Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի նման»

«Սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի նման»
28.01.2019 | 19:49

Պետական ոլորտի չինովնիկների պարգևավճարների թեման շարունակում է քննարկվել հասարակության ամենատարբեր շերտերում: Պետծառայողներն ասում են, թե իրենք առանց այն էլ քիչ են վարձատրվում, հետևաբար պետությունն իրենց քաղցր աչքով պետք է նայի: Դեռ մի բան էլ վրդովվում են, թե «բա նախկիններին ինչու՞ չէիք քննադատում»: Նախարարությունների ու պետական այլ հիմնարկների տաքուկ անկյուններում ծվարած ու նախորդների որդեգրած քաղաքականությունն արագորեն յուրացրած նորեկները չեն կարողանում «մեղրը կշռելիս մատը չլիզել»: Համեմատությունը, թե իշխանությունը «Նաիրի» կոնյակի դատարկ շշի մեջ լցված ինքնաթոր օղու պես է. անմիջապես խմողի գլխին է խփում, անշեղորեն պրոյեկտվել է «քայլած» իշխանավորների վրա:


Խրախճանքներից անմիջապես աշխատանքի գնացող նոր իշխանությունները լավ էլ գտել են երջանիկ լինելու արվեստն ու վայ թե իրենց պարգևատրել են հետագա խնջույքների համար համապատասխան գումար ունենալու համար: Հրանտ Մաթևոսյանի տողերը, թե «պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները, սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի նման», ճիշտ և ճիշտ մեր օրերի համար են: ՈՒւսուցիչը, որն ամենամեծ ներդրումն ունի այս երկրի կայացման հարցում, առանց տրտնջալու մտնում է դասարան ու երկրի քաղաքացի դաստիարակում: Հաճախ անգամ նվեր ստացած մի փունջ ծաղիկն են կաշառք համարում ու անարգանքի սյանը գամում այդ մարդկանց: Ցրտին, կիզիչ արևին, երեխաների գուրգուրանքին կարոտ, տաք անկողնու մասին երազող զինծառայողները սահմանին իրենց կյանքն են դնում, ամեն րոպե մտովի տուն այցելում՝ հստակ իմանալով, որ դա թեև մտոք, բայց գուցե վերջին այցն է, իսկ պետական գերատեսչությունների պետերն ու տեղակալները ինքնապարգևատրվում են աստղաբաշխական թվերով:


Թե նախորդներն ինչքանով և ում են պարգևատրել, դա այժմ ոչ ոքի չի հուզում: Սխալ են արել, դրա համար էլ մերժվել են, ուրեմն, հարգելի նորեկներ, բարի եղեք ձեր վերամբարձ խոստումների մի չնչին մասը գոնե կյանքի կոչել: Ամեն երրորդ մարդը Հայաստանում, ըստ ձեզ, աղքատ է, իսկ այդ միլիոնները տուն տանելիս՝ աչքներիդ առաջ «դոմիկներում» ապրողները, կանաչի վաճառող, հեղափոխության խորհրդանիշ Լեյլա տատիկն ու Ապրիլյան քառօրյայում ոտքերը կորցրած ու օրերս ամուսնացած երիտասարդը չե՞ն եկել: Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ավագանին, օրինակ, հրաժարվել է պարգևավճարներից ու գումարը տեղի մանկապարտեզին տրամադրել՝ 1 մլն 200 հազար դրամ, ինչի եռապատիկն է ձեզնից շատերին բաժին հասել: Որովհետև Սայաթ-Նովայի ավագանին, ի տարբերություն ձեզ, երկիր է ուզում կառուցել, սերունդ կրթել, նեցուկ լինել պատերազմի բովով անցած ու նոր-նոր ընտանիք կազմող երիտասարդներին: Իսկ ձեզ համար Հրանտ Մաթևոսյանն իր հայտնի գործում մեկ այլ տող էլ է հիշատակել, թե «սարերի համար բարձրլեռնային առանձին փող ես ստանում, անձրևի դեմ պետությունը քեզ յափնջի է տվել»: Հագեք ձեր յափնջին, թափ տվեք ձեր վրայից չինովիկի փոշին ու քայլեք երկրի դարդուցավին համընթաց:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ