա հյուրախաղերի է մեկնելու իր «Looking for Europe» ներկայացումով և բեմից ծրագրում է գրոհել Եվրոպան ընդգրկած ազգայնականության ու պոպուլիզմի վրա: Հյուրախաղերը Լևին անվանել է «եվրոպական խաչակրաց արշավանք»: Եվրախորհրդարանի ընտրությունները Եվրոպայի 27 երկրներում մայիսի 23-26-ն են անցկացվելու: Քվեարկությունը հարցականի տակ է դնում եվրոպական նախագիծը, եթե եվրոպամետ կուսակցությունները կորցնեն մեծամասնությունը` զիջելով ազգայնականներին ու ձախ պոպուլիստներին:
RFI


Հ.Գ. Ո՞ր հարցի շուրջ կարող են համախմբվել ու միասնական մանիֆեստ ընդունել աշխարհի հայ գրողները: Եվ ինչու՞ հայ իրականության մեջ մանիֆեստներ գրվել են միայն 20-րդ դարի 20-ականներին: Մարտահրավերնե՞ր չկան, թե՞ մշակույթն ու բանականությունն են անցել վարձավճարվածության հիմունքներով գործունեության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ