«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Ինչու չեն շտկվում ավագների սխալները

Ինչու չեն շտկվում ավագների սխալները
01.02.2019 | 04:58

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ վերջինս նրան դիմեց «Նիկոլ Վովաևիչ» պատվավոր արտահայտությամբ: Դե, այդպես է արձանագրված պաշտոնական փաստաթղթերում: Սակայն արդեն Աստանայում և՛ Պուտինը, և՛ Նազարբաևն ու մյուսները փոխեցին հարգանքի ձևաչափը՝ «Նիկոլ Վլադիմիրովիչ»: Բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանում «Վովա» անուն գոյություն չունի, որ դա Վլադիմիրի խոսակցական ձևն է և երբեք չի արձանագրվում ծննդականում կամ անձնագրում (պատկերացրեք Հայաստանում մեկն իր երեխային օծի Վաղո, Տիկո, Մխո, Անո, Եղսո «անուններով»):


Օրերս Մոսկվայում Փաշինյանին բնավ էլ ոչ «ի դեպ» հարցրին, թե նա հայրանվան ո՞ր ձևն է գերադասում՝ Վովաևի՞չը, թե՞ Վլադիմիրովիչը: Վարչապետն ասաց, որ նախընտրելի է առաջինը, քանզի ավագ սերնդի մեջ այդ անունը տարածված է:
Արդյո՞ք իրավացի է պետության ղեկավարը, որ հայացնում է աղավաղված օտար անունը: Թե՞ մանրուք է սա: Պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ «Կոլյաևիչ» է՝ «Նիկոլայի» նույն հասարակացումը: Եվ նման անվանախեղաթյուրումների, օտար անունների աղավաղումների, արհեստածին անունների, օտար ազգանունների ու անփառունակ հապավումների անվանավերաձևման ու առհասարակ անվանակոչության ասպարեզում սխալ, էժանագին ու անհարկի օտարամոլության դրսևորումների առումով հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը երևի գրավի առաջին տեղը համայն աշխարհում: Հայոց նորընտիր խորհրդարանի նորաթուխ պատգամավորների ցուցակում թեև, բարեբախտաբար, նվազագույնի են հասցված ոչ հայկական կամ խրթին անունները, այդուհանդերձ Էդմոնի և Ալենի կողքին շարունակում են առատ մնալ հայրանունների տգեղ հորջորջումները՝ Վոլոդիայի, Գրիշայի, Հերբերտի, Հենզիկի, Մելսիկի, Լևիկի, Պապաշի, Սերյոժայի, Վիլիկի և այլն:


Լավ, արդյո՞ք լուրջ բան է հայկական մեծ հեղափոխության ու նրա առաջ բերած փոթորկուն իրադարձությունների ֆոնի վրա քննության առարկա դարձնել ինչ-որ անունների հարց՝ կընդվզեն ընդդիմախոսներս: Ես երկար եմ ապրել Ռուսաստանում և երբեք չեմ հանդիպել ոչ մի Ֆրունզիկ Պետրովի կամ Դեզդեմոնա Իվանովայի, և ընդհանուր առմամբ որևէ արտառոց անվանակոչումների: Սակայն նույնիսկ այս դրական իրողության պայմաններում անցյալ տարի Վոլոդյա Վոլոդյաևիչ, ներողություն՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անձնական ստորագրությամբ օրենք, ընդգծում ենք՝ օրենք ընդունվեց անգամ եզակի հանդիպող անհեթեթ, կեղծ, արհեստական անուններն արգելելու մասին: Քանի որ այդ կարգի անունների պատճառով հիմար վիճակում է հայտնվում երեխան, դառնալով առնվազն հեգնանքի առարկա, ապա տվյալ օրենքը կանխում է ծնողների կողմից նման անունների շնորհման իրավունքի չարաշահման դեպքերը: ԶԱԳՍ-ի աշխատակցին իրավունք է տրվում մերժելու սխալ ու անիմաստ անունների գրանցումը: Մարդու իրավունքների խախտու՞մ: Բնավ: Անգրագիտության կանխում:


Ես կարող եմ բազմաթիվ դրվագներ վերհիշել, թե իմ ռուս ծանոթների մեջ նվազագույնը ինչ զգացումներ են առաջացրել բազմաթիվ «հայկական» անուններ: Մոսկվա էր եկել վաղեմի բարեկամս` բոլշևիկյան «Իլյիչ» անունով: Ահա և, ներկայանում էր նա ռուս ընկերներիս: Իմացանք ձեր հայրանունը, տարակուսում էին վերջիններս, բայց ի՞նչ է ձեր անունը:
Աննախադեպ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում ծնողների ու պապերի անվանաանգրագիտությունը չեն շտկում նույնիսկ հանրային ճանաչման արժանացած կամ նման հեռանկար ունեցող անձինք: Այս իմաստով թերևս բացառություն է Սերյոժա Սարգսյանը, որը, կանխազգալով իր կարիերայի վերընթացությունը, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում դարձավ Սերժ: Հիմա նայեք, ո՞վ է, օրինակ, հայոց ներկա նախագահի խորհրդականը՝ Դանեմարքի տարաբախտ թագաժառանգ... Համլետը (Օ՜, բա՛խտ իմ դժխեմ): Եվ ինչ կմտածեր, ավա՜ղ, խեղճ Յորիկը, եթե հրաշքով իմանար, որ հայկական կինոսերիալներում իր սիրելի սանիկի անունն է կրում ոմն քրեական հեղինակություն կամ նույնիսկ օրենքով գող:
Կամ Ազգային ժողովի նորընտիր ղեկավարի տեղակալն է Լենան: Նման ռուսական անուն չկա, դա ոչ մի կապ չունի ռուսական մեծ գետի հետ, սա պարզապես Ելենայի կրճատված ձևն է: Ափսոսում ես, որ հանրապետական նախընտրական մենամարտերում կոփված կինը գեղեցիկ հայկական անուն չունի:


Եթե ռուսներին չեք սիրում և չեք ուզում ընդունել համանման անվանամաքրիչ օրենք, ապա գոնե նոր խորհրդարանի օրենսդրական կամ մարդու իրավունքների հանձնաժողովներում ստեղծեք հայկական անունների անաղարտության պաշտպանության խումբ կամ թեկուզ նշանակեք մոդա դարձող համապատասխան հատուկ դեսպան: Վերջինիս նույնիսկ կարելի է խոստանալ, որ եթե նրան հաջողվի ակնառու հաջողությունների հասնել գրագետ իսկական հայկական անունների վերածնության ասպարեզում, ապա նրան կշնորհվի ազգային հերոսի կոչում: Եվ սա չափազանցություն չի լինի: Հիրավի տիտանական ջանքեր կպահանջվեն նրանից:
Թե չէ մեկ էլ տեսաք Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը դարձավ Համլետ Լաերտովիչը, Սերժիկ Մելսիկովիչը կամ Սաշիկ Լյովիկովիչը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao