Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը հյուսիսային Սիրիա է մտնում Իսրայելի հետ սկանդալի ֆոնին

Ռուսաստանը հյուսիսային Սիրիա է մտնում Իսրայելի  հետ սկանդալի ֆոնին
29.01.2019 | 04:13

(Նախորդ մասը)

Կատարյալ խառնաշփոթ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում։ Երևի կամ Բոլթոնը չի համաձայնել Սիրիայում 22 ամերիկյան բազաները Թուրքիայի վերահսկողությանը հանձնելուն, կամ էլ թուրքերին շատ են զայրացրել ամերիկացիների այն հայտարարությունները, թե Թուրքիան պետք է երաշխավորի, որ չի հարձակվի սիրիացի քրդերի վրա, եթե ԱՄՆ-ը հյուսիսային Սիրիայից հանի իր զորքերը։ Բացի դրանից, Վաշինգտոնից հաղորդումներ են եղել, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ը ձգձգի իր հեռացումը Սիրիայից։ Համենայն դեպս, Բոլթոնը հունվարի 6-ին Երուսաղեմում, հետո Անկարայում չնշեց զորքերի դուրսբերման ճշգրիտ օրը։ Նա ասաց, որ մինչև զորքերի դուրսբերումը ԱՄՆ-ը դեռ որոշ նպատակներ պետք է իրականացնի։ Իսկ CNN հեռուստաալիքը նույնիսկ հայտնել է, որ լրացուցիչ կերպով Սիրիա կարող է ուղարկվել մի քանի հարյուր զինվորական։ Այդ քայլը բացատրվում է ԱՄՆ-ի զորակազմի դուրսբերման անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Պենտագոնի կարծիքով, Սիրիա պետք է ժամանեն այնպիսի մասնագետներ, որոնք կարող են ղեկավարել զենքը, հանդերձանքը և զինամթերքը բարձելու ծանր տրանսպորտային միջոցները, կամ էլ տվյալ նյութական գույքը պետք է ոչնչացվի տեղում։ Այդ ամենից բացի, Սիրիայից զորքը և տեխնիկան տեղափոխելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ուղղաթիռներ և բեռնատար ինքնաթիռներ։ Հնարավոր է նաև, որ Սիրիայից դուրս գալու ժամանակ զորքերի անվտանգությունն ապահովելու համար հետևակային նոր զորամասեր բերվեն։ Այնպես որ, առայժմ հայտնի չէ, թե Սիրիայի հյուսիսում իրականում կսկսվի՞ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը, և զորք կմնա՞ հարավում։ Բոլթոնը Երուսաղեմում ենթադրեց, ակնհայտորեն Իսրայելի «հուշումով», որ ԱՄՆ-ը կարող է դուրս բերել ոչ ամբողջ զորքը, այլ նրա մի մասը թողնել Սիրիայի հարավ-արևելքի Էթ Թանֆ շրջանի բազայում` որպես «պատվար Իրանի դեմ»։ Չնայած, ըստ Ռուսաստանի հետ պայմանավորվածության, շիա աշխարհազորայինները չեն մտել հենց այդ գոտին և նույնիսկ մի քիչ հեռացել են Էթ Թանֆի գծից, ինչպես և Իսրայելի սահմանից։ Մեր կարծիքով, Սիրիայի հարավից չհեռանալու պատճառների մասին ամերիկյան այդ հերթական շաղակրատանքը լիովին շինծու հնարանք է, ոչ թե իրականության արտացոլում։ Հիշեցնենք, որ մինչև վերջերս թուրքական ԶԼՄ-ները տարածում էին ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթի «նետած» այն վարկածը թե իբր «Սիրիայից զորքերը հանելուց հետո» Վաշինգտոնը մտադիր է «Թուրքիային հանձնելու ԻՊ-ից ազատագրված տարածքների կառավարման իրավունքը», և իբր այժմ «բանավեճն այն մասին է, թե ով և ինչպես է զինաթափելու սիրիացի քրդերին, և ում բաժին կհասնի այդ զենքը», իսկ «Էրդողանը հաղթում է Թրամփին»։ Այդ կապակցությամբ «ՈՒոլ սթրիթ ջոռնել» թերթը հայտնում էր, թե «Թուրքիան խնդրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որպեսզի կարողանա ստանձնել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի հիմնական դերը»։ Բայց չէ՞ որ Էրդողանն անձամբ հայտարարել է այդ խմբավորման նկատմամբ իր հաղթանակի մասին։ Իսկ եթե Մանբիջ, նրանից հետո էլ, սպասելի է, Հյուսիսային Սիրիայի այլ բնակավայրեր սկսեն մտնել սիրիացիները, ռուսները, իրանամետ շիա աշխարհազորայինները և ՔԺԻ-ի քրդե՞րը, որոնք հասցրել են դառնալ սիրիական բանակի ծառայողներ։ Դուրս է գալիս, որ Անկարան Վաշինգտոնից պահանջում էր, որ նա «կուլիսների հետևում» իրեն աջակցի Սիրիա-Ռուսաստան-Իրան եռյակի դեմ մարտերին պատրաստվելու, ոչ թե ինքն «ստանձնի Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի հիմնական դերը»։


Մենք դիտավորյալ չենք մտնում Սիրիայում «իրանական խորքերը», չնայած արժե հիշեցնել, որ իրանական ռազմական խորհրդատուները, ենթադրաբար նաև իրանական ռազմական ոստիկանությունը Մանբիջից ոչ հեռու կենտրոնացած են Իդլիբի ուղղությամբ։ Իսկ սիրիական և ռուսական ԶԼՄ-ներում սաստկանում են Թուրքիայի և թրքամետ խմբավորումների հասցեին այն մեղադրանքները, թե «Իդլիբում ապառազմականացման արդյունավետությունը տապալվել է»։
Դրանով ուղղակիորեն մեղադրվում է Անկարան, թե տապալման պատասխանատուն հենց Թուրքիան է, ոչ թե ուրիշ որևէ մեկը, որովհետև Իդլիբի վերաբերյալ Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պայմանավորվածությունները կնքվել են հենց Թուրքիայի, ոչ թե ԱՄՆ-ի հետ։ Այդ առնչությամբ հիշեցնենք, որ սեպտեմբերյան պայմանավորվածությունների համաձայն, Իրանն Իդլիբ նահանգի տարածքում 6 ռազմականացված հենակետ ստեղծելու իրավունք է ստացել և, դատելով Թեհրանի հայտարարություններից, մտադիր չէ հրաժարվելու Սիրիայում խաղաղությունը և Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գծով իր պարտավորություններից։ Կանխատեսում ենք, որ հետագայում Իրանն ակնթարթորեն կակտիվանա, և դա կնկատեն ոչ միայն Թուրքիան, քրդերը և ԱՄՆ-ը, այլև ողջ աշխարհը։
Առայժմ հերթական խոսքուկռիվն է Անկարայի և ԱՄՆ-ի միջև սիրիացի քրդերի առնչությամբ։ Եվ այստեղ հիմքում ոչ թե Անկարայում Բոլթոնի ասածն է, այլ ավելի վաղ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հայտարարությունը, որում նա հավասարեցրել է «քրդեր» և սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (ԺԻՋ) հասկացությունները։ Ընդ որում, Փոմփեոն ասել է, թե ԱՄՆ-ը կհասնի այն բանին, որ Սիրիայից ամերիկացիների հեռանալուց հետո «թուրքերը չկոտորեն քրդերին»։ Հենց դրան էլ հետևեց թուրքական ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Խամի Աքսոյի ցասումնալի «նեղացած» արձագանքը. «Մենք չենք ընդունում Փոմփեոյի հայտարարությունը մեր երկրի մասին... Ահաբեկիչներին քրդերին հավասարեցնելը, եթե պատահաբար չի արված, ցույց է տալիս տեղեկացվածության բավարար չլինելը, ինչն անհանգստություն է առաջացնում... Վճռականորեն դատապարտում ենք ԻՊ-ի դեմ պայքարում ԺԻՋ-ահաբեկչական կազմակերպությունը գործընկեր ճանաչելը»։

Միայն դրանից հետո Բոլթոնն Անկարայում հայտարարեց. «Մենք կարծում ենք, որ Թուրքիան չպետք է ռազմական գործողություններ կատարի, եթե նրանք համաձայնեցված չեն ԱՄՆ-ի հետ, առնվազն նրա համար, որ չսպառնան մեր զինվորականներին և համապատասխանեն ԱՄՆ-ի նախագահի այն պահանջին, որ մեզ հետ կռված սիրիական ընդդիմադիր ուժերը վտանգի չենթարկվեն»։ Եվ այն, որ ԺԻՋ-ի քրդերի մի մասը տեղի է տվել ամերիկացիների հորդորներին և Մանբիջից անցել Եփրատի մյուս ափը, հավանաբար Փոմփեոյի ասածին քուրդ քաղգործիչների և հրամանատարների արձագանքի արտացոլումն է։ Այսինքն, քրդերի մի մասը համարել է, որ հենց դա էլ քրդերի վրա Թուրքիայի չհարձակվելու ամերիկյան երաշխիքն է։
Բայց կարծում ենք, որ շուտով ԱՄՆ-ի (ուրեմն նաև Թուրքիայի) խնդիրները կշատանան։ Ինչպես հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ, Մանբիջից հեռացել է ընդամենը մոտ 400 քուրդ աշխարհազորային։ Այժմ հաղորդվում է, որ դա էլ ոչ միայն ԱՄՆ-ի հորդորների, այլև Սիրիայի իշխանության հետ պայմանավորվածության արդյունք է։ Ամերիկամետ ՍԺՈՒ-ի հրամանատարությունը խիստ անհանգստացած է իր շարքերի դասալքությամբ։ Դեյր էզ Զոր նահանգում հարյուրավոր մարտիկներ զենքը ձեռքին լքել են ՍԺՈՒ-ի շարքերը և ծառայության անցել Սիրիայի արաբական բանակում։ Դա սկսվել է Սիրիայից իր զորքերը հանելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից անմիջապես հետո։ Այժմ նույնն է կատարվում Մանբիջում և Հալեպ նահանգի բազմաթիվ շրջաններում, որոնք դեռ չեն վերահսկվում սիրիական բանակի և ռուսական ռազմական ոստիկանության կողմից։ Մեր կանխատեսումը հենված է այն հաղորդումների վրա, ըստ որոնց, քրդերի ԺԻՋ-ի նույնիսկ ամենաանհաշտ դաշտային հրամանատարները նետվեցին բանակցելու Սիրիայում ռուս զինվորականների հետ։ Օրինակ, Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու մասին հայտարարությունից մի քանի օր անց այդ ջոկատների քուրդ ղեկավար Սիփան Խեմոն ժամանեց ռուսական Հմեյմիմ ռազմաբազա։ Բանակցության մանրամասներ չկան, բայց հայտնի է, որ Հմեյմիմից Խեմոն մեկնել է Դամասկոս և սիրիական իշխանություններին հայտնել, որ քրդական կազմավորումները պատրաստ են հրաժարվելու սիրիա-թուրքական սահմանի վերահսկողությունից։ Այնուհետև քրդերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ Խեմոն Մոսկվային ու Դամասկոսին առաջարկել է սիրիական իշխանությունների ազդեցությունը տարածել իրենց ջոկատների հսկողության տակ գտնվող տարածքների վրա այն պայմանով, որ սիրիական իշխանությունը ճանաչի տեղական (քրդական) ինքնավարությունը։ Խեմոն հայտարարել է, որ այդ ամենի երաշխավորը կլինի ՌԴ-ն։ Քրդական կողմը նաև համաձայն է, որ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման և սահմանադրության հարցերը կարգավորվեն հետագայում։ ՈՒշադրություն դարձնենք մի նրբության. Խեմոյի գլխավորած քրդական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 29-ին, նույն օրը Մոսկվա է այցելել նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։ Այդ հանդիպման ժամանակ առաջարկություն է եղել Սիրիայի տարածքում ստեղծելու 20-30 կմ խորությամբ «անվտանգության գոտի», իսկ ռուսական կողմը հանդես է եկել 5-10 կմ-ի օգտին։ Քրդական կողմը չի ընդունել այդ առաջարկությունը և հայտարարել է, որ Թուրքիան նման գոտի կարող է սահմանել իր տարածքում, քանի որ երկրների սահմանի բազմաթիվ գյուղեր կան առավելապես քուրդ բնակչությամբ։ Թուրքական պատվիրակությունը նշել է, որ դեմ է Թուրքիայի քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ Դամասկոսի համագործակցությանը և ՔԺԻ-ի ներկայությանը սիրիա-թրքական սահմանին։


Արդյունքում կողմերն ընդունում են բոլորին բավարարող որոշում. սահմանի վերահսկողությունը հանձնվում է սիրիական իշխանություններին` սահմանային տարածքներում ինքնավարության պայմանով։ Նշվել է, որ քուրդ առաջնորդները հույս ունեն, որ «ՌԴ-ն իր ՊՆ-ի արխիվներից կհանի Սիրիայի սահմանադրության այն նախագիծը, որն առաջարկել էր Ռուսաստանը», որում պահանջ կար ճանաչելու քրդերի իրավունքները, այդ թվում` մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Դա այն փաստաթուղթն է, ըստ որի, եթե քրդերն ընդունեին Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեռևս 2016-ի վերջին ձևակերպված առաջարկները, ապա այսօր նույնիսկ Աֆրինն ու Էլ Բաբը զերծ կլինեն թուրքական ագրեսիայից և օկուպացիայից։ Բայց 2016-17 թթ. սիրիացի քրդերը խստորեն մերժում էին այդ առաջարկները` ղեկավարվելով ԱՄՆ-ի ցուցումներով։ Հավելենք, որ Խեմոյի այդ հանդիպումների հետ են կապվում քրդական ջոկատների և սիրիական ՊՆ-ի գրեթե համաժամանակյա հայտարարությունները Մանբիջում սիրիական դրոշը բարձրացնելու և ՔԺԻ-ի քրդական կազմավորումներն այնտեղից հանելու մասին։ Առայժմ ճշգրիտ տեղեկություն չկա քրդական այդ դեռ չհռչակված ինքնավարության լիազորությունների սահմանների, ինչպես նաև այն մասին, թե քրդերը համաձայն են, որ լիովին կազմացրվեն իրենց զինյալ ջոկատները, որոնց մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքորոշումը հայտնի է. Սիրիայում բացի սիրիական արաբական բանակից այլ բանակ չի լինելու։


Բայց վերադառնանք ռուսական ռազմական ոստիկանության (ՌՈ)` Մանբիջ մտնելու գործոնին։ Չէ՞ որ ՌՈ-ի ներկայացուցիչ Յուսուպ Մամատովը հունվարի 8-ին հայտնել էր, որ ռուսական ՌՈ-ն Մանբիջի շրջանում պարեկություն է սկսել թուրքական սահմանի մոտակայքում։ Մամատովը հիշեցրեց, որ Սիրիայից զորքերը հանելու մասին ԱՄՆ-ի որոշումից հետո Սիրիայի քրդերը դիմել են Դամասկոսին` կոչ անելով վերահսկողություն սահմանելու իրենց զբաղեցրած շրջաններում և իրենց պաշտպանելու թուրքական ներխուժումից։ Կրկին հիշեցնենք. Մանբիջից հետո բացվում է առայժմ դեռ Թուրքիայի օկուպացիայի տակ գտնվող Էլ Բաբի և Աֆրինի ճանապարհը։ Դեռ 2018-ի մարտին ռուսական մի շարք ԶԼՄ-ներում փորձագետներն ակնարկում էին, թե չի բացառվում, որ «ռուսական բանակը կգնա Աֆրինի վրա»։ Հիշեցնենք նաև, որ երբ Սիրիայի առնչությամբ ասում են «ռուսական բանակը», դա նշանակում է նաև` սիրիական բանակը, իրանցի ռազմական խորհրդականները, շիա աշխարհազորայինները և այլն։ Այնպես որ, շուտով սպասվում է Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատար, բրիգադային գեներալ Սոլեյմանիի ժամանումը Սիրիա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ