Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկատված Հայաստան

Երկատված Հայաստան
29.01.2019 | 03:29

Մինչ հաշվետվության ընտելացած հայերը` չբավարարվելով վարչապետի օրեցօր կցկտուր ու ավելի շատ հարց հարուցող, քան պատասխանող լայվերով` տրվել են գուշակությունների` ի՞նչ է կատարվել Դավոսում ու հատկապես` ինչու՞, ընդունում ու մերժում են ռուս փորձագետների խայծերը, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ ու քանի օր է` լայվ չկա, ավելին` տրվել է հանդիպումների: ՈՒժային կառույցների հետ: Դա, թերևս, ուղղակի պատասխանն է Դավոսի. նախ ՊՆ, հետո` ոստիկանություն: Իհարկե, պաշտոնական առիթներ էլ կան (հունվարի 28-ը), բայց կա և պատճառ` «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, գործողությունների ռազմավարություն»` ինչպես ասել է վարչապետը ՊՆ-ում:
Ճիշտ է ասել, բայց պետությունը համակարգ է, որի բոլոր կառույցները պետք է նույն ուղղությամբ, նույն տրամաբանությամբ գործեն: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հաջորդ այցը պետք է լիներ ԱԳՆ ու այնտեղ էլ պետք է ասվեր, որ ՀՀ անվտանգությունը ապահովվում է ՀՀ շահերից բխող արտաքին քաղաքականությամբ, և ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի Հայաստանի քաղաքակրթական ընտրությանը ու արժեհամակարգին, գործի ճկուն, դուրս գա իրավիճակը մեկնաբանողի դերից, դառնա իրավիճակ ծրագրող ու թելադրող:


Բայց Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ չգնաց: Ոչ այն պատճառով, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այդ ամենը գիտի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չգիտեր: Նիկոլ Փաշինյանը ինքն էլ հնարավոր չի համարում, որ Հայաստանն ունենա հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն: Որովհետև իրենից առաջ Հայաստանը ընտրել է երկու քաղաքակրթությունների միջակայքը, քաղաքական դաշտում այդպիսի տարածքը երկկողմանի հարվածի տակ է` երկուստեք դիտվում է ազդեցության գոտի, որ չի կարող չեզոք ու ինքնուրույն լինել, քանի դեռ չի կողմնորոշվել քաղաքակրթության վերջնական ընտրության մեջ ու հեռու է ադեկվատ արժեհամակարգ ունենալուց:
Համենայն դեպս` այսօր Հայաստանը երկատված է ցանկությունների ու իրականության միջև: ԱԳՆ-ում ամենամեծ փոփոխությունը մի քանի դեսպանների հետկանչը ու նոր դեսպաններ նշանակելն է: ՈՒ հստակ չէ` ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը, խնդիրները որո՞նք են, ի՞նչ միջոցներով են այդ խնդիրները լուծվում: Դատելով հստակ հայեցակարգի բացակայությունից, միջազգային կառույցներում Հայաստանի քվեարկություններից, մեր արտաքին քաղաքականության հիմքում ռազմավարական համագործակցությունն է միայն մեկ երկրի` ՌԴ-ի հետ, 10-րդ կետից նոր սկսվում են այլ երկրները: Կամ` չեն էլ սկսվում: Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում հարցրել էին` Վենեսուելայի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, որ ինքն արեց, պատասխանել էր. «Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես»: Նաև պատճառաբանել էր. «Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը»:

Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը մանկուց ուսումնասիրել է Վենեսուելայի պատմությունը և լավ գիտի Սահմանադրությունը: Եթե Վենեսուելայի իրադարձությունները լինեին 2018-ի ապրիլին` ԱԺ-ն շրջափակող փշալարերի վրա գրոհող Նիկոլ Փաշինյանը կհայտարարեր, որ եղբայրական Վենեսուելան փորձում է ժողովրդավարական ճանապարհով ազատվել բռնապետից ու գործում է ըստ Սահմանադրության և հաստատ սիրո ու համերաշխության հեղափոխության անունից ողջույններ կուղարկեր անծանոթ քաղաքական եղբայր Խուան Գուայդոյին: Հիմա չի կարող: Այդպես էլ պիտի լինի` պետություն է ներկայացնում: Բայց` ո՞ր պետությունը: Որ առաջվա պես ամեն հայտարարությունից առաջ ու հետո պիտի նայի Կրեմլի ուղղությա՞մբ, թե՞ իրավասու է տեսակետ հայտարարել` իր շահերից ելնելով:


Հայաստանի համար Վենեսուելան աշխարհի մյուս ծայրում գտնվող պետություն է, որտեղ ծավալվող իրադարձությունները իրեն չեն վերաբերում, բայց Հայաստանը իբրև ինքնիշխան պետություն չի կարող տեսակետ չունենալ և իր վերաբերմունքը պիտի միջազգային կառույցներում քվեարկությամբ արտահայտի: Վենեսուելայի հարցով: Կամ` այլ: ՈՒ` ինչպե՞ս է քվեարկելու կոնկրետ այս դեպքում: Հօգուտ Վենեսուելայում ժողովրդավարական փոփոխությունների ու նոր ընտրությունների՞, թե՞ Նիկոլաս Մադուրոյի, որովհետև նրան պաշտպանում է Մոսկվան: ՈՒ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը բացատրելու, թե ինչու՞ ինքը հանուն ժողովրդավարական փոփոխությունների իշխանափոխություն ու արտահերթ ընտրություններ արեց: Որովհետև դա ՀՀ Սահմանադրության պահա՞նջն էր: Վենեսուելայի Սահմանադրությունը պահանջում է, որ Մադուրո՞ն մնա նախագահ: Իսկ ժողովրդի 80 տոկոսի փոփոխությունների պահա՞նջը: Այսօր Վենեսուելան, վաղը մեկ այլ իրադարձություն հրատապ են դարձնելու հարցը` ու՞մ հետ է նոր անվանվող Հայաստանը` ժողովրդավարությա՞ն, թե՞ եվրասիականության: Քանի դեռ ընտրությունը չի կատարված, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԱԳՆ չի գնա, այլև հարկադրված է Դավոսից Մոսկվա մեկնել: Հետո էլ` Բեռլին: ՈՒ ոչ մի տեղ յուրային չի ընկալվելու, քանի դեռ Հայաստանը չի հաղթահարել ներքին երկվությունը:
Կա երրորդ կողմը` Հայաստանում նոր արժեքների ձևավորման գործընթացում մերժվում են ոչ թե հին, այլ բոլոր արժեքները, ու այդ հարթության մեջ էր նաև ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանի` թավշե հեղափոխությունը պատերազմում հաղթանակից վեր դասելու հայտարարությունը: Իրավիճակ չի փոխում, որ նա ազատամարտիկ ու հրամանատար է, ավելի է խորացնում մտայնությունը, որ համատարած մերժումի մեջ չկան չափանիշներ: Դա հասարակական ճգնաժամի ազդանշան է, երբ չկան ոչ միայն չափանիշներ, այլև չափանիշների չափանիշներ: Ճգնաժամ, որ ստեղծվել է հետհեղափոխական իշխանության քաղաքականությամբ և այդ քաղաքականությանը հասարակական դիմադրունակության բացակայությամբ:


Համարվում է, որ հեղափոխությունը վերացրեց ընդդիմությունը, ավելին` ժողովուրդը ընդդիմության պահանջարկ չունի: Միֆ է: Հեղափոխությունը ընդդիմության փոխատեղում կատարեց` նախկին իշխանությանը խորհրդարանից մասամբ դուրս բերելով: 33-րդ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ի հետ իր հանդիպումով Նիկոլ Փաշինյանը դա հաստատեց: Բայց միայն ՀՅԴ-ն չէ ընդդիմություն, իրական ընդդիմությունը նորից ձևավորվում է ժողովրդի մեջ, ու ինստիտուցիոնալ չգոյության պատճառը իշխանության ինստիտուցիոնալ անավարտությունն է` դեռ մեծ է սպասումը, թե ինչ է անելու նոր իշխանությունը: Ընդդիմանալ ընդդիմանալու համար չի նշանակում ընդդիմություն լինել:
Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպման հետևանքն էր նաև, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կրկնեց. «Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: ՈՒստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»: Հայտարարություն, որ առաջին անգամ արել էր 2018-ի մայիսի 9-ին, Ստեփանակերտում, հետո կարծես մոռացել էր: Նիկոլ Փաշինյանը էթիկայի տեսանկյունից անընդունելի է համարում, երբ հանդիպումից հետո «դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչ խոսել են», այնուամենայնիվ, ասել է, որ իր և Ալիևի հանդիպման հարցով ԱԳ նախարարները բանակցություններ են վարում, բայց դեռ կոնկրետություն չկա: Իրականում կոնկրետություն կա. Ալիևը համաձայն չէ ԼՂՀ-ի անկախության կարգավիճակին, ու դա փակուղի է տարել բանակցությունները շատ վաղուց և թույլ չի տալիս փակուղուց դուրս գալ: Թեպետ տարբերակներ առաջարկվում են. օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Փարիզի հանդիպմանը հաջորդեց համանախագահների հայտարարությունը, որտեղ ընդգծվում էր «հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը»: Եվ դա կապված չէր կարգավորման գործընթացում համաձայնության հետ: Այսինքն` համանախագահներն առաջարկում են քաղաքական անհամաձայնությամբ հանդերձ` տարածաշրջանային տնտեսական համագործակցության քայլ անել: Եվ մերժողը Հայաստանը չէ, որովհետև քայլ առ քայլ վստահության մթնոլորտ ստեղծելու ու անվտանգության միջավայր ձևավորելու առաջարկներ վաղուց են հնչել Հայաստանից:

Ի վերջո` դա միջազգային պրակտիկա է` տասնամյակներ ձգվող Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտի պայմաններում` ոչ Պաղեստինի, ոչ Իսրայելի կողմից խոչընդոտ չի հարուցվում զբոսաշրջիկների և ուխտագնացների առաջ, թեպետ Պաղեստինի ու Իսրայելի սահմանին հայտնի պատն է ու նրանք պատերազմական վիճակում են: Հայաստանի զիջումների ու հունիսին տարածքներ` խաղաղության դիմաց սկզբունքով Բաքվի հետ համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից արտահանվող միֆը բխում է Ադրբեջանի շահերից: Թերևս դրան էլ ուղղված էր Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում հայտարարությունը` Արցախի անունից չբանակցելու մասին: Հայաստանը չպիտի Ղարաբաղի հարցում իր քաղաքականության հիմքում դնի բանավոր խոստումները և պետք է օրակարգ վերադարձնի 2016-ին Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը: Վիեննային հաջորդած Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի հանդիպումները Վիեննան բեկանելու համար էին, Հայաստանը պետք է վերականգնի Վիեննայի օրակարգը` ինչ էլ պայմանավորված լինի Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում կամ Դավոսում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից բանակցությունները դուրս բերելը Իլհամ Ալիևի բյուրեղապակե երազանքն է` հարցի լուծումը միջազգային երաշխիքներից զերծ պահելու և ցանկացած պահին ռազմական լուծման գնալու համար: Բաքվի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, սուբստանտիվ բանակցությունների շանտաժին Հայաստանը պիտի պատասխանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Վիեննայի բանակցությունների պայմանավորվածությունների կատարման պահանջով, որից հետո միայն կարող են բովանդակային բանակցությունները սկսվել: Այս հարցում չի կարող երկընտրանք լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Քայլ առ քայլ Հայաստանը պետք է դուրս բերել քրեական քրոնիկոնի շրջագծից: Այս բարոյահոգեբանական պատերազմում հաղթողներ չկան: Պետությունը չի կարող անվերջ տարուբերվել ձերբակալությունների ու դատավարությունների ալիքի վրա: Իրենց «ժողովուրդ» անվանող ու որոշակի խմբի շահեր արտահայտող ակտիվիստներին պետք է մատչելի բացատրվի, որ ժողովուրդը իրենք չեն, արդարադատությունը պետության իրավասությունն է, ու փողոցում չեն որոշումներ կայացվում: Արդարադատության համակարգում արմատական փոփոխություններ են պետք, համատարած մեղավորության կանխավարկածով համակարգը չի կարող գործել: Պարտադիր չէ, որ ամեն իշխանություն իր «հաց բերողին» ունենա: Եվ պարտադիր չէ, որ բոլոր պաշտոններում ու պաշտոնանման տեղերում աշխատեն ՔՊ-ականները կամ ՀԱԿ-ականները: Սա այն սեպը չէ, որ սեպով են հանում: Արժեքային համակարգի հիմքում պետք է չափանիշ լինի, ոչ թե վրեժ: Ժողովրդից վրեժ չեն լուծում` երեկ համատարած ՀՀԿ-ացումով, այսօր` ՔՊ-ացումով: Մարդու քրոմոսոմների մեջ կուսակցականի գեն չկա, իսկ հավելյալ գենը դաունի համախտանիշի վկայություն է` բժիշկները կհաստատեն:

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ