Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞վ ումի՞ց է ներողություն սպասում

Ո՞վ ումի՞ց է ներողություն սպասում
01.02.2019 | 11:52

Հայաստանում իսկապես պարադոքսալ ժամանակներ են սկսվել: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ բոլորը բոլորի դեմ են` ճանապարհ են փակում, աշխատանքից են ազատում, ձերբակալում են ու ազատ են արձակում, որ նորից ձերբակալեն, ու` շարքի վերջը չի երևում: Հասարակական այս համերաշխությունն ու փոխադարձ հանդուրժողականությունը մերթընդմերթ, երբ կարճատև այցերով, գործուղումների միջակայքում Երևանում է լինում, խախտում է կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա… որոշ քահանաներից ներողություն է սպասում: Եվ ինչպե՞ս չսպասի` գնացել է դպրոց ու այնտեղ …քահանա է տեսել: Տեր հոր ձեռքը համբուրելու ու օրհնություն ստանալու փոխարեն` քրիստոնյա նախարարը հարցրել է, թե ի՞նչ գործ ունի դպրոցում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, օրինակ, գնդերեցներին չի հարցնում` ի՞նչ գործ ունեք դիրքերում կամ բանակը ձեր տե՞ղն է: Բայց Դավիթ Տոնոյանին Արայիկ Հարությունյանի հետ համեմատելը մեղք է, նա Աստծո հետ կռիվ չունի: Կրթության ու գիտության նախարարը` ունի և սկսել է քահանաներից:


Մասնավորապես` Այգեստանի դպրոց մտնող, հետո էլ` Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի, որ Facebook-ի իր էջում գրել էր նախարարի ու քահանայի հանդիպման մասին:
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարին բազում հարցեր են տվել: Օրինակ` հանվելո՞ւ է Հայ եկեղեցու պատմություն առարկան ուսումնական ծրագրից, ինչպես միջադեպի մասին բարձրաձայնած քահանան էր ասել: Նախարարը չի պատասխանել հարցին. «Մեջբերեք, որտեղ եմ ասել՝ կմեկնաբանեմ։ Հոգևոր հովվի ասածը չեմ մեկնաբանում»: Նախարարը կարևորում է բոլոր հայագիտական առարկաները, «պարզապես բոլոր հայագիտական առարկաներն ու մնացած առարկաները վերանայվելու են։ Առհասարակ, ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023-ը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ։ Ես ԱԺ ամբիոնից ասել եմ՝ բոլոր առարկաները վերանայվելու են։ Կան բազմաթիվ բողոքներ ծանրաբեռնվածության հետ կապված, ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված։ Նույն Եկեղեցու պատմության, Հայ ժողովրդի պատմության, հայրենագիտության առարկաներում, ռազմագիտության, նույնիսկ՝ երգի դասագրքում, կրկնություններ կան բոլոր այս առարկաների հետ կապված։ Պետք է թեթևացնենք, ծնողներն ամենաշատը դրանից են բողոքում, որ իրենց երեխաները շատ ծանրաբեռնված են»։ Չզարմանաք, եթե ի հետևանս վերանայման` ծնողների բողոքների հիման վրա, ուսումնական ծրագրերից բեռնաթափվեն Հայոց եկեղեցու պատմությունն էլ, հայրենագիտության առարկաներն էլ, հայոց պատմության դասագրքերն էլ: Որովհետև …մատուցում են նույնաբովանդակ նյութեր: Ու` պիտի օպտիմալացվեն: 21-րդ դարն է: ՏՏ տեխնոլոգիաների ժամանակներում ի՞նչ կրոն, ի՞նչ եկեղեցի ու ի՞նչ պատմություն:
Ուսումնական ծրագրերն էլ կփոխվեն, դասագրքերն էլ: Շատ մեծ հարց է` ովքե՞ր են լինելու փոխողներն ու ի՞նչ սկզբունքով են փոխելու: Բայց դա այլ պատմություն է:


Քահանայի ու նախարարի պատմությունը` ըստ նախարարի. «Կա այդ գյուղում, կամ այդ տարածքում Տեր Դավիթ և երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորական է այդտեղ եկել։ Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի, նա ասել է, որ «դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրում ենք»։ «Յուրաքանչյուր դպրոցը ինքը կարող է որոշել, թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի իր դպրոցում։ Հարցն ուղղվել է տնօրենին։ Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է։ Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար»։ Փաստացի` նախարարը հակասում է ինքն իրեն` նախ ընդունում է, որ յուրաքանչյուր դպրոցը ինքը կարող է որոշել, թե այս կամ այն մարդն ի՞նչ գործառույթ ունի իր դպրոցում, հետո ասում, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար: Իսկ նա ստուգե՞լ է, թե քահանան ի՞նչ է ասել երեխաներին ու հոգևոր քարոզն ինչու՞ է այդքան վախեցնում նախարարին: Բռնությու՞ն է պարունակում, թմրամոլությու՞ն է ուսուցանվում, ահաբեկչությա՞ն դասեր են, թե՞ միասեռականությու՞ն է քարոզվում:


Բայց նախարարին դա չի մտահոգում, մտահոգում են հրապարակումները, որոնց մեջ զրպարտություն կա, ու եթե իրավաբանները զրպարտություն գտնեն, «համապատասխան ատյաններ կդիմենք»։ Իսկ մինչ այդ նախարարը սպասում է, որ իրենից ներողություն խնդրեն ու նույնիսկ «Էջմիածնի համապատասխան ատյաններին» է փոխանցել դա։ Հարցին` «Երեկ հոգևորականի գրառումն անվանեցիք անկիրթ, այսօր մեկ այլ հոգևորականի մեղադրեցիք ստախոսության մեջ, չե՞ք կարծում, որ սա ևս վիրավորական է», նախարարը պատասխանել է.
«Եթե այնտեղ եղել են բազմաթիվ մարդիկ ու նրան ես դուրս չեմ հանել դպրոցից և նրանք դրա մասին հայտարարում են, ես չեմ կարող ասել, որ դա ճիշտ տեղեկություն է, ես պետք է ասեմ, որ դա կեղծ տեղեկություն է ու դա սուտ է»: Փաստացի` հարցին այդպես էլ չի պատասխանել, որովհետև նույնիսկ չի պատկերացնում, որ երբ վիրավորում է ինքը, ինքն էլ պիտի ներողություն խնդրի, երբ պահանջում է ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար: Եթե այսքան տհաճ պատմություն չլիներ, անեկդոտ կդառնար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրականում սա պատմություն է ոչ թե ինչ-որ նախարարի ու ինչ-որ քահանայի, այլ` եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին հետհեղափոխական Հայաստանում: Ու այդ պատմությունը և եկեղեցու դեմ է, և պետության: Եվ սրբապղծության պես է հնչում, երբ կրթության ու գիտության նախարարը հավարտ հարցազրույցի հայտարարում է. «Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները»։ Այո՞, ուրեմն ինչու՞ չեք հարգում:

Դիտվել է՝ 3123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ