Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պետությունը տարբեր ոլորտներում կարող է կարգավորել եկեղեցու հետ իր հարաբերությունները»

«Պետությունը տարբեր ոլորտներում կարող է կարգավորել եկեղեցու հետ իր հարաբերությունները»
01.02.2019 | 05:17

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ է ձևավորվել: Խումբը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ներգրավված են մի քանի փոխնախարարներ, պետական եկամուտների կոմիտեի ու ոստիկանության պետերի տեղակալներ, հոգևորականներ, Մայր աթոռի վարչական աշխատանքներով զբաղվող աշխարհիկ անհատներ: Թե կոնկրետ ինչ նպատակի է ծառայելու նոր ձևավորված աշխատանքային խումբը, ինչ հարցեր ու խնդիրներ է լուծելու, ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ Մայր աթոռից չեն հստակեցնում: Հորդորում են սպասել վերոնշյալ խմբի անդրանիկ նիստին և ստանալ իրենց բոլորը հարցերի պատասխանները: Մայր աթոռի ու գործադիրի հարաբերություններին առնչվող որոշ հարցեր «Իրատեսը», այնուամենայնիվ, փորձեց պարզել աշխատանքային խմբի որոշ անդամներից:
Մայր աթոռի իրավախորհրդատվական խմբի անդամ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը թեև դեռևս չգիտի՝ ինչ քննարկումներ են լինելու, բայց Հայ առաքելական եկեղեցու շուրջ խնդիրներ է տեսնում, որոնց մասին պատրաստվում է բարձրաձայնելու նիստերի ժամանակ: Թե կոնկրետ ինչ խնդիրներ, չի մանրամասնում. «Աշխատանքները կմեկնարկեն, կհստակեցնենք մեր անելիքները, կխոսենք: Առայժմ կարող եմ ընդգծել միայն, որ մեր եկեղեցին մեծ դերակատարում է ունեցել ազգային ինքնության պահպանության հարցում, և եկեղեցու դեմ որևէ քայլ, անկախ հանգամանքից՝ ով է այն ծրագրողն ու իրականացնողը, անթույլատրելի է»:


Աշխատանքային խմբի կառավարության ներկայացուցիչը՝ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, համոզված է՝ Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի իշխանությունները պետք է ունենան և ունեն սերտ ու կառուցողական հարաբերություններ. «Դրան պետք է նպաստի նաև վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ինչը ձևավորելու գաղափարը վաղուց կար: Եկեղեցին մեր մշակույթի, պետության կրողներից մեկն է, ու դա պետք է շարունակական բնույթ ունենա»:


Փոխնախարարը վստահեցնում է՝ եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն իշխանությունների ու եկեղեցու հարաբերությունները չեն ստվերել, անձամբ ինքը Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ շփվում է այնպես, ինչպես նախկինում. «Ջերմ հարաբերություններ ունենք: Ի դեպ, օրեր առաջ, երբ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանդիպեցի տեր Ասողիկին, թեև վստահ էի, բայց հարցրի, թե կառավարության անդամների հասցեին քահանաների հնչեցրած վիրավորանքներն արդյո՞ք Մայր աթոռի դիրքորոշումն են: Տեր Ասողիկը մերժողական պատասխան տվեց ու փոխանցեց, որ խոսել է Վեհափառի հետ, որոշել են քննարկում ունենալ այդ հարցով: ՈՒզում եմ ընդգծել, որ պետության ու պետական կրոնի միջև որևէ հարց չկա: Այդ սեպը, որ փորձում են խրել, հայեցի չէ, կարծես թշնամու արարք լինի: Աշխատանքի բնույթից ելնելով՝ հաճախ եմ հարաբերվում եկեղեցու տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց հետ շատ լավ, կառուցողական հարաբերություններ ունեմ»:
Տիգրան Գալստյանը եկեղեցու հետ համագործակցության մեկ գաղափար արդեն իսկ ունի՝ կրկին իր հարազատ ոլորտի՝ հուշարձանների պահպանության մասով: Պետական բյուջեն մեծ չէ, ասում է, ու քանի որ հաճախ դժվար է լինում հուշարձանների պահպանության համար գումար հայթայթելը կամ մասնավոր հատվածի հետ բանակցելը, եկեղեցին կարող է իր նպաստը բերել ու ըստ անհրաժեշտության բանակցել, խոսել, համագործակցել բարերարի հետ. «Հուշարձանների պահպանության օրենքով ասվում է, որ հուշարձանների պահպանությունն ու վերականգնումը սեփականատիրոջ կամ օգտագործողի պարտականությունն է, տվյալ դեպքում տնօրինողը էջմիածինն է, բայց պետությունը եկեղեցու առաջ նման կտրուկ հարց չի դնում ու չի էլ մտածում դնել: Մենք մի պետություն ենք, եկեղեցին մերն է, մենք՝ եկեղեցունը, մեր շահն ընդհանուր է»:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը կարծում է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի ազգային ու հոգևոր զարթոնքին. «Իշխանությունների հանձնառությունը Ազգային եկեղեցու առջև ծառացած հարցերին լուծումներ գտնելու հարցում ողջունելի է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հունվարի 29-ին ստեղծված աշխատանքային խումբը ձևավորվել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած քննարկումների արդյունքում` փոխադարձ համաձայնությամբ։ Վստահ ենք՝ խմբի աշխատանքը, Աստծո կամոք, կնպաստի եկեղեցի-պետություն հարաբերությունների առավել արդյունավետ ծառայեցմանը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի շահերին»:


Թե՛ եկեղեցու, թե ՛պետության ներսում, ասում է «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը, փոխհարաբերությունների կարգավորման ոլորտներ կան, և դրանք պետք է քննարկվեն: Նկատում է, որ մինչ վերոնշյալ աշխատանքային խմբի ձևավորումն էլ կային այդ կարգավորումները, բայց կան ոլորտներ, որոնց շուրջ քննարկումներ ծավալելու անհրաժեշտություն է ծագել, ինչի համար էլ ընտրվել է քննարկման նոր ձևաչափ: Ալմաստ Մուրադյանն այն տեսակետին չէ, թե եկեղեցի-պետություն հարաբերությունները քննարկելու համար ստեղծված նոր հարթակ ձևավորելուն կարող էր նպաստած լինել ԿԳ նախարարի ու հոգևորականի օրերս տեղի ունեցած միջադեպը: Մեր զրուցակիցը ենթադրում է, որ քննարկվելիք հարցերը ավելի շատ համակարգային են լինելու, որոշ հարցերի շուրջ հստակեցումներ կմտցվեն հենց պետական գերատեսչությունների համար: Ինչ վերաբերում է վերջին շրջանում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջից մինչև ԿԳ նախարար-հոգևորական բանավեճ, ՀԿ ղեկավարն այսպես է մեկնաբանում. «Եկեք ամեն ինչ չխառնենք իրար: Այդ միջադեպերը առանձին-առանձին քննարկվել և հարթվել են: Պետությունը կարող է կարգավորել իր փոխադարձ հարաբերությունը եկեղեցու հետ տարբեր ոլորտներում, և դա նորմալ է, բայց ռեֆորմ անել եկեղեցում հնարավոր չէ: Սա պետք է ընկալելի լինի այն մարդկանց համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են քրիստոնեությանը, մանավանդ Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և պատմությանը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ