Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չի կարելի թույլ տալ Թրամփին ղեկավարել Վենեսուելայի դեմոկրատական վերածնունդը

Չի կարելի թույլ տալ Թրամփին ղեկավարել Վենեսուելայի դեմոկրատական վերածնունդը
27.01.2019 | 12:53

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա դաշնակից Վլադիմիր Պուտինը կանխատեսելիորեն հայտարարում են, որ Խուան Գուայդոյի` ժամանակավոր նախագահի երդմնակալությունը հեղաշրջում է, որ կազմակերպել է Դոնալդ Թրամփը: Մեզնից նրանք, որ կողմ են Մադուրոյի բռնապետության դեմոկրատական և որքան հնարավոր է խաղաղ ավարտին, պետք է անտեսեն հակաամերիկյան հռետորաբանությունը և պաշտպանեն Վենեսուելայի Ազգային ժողովին ու նրա նախագահին: Չի կարելի թույլ տալ Գուայդոյի ձախողումը: Նա ընդդիմության միակ ներկայացուցիչն է, որ կարող է Վենեսուելան վերադարձնել ժողովրդավարության ճանապարհ: Նախկին նախագահ Ուգո Չավեսի` ժողովրդավարության նորմերի չարաշահման երկար տարիներից հետո Վենեսուելայի շատ քաղաքացիներ կորցրել են հավատը քառաքականության ու ընտրությունների նկատմամբ: Նրանք միանգամայն հասկանալի պատճառներով զայրացած են, թվում է` միակ ելքը նրանք համարում են պայքարը փողոց դուրս բերելը: Գուայդոն, որ իր առաջին փորձը ձեռք է բերել 2007-ին Չավեսի դեմ բողոքների ժամանակ, ունի բավականաչափ հեղինակություն, որ այդ մարդկանց համոզի` ժողովրդավարությանն անցնել դեռ հնարավոր է: Բողոքներն առաջնորդելուց հետո Գուայդոն սկսեց զբաղվել քաղաքականությամբ և առաջադրեց իր թեկնածությունը 2010-ի ու 2015-ի ընտրություններում: Մադուրոն ու Պուտինը կարող են զայրանալ որքան ուզում են, բայց Սահմանադրության 233-րդ հոդվածը ազդարարում է, որ նախագահի բացակայությամբ, որ պետք է երդվի իր ժամկետի սկզբում, Ազգային ժողովի նախագահը նշանակվում է նախագահի պարտականությունները կատարող, քանի դեռ նախապատրաստվում են ընտրությունները: Հիմա տեղի է ունենում իշխանության ժողովրդավարական փոփոխության գործընթաց, որ այդքան երկար սպասել է միջազգային հանրությունը: Գուայդոն աշխատավոր դասի 100 տոկոսանոց ներկայացուցիչ է: Նա մեծացել է ու մինչև հիմա ապրում է երկրի ամենաաղքատ նահանգներից մեկում` Վարգասում:

Նա ուսանողական տարիներին համակարգիչներ է վաճառել, որ ուսման վարձը վճարի: Ի տարբերություն ընդդիմության այլ ղեկավարների` նա միջին դասի էլիտայից չէ, որ պարբերաբար արվարձաններ է գնում` ժողովրդին աջակցությունը ստանալու: Դա կօգնի նրան ստանալ նախկին նախագահ Չավեսի կողմնակիցների վստահությունը: Նրան օգնում է և երիտասարդ լինելը: Գուայդոն 15 տարեկան էր, երբ Չավեսն առաջին անգամ ընտրվեց նախագահ: Նրա քաղաքական կուսակցությունը` «Ժողովրդի կամքը» ստեղծել է 2009-ին Լեոպոլդո Լոպեսը` 2000-ին ձևավորված «Հանուն արդարության» կուսակցության հիմնադիրներից մեկը: Գուայդոն պայքարում է Վենեսուելայում բարեփոխումների, իշխանությունը 1958-1998-ին երկիրը ղեկավարած քաղաքական գործիչներին չտալու համար: Բայց նա վրեժի ծարավ չէ: Գործող նախագահը համաներում է հայտարարել զինվորականներին ու ոստիկաններին ազատելով մարդու իրավունքների խախտումների համար հետապնդումներից: Նա նաև գտնում է որ Մարդուրոն ու մյուս քաղաքացիական դեմքերը կարող են համաներումից օգտվել: Նա գիտի, որ այդ առաջարկը բնավ իր կողմնակիցնեերի սրտով չէ, բայց հասկանում է, հիմնվելով այնպիսի երկրների փորձի վրա, ինչպես Չիլին ու Գվատեմալան, որ համաներումը առանցքային դեր ունի երկրի հետագա զարգացման համար: Իդեալակա՞ն է Գուայդոն: Ավելի շուտ` ոչ: Բայց նա միակն է, որ կարող է օրինականորեն Մադուրոյին փոխարինել և ոչ մի կասկած, որ բռնապետը պետք է հեռանա: Վենեսուելայի իշխանությունը քաղցի է մատնել իր քաղաքացիներին: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը նրան մեղադրում է իր դեմ ընդվզողների պարբերական սպանությունների ու կտտանքների մեջ, նա դարձել է երկու Ամերիկաների պատմության մեջ փախստականների մեծագույն ճգնաժամի պատճառ: Կլինի՞ իշխանափոխությունը խաղաղ:

Ցավոք, սակավ հավանական է: Մադուրոն երդվել է կռվել մինչև մահ, զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը հավատարիմ է նրան, վերջին հարցումները վկայում են, որ նրան աջակցում է վենեսուելացիների 20%-ը: Անհանգստություն է հարուցում, որ գործընթացը կարող է հանգեցնել այս կամ այն ձևով ԱՄՆ-ի ներխուժման: ԱՄՆ-ը կարող է արձագանքել, եթե Մադուրոյի ուժերը Գուայդոյին դեմ գնան, Financial Times-ի հարցումներով վենեսուելացիների 1\3-ը արտաքին ներխուժման կողմ է:Ես դեմ եմ: 2005-ին, աշխատելով վենեսուելական El Nacional-ի թղթակից, ես գրել եմ Աֆղանստանում պատերազմի մասին ու իմ աչքով եմ տեսել` որքան կարող է «արդյունավետ» լինել ԱՄՆ-ը երկրի ոչնչացման ու խաղաղ քաղաքացիների սպանության տեսակետից: Ես չեմ ուզում, որ դա Վենեսուելայում կրկնվի: Հասկանալի է` ոմանք գտնում են, որ սա Թրամփի կազմակերպած հեղաշրջումն է: Որ այս ամենը կապված է նավթի հետ: Հնարավոր չէ ստույգ ասել, թեպետ դժգոհությունը Վենեսուելայի փողոցներում շատ ռեալ ու արդարացի է: Գուցե ինչ-որ տեղ կան նավթային ընկերությունների կառավարիչներ, որ ուրախությամբ երաևակայում են` ինչպես իրենց ձեռքը կընկնեն աշխարհում հումքի ամենամեծ պաշարները: Վենեսուելացիների խնդիրը նրանց կանգնեցնելն է: Իրերի ներկա վիճակով` այդ պաշարները Ռուսաստանի, Չինաստանի ու Կուբայի ձեռքում են և Վենեսուելայի ինքնիշխանության մասին բղավող մարդիկ, կարծես, դրան չեն առարկում: Ամերիկացիներին, որոնց թիկունքում Լատինական Ամերիկայում ինտերվենցիոնիզմի սարսափելի պատմություն կա, խանգարելու միակ միջոցը իշխանափոխությունը վերահսկողության տակ վերցնելն է, այլ երկրների միջամտությունը և նրանց ազդեցության պահպանումը: ԵՄ որոշ երկրներ, նրանց թվում` Մեծ Բրիտանիան, հաասկացրել են, որ ուզում են աջակցել Գուայդոյին: Այդ աջակցությունը պետք է պաշտոնական տեսք ստանա և բանակցությունների սեղանի շուրջ հնարավորինս շատ կողմեր պետք է լինեն, այդ թվում` Լատինական Ամերիկայի դեմոկրատական երկրներից` կանխելու ԱՄՆ-ի ցանկացած բացասական ներգործություն:
Ռեյնոլդո Տրոմբետա, The Guardian, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Աշխարհը բաժանվում է երկու մասի: Երեկ ԵՄ երկրներն էին հայտարարություններ անում` Փարիզը, Մադրիդը և Բեռլինը պատրաստ են Վենեսուելայի նախագահ ճանաչել ընդդիմադիր Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուայդոյին, եթե Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջիկա 8 օրը չանցկացնի նոր ընտրություններ: «Վենեսուելայի ժողովուրդը պետք է ունենա իր ապագայի վերաբերյալ ազատ ընտրություն կատարելու հնարավորություն»` Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Եվ անմիջապես հաջորդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառումը Facebook-ում: Նա ԵՄ պետություններին «երգչախումբ» անվանեց, որ գալիս և ներկայանում են նույն հայտարարությունով: «Հայտարարությունները ոչ միայն նույնատիպ են, այլև արվում են միաժամանակ»` բողոքել էր Զախարովան: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարում է, որ պատաստ է նունիսկ մերկ գնալ, թեպետ ոչ ոք նման պահանջ չի դրել, Գուայդոյի հետ բանակցության` պայմանով, որ նախագահը ինքն է, այդ դեպքում ինչի՞ մասին են բանակցելու:


Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում հարցրել էին` Վենեսուելաի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, որ ինքն արեց, պատասխանել էր. «Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես»: Եվ որքան էլ տարօրինակ է` բերել էր ձևական պատճառաբանություններ` «Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում»: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը մանկուց ուսումնասիրել է Վենեսուելայի պատմությունը և հիմա այդքան լավ գիտի Սահմանադրությունը: Եթե Վենեսուելայի իրադարձությունները լինեին 2018-ի ապրիլին` ԱԺ փշալարերը հարձակումով վերցնող Նիկոլ Փաշինյանը կհայտարարեր, որ եղբայրական Վենեսուելան էլ է փորձում ժողովրդավարական ճանապարհով ազատվել բռնապետից ու գործում է ըստ Սահմանադրության և հաստատ սիրո ու համերաշխության հեղափոխության անունից ողջույններ կուղարկեր անծանոթ Խուան Գուայդոյին` քաղաքական եղբայր հռչակելով: Հիմա նա չի կարող ազատություն տալ իր գործողություններին ու հայտարարություններին: Այդպես էլ պիտի լինի` պետություն է ներկայացնում: Բայց պետք է հասկանալ` ո՞ր պետությունը, որ առաջվա պես ամեն հայտարարությունից առաջ ու հետո պիտի նայի Կրեմլի ուղղությա՞մբ, թե՞ իրեն իրավասու է համարում իր տեսակետը հայտարարել` իր շահերից ելնելով:


Հայաստանի համար Վենեսուելան աշխարհի մյուս ծայրում գտնվող պետություն է, որտեղ կատարվող իրադարձությունները իրեն չեն վերաբերվում ու գուցե շատերին չեն էլ հետաքրքրում, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը իբրև ինքնիշխան պետություն չի կարող տեսակետ չունենալ և իր վերաբերմունքը այսօր-վաղը պիտի միջազգային կառույցներում քվեարկությամբ արտահայտի: Վենեսուելայի հարցով: Կամ` այլ: Ու` ինչպե՞ս է քվեարկելու կոնկրետ այս դեպքում: Հօգուտ Վենեսուելայում ժողովրդավարական փոփոխությունների ու նոր ընտրությունների՞, թե՞ Նիկոլաս Մադուրոյի, որովհետև նրան պաշտպանում է Մոսկվան: Ու ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հետո բացատրելու, թե ինչու՞ ինքը հանուն ժողովրդավարական փոփոխությունների իշխանափոխություն արեց, արտահերթ ընտրություններ: Որովհետև դա ՀՀ Սահմանադրության պահա՞նջն էր: Իսկ Վենեսուելայի Սահմանադրությունը պահանջում է, որ Մադուրո՞ն մնա նախագահ: Իսկ ժողովրդի 80 տոկոսի փոփոխությունների պահա՞նջը: Այսօր Վենեսուելան, վաղը մեկ այլ իրադարձություն ի վերջո հրատապ են դարձնելու հարցը` ու՞մ հետ է նոր, եթե, իհարկե, նոր է, Հայաստանը` ժողովրդավարությա՞ն, թե՞ եվրասիականության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ