ReAnimania 2019
 

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ
29.01.2019 | 04:34

Հայ գրականության անանց գագաթ Հովհաննես Թումանյանի մասին լավագույն գրվածքներից մեկի հեղինակը հասարակական գործիչ և գրող, Ավետիս Ահարոնյանի որդի Վարդգես Ահարոնյանն է (1888, Իգդիր-1965, Վաշինգտոն):
Որոշ կրճատումներով և շարունակաբար արտատպվող այս յուրատեսակ հուշագրությունն առաջին անգամ տպագրվել է 1935-1936 թթ. ԱՄՆ-ում: Սույն ստեղծագործության արժեքը, ըստ իս, այն է, որ ժամանակակցի հայացքով Հովհ. Թումանյանը ճշգրտորեն ներկայացված է որպես հողեղեն մարդ և աստվածատուր բանաստեղծ:

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ամենայն հայոց բանաստեղծը
Հովհ. Թումանյանը ոչ միայն հայոց նոր գրականության անմեռ փառքերից է, այլև իր ժամանակակից սերնդի ամենահետաքրքրական, ամենաինքնատիպ դեմքերից մեկը:
Որքան գեղեցիկ է Հովհ. Թումանյանի բանաստեղծությունը, նույնքան բանաստեղծական էր և իր կյանքը:
Հովհ. Թումանյանը մեր այն գրողներից է, որոնք, կարծեք թե, ուղղակի մայր հողի արգանդից են ծնվում, և իրենց ամբողջ կյանքը, ամբողջ գրականությունը հայրենի հողի բույրով է թաթախված:
Եթե բնության սքանչելի պարգևը՝ ստեղծագործ տաղանդը, Հովհ. Թումանյանին տվել էր սովորական մարդկանց հայացքներից ծածկված իրերի խորքը թափանցելու սրատեսությունը և սովորական ականջների համար անլսելի հնչյունների թրթիռը բռնելու նուրբ լսողությունը, ապա մեծ բանաստեղծի հայրենիքը՝ Լոռին, առատորեն մատակարարել էր նրան և՛ գույներ, և՛ հնչյուններ:


Լոռվա լեռնալանջերին թառած գյուղի՝ Դսեղի քահանա տեր Թադևոսի երկրորդ որդին էր Հովհ. Թումանյանը, ծնված 1869-ին: Իր երկու եղբայրները՝ ավագը Ռոստոմ և կրտսերը Վահան, միշտ մնացին փարած իրենց հայրենի ձոր ու ծմակին, արտ ու հանդին, եզ ու լուծքին:
Հովհ. Թումանյանը այն համոզումն ուներ, որ իր հայրական տոհմը սերված է մեր մեծագույն նախարարական տնից՝ Մամիկոնյաններից: Ինչ-որ մի պատմություն էր անում այն մասին, թե Մամիկոնյաններից մեկը Տարոնից անցել է Գուգարք ու հաստատվել այնտեղ, և ինքը այդ տոհմի շառավիղներից է: Չեմ հիշում մանրամասնությունները Հովհ. Թումանյանի պատմական փաստարկների, բայց գիտեմ, որ լսողների համար շատ էլ համոզեցուցիչ չէին թվում մեծ բանաստեղծի բերած փաստերը: Այդ արգելք չէր, սակայն, որ Թումանյանը անխախտ պահեր իր համոզումը և իրեն հպարտ զգար: Հովհ. Թումանյանի այդ համոզումը թվում է, թե ավելի շատ բխում էր իր պաշտամունքից հանդեպ հայ ժողովրդի անցյալի և այդ անցյալի հետ ավելի սերտորեն կապվելու ցանկությունից:
Տեր Թադևոսի տունը Դսեղի ամենից շեն և ամենից հյուրընկալ տունն է եղել: Հայրենի տան առատությունը և սրտաբաց հյուրընկալությունը իրենց անջնջելի կնիքն էին դրել մեր բանաստեղծի ամբողջ նկարագրի վրա: Առասպելական չափով առատաձեռն և հյուրասեր էր և ինքը՝ Հովհ. Թումանյանը:


Մինչև տասներկու տարեկանը Հովհ. Թումանյանը ապրել է հայրական հարկի տակ, գրել-կարդալ է սովորել հորից, ապա տարվել է Թիֆլիս, Ներսիսյան դպրոցում լրացնելու իր կրթությունը: Բայց չի լրացրել: Երկու-երեք տարի Ներսիսյան դպրոց հաճախելուց հետո կիսատ ձգել ու հեռացել է և սկսել կյանքի մեջ իր ճամփան հարթել:
Դպրոցից շատ բան չէր ստացել Հովհ. Թումանյանը: Ինչ որ ուներ, հետագայում ձեռք էր բերել իր սուր մտքի և ընթերցանության շնորհիվ:
Ներսիսյան դպրոցից հեռանալուց հետո Թումանյանը, հազիվ 16-17 տարեկան, մտել է Թիֆլիսի հայոց առաջնորդարանին կից կոնսիստորիան, իբրև գրագիր:
Այդ պաշտոնի վրա երկար չի մնացել: Իր բանաստեղծական տաղանդի առաջին արտահայտություններից մեկը պատճառ է եղել, որ Թումանյանը զրկվի այդ համեստ պաշտոնից: Կոնսիստորիայի շուրջ գտնվող հոգևորականների մասին գրած իր մեկ երգիծական բանաստեղծությունը անցել է իր իշխանավորների ձեռքը, և ապագա բանաստեղծին հեռացրել են պաշտոնից:
Սա եղել է առաջին և վերջին պաշտոնը, որ վարել է Հովհ. Թումանյանը: Այնուհետև մինչև իր կյանքի վերջը Հովհ. Թումանյանը այլևս երբեք ոչ մեկ պաշտոն չվարեց և ամբողջապես նվիրվեց իր գրականությանը՝ մեկը այն երջանիկ բացառություններից, որոնց քիչ անգամ ենք հանդիպում հայ գրողների մեջ:


Հովհ. Թումանյանի անկախ կյանք սկսելու առաջին գործերից մեկն է եղել իր համար կյանքի ընկերուհի ընտրելը: Ամուսնացել է Թումանյանը շատ կանուխ, գրեթե պատանի, հազիվ 18 տարեկան: Ընտանիքը, որի հիմքը այդքան կանուխ է դրել մեծ բանաստեղծը, ահագին դեր է կատարել Թումանյանի ոչ միայն կյանքի, այլև գրականության մեջ:
Հովհ. Թումանյանի ընտանիքը ոչ միայն թիֆլիսաբնակ հայ գրողների, այլև առհասարակ հայերի մեջ ամենաբազմանդամ ընտանիքներից մեկն էր:

Հովհ. Թումանյանը ծանոթ էր մեր ընտանիքին 1903-ից սկսած: Մեր երկու ընտանիքները, սակայն, ծանոթ չէին իրարու գրեթե մինչև 1906-7-ը: Այդ տարիներին Թումանյանի ընտանիքը բնակվում էր Թիֆլիսի Սոլոլակ կոչված թաղում, Քռի աջ ափին, իսկ մենք՝ Վորոնցովի կողմը, Քռի ձախ ափին, որ բավական հեռու է Սոլոլակից:
1906-ից մենք էլ փոխադրվեցինք Սոլոլակ՝ միևնույն Բեհբության փողոց, ուր բնակվում էր Թումանյանը: Բնակարանների մոտիկությունը փոխադարձ այցելությունների հնարավորություն ստեղծեց:


Ավելի ևս մերձեցան մեր ընտանիքները 1909-ից սկսած: Այդ թվականին էր, որ Հովհ. Թումանյանը իմ հոր և բազմաթիվ ուրիշ հայ գրողների ու մտավորականների հետ բանտարկվեց ռուս կառավարության կողմից: Բնական է, որ բանտարկյալների և մանավանդ գրագետ բանտարկյալների ընտանիքները՝ մեկ ընդհանուր դժբախտության ենթարկված, ավելի սերտ հարաբերություններ հաստատեին իրար հետ: Այդպես էլ եղավ:
Հովհ. Թումանյանին շատ անգամներ տեսել էի մեր տանը: Դրսում ծանոթացել էի Թումանյանի ավագ որդու՝ Մուշեղի հետ, որ ինձ տարեկից էր:
Մուշեղին ձերբակալել էին իր հոր հետ, բայց մեկ-երկու ամիս հետո արձակել էին բանտից: Բանտից ազատվելուց հետո էր, որ առաջին անգամ հանդիպեցինք իրար, և Մուշեղը ինձ իրենց տուն տարավ:


Մինչ մենք հյուրասրահում նստած զրույց էինք անում, ելումուտ արին Մուշեղի քույրերից ու եղբայրներից չորսը թե հինգը:
«Ինչ մեծ ընտանիք ունի Թումանյանը»,-անցավ մտքովս:
Ճաշի ժամանակը մոտենում էր, և ես պատրաստվեցի մեկնելու: Մուշեղը շատ պնդեց, որ մնամ ճաշի: Ստիպված եղա տեղի տալ:
Երբ սեղանատուն մտանք, տեսա մի երկար սեղան և մոտ 20 պնակներ շարված վրան:
-Եթե իմանայի, որ այսքան հյուրեր ունեիք, չէի մնա ճաշի,-ասացի Մուշեղին:
-ՈՒրիշ ոչ մի հյուր չունենք, միակ հյուրը դու ես, մնացածը մեր տնեցիներն են,-ժպտալով պատասխանեց Մուշեղը:
-Ո՞նց թե:
-Հիմա կտեսնես:
Եվ իրոք, երբ սեղան նստեցինք, միակ դրսեցին ես էի:
Սեղանի շուրջն էին հավաքվել Հովհ. Թումանյանի տասը զավակները՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Համլիկ, Արտիկ, Անուշ, Արեգ, Արփենիկ, Սեդա և Թամարա, տիկին Օլգա Թումանյանը, իր մայրը և խորթ հայրը և Թումանյանի մեծ եղբոր երկու թե երեք զավակները, որոնք ուսանում էին Թիֆլիսի դպրոցներում: Եվ դեռ բացակայում էր ինքը՝ Հովհ. Թումանյանը, որ բանտում էր:
Լոռվա գյուղական նահապետական մի մեծ ընտանիք էր, որ սեղանի շուրջ բոլորվել էր Թիֆլիսում:


Ինքը՝ Թումանյանը, երբեմն կատակով ասում էր իր զավակների մասին.
-Ախպեր, էնքան շատ են, որ անուններն էլ եմ մոռանում:

Հովհ. Թումանյանի կյանքը լի էր խինդով, ծիծաղով, կատակով և հաճախ նաև զավեշտներով: Իր կյանքի բազմաթիվ դեպքերի հետ կատակներ ու զավեշտներ էին կապված: Եվ ամենից շատ ինքը՝ Թումանյանն էր սիրում պատմել, երբեմն էլ բանաստեղծորեն զարդարելով այդ կատակներն ու զավեշտները:
Այդ զավեշտներից մեկը տեղի է ունեցել իր վերջին՝ տասներորդ զավակի ծննդյան առթիվ:
Հովհ. Թումանյանի տունը տասնյակ տարիներ եղել է հայ գրողների ժամադրավայրը: Այդ շեն, հյուրընկալ տուն էին հաճախում և՛ Թումանյանի տարեկից գրողները՝ Շանթը, Ա. Ահարոնյանը, Ն. Աղբալյանը, Ավ. Իսահակյանը, և՛ ավագ սերնդի գրողները՝ Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Շիրվանզադեն, Լեոն, և՛ երիտասարդները՝ ինչպես Վ. Տերյանը, Դ. Դեմիրճյանը և ուրիշներ:
Ամենից հաճախ Թումանյանին այցելում էր Ղ. Աղայանը, որ սիրում էր Հովհ. Թումանյանին հարազատ զավակի պես և որին Թումանյանը, իր հերթին, կապված էր գրեթե որդիական սիրով:


Եվ ահա, եթե չեմ սխալվում 1906-ի Ծնունդի գիշերը, Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը և մեկ-երկու ուրիշներ Հովհ. Թումանյանի տանն են եղել: Նստել են մինչև ուշ գիշեր, կերել, խմել, զվարճացել և գիշերվա ժամը 2-3-ին մեկնել իրենց տները:
Հյուրերի մեկնելուց հետո, շատ չանցած տիկին Թումանյանը ծնել է իր վերջին զավակին: Տան մեջ, բնականաբար, իրարանցում և տակնուվրայություն՝ մինչև լույս:
Հաջորդ օրը, կեսօրին մեր հայրենի սովորությունով Ղ. Աղայանը և Պ. Պռոշյանը եկել են Թումանյանի տուն Ծնունդ շնորհավորելու: Հովհ. Թումանյանը իր տանը տեղի ունեցածի տպավորության տակ է եղել դեռևս:
-Է՜, Օհաննես ջան, շնորհավոր Ծնունդ,-ասաց Աղայանը, պատմում էր Թումանյանը:
-Էդ ձեզ ո՞վ ասաց,-վրա պրծա ես Աղայանին:
-Ո՞նց թե ով ասաց, դե գիտես, էլի, ադաթ ա, սովորություն՝ շնորհավոր Ծնունդ,-էն կողմից ձեն տվեց Պռոշյանը:
-Ադաթը ադաթ ա, համա մին իմանամ թե էդ ձեզ ով ասաց,-տաքացա ես:
Աղայանն ու Պռոշյանը իրար երես նայեցին:
Պռոշյանը դարձավ Աղայանին.
-Էս տղին մի բան ա պատահել:
Արյունս գլուխս թռավ, սրանք ինձ գժի տե՞ղ են դրել:
Աղայանն էլ էն կողմից թե.
-Դե լավ, Օհաննես ջան, թող քո ասածը լինի, թող շնորհավոր Ծնունդ չլինի, վնաս չունի:
-Չէ՛, մի ասացեք տեսնեմ ձեզ ո՞վ բերեց էդ խաբարը,-էլ ավելի տաքացա ես:-Երեկվանից մինչև հիմա էս տնից մարդ ոտք դուրս չի դրել, էս դուք ո՞նց իմացաք, որ Օլյան երեխա ա բերել:
-Քո հոր տուն շինվի, դե էդպես ասա՛, տո՛ հեր օրհնած, մեռանք է՜,-ուրախացավ Աղայանը:-Մենք ի՞նչ իմանանք, թե Օլյան երեխա ա բերել: Դե, մեկի տեղ երկու ծնունդ շնորհավոր:
-Ես չասի՞, թե էս տղին մի բան ա պատահել,-եզրակացրեց Պռոշյանը:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Մուշեղ Թումանյան
  • Արտավազդ  Թումանյան
Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao