Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թե Երկինք ունես, կույր չես այլևս

Թե Երկինք ունես, կույր չես այլևս
01.02.2019 | 01:30

«Սիրիր մերձավորիդ» արտահայտությունը, անշուշտ, իր մեկնաբանությունն ունի հոգևոր ոլորտում ու հոգևոր գրականության մեջ: Սակայն մի բան պարզ է. այն, որ այդ բոլոր մեկնաբանություններն ուղղված են մարդ արարածի վարքն ուղղորդելու դեպի մարդասիրություն, հանդուրժողականություն, խաղաղություն, և, ընդհանրապես, մարդու գոյության արդարացում՝ որպես նրա միջոցով լույսի ու բարության հաստատում Երկիր մոլորակի վրա:


Այս հանրահայտ արտահայտությունը շատ անգամ և շատերիս է մտորելու առիթ տվել: Քննարկել ենք միասին, կամ խորհել՝ ներամփոփվելով ինքներս մեր մեջ, վերլուծել, փորձել տեղավորվել դրա մեջ, երբեմն էլ՝ այն հարմարեցնելով մեզ: Այսօր այդ խութաշատ ծովում նավարկելիս հանդիպեցի լուսառատ հոգով, ճանաչված ստեղծագործող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆԻՆ, երբ սկսեցի թերթել «Դարձ դեպի երկինք» վերնագրով նրա արձակ ստեղծագործությունների ժողովածուն:
Հետաքրքիր դիտարկում. ստեղծագործողի հոգով լցնելով խութառատ այդ ծովը՝ նա այնքան գեղեցիկ, այնքան հմուտ, խութերը ճշգրիտ միլիմետրերով շրջանցողի այնքան մեծ վարպետությամբ նավարկեց, ու մենք միասին հայտնվեցինք բոլորովին այլ միջավայրում, այլ տարածության մեջ:


Ընթերցելով Արմենուհի Սիսյանի նոր գիրքը՝ հասկացա, որ մինչ այժմ միայն անմիտ ու անիմաստ գործով ենք զբաղվել, երբ մերձավորին սիրելու համար նրան փնտրել ենք մեզանից դուրս ու մեր կողքին:
Արմենուհի Սիսյանի խոհափիլիսոփայությունը առաջարկում է մտածել այն բանի շուրջը, որ «...եթե մարդը սիրում է իրեն (իսկ նա միշտ սիրում է իրեն), ուրեմն սիրում է նաև իր մերձավորին, քանի դեռ նրա մեջ տեսնում է իրենից, իր ճյուղավորումն է շոշափում»: Այսինքն, դա նույնն է, թե ծարավ մարդուն ասես՝ ջուր խմիր, եթե ծարավ ես: Ահա այս ֆոնի վրա քննարկման ենթակա չէ Արմենուհի Սիսյան ստեղծագործող անհատի սերը մերձավորի նկատմամբ: Սակայն արժե խոսել այն մասին, որ համամարդկային այդ արժեքն իր բարձրության վրա ներկայացնելու համար նա մերձավորի նկատմամբ ունեցած սիրո նետը համեմելով իր լուսավոր խոհով, ուղղել, տեղափոխել է բոլորովին ուրիշ միջավայր, մի ուրիշ տարածություն: Եվ այդ միջավայրն ու տարածությունը Երկինքն է, որովհետև «Այնտեղ են մեր բոլոր մտքերը, զգացմունքները, չապրած ու դեռ չմտածած, որոնք այնտեղից էլ պիտի ծագեն... Նա երբեք չի լքում, քանի դեռ քայլում ենք այս երկրի վրա, իսկ հետո՝ առավել ևս... Երկինքը՝ մերձավորը իմ»:


Այնքան էլ դյուրին չէ սիրել ուրիշին, սիրել յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին, սիրել նրան իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Հեշտ չէ անել դա, որքան էլ ուզում ես, որքան էլ քեզ ստիպում ես, որքան էլ փորձում ես համեմատության եզրեր գտնել քո և նրա միջև: Սակայն լուսավոր հոգով այս հայուհին գտել է ելքը: Կամ նույն այդ ելք կոչվածն է գտել իրեն: Եվ այդ ելքի անունը Երկինք է: Երկինքը բոլորինս է: Երկինքն անդավաճան ձևով բոլորիս է սիրում: Ամեն ինչ պարզորեն տեսնելու, պարզորեն սիրելու պատրաստ գեղագետի խոհը շարունակում է առաջ շարժվել վերնագիր առ վերնագիր, շարունակելով պարզ տրամաբանությունն այն մասին, որ եթե երկինքը սիրում է բոլորիս, ուրեմն մենք բոլորս նրա սիրո մի մասն ենք, հետևաբար մաս ունենք իրարից և շարունակվում ենք իրար մեջ: Արմենուհի Սիսյանը սիրում է երկինքը, որովհետև այնտեղ, իր ամենատեսանելի մերձավորի մեջ բոլորն են ու ամբողջը: Բոլորն ապահով ձևով տեղավորված են այդտեղ: Եվ այնտեղ ձգողը, այդ տարածքներում շրջելուն իրեն մղողը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարոտը իր երազանքների թագավորի՝ կատարյալ մարդու նկատմամբ: Իր երազներն այնտեղ ապահով են, և ամենամերձավորը, որ երկինքն է, երբեք չի լքում ու տարբերություններ չի դնում: «Բոլորի համար լինել հավասար՝ անմեղի ու մեղավորի, ստախոսի ու ազնիվի, հայհոյողի ու օրհնողի... Սա ավելին է մարդկային հնարավորություններից, մարդկային կամքից ու բարությունից, սա պարզապես ՎԵՐ է... Դրա համար էլ երկինք է, դրա համար է երկինքը վեր»:


Այնքան պարզ ու հասարակ ձևով մատուցվող ասելիքը մեծ խորհուրդ ունի: Երկինքը խորհրդանշում է Աստվածային էության ներկայությունը, գոյությունը մարդու մեջ: Քո մերձավորը Երկինքն է, նշանակում է բոլորն են քո մերձավորները: Միայն թե այստեղ ներդաշնակությունը պահպանելու խնդիր կա. «Թող երկինքը չճնշի մարդու երկրային կեսին, ինչպես որ նրա երկրային մասը թող չփակի երկինքը: ՈՒ ողջ իմաստնությունն այդ ներդաշնակության մեջ է»:
Արմենուհին հրաշալի է ճանաչում իր մերձավորին՝ Երկնքին, ասել է, թե լավ է ճանաչում նաև նրա մասնիկը կազմող, նրա հայացքի ծովում սուզված ու լող տվող մարդուն: Երկինք ու երկիր դաշինք ունեն կապած, որ վերաբերում է անձրևներին: Ասում եմ, չէ՞, որ Աստվածային գոյության խորհրդանիշն է Արմենուհու Երկինքը. Աստվածային էության մեջ գտնվելու, կամ այնտեղ գտնվողին ճանաչելու համար ապաշխարանք է հարկավոր: Վեր ու վարի երկկողմ դաշինքը, որ վերաբերում է անձրևներին, ապաշխարանքի մասին է:


«Անձրև երկնքում չի լինում: Անձրև լինում է երկնքից»,- մանկան պարզությամբ արված այս նկատառումները հետո բացում են գեղեցիկ ու խորախորհուրդ խորքերը. «Ճիշտ կլիներ այն, որ անձրևների շրջանը երկրի վրա լիներ ապաշխարության շրջան. Լվացվում է ամեն ինչ, ինչու՞ չլվացվեր նաև մարդկանց մտքերը, արարքները, խիղճը... Ոչինչ այնքան չի տրամադրում ինքնավերլուծման, զղջման, ափսոսանքի, ինչպես անձրևը... Եվ թող անգետներին թվա, թե երկնքից պատահական է դա: ՈՒ բոլորովին պետք չէ խուսափել ու փախչել, եթե տրամադրությունը ճնշող է. դա նշան է, որ կարիք ունես ինքնավերանայման»: Արմենուհի Սիսյանի խորհուրդն է՝ վերանայիր քեզ, որ իմաստավորումդ չուշանա: Միևնույն է, երկինքն անարև չի մնա, «...Որքան շատ անձրև, այնքան թանկ է Արևը»:


Երկիրն այնքան երկինք ունի, որքան իր գլխավերևում ձգվող տարածությունն է: Այս ֆոնին հետաքրքիր է նաև այն միտքը, որ երկինքն արժանի է նրան, ով պահում է երկիրը, և՝ հակառակը. երկիրն է արժանի նրան, ով հոգում երկինք ունի: Ոչ միայն ճշմարիտ, այլև իր պարզության մեջ շատ գեղեցիկ մի հայտնություն է այն, որ երկինքն ու երկիրը միշտ իրար են նայում, նրանց հայացքներն անթարթ իրար են ուղղված, և դա է փոխադարձ սերը: Երկնքում շատ տեղ կա դեպի իրեն ուղղված սիրո համար, հենց այդ է պատճառը ասելու համար, որ «մեծ է երկնքի սիրտը»:
Ամեն ինչ փոխադարձ է: ՈՒստի «Երկնքի սերը նույնպես ուղղված է երկրին... Պտտվիր Երկրի հանդեպ սիրո շուրջ. Նա է ուժ տալիս քայլերիդ, զորություն դառնում ոտքիդ տակ, որ դառնա մտահղացում, գործ... ամուր կանգնիր հողին, ու հայացքդ երկնքին պահիր. Սերը քեզ էլ կգտնի: Կօծվես այն սիրով, որը կիմաստավորի կյանքդ ու կփրկի երկրային առօրյայի ունայնությունից... Սեր խառնիր հողին, որ ապրի երկիրը, որ ծլարձակի նորից ու պտղավորվի»:


Առօրյան երկնքով լցնելու Արմենուհի Սիսյանի խորհուրդները ապրեցնող են: Այդ մասին ոչ միայն նրա տողերն են շարունակվում մեկը մյուսի մեջ, այլև առանձին պատմություններն են դառնում Երկնքի նկատմամբ ունեցած նրա սիրո առանձին մասնիկները: Ամեն ինչ իրարից զատ, սակայն՝ իրար մեջ: Այսպես է պատկերացնում Արմենուհի Սիսյանը մերձավորին սիրելու արվեստը: Թերթելով նրա «Դարձ դեպի երկինքը», առանձին-առանձին վերնագրերի տակ ամփոփված փոքր պատմությունները, և գիրքն ընթերցելուց հետո ահա գալիս եմ այն եզրակացության, որ, ինչպես ծովի ու նրա կաթիլի հարաբերությունն է, այստեղ էլ փոքրը մեծի մեջ է, և մեծը՝ փոքրի: Այդ մեծի ու փոքրի մասին չես կարող չխորհրդածել, գիրքն առջևդ, սակայն ինքնամփոփման պահեր գտնելով երկրային առօրյայիդ մեջ, մանավանդ, ժողովածուն լի է գրողի խորախորհուրդ մտքերով ու ասույթներով, որոնց շուրջն արժե մտորել.
Երկինքն ավելին է, քան տեսողությունը... Թե Երկինք ունես, կույր չես այլևս:
Երկինքը ազատություն է, ու նորմալ մարդը պետք է կրի իր մեջ այդ ազատությունը:
Տեսնելու համար տարածություն է հարկավոր: Ահա թե ինչու է ներքևում հայացքս միշտ դեպի վեր լինում:


Մենակությունը տխուր երջանկություն է:
Այդպես է գեղեցիկի օրենքը. չեն կարող ապրել այնտեղ, ուր կարող են ապրել առանց իրենց:
Աղոթքը միայն մեկ ճանապարհ ունի՝ դեպի երկինք:
Երկինքը միշտ կլինի, քանի դեռ կարոտ կա թեկուզ մեկի սրտում:
Կատարելությունը, ես կասեի, հենց անսահմանն է...
Աշխարհի լույսը երկնքից է գալիս:
Քի՞չ է: ՈՒրեմն թերթիր գիրքը: Մի բան հաստատ է. վերջին էջը փակելուց հետո հայացքդ վեր՝ երկինք ես ուղղելու:


Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ