Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Յուվենտուսի» դժվարին հաղթանակը

«Յուվենտուսի» դժվարին հաղթանակը
29.01.2019 | 04:47

Եվրոպական ֆուտբոլային թոփ առաջնություններում գնալով ավելի ու ավելի է հստակ ուրվագծվում, թե որ թիմերն են պայքարում մրցանակային տեղերի համար, հնարավորություն ունենալու հետ մեկտեղ որ թիմերն ունեն եվրոպական առաջատար խաղարկություններին մասնակցելու ախորժակ, որ թիմերն են, որ արդեն իսկ կենաց-մահու կռիվ են մղում բարձրագույն դիվիզիոնում մնալու համար:

ԻՍՊԱՆԻԱ


Երկրի գավաթի խաղում «Բարսելոնի» նկատմամբ հաղթանակից ոգևորված՝ Անդալուզիայի ֆուտբոլային հպարտություն «Սևիլիան» տրամադրության բարձր տոնայնությունը պահպանեց նաև ներքին առաջնության «Լևանտեի» հետ խաղում՝ վերջինիս պատժելով հինգ անպատասխան գնդակի առավելությամբ: «Սևիլիան» տվյալ պահի համար իր հիմնական մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» վրիպելու դեպքում պատրաստ է նրան փոխարինելու առաջին եռյակում՝ դրա համար ունենալով միավորների բավարար պաշար:
Բնականաբար, «արքայականն» ամեն կերպ խուսափում է անդալուզցիներին այդ հնարավորությունն ընձեռելուց, ու նման «չկամության» օրինակ էր «Էսպանյոլի» հետ մրցակցությունը նրա իսկ հարկի տակ, տոնած 4:2 հաշվով հաղթանակն ու կրկին երեք միավորի առավելության հաստատումը 36-ն ունեցող «Սևիլիայի» նկատմամբ:
Հաղթական խաղային գրաֆիկին չդավաճանեց «Աթլետիկոն»՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Խետաֆեի» նկատմամբ, որի ֆուտբոլիստների նյարդերը հատկապես խաղավերջին զգացվեցին, երբ, անկեղծ ասած, բանը բանից անցած էր, ու հաշվի վրա ներազդելը սկզբունքորեն անհնար էր դարձել: Համենայն դեպս, կոպիտ խաղի որոշումը հյուրերինն էր, պրոֆիլակտիկ նկատառումներով տաք գլուխների նկատմամբ սառը ցնցուղ կիրառելը՝ երկու անգամ, հանդիպման մրցավարինը:
Այս նույն հաշիվն արձանագրվել է նաև «Ժիրոնա»-«Բարսելոն» դիմակայությունում: Հաղթել են հյուրերը: Գոլերից մեկը Մեսիի հեղինակածն է ու ընթացիկ առաջնությունում ֆուտբոլային կախարդի թվով 19-րդը:
Կատալոնյան ակումբը 49 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հինգ նիշով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Աթլետիկոյին»:

ԳԵՐՄԱՆԻԱ
19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելիս խոշոր՝ 5:1 հաշվով հաղթանակ է տոնել աղյուսակի հետնապահների թվում գտնվող «Հանովերի» նկատմամբ: Լյուսիեն Ֆավրի գլխավորած կոլեկտիվի անվան դիմաց կա արդեն 48 միավոր: Սա ակումբի լավագույն արդյունքն է պատմության մեջ: Միաժամանակ նշենք, որ դորտմունդցիները վստահաբար գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հաղթական մրցելույթ է ունեցել նաև մյուս «Բորուսիան»՝ Մյոնխենգլադբախինը: Մրցակիցը եղել է «Աուգսբուրգը»: Գլադբախցիների այս հաղթանակը կարևոր էր նրանով, որ այն որոշակի նյարդային ցնցումների մեջ է պահում Մյունխենի «Բավարիային», որը տևական ճգնաժամը հաղթահարելուց հետո նորից է սկսել մաս կազմել առաջին եռյակի, սակայն երկրորդ հորիզոնականում ունեցած տեղով թիկունքում ծանրորեն զգում է մյոնխենգլադբախցիների շունչը, քանի որ յուրաքանչյուր նոր վրիպում կարող է բերել առաջին եռյակում թիմերի ունեցած տեղերի վերադասավորման: Ի բարեբախտություն իրենց ու բազմահազար երկրպագուների, բավարացիները սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության են մատնել օրվա մրցակից «Շտուտգարդտին»:
Դորտմունդցիներն ունեն 48, բավարացիները՝ 42, գլադբախցիները՝ 39 միավոր:


ԻՏԱԼԻԱ
Դրամատիկ զարգացումների պակաս չի եղել սկուդետեի 21-րդ տուրում: Նախ ասենք, որ չափազանց ծանր գնով է տրվել երկրի գործող չեմպիոն ու մրցաշրջանի առաջատար «Յուվենտուսի» արտագնա հաղթանակը «Լացիոյի» նկատմամբ, որը, այնուամենայնիվ, չի կարողացել դիմակայել մինչև վերջ ու 88-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի արդյունքում է զիջել ահեղ մրցակցին (տուգանայինն իրացրել է Քրիշտիանու Ռոնալդուն):
Միավոր է կորցրել երկրորդ տեղում ընթացող «Նապոլին», ու կապ չունի, որ մրցակիցը «Միլանն» է եղել՝ երբեմնի առավել քան ազդեցիկ, ներկայումս վերակառուցման ուղին բռնած, լավագույն ավանդույթների շարունակմամբ մտահոգ թիմ: Լուսատախտակի վրա արձանագրված 0:0 հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ:
Շատ ավելի վատ մասնակցություն է ունեցել արտագնայում «Թուրինի» հետ մրցած «Ինտերը»: Ճիշտ է, պարտությունը նվազագույն հաշվով է, բայց բոլոր դեպքերում այն նշանակում է երեք միավորի կորուստ: Այս պարտությունը, ինչ խոսք, ոչնչով չի սպառնում մրցաշարային աղյուսակում թիմի ունեցած երրորդ տեղին, սակայն չի կարող չգրգռել մրցակից թիմերի ախորժակը, այդ թվում արդեն իսկ վերը հիշատակված «Միլանի», որը 35 միավորով դիրքավորվել է չորրորդ հորիզոնականում:
«Յուվենտուսն» ունի 59, «Նապոլին»՝ 48, «Ինտերը»՝ 40 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Հերթական ու խոշոր հաշվով հաղթանակը տոնեց «Պարի Սեն Ժերմենը», որը երկրի առաջնությունում պարզապես մրցակից չունի: «Ռենն» իր համեստ կարողությունով ընդամենը կարողացավ անել այն, որ պարտվեց 1։4 հաշվով: 56 միավորով ու պակաս անցկացրած երկու խաղով ՊՍԺ-ն գլխավորում է դիվիզիոնի մրցաշարը՝ երկրորդ տեղում գտնվող «Լիլից» առաջ լինելով 13 միավորով: Երրորդը 40 միավոր ունեցող, հյուրընկալվելիս «Ամիենին» նվազագույն հաշվով պարտության մատնած «Լիոնն» է:

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնում այս օրերը նվիրված են եղել երկրի գավաթի 1/16 եզրափակչի խաղարկությանը: Թերևս բոլորը հատ-հատ թվարկելու անհրաժեշտություն չկա, ուստի անդրադառնանք առավել նշանակալիցներին: «Մանչեսթր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում առանց լուրջ դժվարությունների հաղթանակ է տոնել «Բյոռնլիի» նկատմամբ՝ հերթական անգամ առանձնանալով գոլառատ խաղով: «Տաքսի» հաշվի ձևակերպման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել Գաբրիել Ժեզուսը, Բեռնարդու Սիլվան, Սերխիո Ագուերոն և Կևին դե Բրույնեն, մի գնդակ էլ սեփական դարպասն է խփել Կևին Լոնգը: Հաղթանակը «քաղաքաբնակների» առջև բացել է մրցաշարի 1/8 եզրափակիչ տանող դռները:
Սուր մրցակցություն է ծավալվել «Արսենալ»-«Մանչեսթր Յունայթեդ» դիմակայությունում, որտեղ «զինագործները» տեղի են տվել մանկունիացիների հզորությանն ու թափին: 3:1 հաշվով արտագնա հաղթանակը հաջորդ փուլ է դուրս բերել «Մանչեսթր Յունայթեդին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ