Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոսկին ընդդեմ դոլարի

Ոսկին ընդդեմ դոլարի
04.02.2019 | 07:32

Բազմաթիվ երկրների Կենտրոնական բանկեր իրենց ոսկին պահում են Անգլիայի բանկի 9 նկուղներում, հիմա այնտեղ 400000 ձուլակտոր կա հատուկ փաթեթներում` 80 փաթեթ` յուրաքանչյուրը 1 տոննա ոսկով: Ամբողջ աշխարհի պետությունները մեծացնում են իրենց ոսկու պաշարները ժամանակակից պատմության մեջ աննախադեպ տեմպերով: Ոսկու տենդի առաջատարները Ռուսաստանն ու Թուրքիան են, որ բաց առճակատման մեջ են ԱՄՆ-ի հետ ու ձգտում են իրենց պահուստներում կրճատել դոլարի մասնաբաժինը հօգուտ ոսկու` խառը ժամանակների գլխավոր հարստության: 2018-ը ռեկորդային էր ոսկու ներկա շուկայի պատմության մեջ` Կենտրոնական բանկերը գնել են 650 տոննա ոսկի: Վերջին անգամ նման տենդ եղել է 1971-ին, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց դոլարի կուրսը ոսկու հետ կապել ու երկու գլխավոր ռեզերվներն աշխարհում ազատ նավարկության դուրս եկան: Պատճառն այն է, որ աշխարհում խաղաղ չէ` բացատրում է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council), որի տվյալներով անցած տարի երկրների պաշարը ավելացել է 34 տոննա ոսկով` դա մեկուկես տրիլիոն դոլար է շուկայական գնով: «Աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության աճը տարվա ընթացքում ավելի ու ավելի է պարտադրում Կենտրոնական բանկերին դիվերսիֆիկացնել իրենց պաշարները» արձանագրում է World Gold Council-ի վերջին զեկույցը: 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առևտրական պատերազմ է նախաձեռնել, որ վարկային գումարների թանկացման, Չինաստանի ու Եվրոպայի տնտեսական ակտիվության նվազման հետ խարխլել են համաշխարհային տնտեսության աճը: Տնտեսագետները, պաշտոնյաները, բիզնեսմենները սկսեցին խոսել համաշխարհային ֆինանսական նախորդ ճգնաժամին հաջորդած աճի տասնամյակի հերթական ցիկլի ավարտի մասին: Եվ Կենտրոնական բանկերը սկսեցին մեծացնել ոսկու գնումները 75%, որ մեծացրեց ոսկու պահանջարկը շուկայում 4%-ով` 4 345 տոննայով: Չնայած պահանջարկին` ոսկին 1%-ով էժանացավ` մյուս ակտիվների գնանկման համապատկերում ոսկին կատարեց իր գործառույթը` պահպանել, ոչ թե բազմապատկել հարստությունը:
Կենտրոնական բանկերը ոսկով են պահում իրենց միջազգային ռեզերվների տասներորդ մասը: Բայց այդ ցուցանիշը խիստ տարբերվում է` Արևմուտքի զարգացած երկրներում 65-75% է, Ռուսաստանում` 18%, Չինաստանում` 2,4%:


Պահուստների համալրման համար ոսկու գնման մեջ 2018-ին առաջատար են եղել Ռուսաստանն ու Թուրքիան, որ ակտիվորեն վարում են տնտեսության ապադոլարացման քաղաքականություն` ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի պատճառով: Հետ չէր մնում և Ղազախստանը: Երբ Վաշինգտոնը հաճույքով պատժամիջոցներ է սահմանում իր հակառակորդների դեմ, նրանցից շատերն անցյալ տարի նախընտրեցին ոչ միայն ազատվել ամերիկյան ակտիվներից ու ոսկի գնել, այլև հայրենիք վերադարձնել Արևմուտքի պահեստարաններում պահ տված ոսկին: 2017-ին այդ եռյակը ապահովեց ոսկու համաշխարհային գրեթե ամբողջ պահանջարկը, իսկ 2018-ին` կեսից ավելին, երբ նրանց օրինակին հետևեցին այլ երկրներ: Իրենց գնումները նշանակալից մեծացրին Հնդկաստանը, Հունգարիան ու Լեհաստանը: 2013-ից հետո ոսկու շուկա վերադարձավ Ադրբեջանը և միանգամից 14 տոննա ոսկի գնեց: Ռուսաստանի ոսկու պաշարը սրընթաց աճեց Կենտրոնական բանկում ԱՄՆ արժեթղթերի կրճատմանը զուգահեռ: Հիմնականում ռուս արտադրողներից ոսկու գնումները արդեն չորրորդ տարին գերազանցում են 200 տոննան, 2018-ը ռեկորդային էր բոլոր ժամանակների համար` արձանագրել է World Gold Council-ը: Ռուսաստանի բանկը ոսկու մասնաբաժինն ավելացնում է նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով` 2017-ի տարեվերջին ասում էր ԿԲ-ի փոխնախագահ Սերգեյ Շվեցովը` բացատրելով դա Ռուսաստանի ֆինանսական ու տնտեսական անվտանգության ապահովմամբ:


Թուրքիան ունի նույն պատճառները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասում է, որ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է հայտարարել Թուրքիային: «Նրանք դոլար ունեն, մենք` մարդիկ, արդարություն ու ալլահ»` հայտարարեց Էրդողանը օգոստոսին` քաղաքացիներին ու բիզնեսին կոչ անելով ազատվել դոլարից: Թուրքիան քառորդ դար ոսկի չէր գնում և ոսկու շուկա վերադարձավ 2017-ին, երբ սրվեց իրավիճակը հարևան Սիրիայում: Թուրքիան, որ ՆԱՏՕ-ի անդամ է, Ռուսաստանի հետ ռմբակոծում էր քրդերի դիրքերը ու մեղադրում ԱՄՆ-ին, որ նրանց աջակցում է: Ոսկու պաշարների կուտակման գործընթացը կրճատելու ցանկություն առաջիկայում որևէ երկիր չի արտահայտել: World Gold Council-ի աշնանային հարցման տվյալներով` աշխարհի յուրաքանչյուր հինգերորդ Կենտրոնական բանկ պատրաստվում է մեծացնել իր ոսկու պաշարներն առաջիկայում և ոչ մի բանկ մտադիր չէ կրճատել: 2018-ին բանկերը դժվարությամբ էին հրաժարվում ոսկուց և եթե վաճառում էին, շատ քիչ` ընդամենը 1,5 տասնյակ տոննա: Ավստրալիան ու Գերմանիան վաճառել են 4-ական տոննա, Ուկրաինան` 1200 կիլոգրամ:
BBC


Հ.Գ. Ի՞նչ էր ասում Տիգրան Սարգսյա՞նը, որ ոսկի պահելն այնքան էլ հեռանկարային չէ ու պետք է ոսկուց ազատվե՞լ: Ե՞րբ էր: Վաղուց: Ժամանակներն արագ են անցնում, իսկ ոսկին գինը չի կորցնում: Եվ ինչքա՞ն են հիմա Հայաստանի ոսկու պաշարները, երկրի, որ սեփական ոսկու հանքերն ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ