«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շատախոս Հայաստան

Շատախոս Հայաստան
01.02.2019 | 03:41

Մենք ապրում ենք պարադոքսալ պայմաններում: Մեկ բոլորը երդվյալ լռում են, մեկ խոսում: Կառավարության կառուցվածքի նախագիծը պատրաստվում են փետրվարի չգիտեմքանիսին ներկայացնել Աժ հաստատման, հունվարի 30-ին վարչապետով ու փոխվարչապետերով, նախարարներով երդվում են: 2018-ի տարեվերջին իրենց անվանում էին առաքյալների կառավարություն ու կառավարությունն էլ առաքելություն ունեցող, 2019-ին խոսում են փողից, փողից ու նորից փողից, ավելին` հայտարարվում է. «Պետական համակարգում աշխատավարձերը պետք է սարքենք մրցունակ, որ լավագույն կադրերը չգնան մասնավոր սեկտոր»: Այսինքն` կառավարման անարդյունավետության պատճառը… ցածր աշխատավարձն է: Պարգևավճարների սկանդալը սկսվեց մարզպետներից ու հասավ մայրաքաղաք: Պարզվեց` ամենասկանդալայինը մարզպետները չէին, որ 105 %-ով պարգևատրվել ու պարգևատրել էին: Կառավարություն կա, կառավարությանն առընթեր ՊԵԿ կա: Խորանանք, էլի կգտնենք գումարներ, որ պետությունը պարգևել է 10 արժանավորի հետ 100 անարժանի: Եվ բոլորը խոսում են բարոյականությունից: Ավելին` մեղադրում են անբարոյականության մեջ չգիտես ու՞մ ու չգիտես ինչու՞: Գուցե հենց դա է փողի բարոյականությունը` ինչքան շատ փող, այնքան շատ բարոյականություն:


Իսկ առաքելությու՞նը, ժողովրդին ծառայե՞լը, նվիրու՞մը, գաղափա՞րը: Ոչ ոք չի ուզում, որ պետական պաշտոնյան ձրի աշխատի կամ էլ օրը 124 ժամ: Փաստացի` այս պահին Հայաստանի Հանրապետությունում ամենաանպաշտպանը պետական պաշտոնյան է` միջին օղակի: Նրան առանց պատճառի կարող են աշխատանքից ազատել, պարտականություններն ավելացնել, աշխատավարձը նվազեցնել, զրկել ծառայողական մեքենայից ու օրենքով նախատեսված պարգևավճարից: Գործադիրում, թե օրենսդիրում` ղեկավարի փոփոխությունը ինքնըստինքյան աշխատակազմի փոփոխություն է` կա՞ն, թե՞ չկան օրենքներ: Եվ բնավ էլ աշխատավարձը չի պետական ծառայությունը դարձնում մրցունակ: Նախ` մասնավոր հատվածը նույնպես Հայաստան է, ու համազգային աշխատավորական համերաշխությունը նվազագույնը պահանջում է` ոչ միայն պետական ծառայողները ունենան սոցապահովագրության փաթեթներ, այլև մասնավոր հատվածը, որ ոչ պակաս արժեք է ստեղծում ու ավելի շատ է արտադրանք տալիս` երբեմն ավելի նվազ աշխատավարձով: Եվ հետո` պետական կառավարման համակարգը, բարձր աշխատավարձից բացի, բարձր իդեալներ պետք է ունենա, նվազագույնը` բովանդակություն ու նպատակ, մեղմ ասած` իմաստ: Գուցե կառավարության կառուցվածքը խորհրդարանին ներկայացնելիս, ի վերջո, ասվի` ո՞րն է առաքյալների կառավարության առաքելությունը: Ռեալ պոլիտիկում ստացվում է` թավշե հեղափոխության ալիքը իշխանության է բերել մարդկանց, որ ամեն ինչ հաշվում են փողով ու փողի քանակով: Շատ եղավ` լավ կաշխատեն, քիչ եղավ` մասնավոր հատված կգնան: Գնալ-գալու մեջ փաստացի լիովին անտեսվում է մասնագիտական որակն ու փորձը, նշանակումների սկզբունքը մեկն է` սկզբունք չկա, կա… հեղափոխական նպատակահարմարություն: Քայլե՞լ ես, քայլողի հետ կապ ունե՞ս: Ո՞չ, դու այն ահավոր 95 տոկոսի մեջ ես, որ մնացել է նախորդ իշխանությունից ու ենթակա է վերավերավերակառուցման: Այո, եռաստիճան: Հավատարմության եռակի երդում պիտի տաս: Եթե, իհարկե, նախկինում ՀՀՇ-ական, կամ ներկայում ՀԱԿ-ական չես, դա մեղմացուցիչ դեպք հանցանաց է և պաշտոնի անցագիր:


Երբ գաղափարներ ու ծրագրեր չկան, կա վակուում, որ պետք է լցնել` ինչով կլցվի: Բոլորն ասում են` ամեն ինչ անում են, որ լավ լինի, բայց չեն ասում` ու՞մ համար: Կամ էլ` բայղուշություն մի արեք, նոր են, կսովորեն: Իհարկե, կսովորեն, բայց` ե՞րբ ու ի՞նչ: Եվ` ու՞մ փողերով: Բարոյականության մասին` որքանո՞վ է բարոյական, որ ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը դեկտեմբերին հայտարարում էր, որ թավշե հեղափոխությունն ավելին է արցախյան պատերազմի հաղթանակից, փետրվարին հավակնում է ԵԿՄ նախագահ ընտրվել: Եվ ԵԿՄ-ականները կընտրեն, որովհետև Սասուն Միքայելյանին ընտրել նշանակում է ընտրել իշխանությանը, ուրեմն` փողը:

Կամ` որքանո՞վ է բարոյական, երբ Հայոց ազգային բանակի 27-ամյակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հնդկական հազարամյա հանելուկ է լուծում, արձանագրում է, որ անվտանգությունը երկնքից ընկած խնձոր չէ, ձեռք է բերվել բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով ու հուզաթաթավ խոսում է Հայոց բանակի մասին` անցյալով, ներկայով ու ապագայով, թիկունքով ու խրամատով, նախնիների ուխտով, և չի տալիս Վազգեն Սարգսյանի անունը: Դա նույնն է` խոսել թավշե հեղափոխության մասին ու չասել, որ եղել է Նիկոլ Փաշինյան: Վարչապետը այդ դավաճանությունը կներե՞ր որևէ մեկին:


Թեկուզ հազարամյա հնդիկները չեն ասել, բայց շատախոսել չի նշանակում ասելիք ունենալ: Նույնիսկ` հակառակը: Օրինակ` երբ կառավարության երդումից հետո լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի վերահսկողությունից հանելու և սուպերվարչապետությունից հրաժարվելու մասին, պատասխանել է. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ միանաշնակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո: Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար: Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակի կուսակցականացվելու է: Այսօր կարգավորման արդյունքում ոստիկանության և իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն՝ այնտեղ փոփոխությունները, այդ թվում՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված ու հանգիստ, որպեսզի բալանսը չխաթարվի և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: Իսկ նախարարի դեպքում հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար»:


Թե ինչ եզրակացության կարելի է հանգել այս տրամաբանությամբ, թող երդմնակալությանը չմասնակցած ու ԱՄՆ գործուղված կրթության և գիտության նախարարը գա ու լայվով պատասխանի: Իսկ սուպերվարչապետությու՞նը: «Սուպերվաչապետության մասին ես ասել եմ՝ այն, որ մենք սուպերվարչապետության համակարգից պետք է բալանսավորման գնանք, միանշանակ է: Բայց էլի եմ ասում՝ այդ պրոցեսը պետք է հասկանալ: Մարդիկ ուզում են, որ մի օրում դա արվի, այո, կարող ենք մեկ օրում անել, բայց կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, և երկրում անիշխանություն ստեղծվեց: Այսինքն՝ եկեք ասեք, էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության, թափանցիկության համար: Այսօր ՀՀ պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ»:


Հարցին` հնարավոր է 1-2 տարի՞ տևի գործընթացը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կարող է պրոցես լինի, որ 3-4 տարվա ընթացքում տեղի ունենա: Ի՞նչ է տեղի ունեցել, վերջին 8-9 ամիսներին համոզվեցիք, որ Հայաստանում դիկտատուրա՞ է հաստատվել»:
Նրանք, որ այդպես էլ կարծում են, թող գնան-ապաշխարեն: Նրանք, որ այդպես չեն կարծում, թող մոմ վառեն Նիկոլ Փաշինյանի արևշատության համար: ՈՒ` սպասեն 1-2 կամ 3-4 տարի, մինչև նա սուպերվարչապետությունից հավեսը հանի ու նոր ընտրություններից առաջ հիշի ժողովրդավարության մասին: Եվ` ընդհանրապես, ի՞նչ եք խառնվել իրար: Փրկիչը կա ու փրկում է: Սուսուփուս փրկվեք, էլի: Ասված է` հայ ժողովուրդը փրկիչներ սիրող ժողովուրդ է ու իր բոլոր խնդիրների լուծումը փրկիչների հետ է կապում: Փրկիչները գալիս-գնում են` առանց պետությունն ու մարդկանց փրկելու, բայց անփոփոխ է սպասումը: Ապարդյուն սպասումը: Աշխատատեղե՞ր էիք սպասում: Կստանաք: Ինչ-որ ժամանակ, տարիներ հետո: Երբ վերջապես վարչապետ դառնա նա, ով իր գերխնդիրը կհամարի արդյունաբերության վերականգնումը, տնտեսության կառուցվածքի փոփոխությունը և կրթությունը կյանքի պահանջներին համապատասխանեցնելը: Հիմա համբերեք` դեռ ցուցանիշներ են վերանայվում, ու օպտիմալանում ենք: Ազգովին: Նորանշանակներին էլ սիրով ու համբերությամբ վերաբերվեք` սովորում են, երևի կսկսեն աշխատել: Որովհետև` «Այն, ինչ մենք արել ենք, դրա փորձը ոչ ոք չունի: Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, դրա փորձը աշխարհում գոյություն չունի»` ըստ Նիկոլ Փաշինյանի: Իրականում` ինքնախաբեություն է: Կամ` ինքնամեծարում: Հեծանիվ հնարել, ինչպես հայտնի է, այլևս անիմաստ է: Վաղուց: Առավել ևս, որ ինքնաթիռն էլ է հնարված իբրև փոխադրամիջոց:


Այս շաբաթ շատերը խոսեցին Արցախի մասին: Բոլթոնից` Կարասին ու անգամ Զոհրաբ Մնացականյան: ԱԳ նախարարը, օրինակ, ասաց` իր համար տարօրինակ է, որ խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները որոշ շրջանակներում առաջացնում են պարտվողական տրամադրություն: «Մենք որևէ կերպ չենք շեղվել այն բաներից, որ ասել ենք: Վստահ եմ, որ բազմիցս լսել եք, ու որևէ շեղում մեր դիրքորոշման մեջ չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ամենակարևորն ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Սրա շուրջ են բանակցությունները: Կան մեր գերակայությունները, ու չկա որևէ բան, որ դուք չիմանաք»,- ասաց նա: Փաստորեն, ըստ նախարարի` բանակցություններ կան, ըստ վարչապետի` չկան: Հիմա` կա՞ն, թե՞ չկան:


Եռաբլուրում Զոհրաբ Մնացականյանը զարմանում էր, որ «որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: Իսկ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հանդիպումների շրջանակից դուրս հանդիպումները եղել են հանպատրաստից, առիթն օգտագործել են իրար ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար` թե ըստ նախարարի, թե ըստ վարչապետի։ Եղած-չեղած:


Բոլթոնը Ալիևի հետ խոսում է Ղարաբաղի հարցով, Փաշինյանի հետ չի խոսում: ՌԴ ԱԳ փոխնախարարը գալիս է Երևան, ու նրան ԱԳ նախարարն է ընդունում (պատկերացնու՞մ եք` Շավարշ Քոչարյանը գնար Մոսկվա, ու Լավրովը ընդուներ): Ժամերով բանակցում են, ու Գրիգորի Կարասինը հետո լրագրողներին ասում է, որ միջազգային հանրությունն Արցախի հարցում ունի ուժային լուծումը թույլ չտալու կոնսենսուս: Թարգմանաբար` նշանակու՞մ է ստատուս քվոյի պահպանում: Իսկ Վիտալի Բալասանյանը հայտարարում է. «Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ որևէ մեկին թույլ չի տրվելու»: Սպասենք` էլ ո՞վ ի՞նչ կասի: Հույսով, որ ոչ ոք ոչինչ չի անի այդ ընթացքում: Համենայն դեպս` կպատրաստվեն խաղաղության, թեպետ Ալիևի համար դա հրաժարականի պահանջ է, եթե Հայաստանը չի քննարկում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Հայաստանը չի կարող քննարկել նույն պատճառով: Վերադարձանք քննարկումների մեկնակետ: ՈՒ` ի՞նչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ոչ թե 1915-ին հրապարակած հարաբերականության տեսության, այլ 1921-ին ֆոտոէլեկտրական էֆեկտի օրենքի համար Նոբելյան մրցանակ ստացած Ալբերտ Էյնշտեյնը ասում էր. «Դուք կարող եք ապրել և հավատալ, որ կյանքում հրաշքներ չեն լինում, բայց կարող եք և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է»: Ազատ եք` ընտրել: Հարաբերականորեն` դարձյալ ըստ Էյնշտեյնի, որ հոլոքոստից հետո հրեաների համար ձեռքն առավ ջութակը ու …Մոցարտ նվագեց:

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ