Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջնայինը, երկրորդականն ու տասներորդականը միմյանցից չզատող հասարակությանը շատ ավելի դյուրին կլինի պատրաստել խաղաղությանը

Առաջնայինը, երկրորդականն ու տասներորդականը միմյանցից չզատող հասարակությանը շատ ավելի դյուրին կլինի պատրաստել խաղաղությանը
01.02.2019 | 04:16

Մտածող ու տարրական բանականություն ունեցող մարդկանց եթե հարցնես, թե որոնք են այսօր Հայաստանի առջև ծառացած ամենագլխավոր խնդիրները, որոնց շուրջ պետք է բավականին լուրջ մտածել ու դրանցով զբաղվել, ապա շատ բնական կլինի, եթե պատասխանեն՝ Արցախի շուրջ բանակցային գործընթացը, տնտեսական հեղափոխության թեման, մեր երկրի արտաքին քաղաքական հարաբերությունները հարևանների, աշխարհաքաղաքական, ուժային կենտրոնների հետ և իհարկե՝ երկրի անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտը։ Սրանք այն առանցքային թեմաներն են, որոնք ցանկացած խելամիտ անձ պետք է որ առաջին հերթին նշի։
Սակայն վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, որ բավականին հետաքրքիր ու տարօրինակ, երբեմն զարմանալի օրինաչափությամբ այս խնդիրները չեն դառնում հասարակության ակտիվ զանգվածի քննարկման առարկա, եթե չասենք՝ դրանք հետին պլան են մղվում։


Եթե հավատանք հասարակության ակտիվ զանգվածի հայելային արտացոլանքը համարվող սոցիալական ցանցերի օգտատերերին և որոշ լրատվական ռեսուրսների կողմից մատուցվող ինֆորմացիային, ապա հայաստանյան սպառողին վերջին օրերին հետաքրքրում է պետական, հանրային ծառայողների պարգևավճարների թեման, համահայկական քննարկման առարկա դարձած կոկորդիլոսի՝ թռչուն թե երկկենցաղ լինելու հանգամանքը, այս կամ այն պատգամավորի գրաբարով լավ թե վատ խոսելը, այսինչ պատգամավորի մազերը կապույտ են, թե վարդագույն, ԱԺ նախագահի` վերարկուն հագնել-հանելը և այլն։ Եթե հավատանք սոցցանցերում տիրող մթնոլորտին, ապա հասարակությունը ոչ ադեկվատ է հայաստանյան իրական մարտահրավերներին։


Վերջին ամիսներին շատերի համար աքսիոմ է դարձել այն, որ մեր հասարակության մի զգալի մասը ոչ համարժեք դրսևորումներ է ցուցաբերում։ Մանավանդ դա առավել ակնառու դարձավ թավշյա հեղափոխությունից հետո։ Շատ փորձագետներ, հոգեբաններ որոշ զանգվածի ոչ ադեկվատ վերաբերմունքը երկրում, երկրից դուրս ընթացող իրադարձություններին փորձում են շատ նրբորեն, շատ կոռեկտ կերպով անվանել էյֆորիա։ Սակայն բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ այդ էյֆորիան պետք է անընդհատ կառավարվի, առավել ևս որ այդ զանգվածի ոչ ադեկվատությունը շատ դեպքերում կարելի է օգտագործել սեփական շահի, սեփական իշխանության և այլ նպատակների իրագործման համար։ Այժմ ըստ էության մենք ավելի շատ ականատես ենք հետևյալ գործընթացին. ինչպես հասարակական վարքագծի կառավարման մասնագետներն են նշում, և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից, և՛ երկրից դուրս կան խմբեր, որոնք փորձում են հասարակական ուշադրության տրենդները շեղել իրական մարտահրավերների թեմայից։ Թե ինչի համար, այլ հարց է։ Օրինակները բազմաթիվ են, որոնց մասին վերը նշեցինք։


Անդրադառնանք, մասնավորապես, պարգևավճարների թեմային, որը վերջին տասն օրվա ընթացքում արհեստականորեն դարձել էր այս երկրի կարևորագույն խնդիրը։ Ի՞նչ կատարվեց իրականում, ի՞նչ մանիպուլյատիվ գործողություններ իրականացվեցին։ Ակնհայտ էր, որ մամուլում և սոցցանցերում սփռված այն մանրամասն տեղեկությունը, թե որ գերատեսչությունում ում և որքան պարգևավճարներ են հատկացվել, նպատակաուղղված, կազմակերպված տեղեկատվական արտահոսք էր հենց իշխանական համակարգից, ընդ որում, այն ոլորտներից, որոնք այս կամ այն չափով կապված են պետության ֆինանսական հոսքերի վերահսկողության հետ։ Այդ արտահոսքը տրվեց ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնք ուղղակիորեն սպասարկում են որոշ նախկին իշխանավորների շահերը։ Դրանից հետո առերեսվեցինք շատ հետաքրքիր մի իրավիճակի. այդ տեղեկությունը միանգամից սկսեցին ծամծմել, տարածել, ուռճացնել, մեկնաբանել հենց այն ռեսուրսները, բլոգերները, որոնք պատկանում են այսօրվա իշխանության տարբեր թևերին։ Ընդ որում, այդ գործընթացը նույնպես բազմաշերտ էր, քանի որ այսօր արդեն շատ դժվար է թաքցնել, որ իշխանության մեջ կան տարբեր խմբավորումներ, և յուրաքանչյուրը փորձում էր այդ ամենն օգտագործել իր շահերից ելնելով։ Նրանք, ովքեր հակաքաղաքապետական տրամադրություններ ունեն, ասպարեզ նետեցին Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների թեման։ Ի պատասխան երևան եկան այլ արտահոսքեր, որոնք հարվածեցին այն գերատեսչություններին, որոնք իշխանության հակառակ թևի հետաքրքրությունների շրջանակներում են։ Հասկանալի պատճառներով հատուկ ուշադրության արժանացավ պետեկամուտների կոմիտեն։ Այստեղ ակնհայտ դարձավ, որ շատ խմբեր ուղղակի աչք ունեն այդ համակարգի վրա։ Բանն այն է, որ ՊԵԿ-ի ներկա ղեկավարը ներիշխանական որևէ կլանի չի հարում և ըստ էության անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված անձ է։ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երբեմն որքան էլ աբսուրդային կադրային նշանակումներ է կատարում կառավարության կազմում, այնուամենայնիվ ուժային և ֆինանսատնտեսական հատվածներում ռիսկի չի դիմել և ապավինել է հին, փորձված կադրերին։ Վարչապետը հասկանում է, որ այստեղ փորձարկումներ անելու տեղ չէ։ Պարզապես երկիրը կարող է համակարգային փլուզման առջև կանգնել։


Այսպիսով՝ ամեն օր որոշակի չափաքանակով ինչ-որ մի գերատեսչություն հայտնվում էր թիրախում, որպեսզի թեման տաք պահվի։ Իհարկե, գործը հասավ նաև նրան, որ «Իմ քայլը» դաշինքը փակ լսումներ կազմակերպեց։ Եվ պարգևավճարների բավականին պարզունակ թեման դարձավ շաբաթվա հիթը, ինչը միանգամից շեղեց մարդկանց ուշադրությունը հիմնական թեմաներից։


Այս ամենի շուրջ գործընթացը վկայեց, որ այսպես կոչված անփորձները, որոնց մասին կատակում էին, թե ժամանակի ընթացքում կսովորեն աշխատել, թերևս եթե ինչ-որ բան էլ սովորեցին անցած մի քանի ամսում, ապա հիմնականում յուրացրել են նախկինների խարդավանքների արվեստը, յուրային ու ընդդիմադիր լրատվամիջոցները, սոցցանցերը օգտագործելու ձևերը՝ այդպիսով փորձելով ամրապնդել սեփական դիրքերն ապագայի համար։ Պարզ է նաև, որ այժմ լուրջ պայքար է ընթանում իշխանության մեջ՝ Նիկոլ Փաշինյանի ականջին մոտ լինելու համար։ Նրանցից ոմանք սպասարկում են թե երկրի ներսում, թե դրսում եղած որոշ ֆինանսատնտեսական խմբերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կառավարման օղակների շահերը։


Ի դեպ, այդ շահերի արտացոլումը տեսանելի է հենց այսօրվա նորընտիր Ազգային ժողովում։ Այստեղ արդեն իսկ փոքրամասշտաբ կամ մեծ, լոկալ կամ համընդհանուր մարտեր են ընթանում նոր իշխանության մեջ իրենց բաժնեմասն ունեցող խոշոր ու մանր ազդեցության խմբերի միջև։ Մեծ խմբին կարելի է դասել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեծաքանակ պրոտեժեներին։ Մյուս մեծ խմբի մեջ մտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիմի ներկայացուցիչները, որոնք թեև քանակով գուցե ավելի քիչ են, բայց հաշվի առնելով փոխվարչապետի նաև միջազգային կապերը՝ բավականին պինդ դիրքերում են։ Հաջորդը Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատն է՝ նրա ընկերները, բարեկամները և որոշ գործընկերներ, ինչպես նաև՝ մի ախրաննիկ։ Թեև համարվում է, որ վերջիններս առանձնապես քաղաքական ծանրաբեռնվածություն չեն կրում, այնուհանդերձ հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ականջները այդ խայտաբղետ խմբակցությունում, որ կոչվում է «Իմ քայլը» դաշինք։ Իր փոքր, բայց երաշխավորված քվոտան է խորհրդարանում ստացել նաև Սասուն Միքայելյանը։ Եվ ի վերջո կա պատգամավորների մի փոքր խումբ, որը խմբակցությունում հայտնվել է իր մասնագիտական կարողություններից ելնելով, որն ի վերջո պետք է այսպես ասած սև գործն անի։ Եվ բնականաբար, իր վատ քողարկված ներկայությունն ու ազդեցությունը խորհրդարանում ունի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս խմբերի և ամենակարևորը՝ նրանց իրական ղեկավարների շահերը այնքան տարբեր են, որ փորձագիտական և վերլուծական շրջանակներում կանխատեսում են խմբակցության տրոհումը արդեն առաջիկայում։ Այս առումով թերևս պատահական չէ, որ «Քաղպայմանագրի» առաջնորդներից մեկը՝ Տիգրան Ավինյանը, վերջին հարցազրույցներից մեկում բաց տեքստով հայտարարել էր, որ իրական ընդդիմություն կձևավորվի հենց «Իմ քայլը» դաշինքի ներսում։ Սա բավականին հետաքրքիր հայտարարություն է, և հատկանշական է, որ այն չի հերքել կամ կասկածի տակ չի դրել իշխանական մեծ քաղաքական թիմի որևէ ներկայացուցիչ։


Դատելով առկա գործընթացներից՝ կարելի է եզրահանգել, որ առաջիկայում մանիպուլյատիվ գործողություններն էլ ավելի են խորանալու. հասարակությանը ամբողջովին հարմարեցնելու են այն կարիքներին, որոնցով իշխանությունը կամ դրսի ուժերը կցանկանան զբաղվել։ Հեշտությամբ մոլորեցվող հասարակությանը շատ հեշտ է սովորեցնել կրոնական խմբերի, սեռական փոքրամասնությունների գոյությանը, հետո նաև դրանց շահերի պաշտպանությունն օրենսդրորեն ամրագրել։ Առաջնայինը, երկրորդականն ու տասներորդականը միմյանցից չզատող հասարակությանը շատ ավելի դյուրին կլինի պատրաստել խաղաղությանը։ Եվ նման տիպի հասարակությունն առանձնապես չի էլ ցանկանա խորանալ, թե խաղաղությունը ինչի շուրջ ենք ձեռք բերում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ