Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վազգենի լռությունը

Վազգենի լռությունը
28.01.2019 | 15:02

Այսօր նա նորից հրամանատար է ու պաշտպանության նախարար և նրա պաշտպանության տակ է Եռաբլուրի ամբողջ զորքը: Մեծով ու փոքրով: Անդրանիկ զորավարից, որ նրա ջանքերով Փարիզից տուն եկավ, հայդուկապետ Սոսե մայրիկ ու 2016-ի քառօրյա պատերազմի հերոսներ: Բայց այսօր նա լռում է: Ու նրա լռության ապաստանում իրենց հերոսներ են ներկայացնում անգամ նրանք, որ չգիտեն` ի՞նչ է խրամատը: Ու խոսում են, խոսում են, խոսում… Որովհետև Վազգեն Սարգսյանը լռում է: Վազգեն Սարգսյանը ամբողջ կյանքում շաղակրատելուց գերադասում էր գործելը: Խոսում էին ուրիշները, նա Երասխավանում կռվում էր: Խոսում էին ու խոսում են ուրիշները, նա Շուշին էր վերադարձնում Արցախին ու Լաչինը:

Խոսում էին բոլորը, նա բանակ էր ստեղծում` հրացան առ հրացան, զինվոր առ զինվոր, շիրիմ առ շիրիմ: Նա մեռնում էր իր սպանված ամեն զինվորի հետ ու շարունակում նրանց կրակի բերան ուղարկել, որովհետև պատերազմը ինքը չէր հնարել, ինքը հաղթանակ էր հնարում ու հնարավոր դարձնում: Որովհետև ինքը ընդամենը զինվոր էր ու ինքը ընդամենը Սպարապետ էր: Պաշտոնական էջերը ուրիշներն էին գրում ու ուրիշները իր արածները իրենց էին վերագրում, իսկ ինքը ծիծաղում էր ու առաջ էր գնում, որովհետև ֆիդայական ջոկատները իրեն էին երդվել, հասարակական կարգի պահպանման համար գունդ էին, բայց սահման էին պահում: Որովհետև ինքը մահապարտ էր ու մահապարտ էին իր բոլոր զինվորները, որ պիտի մահին էլ հաղթեին: Ու մահապարտ հենց դա է նշանակում` մահը քեզ պարտք է: Ազգային բանակը նրա զավակն էր ու նա այդ բանակի առաջին ու վերջին զինվորն էր: Ամբողջ կյանքում նրան պակասում էր ժամանակը: Իսկ հիմա նա անսահման ժամանակ ունի` հավերժության մեջ: Բայց նորից լռում է` վստահ, որ անցորդները կանցնեն, եկվորները կհեռանան, իսկ տերերը տեր էլ կմնան: Վստահ, որ իր ստեղծած բանակը չի կարող պարտվել: Ու չի պարտվելու այն երկնքի տակ, որտեղից ինքը հսկում է կռիվը: Չի պարտվելու այն պետությունը, որի վարչապետն է եղել ինքը, որովհետև ինքը պատասխանատու է այդ պետության գոյության համար: Որտեղ էլ լինի` մնում է զինվոր, հրամանատար ու տեր:
… 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը` ազգային բանակ ստեղծելու որոշումը:


1991-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ 8 տարի հետո նա կսպանվի, որովհետև եթե երկրում կան նրա պես մարդիկ, երկրի ընթացքը կանգնեցնելու համար, առաջինը այդ մարդիկ պիտի չլինեն: Ու 21-րդ դարը հազարամյակների խաչմերուկում կանգ առավ Հայաստանի առաջ ու Հայաստան չմտավ…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայրենիք ունենալու իրավունքը կռվով են վաստակում: Երկրի սահմանները որոշում են զինվորները, մնացածը պարապ խոսակցություններ են:

Դիտվել է՝ 5838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ